Գրականություն

Խորհրդային տարիներին Թալիշի մասին գրքեր չեն հրատարակվել: Թալիշեցի երախտավորներ Ասատուր Հարությունյանը և Նիկոլայ Օհանյանը գրել են Թալիշի պատմությունը, բայց հնարավորություն չեն ունեցել հրատարակելու՝կապված տիրող համակարգի հետ: Միայն Արցախյան պատերազմից հետո Ա. Հարությունյանի պատմությունը հրատարակվել է Երևանում, նրա որդի Սլավիկ Հարությունյանի կողմից:

   Թալիշի մասին լույս են տեսել հետևյալ գրքերը՝

 

  1. Զորայր  Խալափյան……………….Միջնաշեն,  Երևան, 1991թ.
  2. Սլավա Բայունց…………………....Թալիշ, Գոյության պայքար: Երևան, 2001թ.
  3. Ասատուր Հարությունյան……….Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի համառոտ

                                                                  պատմությունը: Երևան, 2006թ.

  1. Ալեքսանդր Սարգսյան……………Թալիշ:  Երևան, 2007թ.
  2. Նիկոլայ  Օհանյան................Թալիշ: /Արցախապատում, Մաքսիմ Հովհանիսյան/                                                                                                               Ստեփանակերտ, 2015թ.
  3. Սլավա  Բայունց...................Մեր Ադոն:  Երևան, 2015թ.
  4. Սլավա Բայունց……………………..Թալիշ, Նախնիների կանչը:   շուտով... 

 

Մեկ-երկու պարբերությունների մեջբերումներ 2001 թվականին լույս տեսած <<ԹԱԼԻՇ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ>> գրքից:


              ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԻՆ

   Արցախյան պատերազմը վեր հանեց հայ ժողովրդի, հայոց քաջ ազատամարտիկների, Արցախի մայրերի ու քույրերի տիտանական համբերությունը, նրանց հզոր կամքն ու ամսահման հայրենասիրությունը:
Ազատագրական պայքարը ծնեց բազմաթիվ հերոսներ, ազգի նվիրյալներ, ովքեր չխնայեցին ամենաթանկը` կյանքը, որպեսզի հայոց հողը չպղծեն օտարները, որ մայր հողում միայն հայը տիրակալ ու տեր լինի: Եվ արցախյան գոյամարտի դաժան պայքարում ձեռք բերված ազատությունն ու ու այս հողի վրա ապրելու իրավունքը հայ ազգը ստացավ այդ նույն հողին խառնելով մեր քաջարի տղաների թափված արյունն ու Արցախի որդեկորույս մայրերի արցունքները: Մեր մայրերն ու քույրերը արժանապատվությամբ տարան իրենց բաժին հասած վիշտն ու տառապանքը, միաժամանակ ուրախության արցունքներն աչքերին դիմավորեցին իրենց հերոս զավակների հաղթանակները:
   Նույնիսկ Սումգայիթի ոճրագործություն տեսած, տուն ու տեղից զրկված, գաղթի ճամփեքով անցած, ամուսին ու որդի կորցրած մեր մայրերն ու քույրերը ոգեղեն համբերությամբ տարան կյանքի այդ դառնությունները, և նրանց անսահման սերը զորավիգ եղավ իրենց զավակներին, որոնց Հայրենիքի սերը բարձր դասեցին մայրական սիրուց:
   <<Եղնիկների>> ջոկատում կռված մեր տղաներից մեկի կինը <<Մռավի ղողանջներ>> թերթի համարներից մեկում գրել էր. <<…Եկել է փորձության ժամը ու այն ժամը, երբ հայ կինը պիտի կարողանա Հայրենիքին ամուսին տալ, հայ մայրը` որդի, հայ քույրը` եղբայր: Եթե չլինի այս սրբազան զոհաբերությունը, եթե չլինի … գուցե մի երկրորդ եղեռն կատարվի մեր գժվարին պատմության մեջ, ինչպես փորձել էին այն սկսել Սումգայիթով>>: Նա գրում է, որ այսօրվա հայ կինը հայոց քաջազուն այրերի կողքին է, և նրանց սուրբ պարտականությունն է պահել, մեծացնել իրենց զավակներին, ու եթե գա ժամը, ապա` <<Մենք էլ մեր արյան կանչով, ինչպես արել են Ավարայրի ճակատամարտի ժամանակ հայոց փափկասուն տիկնայք, ինչպես Վարդանի մայրը` Հայոց մեծ տիկինը և մյուս կանայք, զենք կվերցնենք մեր երկրի սրտում վերք բացողի դեմ: Եվ ինչպես ազվնազարմ տիկնայք էին կռվում ու մեռնում իրենց այրերի կողքին փորձության այդ ժամին, այնպես էլ մենք` նրանց արյունից սերված մայրերս, կպահենք մեր երկիրը, մեր մանուկներին…>:

 

                             ԹԱԼԻՇԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԸ

 

   Լուսե երազներ ունեցող մեր ժողովրդի դարավոր պատմության էջերը արյունոտ են, ողբերգական, բայց նաև հավատավոր, հերոսական: Անհնար է սպանել մի ժողովրդի, որը չի ուզում մեռնել: Արցախյան հերոսամարտը դրա զորեղ ապացույցներից է: Հայոց արծիվները ապացուցեցին, որ իրենց երակներում հոսում է Մեծն Տիգրանի, Մամիկոնյաց Վարդանի, Անդրանիկ Զորավարի, Գարեգին նժդեհի, Սարդարապատի հերոսների արյունը:  

  Ազգային-ազատագրական պայքարում իր ուրույն տեղն ունի Հյուսիսային Արցախի ամենախոշոր բնակավայրերից մեկը` Թալիշը: Պատմական այդ հինավուրց գյուղը, լիելով սահմանակից ադրբենակչությունը, սերված լինելովջանական երեք շրջանների, ինչպես նաև հանդիսանալով Շահումյանի շրջանը Մարտակերտի շրջանին կապող կարևոր ռազմավարական հենակետ, առաջիններից մեկը մտավ այդ պայքարի հորձանուտը: Նրա բնակչությունը, սերված լինելով Մելիք-Բեգլարյանների հզոր տոհմից և երակներում ունենալով իրենց ազնվազարմ քաջ պապերի արյունը, անվարան ելավ սրբազան պայքարի և այդ պայքարի սկզբից էլ հասկացավ, որ դարավոր թշնամու դեմ պետք է մարտնչել միայն ու միայն զենքով:

   Թալիշի երիտասարդները Արցախում առաջիններից էին, որ համախմբվելով, ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Իրենց ծննդավայրին, իրենց զավակներին ու ծնողներին պաշտպան կանգնած տղաներին արձագանքեցին նաև հայաստանաբնակ թալիշցիները, որոնք եկան սատար կանգնելու իրենց եղբայրներին ու ընկերներին, հայրենի հող ու ջրին:
Թալիշի ազատամարտիկները պայքարեցին ընդգրկելով մահապարտների <<Արծիվ-1>> գումարտակում, շահումյանի պարտիզանական ջոկատում, <<Թալիշ>> գումարտակում և Արցախի ինքնապաշտպանության բանակի տարբեր զորամիավորումներում:
   Այս սուրբ պայքարում Արցախի պաշտպանության բանակին զինվորագրվեցին և թշնամու դեմ մարտի ելան թալիշեցի 250-ից ավելի ազատամարտիկներ` կատարելով բազում սխրանքներ ու հերոսություններ: Այս դաժան պայքարում շատերը գիտակցաբար իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքին: Նրանց անունները երբեք չեն մոռացվի, և յուրաքանչյուրիս պարտքն է հիշել բոլորին, բոլոր հերոս նահատակներին:
   Այո, դառն ու դաժան է հայոց ճակատագիրը, բայց և տոկուն է մեր ազգը, որ դիմացավ այսքան մեծ փորձությունների, ահավոր երկրաշարժ, շրջափակում, կոտորած…: Եվ մեր` ապրելով հաղթելու ունակությունը, որ հայ ժողովրդի լինելիության խորհրդանիշն է , զարմացրել է միշտ և մինչ այսօր էլ ապշեցնում է ոսոխին:
   -Ինչու± եք մեռնում,-հարցնում են նրանք:
   -Որովհետև ուզում ենք ապրել,-պատասխանում ենք մենք:

 

                       ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Սամվել Սերյոժայի Ապրեսյան
   /1963-1990թ.թ./

Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, արցախցիների արդար պահանջներին ադրբեջանսիները սկսեցին պատասխանել յուրովի` սպանություններով, համատարած անասնագողությամբ, ամբողջովին ցուցադրելով իրենց բնորոշ լկտիությունը: Խուժանի այդ լկտի արարքներին Թալիշում առաջին զոհը դարձավ դեռ 27-ը չբոլորած Սամվել Ապրեսյանը, երիտասարդ կնոջ խնամքին թողնելով որբացած երեք մանկահասակ երեխաներին:
Սամվել Ապրեսյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Միջնակարգը ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո վերադարձել գյուղ և աշխատանքի անցել կոլտնտեսությունում: Որոշ ժամանակ անց աշխատանքի է անցնում գյուղին հարակից բարձունքներից մեկի վրա տեղակայված հակակարկտային մարտկոցների վրա որպես նշանառու, իսկ հետո աշխարհազորային ջոկատի տղաների հետ հերթապահում էր գյուղի սահմաններում:
1989-1990 թվականներին առանձնապես ծանրանում են աշխատանքները անասնապահական ֆերմաներում: Գերլարված աշխատանք էր պահանջվում կատարել ադրբեջանական բնակավայրերին մոտ կառուցված այդ ֆերմաներում, քանի որ այդ տարիներին սահմանամերձ գյուղերում մեծ չափերի էր հասել անասնագողությունը: Այստեղ հարկավոր էին ջահել, առնական տղաներ, որոնք արհամարհելով վախը և դժվարությունները, կկարողանային ապահովել ֆերմաների անվտանգությունը:
Սամվելն ընտրեց <Թախտեր> կոչվող ամենադժվար տեղամասը և գիշեր-ցերեկ հերթապահում ու խնամում էր կոլտնտեսության հոտը: Բայց 1990 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը դարանակալ թշնամին սպանում է երիտասարդ անասնապահին և տանում ոչխարների հոտը: Դա առաջին սպանությունն էր գյուղում և նաև ողջ շրջանում, ուստի մեծ գույժ էր բոլորի համար: Սամվելի մահը բացահայտեց թշնամի խուժանի իրական դեմքը, և ժողովուրդը հասկացավ, որ գործ ունի մարդասպան-ոճրագործի հետ, և որ պետք է ազգովի ոտքի կանգնել ու պայքարել հանուն ազատության, հանուն հողի և արդարության:
Լինելով առաջին զոհը, Սամվելի հուղարկավորությունը վերածվեց բողոք-ցույցի ընդեմ ադրբեջանական կառավարության: Ներկա գտնվող շրջանային ղեկավարության առջև ծողովրդին զինելու և պետական մակարդակով ինքնապաշտպանության ջոկատներ կազմելու անհրաժեշտության հարց դրվեց:
Մարդիկ հասկացան, որ մեծ դժվարությամբ ու տառապանքով է ձեռք բերվելու ազատությունը, և որ միայն զենքով պետք է պայքարել ադրբեջանցի խուժանի դեմ:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Գրիշա Խորենի Իսախանյան
(1952-1991թ.թ.)

Գրիշա Իսախանյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` 1968 թվականին տեղափոխվում է Չարենցավան և ընդունվում տեղի <<Հաստոցաշինական>> տեխնիկում: 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո օջախ է հիմնել, ունի երեք հրաշք զավակներ: 1973-1988 թվականներին Գրիշան աշխատել է Ռոստովի քիմպաշտպանության միավորման Հրազդանի մասնաճյուղում:
1988 թվականից սկսվեց Արցախի ազգային – ազատագրական պայքարը: Հայ ժողովուրդը թևակոխեց իր պատմության մի նոր էջ, որը նորից լի էր պայքարով, հայրենյաց սիրո համար թափված արյամբ, որդեկորույս մայրերի, այրիացած կանանց և որբացած զավակների արտասուքով, վրիժառությամբ և ազատության հույսով:
Գրշան Մելիք-Աբովի ժառանգներից էր, որի անունը լսելիս ժամանակին սարսափում էր թշնամին: ԵՎ Գրիշայի երակներում հոսող քաջ պապերի արյունը մղեց նրան անձնազոհ պայքարի: 1988 թվականի օգոստոսին նա ընտանիքով տեղափոխվեց հայրենի գյուղ< Այդ ժամանակ գյուղի պաշտպանության համար ստեղծվում էին փոքր կամավորական ջոկատներ: Ձմեռվա բքին, գարնան անձրևներին, ամառվա տապին և աշնան ցրտերին նրանք զորուգիշեր պաշտպանում էին գյուղի սահմանները, ասել է թե ապահովվում էին ժողովրդի հանգիստը, մանուկների անհոգ ծիծաղն ու ապագա սերունդների բախտը:
Երեք տարի շարունակ Գրիշան կռվեց Թալիշի ինքնապաշտպանության մարտական ջոկատում, մասնակցեց ու խիզախեց մարտերում: 1991 թվականի մարտի 25-ի ճակատամարտը վերջինը եղավ նրա համար: Այդ օրը խումբը, որի կազմում էր նաև Գրիշան, հերթապահում էր Գենդարայի տարածքում, երբ դարանակալ թշնամին հարձակվեց նրանց վրա: Տղաներին սպասվում էր շրջափակման վտանգը: Գրիշան իր վրա վերցրեց մարտը, մեն ու միայնակ դուրս գալով հրոսակախմբի դեմ, փրկելով տղաների կյանքը: Հայրենյաց պաշտպանը, վիրավորված ոտքերից, թևից ու կրծքից, մինչև վերջ մնաց իր դիրքում, սպասելով վերջին գնդակին, որ պահել էր իր համար:
ՈՒ այժմ դու հանգիստ ննջում ես Հոռեկա լանջին, հավերժական քունն աչքերիդ, անտարբեր մնալով հայրենական օջախի տանտիկին` քո Քնարիկ մոր երկինք հասնող, հոգու ծվատող կանչին: Դու գնացիր անդարձ, Գրիշա, բայց պիտի ապրեն Վարդան, Խորեն, Անուշ զավակներդ և քո կիսատ թողած գործերը նրանք անպայման պիտի շարունակեն:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Հենրիկ Գևորգի Աբրահամյան
/1996-1990թ.թ./

Հենրիկ Աբրահամյանը ծնվել է 1966 թվականին Բաքվում, ուր 1960 թվականին տեղափոխվել էին թալիշեցի ծնողները: 1971 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել Հրազդանում: Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկն զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել Հունգարիայում: Զորացրվելուց հետո վերադարձել է Հրազդան և աշխատանքի անցել <Հրազդանմաշ> գործարանում:
Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, Հենրիկը առաջիններից էր, ովքեր մասնակիցը դարձան այդ շարժմանը և դարձան ազատագրական պայքարի քաջազուն մարտիկներ: Նա իր մարտական առաջին մկրտությունն ստացել է Երասխավանում, հետո մարտական ուղին ձգվեց միչև Շահումյան: Սասուն Միքայելյանի ջոկատում Հենրիկը կռվել է Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջաններում:
Հայրենասեր ազատամարտիկը զոհվեց 1990 թվականի սեպտեմբերի 26-ին` նոյեմբերյանում, մարտական առաջադրանք կատարելիս: Նրա աճյունն ամփոփված է Հրազդանի գերեզմանոցում: Հենրիկի հիշատակը հավերժացնելու նպատակով ընկերները հուշաղբյուր են կառուցել Հրազդանում այն շենքի մոտ, որտեղ ապրել է նա:
Հետմահու պարգևատրվել է <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Արտուշ Սաշիկի Աբելյան
/1932-1991թ.թ./

Արտուշ Աբելյանը ծնվել է 1932 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Զոհված բոլոր թալիշցիների մեջ ամենատարեցը Արտուշն էր: Եվ չնայած տարիքի պատճառով նա մարտական հերթապահության չէր գնում, բայց այնուամենայնիվ, նա եղավ ևս մի նահատակ, որ իր մահով հավասարվեց պաշտպանական դիրքերում խոցված ազատամարտիկներին: Վաթսունն անց էր Արտուշ Աբելյանը, բայց տոգորված էր երիտասարդական ավյունով ու եռանդով: Գիշեր ու զոր ոտքի վրա էր, և Թալիշում դժվար գտնվեր մեկը, որի խնդրանքը կամ հանձնարարությունը նա չկատարեր: Մինչև 88-ի Արցախյան շարժումը Արտուշ Աբելյանը աշխատում էր գյուղում որպես սայլապան: Երբ բնակավայրին շտապ կերպով հարկավոր եղան հայ հովիվներ: Արտուշն առաջիններից մեկը եղավ, որ արձագանքեց Սամվել Ապրեսյանի կոչին` տիրություն անելու գյուղի հոտերին: Որիշը թերևս չգնար և այդ տարիքին վտանգեր իր կյանքը, բայց Արտուշը գնաց, որպեսզի իր անփորձ սաներին սովորեցնի հովվի վտանգավոր ու դժվար գործը:
Այն տեղամասը, որտեղ Արտուշը պահում էր ոչխարի հոտը, գտնվում է ազերիների տարածքին սահմանակից և շատ վտանգավոր գոտում: Եվ ամեն օր աներկյուղ առաջ տանելով իր հոտն, Արտուշն ուզում էր դրանով ապացուցել, որ լքյալ գոտու այդ մասը տեր ունի և այդ տերը մենք ենք…: Բայց մի օր էլ լուրը հասավ գյուղ. <Թուրքերը Արտուշին սպանել ու հոտի մի մասը փաղցրել են>: Տղաները շտապ հասնում են դեպքի վայր, որտեղ ինքնաձիքի կրակահերթից սպանված հովիվն էր, և ցաքուցրիվ ու բավականին պակաս հոտը:
Արտուշի մահով ևս մի անգամ փաստվեց, որ մեր դեմ կանգնած է մի ոխերիմ թշնամի, որին չի կարելի ներել: Նրա մահը ահազանգ եղավ բոլորին` լինել արթուն և միշտ զգոն: Հովվի դին ամփոփվեց Հոռեկասարում` Աբելյանների տոհմական գերեզմանոցում:
Դա 1991 թվականի դեկտեմբերի 27-ին էր:

Իսրայել Լենդրոշի Սարգսյան
/1968-1992թ.թ./

Իսրայել Սարգսյանը ծնվել է 1968 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1985 թվականին դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ ու աշխատանքի անցել կոլտնտեսությունում:
Երբ սկսվում է Արցախյան շարժումը` Իսրայելը բոլորի պես անդամագրվում է Թալիշի աշխարհազորին և մասնակցում գյուղի սահմանների պաշտպանությանը: Թալիշի ճակատագրական անկումից երկու օր առաջ` 1992 թվականի հունիսի 14-ին, գյուղի սահմաններում, դարանակալ թշնամու գնդակից զոհվել է Իսրայելը:
Նրա աճյունը ամփոփված է գյուղի գերեզմանոցում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության> մեդալով:

 

 



                            ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆՆԵՐԸ…


Շամո Էդիկի Խաչատրյան
(1970-1992թ.թ.)

Շամո Խաչատրյանը` թալիշեցի քաջորդին, այն տղաներից էր, , ովքեր արյան կանչով, հոգով և ամբողջ էությամբ զինվորագրվեցին Արցախյան հերոսամարտին: Նա կյանք մտավ, երբ սկսվեց Արցախյան պայքարը և մինչև վերջ պայքարեց այդ սուրբ գործի համար, կռվեց հանուն հայրենյաց` ջահել կյանքը մատաղ անելով ապրողների երջանկության համար և նույնիսկ ժամանակ չունեցավ վայելելու ամուսնական առագաստը:
Շամո Խաչատրըանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1987 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա զորակոչվել է խորհրդային բանակ: Սկզբնական շրջանում ծառայությունն անց է կացրել Չիտա քաղաքում, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո Ստեփանավանում: 1989 թվականի հայտնի դեպքերից հետո նա վերադառնում է Ստեփանակերտ և ծառայությունը շարունակում տեղի մոտոհրաձիքային զորամասում: Հետագայում, երբ զորամասը ցրվում է, նա համալրում է <<Հայ երիտասարդական ճակատ>> ջոկատի կազմը: Ջոկատի կազմում մասնակցում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Փրջամալ և այլ գյուղերի պաշտպանական մարտերին: Հրամանատարի զոհվելուց հետո, 1991 թվականի գարնանը Շամոն նշանակվում է այդ ջոկատի հրամանատարը: Նրա հրամանատարությամբ ջոկատը բազմաթիվ մարտեր է մղում Ասկերանի և Մարտակերտի ճակատներում: 1991 թվականի մայիսին, երբ հայաթափվում էին Գետաշենի ենթաշրջանի գյուղերը, և կատաղի մարտե էին մղվում Բուզլուխ, Էրքեջ ու Մանաշիդ գյուղերի համար, Շամոն արդեն Շահումյանում էր: 1991 թվականի հուլիսին, Վերին-Շենի Շըմփրըպտոկ բարձունքի ազատագրման համար մղված մարտում նա աչքի է ընկնում իր խիզախությամբ: Այս մարտից հետո նա մասնակցում է նաև Շահումյանի հյուսիսային գյուղերի ազատագրմանը:
Շամոյի հաջորդ մարտը եղավ 1992 թվականի հունվարին կայացած Կրկժանի գրոհը: Այստեղ որ պիտի ընդհանար բացառապես փողոցային մարտեր` Շամոյի խմբին բաժին ընկավ ճակատային ամենավտանգավոր ու անմատչելի մասը: Մի գիշերվա կատաղի մարտերի ընթացքում Կրկժանը մաքրվեց ավազակներից: Կրկժան արվարձանը մաքրվեց քիչ կորուստների գնով, իսկ Շամոյի տղաներից ոչ մեկը չտուժվեց: Շամոյի մարտարվեստը, կռվելու ունակությունն ու քաջությունը փայլատակեց առանձնապես Խոջալուի մարտերում, որը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, որտեղ էլ մեծ անուն հանեց Թալիշցի Շամոն:
Հերթը հասավ հայոց հինավուրց քաղաքին` Շուշիին: Ինչպես որ Կրկժանում, Շամոյի ջոկատի տղաների հարվածի ուղղությունն ընկավ քաղաքի հյուսիս-արևելյան մասը` խիստ զառիկող մի ժայռ, ու մագլցելու համար ավելի շուտ ալպինիստի հմտություն էր հարկավոր, քան զինվորի կռվելու վարպետություն… Գրոհը սկսվեց լուսադեմին: Ինչպես լեռներում մոլեգնող մի փոթորիկ` Արցախի քաջարի զավակները նետվեցին հայրենի հողում արմատակալած թշնամու վերջին հենակետը վերացնելու… Կեսօրվան մոտ հակառակորդը սկսեց երերալ, իսկ իրիկնադեմին խուճապը վերածվեց անկանոն նահանջի: Զարգացնելով հաջողությունն ու հալածելով ոսոխին` օր հետո ազատամարտիկները հասան Լիսագոր: Իսկ մայիսի 9-ի երեկոյան շեշտակի հարվածով ոչնչացնելով ևս մի ավազակաբույն` Լաչինը, Արցախի մարտիկները ոտք դրեցին մայր երկրի հողին: Իրականացավ արցախահայության 70-ամյա երազանքը, երկրամասն անմիջական կապով միացված էր Հայաստանին:
Շուշվա փառահեղ հաղթանակից հետո Շամոն հայրենի Թալիշ եկավ, բայց երկար չմնաց գյուղում: Այդ օրերին թշնամին ակտիվացրել էր մարտական գործողությունները Ասկերանի ուղղությամբ: Եվ նա շտապեց մայրաքաղաք: 1992 թվականի մայիսից մինչև հունիսի կեսերը նա իր ջոկատի տղաներով կենաց մահու կռիվ էր տալիս Ասկերանի ճակատում:
Բայց աղետը եկավ միանգամայն այլ ուղղությամբ: Արցախի հյուսիսային դարպաս Շահումյանը ընկավ մեկ օրվա ընթացքում: Հայրենի գյուղի անկումից հետո Շամոն իր ջոկատը տեղափոխում է Մատաղիսի դիրքերը: Հունիսի 18-ին Մատաղիսի համար մղված մարտերում նա ծանր վիրավորվում է և տեղափոխվում Երևան: Մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո` նա չի համբերում և վերադառնում է դիրքեր: Այդ ժամանակ մարտերն ընթանում էին Չլդրան գյուղի տարածքում, իսկ Շամոն նորից իր ջոկատի հետ էր: Այդ ընթացքում նա մասնակցում է Չլդրանի և Մեհմանայի ազատագրմանը, որից հետո նրա ջոկատը ուղարկվում է Մեծ Շենի և Մոխրաթաղի դիրքերը: Երեք օրվա ընթացքում նրանք ազատագրում են նաև այս գյուղերը և տեղափոխվում Մարտակերտի հեռուստակենտրոն: Ծանր մարտերը շուտով Շամոյին զգացնել էին տալիս իր վերքերի մասին: Նա կրկին տեղափոխվում է Երևան: Դա 1992 թվականի օգոստոսի սկիզբն էր:
Շուտով թշնամին նորից է հասնում Չլդրան, և Շամոն էլի չի համբերում մինչև ապաքինվեն վերքերը ու նորից վերադառնալով ջոկատ` տղաների հետ դիրքավորվում է Չլդրանում, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Ղարաբաղի պաշտպանության բանակը կարծես հոգնել էր ու համալրման կարիք էր զգում: Երևանում այդ ժամանակ կազմավորվում էր մահապարտների գումարտակ` Արցախի բանակին օգնության հասնելու համար:
Պողոսագոմեր գյուղի համար մղվող մարտերից մեկի ժամանակ` օգոստոսի 31-ին, թշնամու կույր գնդակից վիրավորվում է խիզախ հրամանատարը: Ծանր վիճակում նրան տեղափոխում են հոսպիտալ, որտեղ նա, երեք օր պայքարելով կյանքի համար` սեպտեմբերի 2-ին իր մահկանացուն է կնքում:
Շամոյի հուղարկավորությունը կատարվեց իսկական հերոսին վայել կերպով: Հազարավոր մարդիկ էին հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Ներկա էին հանրապետության ռազմական հրամանատարության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներ: Նրանք եկել էին իրենց հարգանքի տուրքը տալու մի երիտասարդի հիշատակին, որն իր կյանքի քսաներկու գարուններն անմնացորդ նվիրաբերել էր հայրենի եզերքի փրկությանը:
Շամոյի աճյունը հողին հանձնեցին Ստեփանակերտի` այժմ սրբավայր դարձած Եղբայրական գերեզմանոցում: Արցախցի ազատամարտիկը, քաջ հրամանատարը` մեր Շամոն, ընդմիշտ կմնա ազատագրական պայքարի ելած իր ընկերների և իր ժողովրդի հիշողության մեջ:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Մարտական խաչ> երկրորդ աստիճանի, ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Վյաչեսլավ Զարմիկի Հայրապետյան
( 1961-1992թ.թ.)

