Դպրոցն ու մանկապարտեզը

Թալիշում դպրոց հիմնադրվել է 1890 թվականին գյուղի քյոխվա Առուստամ Բաբայանի կողմից: Իսկ դպրոցական շենքը կառուցվել է 1905 թվականին՝ Թալիշի կալվածատեր Դավիդ բեկ Մելիք Բեգլարյանի և մոսկվաբնակ Ժամհարյան եղբայրների հովանավորությամբ: Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է  Պետրոս Ռոստոմյանը, իսկ միչև 1920 թվականը աշխատել են նաև Լևոն Միքայելյանը, Լևոն Մովսիսյանը, Հովակիմ Բարսեղյանը, Բ. Զաքարյանը և այլն: 1918-1919 թ.թ. դպրոցը փակվել է:

   1920 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ հրկիզվել է դպրոցը, բայց խորհրդային տարիների հաստատումից հետո սկսում է նոր էտապ Թալիշի դպրոցաշինության գործում: Նույն թվականի սեպտեմբերին վերաբացվում է կրթոջախը, որի առաջին վարիչ է նշանակվում Շամիր Պետրոսյանը: Դպրոց սկսում են հաճախել 25 աշակերտ: Շ.Պետրոսյանը այդ պաշտոնում աշխատում է մինչը 1927 թվականը, որից հետո վարիչ է նշանակվում Ասատուր Սողոմոնյանը:

   1931-32 ուս. Տարում, երբ դիրեկտորն էր Արշակ Անանյանը, Թալիշի դպրոցը դառնում է 7-ամյա, իսկ 1934 թվականին՝ Իշխան Բեգլարյանի օրոք այն դառնում է լրիվ միջնակարգ: 1936-37 ուս. Տարում դպրոցը տալիս է իր առաջին 17 շրջանավարտները: Այդ ժամանակ դպրոցի դիրեկտորն էր Աշոտ Ղահրամանյանը: Այդ տարիներին դպրոցի 26 դասարաններում սովորում էին 925 աշակերտ: 1953-54 թ.թ. Թալիշի դպրոց էին հաճախում մինչև 1500 աշակերտ: Մեր դպրոցը համարվում էր հենակետային և աշակերտների մեծ մասը շրջանի գյուղերից էին: 1960-ական թվականներին աշակերտների թիվը նվազել է 350-ի, իսկ 70 –ականների սկզբին նորից աճել է մինչև 950-ի: 1991-92 ուս. Տարում դպրոցի աշակերտների քանակը 428 էր, բայց ունեինք նախադպրոցական տարիքի մոտ 500 երեխաներ:

   Արցախյան պատերազմից հետո Թալիշում դպրոցը վերաբացվում է 1995 թ. հոկտեմբերի 11-ին: Դպրոցի վերաբացված 10 դասարանները ընդունում է իր առաջին 44 աշակերտներին: Դպրոցի դիրեկտոր է նշանակվում Վալերի Բաբայանը: Պետք է փաստել, որ դպրոցում աշակերտների քանակը տարեցտարի ավելացել է և 15 տարիների ընթացքում հասել միչև 100-ի: 2009 թ. Վալերի Բաբայանի մահից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Տանյա Մեժունցը:

  

2003 թվականին Ֆրանսիայում գործող  <Ֆրանս-Ղարաբաղ> և <Diaspora Armenie Connexsion> կազմակերպությունները ստանձնեցին <Երկիր> Միության  կողմից մշակած Թալիշ գյուղում մանկապարտեզի հիմնադրման ծրագրի ֆինանսավորումը:  Շենքի կառուցման ծախսերը հոգալուէ <Diaspora Armenie Connexsion> կազմակերպությունը, իսկ կահավորումը, ջեռուցումը և մանկապարտեզի ֆունկցիոնալ ծախսերը` <Ֆրանս-Ղարաբաղ> կազմակերպությունը: Գյուղում մանկապարտեզը բացվել է 2008 թվականի հուլիսի 1-ից, որի երկու խմբերում ընդգրկվել են 35 երեխա: Մանկապարտեզի վարիչն է Փիրուզա Քոչարյանը: