Հայրենասիրական ոտանավորներ

                    ԻՄ  ԹԱԼԻՇ  ԳՅՈՒՂԸ

                     /Թալիշի  օրհներգը/

Դու եղել ես միշտ դարերով կանգուն

Որպես Արցախի մի գողտրիկ անկյուն,

Քո անտառներն ու աղբյուրները ջինջ,

Որ միշտ եղել են մեզ համար անգին:

 

Լեռների մեջ ծվարած է իմ Թալիշ գյուղը,

Մեր սարերի անգին զարդն է իմ Թալիշ գյուղը,

Վշտից ճկված, հոգսերով լի իմ Թալիշ գյուղը,

Մեր կարոտած սրտի հուրն է իմ Թալիշ գյուղը:

 

Դու կապրես հավերժ, դարեր շարունակ

Արցախ աշխարհի սիրտը կմնաս,

Ժողովուրդը քո քեզ կփայփայի

ԵՎ քո վերքերը հաստատ կբուժի:

 

Մեր պապերի սուրբ օրրան է իմ Թալիշ գյուղը,

Մեր քաջերի անհաղթ տունն է իմ Թալիշ գյուղը,

Մռավ սարի որդին է նա իմ Թալիշ գյուղը,

Մեր Հոռեկա վանքի պահպան իմ Թալիշ գյուղը:

 

                                                      Սլավիկ  Բայունց

                                                                         Մայիս, 1996թ.

 

                        ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ

       / <Պահապան Արծիվներ>  վետերանների հ/կ  օրհներգը/  

   

Երբ սև ամպեր իջան երկնքում մեր խաղաղ,
Եվ ոսոխը մտավ մեր Արցախ,
Մենք դարձանք պահապան զինվոր մեր ազգի,
Պահապան Արծիվներ` Արցախի:

 

Նրանք ելան պայքարի հանուն մեր Արցախի,
Հանուն հարազատ սուրբ օջախի,
Չէ որ Արցախն է եղել մեր օրհնյալ տունը
Մեր պապերի նախնյաց օրրանը:

 

Կրկ.- Պահապան Արծիվներ, կամավոր զինվորներ,
        Դուք ելաք պայքարի հայ քաջեր,
        Փրկեցիք Արցախը, պապական սուրբ հողը
        Եվ դարձաք դուք ազգի հերոսներ:

 

Ժողովուրդը կռվեց հանուն անկախության
Կռվեց հանուն իր ազատության,
Բայց ինչքան հայ քաջեր ախ նահատակ դարձան
ՈՒ դարձան նրանք դարի հուշարձան:

 

Սերն է միշտ պահել մեզ, սերը մեր հայրենյաց,
Դարերի հավատը մեր նախնյաց,
Հավատով ենք հաղթել մենք թշնամուն ահեղ,
Հավատով էլ պիտի մենք ապրենք:

 

Կրկ.- Պահապան Արծիվներ, կամավոր զինվորներ,
         Դուք ելաք պայքարի հայ քաջեր,
        Փրկեցիք Արցախը, պապական սուրբ հողը
        Եվ դարձաք դուք ազգի հերոսներ:

                                        Սլավիկ  Բայունց

                                             1996թ. /2015թ./

 

 

                                    ***

 

Իննսուն երկու թվական հունիսի տասնվեց

Այդ օրը հպարտ Թալիշը պարտվեց,

Չդիմացավ նա արտաքին ճնշման

Ռուս և ազերի բանակի դիմաց:

 

Դարավոր գյուղը հիմնովին քանդվեց.

Օջախը հայի վառվեց ու փլվեց,

Տեղահան արվեց մի ողջ ժողովուրդ.

Ինչու± ես Աստված դու այդպես անգութ:

 

Ա~խ ինչու± ինչու դու կործանվեցիր,

Հայրենի Թալիշ զոհ դարձար թուրքին,

Ավերակ դարձան տներն ու դպրոց.

Ողբի մեջ կորավ մի ողջ ժողովուրդ:

 

Մանուկ ու ծերեր ճանապարհ ընկած     

Ա~խ գնում էին քարավան դարձած,

Սարեր ու ձորեր տխուր ու մոլոր

ՈՒղեկցում էին գաղթի ճամփեքով:

 

Կրակն էր ելնում Հոռեկա վանքից,

Ա~խ, մեր պապական հինավուրց հողից,

Ծխում էր, ծխում Թալիշն անվերջ,

Մեր սիրտը թողնում կարոտով հավերժ:

 

Ննջացեք հանգիստ մեր ապուպապեր,

Նախնյաց Ձեր հողում, Հոռեկա վանքում,

Ձեր որդիները Ձեզ չեն մոռանա

Նրանք անպայման Ձեզ այցի կգան:

 

                                                  Սլավա  Բայունց

                                                                  Հունիս, 1992թ.

 

 

 

                     ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈՒՄ

 

Արցախն է կանչում իր տղաներին,

Պայքարում կոփված քաջորդիներին,

-Ելե'ք տղաներ, Արցախ դուք եկե'ք,

Արյունով վերցրած հողերը պահեք:

 

Արցախի մայրեր, եղե'ք դու խոհեմ,

Ձեր որդիներին խորհուրդ դուք տվեք,

-Ելե'ք տղաներ, Արցախ գնացե'ք,

Արյունով վերցրած հողերը պահեք:

 

Կանչում է, կանչում, Արցախն է կանչում

Իր տղաներին քաջ ու սիրասուն,

Հողն է սպասում, հողը սրբազան,

Ա~խ, մեր պապական հողն արցախական:

 

Դուք ֆիդայիններ, Արցախի քաջեր,

Կլինեք հավերժ ազգի հերոսներ,

Սուրբ դրոշի տակ երդվել եք, կերդվեք,

-Մահ կամ ազատ Արցախ, - մենք պիտի ապրենք:

 

                                                     Սլավիկ  Բայունց

                                                                     Օգոստոս, 1992թ.

 

         <ՕՋԱԽԻ> ՏՂԱՆԵՐԻՆ

 

Երբ որ կործանվեց Թալիշը մեր սուրբ,

Թուրքին մնացին հողերը մեր բյուր.

Գաղթական դարձան մի ողջ ժողովուրդ,

Ցրվեցին նրանք աշխարհում անգութ:

 

Դադար չունեին քաջ տղաները,

Քանի թուրքինն էր մեր ողջ հողերը,

Պարտիզան դարձան տղաները քաջ

ԵՎ զենք վերցրին գնացին անտառ:

 

<Օջախ> հիմնեցին նրանք անտառում,

Տուն ու տեղ դրին դրին Հոռեկա վանքում,

ԵՎ դարձան նրանք թշնամու սարսափ,

Սուրբ հողը վառվեց թուրքի ոտքի տակ:

 

 

Զարկե'ք, դուք տղերք, մեր նենգ թշնամուն,

Զարկեցե'ք թուրքին աստծո սիրուն,

Հանուն մեր հողի, հանուն օջախի,

Հանուն նահատակ մեր ընկերների:

 

                                          Սլավիկ  Բայունց

                                                       22,07,1993թ.

 

                       ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԱՐԾԻՎԸ

 

Ֆիդայապետ, քաջ ու ազնիվ,

Գյուլիստանի խիզախ արծիվ,

Քո հայրենի Մռավի պես`

Դու եղել ես խրոխտ ու վես:

 

Քո հայրենի հողի համար

Կռվեցիր ու անմահացար,

Անմահացար դու մեր սրտում,

Խոր վերք թողիր դու մեր հոգում:

 

Խոսք չեմ գտնում, ա~խ, քեզ հարմար,

Կյանքդ տվիր ազգիդ համար,

Դեռ շատ դարեր քեզ կհիշեն,

Դաշնակցական հերոս Շահեն:

 

Այր էիր քաջ, հայր` անթերի,

Ահ ու սարսափ` դու թուրքերի,

Սիրտդ հավերժ վեր կճախրի

Սեգ լեռներում Շահումյանի:

 

 

      ԵԼԻՐ, ՀԱՅԴՈՒԿ ԱՌԱՋՆՈՐԴ

 

Քաջ հայդուկների անվախ առաջնորդ,

Մեծ հայդուկապետ, անձնուրաց ասպետ,

Դու պայքարեցիր սուրբ գործի համար,

Մեր ազատ, անկախ Արցախի համար:

 

Ելի'ր, հայդուկ, ելի'ր, Արցախն է սպասում,

Քո սիրելի Մռավ սարն է քեզ կանչում:

 

 

Շահումյանի սուրբ հողում ես ծնվել,

Այդ հողի համար քո կյանքը տվել,

Ճախրում է հոգիդ հիմա լեռներում,

Մեր Մռավ սարի ազատ լանջերում:

 

Ելի'ր, հայդուկ, ելի'ր, Արցախն է սպասում,

Քո սիրելի Մռավ սարն է քեզ կանչում:

 

Քո ընկերները քեզ չեն մոռանա,

Քո սուրբ անունը հավերժ կմնա,

Նպատակներդ դեռ կկատարվեն,

Դու ազգի հերոս Մեղրյան Շահեն:

 

Ելի'ր, հայդուկ, ելի'ր, Արցախն է սպասում,

Քո սիրելի Մռավ սարն է քեզ կանչում:

 

                                           Սլավիկ  Բայունց

                                                        Հունիս, 1993թ.

 

                   ՄԵՆՔ ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ

 

Երբ սկսվեց զարթոնքն ազգի

ՈՒ վեր բարձրացավ բազուկն Արցախի,

Մենք ելանք ընդեմ չար ոսոխի

Փրկելու միասին պատիվը հայի:

 

Ամբողջ Արցախն է բռունցքվել մեկեն

Ժողովուրդն այսօր բանակ է դարձել,

Կռվում է հանուն իր ազատության

Հանուն օջախի ու սրբության:

 

ՈՒ պիտի կռվենք, պիտի հաղթենք

Հայ օջախի պատիվը պահենք,

Չէ որ երդվել ենք ու պիտի երդվենք

-Մահ կամ ազատ Արցախ,-Մենք պիտի ապրենք:

 

                                                     Սլավիկ  Բայունց

                                                                    Աշուն, 1996թ.

                                      

 

 

ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԻՆ

 

Դուք Արցախի քաջ մայրեր,

Եվ Արցախի սիրուն քույրեր,

 

Ինչքան վիշտ ու դառնություն եք դուք տեսել,

Կյանքում ինչքան կրակներ եք դուք տեսել,

Տեսել եք դուք արյուն, ավեր ու զոհեր,

Ձեր քաջ տղաների արյունն եք դուք տեսել:

 

Դուք Արցախի աղջիկներ,

Եվ Արցախի սիրուն հարսներ,

 

Ինչքան քաջեր եք դուք կռվի ճամփել,

Կյանքում շատ զրկանքներ եք ունեցել,

Եվ սպասել եք նրանց սրտի թրթիռով,

Ու նրանց վերադարձին եք միշտ սպասել:

 

Փառք Ձեզ, Արցախի մայրեր,

Փառք Ձեզ, Արցախի քույրեր,

 

Դառնացել է այս աշխարհը Ձեզ համար,

Ճերմակել են Ձեր մազերը մեզ համար,

Սիրում ենք Ձեզ, մի' վշտացեք, մեր մայրեր,

Բայց առավել Հայրենիք ենք մենք սիրել:

 

                                       Սլավիկ  Բայունց

                                                      14,10,1996թ.

            

ՄԵԾՆ ՖԻԴԱՅՈՒՆ

 

Վեհ գաղափարով կապրես հավիտյան

Արցախի զավակ, ազգի նվիրյալ,

Նոր մաքառումով ու անհաղթ կամքով

Իրապես դարձար ազգի ռահվիրան:

Կառույցի ճամփին կերտեցիր մարդուն

Օրինակելի հերոս Արցախցուն,

Հարություն տվիր մեզ, որ ապրենք ազատ

Արցախ աշխարհի սուրբ հողի վրա:

Նորովի նայեցիր հպարտ մռավին

Յուրովի դարձար նրա սպեղանին,

Ապրեցիր երեսուն և յոթ տարիներ

Նվեր թողեցիր դու միայն հուշեր:

Ինչքան էլ հոգով քո ցավը լացեմ,

Նորից չեմ կարող քեզ գիրկս բերեմ…

 

                                Վանիկ  Օհանյանի  այրի 

                                              Վիոլետա  Ազարյան:

 

                         ԱԶԱՏ ԱՐՑԱԽ

 

Մեր հնօրյա ու մամռապատ, դու հեթանոս Դյութական

Ամենազօր Աստվածների հազարամյա սուրբ մեհյան,

Բարձրաշխարհիկ մելիքների աթոռանիստ մեր Ամարաթ

Մեր Մինջենակ ու Միջնաշեն, անզուգական Արեգասար:

 

Դու Մռավի փեշին փռված մի պատմություն

Դու վիրավոր, բայց հավերժող հայ արծվաբույն,

Հերոսների դու օրրան, մեր պապերի գերեզման

Մեր հին Հոռեկ ու նոր Թալիշ սրբազան:

 

Մեջքդ հենած սեգ ու խրոխտ Մռավ սարին

Խորհում ես դու այս աշխարհի լավն ու բարին,

Օրհնյալ լինի հերոսական վերադարձդ, մայր Թալիշ

Դու Արցախյան գոյամարտի բոսորագույն արյան ավիշ:

 

                                                  Սայիկ  Աղաջանյան

                                                                        14,04,2010թ.

 

ԿԱՐՈՏԻ   ԽՈՍՔԵՐ

 

Ես շատ եմ կարոտել  իմ  Ղարաբաղը

Հուշերով լեցուն իմ Թալիշ գյուղը,

Գյուղը սկսվող մեր ներքին թաղը,

Թաղի մեջ գտնվող մեր անգին բաղը:

 

Բաղի մեջ շինած մեր սիրուն տունը,

Թարմայով ծածկված մեր կանաչ բակը,

Բակի անկյունում մեր փոքրիկ  գոմը,

Գոմի մոտ կապած մեր  <Մալիշ> շանը:

 

Մոր կրծքին գամված խենթ խոճկորներին,

Առավոտյան շուտ մայող գառներին,

Կուրծքը կաթով լի շոյված կովերին,

Շիվար մնացած գոմի դռներին:

 

Ախ, կարոտում եմ մրգով լի բաղին,

Թթի ծառերին ՝հնձանը տակին,

Բաղին կյանք տվող զնգուն գետակին,

Սև սալորի ծառերն էլ ափին:

 

Թոնրում բոցկլտող կրակի բոցին,

Եվ թոնրի հացի բուրավետ հոտին,

Հացով ընդունող դռնից մտնողին,

Կեսուր-կեսրարիս սրտաշահ խոսքին:

 

Շատ եմ կարոտել մեր Թալիշ գյուղին

Հոռի աղբյուրի սառը ջրերին,

Մոտիկ անտառի հոնին ու մոշին,

Գարնան ձնծաղկին յալի դոշերին:

 

Ավաղ, նշածներից էլ ոչինչ չկա,

Միայն սրտամաշ հուշերն են առկա,

Բաղի փոխարեն չորացած ծառեր…

Իսկ տան փոխարեն մրոտված քարեր…

         Ռազմիկ Պետրոսյանի այրի

          Քսենյա Ավագյան,  80 տարեկան:

 

    Վանիկ Օհանյանի հիշատակին

 

Ժպիտը դեմքին, կատակելով,

Զենքն առավ մի իրիկուն,

Ու համբյուրեց օրորոցում

Քնաց մանկանն իր սիրասուն:

 

Եվ մոտեցավ կնոջը ջահել

Որ լալիս էր անձայն, տխուր,

Ասաց,-Մի լաց մարդասպան չեմ,

Այլ պաշտպանը հայոց ազգի:

 

Անցան օրեր, բայց հետ չեկավ

Մեր կտրիճը այդ անվեհեր,

Մեծացավ կարծես ու ծերացավ

Ջահել կինը վշտաբեկ:

 

Մխկտում էր մայրը շեր

Որդու դեմքն էր համբյուրում,

Իսկ նրա ջահել, դալուկ դեմքին

Մահվան ժպիտն էր մնացել:

 

Կարծես որդին ասում էր նրան,-

Մի լաց անհույս, մայր իմ անգին,

Մեր այս դատին արդարության

Նոր կտրիճներ դեռ կծնվեն:

 

                             Մարտական   ընկեր

                                      Օլեգ   Օհանյան

 

       Հայրենիքիս

Ունենք Հայրենիքում Մռավ ու Հոռեկ,

Պատմության խորքից են դրանք եկել,

Ինչպես կարող ենք այն թուրքին թողնել

Չէ որ նախնյաց արյամբ է պահվել:

Ունենք Գենդարա, ունենք Վերին հանդ

Սակայն թուրքերը դարձրել են այն <բանտ>,

Մոտենալ դրան նույնիսկ չենք կարող,

Կարոտներս անգամ առնել չենք կարող:

Ունենք Ինջա գետ ու Բյուլբյուլթա ծով,

Որ մեր հողի ծարավն էին հագեցնում,

Բայց շուն թուրքը այն կտրելով

Թալիշեցուն ջրից են զրկում:

Ունենք հող ու պատմություն,

Ունենք հույս, հպարտություն,

Ունենք ուժ ու ազատություն,

Ունենք անբիծ հիշողություն…

                               Զավեն   Մեժունց

 

       Այց հայրենի օջախ

 

Կորցրել եմ ես ամեն ինչ կյանքում

Օջախ, ընտանիք ու երջանկություն,

Թողեցի հողը իմ պապենական

Կորցրի տանուտեղ, դարձա գաղթական:

 

Որտեղ մնացիք իմ հեզ մանկություն

Իմ հին տխրություն և ուրախություն,

Կարոտել եմ ես իմ հայրենի տունը

Լեռներում կորած իմ չքնաղ գյուղը:

 

Տարիներ անց մեր գյուղը եկա,

Բայց իմ հայրենի տունը չգտա,

Կարոտը սրտիս մեր բակը մտա

Ավաղ ավիրված պատերը տեսա:

 

Մեր դռան շեմին մի շուն կար կապած

Որն ինձ տեսնելով սկսեց հաչալ,

Հուզվեցի մի պահ, աչքերս լցվավ

Շունը նայեց ու ինձ հասկացավ:

 

Փլված պատերից ես ներս մտա

Սիրտս ճմլվեց, էլ չդիմացա,

Արտասվեցի ես, անցյալը հիշեցի

Թե ինչ տանջանքով տունս շինեցի:

 

Ամբողջ գիշերը այստեղ մնացի,

Մեր տան շեմին նստած մնացի,

Լուսնյակ գիշեր էր ես մեն-միայնակ

Հուշերիս հետ մնացի մենակ:

 

Ես ու տղաներս պայքարեցինք

Ոսոխի դեմ կռիվ տվեցինք,

Նորիկս զոհվեց Օմար լեռներում

Խոր վիշտ թողնելով հոր ու մոր սրտում:

 

Թշնամու դեմ գնաց ու կռվեց

Հայրենիքին իր պարտքը տվեց,

Տասնութ տարին դեռ չբոլորած

Մատաղ կյանքը նա զոհեց…

 

Լուսադեմին մենք շարժվեցինք

Մնաս բարով մենք ասեցինք,

Այո դժվար էր գյուղից հեռանալ

Սա ճակատագիր է, պետք է դիմանալ:

 

                                Միշա   Բաբայան

 

                    Իմ Հյարենիք

Երկար տարիներ օտար ափերում,
Ապրում ենք մենք ուրիշի հողում,
Բայց միշտ մտովի հայրենի տանն եմ,
Հարազատ դպրոցում կամ մեր դռանն եմ:
Ամեն անգամ ես քեզ եմ հիշում,
Կարոտ աչքերով միշտ քեզ եմ կանչում,
Եթե դիմանամ մի քիչ էլ անցնի
Համբերության բաժակը հաստատ կլցվի:

Ինչքան էլ ուրախ ու հպարտ ապրեմ,
Աշխարհը շրջեմ, երկրներ տեսնեմ,
Մեկա հավատա միշտ իմ սրտում ես
Երկիր հայրենի դու միշտ ինձ հետ ես:
Քո երկնքի տակ մի տնակ ունեմ,
Քանդված, ավերված մի օջախ ունեմ,
Երանի մի օր նրանք շունչ առնեն,
Քամու հետ հանկարծ գան իմ մոտ հասնեն:


Շատ տարիներ են անցել այն օրից
Երկար ճամբա է բաժանում մեզնից,
Բայց երբ հիշում եմ հայրական տունս
Իմ հայրենիքս իմ սուրբ օրրանս.
Ուզում եմ նորից նրա գիրկն ընկնել,
Ուզում եմ նորից <Հոռեկը> տեսնել,
Մոմեր վառելով ես աղոթք անել
Անցածը հիշելով կարոտս առնել:

                                   Բարիս Զավենի Խաչատրյան

 


                ՓՈՔՐԻԿ ՀԵՐՈՍԻՆ

Խաչատրյան ընտանիքում մի տղա ծնվեց,
Մեր ազգի մեջ մեծ անուն թողեց,
Ոնց որ մի հրաշք հատուկ ուղարկված
Անունը Սամվել փոքրուց ճանաչված:

Դյուցազնական էր նա ծնվածն օրից
Հմայիչ ու սիրուն էր շատ-շատերից,
Քայլում էր հպարտ, գլուխը բարձր,
Շատ սիրալիր էր, համեստ ու քաղցր:

Ծնողները միշտ գոհ էին նրանից
Առանց լավ բանի նա տուն չէր գալիս,
Միշտ զարմացնում էր իր աշխատանքով
Ոնց որ մեծացած ու մեծի դարդով:

Երևի աստված էր նրան ուղարկել
Որ մեր ցավ ու դարդին մի դարման աներ,
Հորեղբոր տղաներից ամենափոքրն էր
Բոլորի սերն էր ու նրանց կողքն էր:

Թշնամու դեմ անհավասար կռվից
Ստիպված էինք հեռանալ երկրից,
Ընտանիքի հետ նա նույնպես հեռացավ
Սրտում թողնելով անբուժելի ցավ:

Ապաստան գտան մայր Հայրենիքում
Բայց մի մեծ դարդ կար իր հոգու խորքում,
Նա շատ էր ուզում ապրել իր գյուղում
Ծնողների հետ` պապերի հողում:

Հայրենիքը փրկության կարիք է զգում
Պետք է տեր կանգնել, սուրբ հողն է կանչում,-
Ասում էր տղան իր հորն ու մորը
Եվ աստված լսեց ու եկավ օրը:

Ծիծաղը դեմքին նա գնաց կռվի
Շատ էր շտապում, ոնց որ բան վառվի,
Նա շատ ջահել էր, հասակն էլ էն չէր
Բայց հոգով ու կամքով անչափ արի էր:

Խիզախ կռվում էր քաջերի նման
Իր հայրենիքում բոլորին զարման,
Բայց ցավոք սրտի մահը շուտ եկավ
Մեր լավ բալիկին վերցրեց տարավ:


Ընկավ կռվի դաշտում հերոսի նման
Սգի մեջ թողնելով մեր ողջ գերդաստան
Հիմա նա գտնվում է <Եռաբլուրում>
Հերոսների կողքին, մայր Հայրենիքում:

Ազգով պարտավոր ենք մենք նրան հիշել
Միշտ սեղաններին կենացը խմել:

                                     Բարիս Զավենի Խաչատրյան


                  ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

Քիչ ենք մենք հայերս, աշխարհով փռված
Դառը ճակատագրով, դարերով հղկված,
Գոյության պայքարն էր մշտապես մեզ հետ,
Հավատը մեր սուրբ պահելով մեր մեջ:

Տասը միլիոն ենք ընդամենը մենք
Հինավուրց ժողովուրդ, մեր բախտը մեզ հետ,
Անընդմեջ պատերազմ, չորս կողմը դուշման
Չփոխեցինք մեր հավատը ոսոխին զարման:

Բերդեր կերտեցինք գոյատևման համար,
Սրչբազան վայրեր` հավատքի համար,
Մեր հերոսների, քաջ որդիների արյան գնով
Մենք վերապրեցինք, պետություն դարձանք:

Քիչ ենք քանակով, երկու պետություն,
Իրենց դրոշներով հայոց եռագույն,,
Մեր քաջ զինվորները 18 տարեկան
Հսկում են սահմանները հայոց պետության;

Տարիներ անցան խաղաղ դաշինքից
Հորուց-տղուն անցավ նավթը <Օկեան>,
Սև ոսկին վերածվեց ստի տարածման
Փորձելով շրջել անիվը պատմական:

Բայց մենք ամուր ենք հենված մեր հողին
Ինչքան էլ հոսի նավթը դուշմանի,
Թող աստված չանի նորից կրկնվի
Նոր հրադադարը թուրքին չի փրկի:


Պետք է ճանաչվի Արցախը հինավուրց,
Պետք է ծածանվեն դրոշները հայոց,
Թող նոր սերունդը անցածը հիշի
Նորը ստեղծելով երջանիկ ապրի:

                 Բարիս Զավենի Խաչատրյան

 

 Սայիկ Աղաջանյանի <<Ազատ Թալիշ>>, Քսենյա Ավագյանի <<Կարոտի խոսքեր>>, Օլեգ Օհանյանի <<Վանիկ Օհանյանի հիշատակին>>, Զավեն Մեժունցի <<Հայրենիքիս>>,  Միշա Բաբայանի <<Այց հայրենի օջախ>> և  Բարիս  Խաչատրյանի  <<Իմ Հայրենիք>>,  <<Փոքրիկ հերոսին>>, <<Հայրենասիրական>>  ոտանավորները մշակվել ու մասամբ վերափոխվել են Սլավիկ Բայունցի կողմից:

 

 

        Կուզենայի…

 

Կուզենայի վերադառնալ  գեթ  մի  օր

Անտառները մեր կուսական մեղմօրոր

Մեկնվեի նրանց  գրկում մայրական

Քնեի լույս անուշ քնով մանկական

Խառնվեի մեր  սուրբ  հողին  հոտավետ

Խառնվեի  ու ննջեինրա հետ

Ապա դալար  ու դողդոջուն  ոստի  պես

Բարձրանայի դեպ երկինքը լուրթ ու  վես

Տերևներով  իմ  խշշացող  երգեի  ու խնդայի

Չարաճճի իմ ճյւղերով շողն  արևի փակեի

Թե  անձրև  գար  գարնան  հոտով  կանաչեի  բացվեի

Թե աշուն գար իմաստությամբ չորանայի ու լայի:

 

                                                                           Լիլիթ   Աղաջանյան

 

          *****
Երբ ապրում էինք մայր հայրենիքում,
Համն ու քաղցրությունը այդքան չէինք զգում,
Գիտեինք, որ մերն է, մերը հավիտյան,
ՈՒր էլ, որ գնանք`մենք ետ կդառնանք:

Բաց, երբ ապրում ես երկար ժամանակ
Հայրենիքից դուրս, անդարձ, մոլորված,
Զգում ես անհագ կարոտը նրա,
ՈՒ ետդարձի ճամփա էլ չկա:

Շատ ափսոսում ես օրերդ անցած,
Հայրենիքից դուրս, օտարության մեջ,
Տարիների հետ կորցնում ես եսդ,
Կորցնում ես հույսդ, կորցնում ապագադ:

                        Ռոզա  Զալունց

                    *****

Տանջվում է նորից իմ սիրտը ջահել
Թաղծում է նորեն կարոտ վայրերին,
Ուզում է գնալ, ծնկաչոք իջնել
Իր հողին, ջրին, ծննդավայրին:

Իջնել այ կապույտ առավոտի դեմ,
Որ բուրում ծխով, բուրում էր հացով,
Եվ հանդ գնացող խաղաղ հոտի դեմ,
Որ երկարում էր գառների լացով:


Իջնել այն բարդուն, որ կանաչ հագած,
Տարուբերվում էր լույսերում վերին,
Եվ հայրենի տանն իմ ավերակված,
Որ բույն է դարձել լացող բվերին:

Այն եղիջներին, որ հեռվից վառում
Եվ այս մորմոքն են արյանս տալիս,
Եվ այն ջրհորի, որի խավարում
Իմ մանկությունն է աստղի պես լալիս:

                          Ռոզա  Զալունց

 

                   ****

Կարոտել եմ ես տունն իմ Հայրենի
Ուր ծնվել եմ ու խոսել քաղցր լեզուն մայրենի:

Թափառում եմ ես հիմա օտար ու խենթ մի երկրում,
Ուր հայեր են բնակվում, սակայն հայ չեն համարվում:

Խառնվել են օտարներին, պատկերն իրենց կորցրել,
Եվ մի բուռ են մնացել, ցավոք միմյանց օտարացել:

                                      Ռոզա Զալունց

                     * * *

Փակ կոպերիս տակ՝բոցեղեն մի սյուն,

Հուրհրան երկինք՝  խաչով պարուրված...

Արձանացել եմ սուրբ Գանձասարի

Պատերի դիմաց...

Ինչպես նորածին մանկիկը տկար,

Որ դեռ   նոր-նոր է աչքերը բացում,

Ակնապիշ նայում այս ահեղ դարին,

Ես էլ նայում  եմ  Ոգու  կերտվածքին

Մեր  սեգ  պապերի՝

Մի  անհագ  սիրով...

Եվ  թվում  է, թե  եթե  համբուրեմ

Պատերը  Նրա  հին-հին  ու  մամռոտ,

Պիտի  որ  դառնամ  մի  ահեղ  Դավիթ՝

Աջիս  մեջ՝  թուրը...

Օ՜,  սուրբ  Գանձասար, թույլ  տուր  խնկարկեմ

Քո  սուրբ  պատերը,

Որ  դու  միշտ  լինես  ինձ  հաղթ  պահապան,

Իսկ  ես՝  քո  տերը:

                                              Էրիկ  Օլեգի  Օհանյան