Ազատագրական պայքարի ազատամարտիկներից և Արցախում կամավորական առաջին ջոկատի տղաներից էր Վյաչեսլավ Հայրապետյանը: Նրանց ջանքերով ստեղծվեցին առաջին մարտական ջոկատները, և նրանք ելան թուրք խուժանի դեմ: Կյանքի վերջին չորս տարիները նա անց է կացրել Ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհում: Երեք տասնամյակը արդեն բոլորած Վյաչեսլավը ժամանակ չունեցավ մտածելու ամուսնության մասին, և Հայրենիքի ու նրա ժողովրդի ճակատագրով մտահոգված երիտասարդը այդպես էլ ժամանակ չգտավ ընտանիք կազմելու:
Ծնունդով թալիշեցի ծնողները ապրում էին Սումգայիթ քաղաքում, որտեղ էլ ծնվել է Վյաչեսլավը: Սովորել է տեղի թիվ 2 դպրոցում: Այնուհետև, 1971 թվականին ընտանիքով տեղափոխվում են Հայաստան և բնակություն հաստատում Աբովյան քաղաքում: 1979 թվականին ավարտելով Աբովյանի թիվ 4 դպրոցը` զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո նա որպես վարորդ աշխատել է Երևանի թիվ 1 ավտոձեռնարկությունում, այնուհետև <Գազշին> համամիութենական տրեստում, իսկ 1986 թվականից <Սիրիուս> գործարանում: Վյաչեսլավը սիրում էր լեռնագնացությունը, և այդ սերը 1982-1986 թվականներին նրան դարձրեց Հայաստանի Հանրապետության չեմպիոն:
1988 թվականի փետրվարյան շարժումից հետո, մարտ ամսին, Աբովյանում ստեղծված կամավորականների հետ Վյաչեսլավը մեկնում է Արցախի Դահրավ գյուղը: Սկզբնական շրջանում Սլավիկը մասնակցում է գյուղի ինքնապաշտպանությանը, իսկ հետո երբ ստեղծվում է հետախուզական ջոկատ, հրամանատարությունը վստահվում է նրան: 1990 թվականի նոյեմբերի վերջին Սլավիկը մասնակցում է ադրբեջանական Լեսնայա գյուղի հետախուզմանը և գրավմանը, որի ժամանակ հիմնահատակ արվեց գյուղը, ու ոչ ոք այս գյուղից չկարողացավ փրկվել: Սլավիկը մասնակցել է նաև ադրբեջանցիներից Դաշբուլաղի <մաքրմանը>, Դահրավ, Խնաբադ, Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1992 թվականին կրկժան գյուղի ազատագրման ժամանակ, փետրվարի 23-ին Ղայբալու բարձունքի համար մղված մարտերում զոհվեց արցախի նվիրյալը, հոգով ու սրտով ազատամարտիկ Վյաչեսլավ Հայրապետյանը: Նրա աճյունը ամփոփված է Աբովյան քաղաքում, իսկ հոգին` ընդմիշտ իր ընկերների սրտերում:


Արթուր Ժորայի Դանիելյան
(1962-1992թ.թ.)

Արթուր Դանիելյանը ծնվել է մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, աշխատավորի ընտանիքում: Հայրը գյուղում հարգված մեխանիզատոր էր, մայրը բժշկուհի: 1979 թվականին ավարտելով տեղի միջնակարգը` մեկնում է Երևան և ուսումը շարունակում թիվ 10 պրոֆտեխուսումնարանում: 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, տանկային զորամասում: Զորացրվելուց հետո տեղափոխվել է Հրազդան և աշխատել <Հրազդանմեքենա> արտադրական միավորումում: 1983 թվականին ընտանիք է կազմել, ունի երկու զավակ:
Արթուրը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր: Այդ տարիներին հայաստանաբնակ արցախցիներն սկսեցին բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին: Հայստանի մի շարք բնակավայրերում ստեղծվեցին հանմայնքներ և ճշգրտվեցին նրանց աշխատանքները: 1988-1989 թվականներին Արթուրը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում հրազդանաբնակ թալիշեցիների համայնքի ստեղծման գործին: Բայց Արցախի համար այդ տարիներին առաջին անհրաժեշտությունը նրա բնակչության թվաքանակի ավելացումն ապահովելն էր, որը պետք է տեղի ունենար թե նոր ընտանիքների ստեղծման և թե վերաբնակության միջոցով: 1989 թվականին Արթուրը ընտանիքով տեղափոխվում է հայրենի Թալիշ` մշտական բնակության:
Այդ տարիներին, երբ սկսվեցին կազմավորվել կամավորական ջոկատներ, Արթուրը առաջիններից էր, որ մտավ Թալիշի ինքնապաշտպանության ջոկատի մեջ` օրինակ ծառայելով մյուսներին: Գյուղի մարտական ջոկատում Արթուրը կռվեց ու մասնակցեց մի շարք պաշտպանական մարտերի, աչքի ընկավ իր խիզախությամբ ու մարտունակությամբ: Արթուրը անձնուրաց մասնակցում էր հետախուզական աշխատանքներին և թշնամու թիկունքում իրականացվող ականապատման գործողություններին:
1992 թվականի ապրիլի 18-ը մռայլ ու մառախլապատ օր էր: Արթուրը մի փոքրիկ խմբով Ղահիլարի ուղղությամբ անցել էր հետախուզության, երբ դարանակալ թշնամին հանկարծակի հարձակվեց տղաների վրա: Սկսվեց անհավասար ու դաժան մարտը: Տղաները հասկանում էին, որ դիրքերը զիջել չի կարելի, քանզի դա ծանր հետևանքներ կունենար: Ուստի անհրաժեշտ էր կռվել մինչև ջոկատի մյուս տղաները տեղ կհասնեյին: Եվ կար մի պահ, որ Արթուրը կրակը իր վրա վերցնելով, մյուսների համար հնարավորություն ստեղծեց առաջանալու և դիրքավորվելու համար: Շուտով ջոկատի մյուս տղաները տեղ հասան և միացյալ ուժերով կարողացան հաղթանակ տանել ու թշնամուն հետ շպրտել: Այս մարտում քաջաբար զոհվեց Արթուրը, նրա հետ նաև երիտասարդ ազատամարտիկ Անդրանիկը: Երկուսի հուղարկավորությունն էլ կայացավ նույն օրը: Սգում էին հարազատները, ընկերները, սգում էր ամբողջ գյուղը: Ընկերները գերեզմանի մոտ երդվեցին վրեժ լուծել թշնամուց:
Հրազդան քաղաքի այն շենքի բակում, ուր ապրել է նա, բնակիչների նախաձեռնությամբ հուշաղբյուր է կառուցվել` ի հիշատակ Արթուրի: Թող քո կյանքը ջրի նման երկար լինի, Արթուր: Քո հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Անդրանիկ Սեդրակի Սարգսյան
/1968-1992թ.թ./

Դժվար է խոսքեր գտնել ու գրել անդրանիկի և նրա նման խելոք ու համեստ տղաների մասին, ովքեր դաժան ճակատագիր ունեցան և, հրաժեշտ տալով կյանքին` չտեսան հարսանեական առագաստ, չունեցան ժառանգներ, այլ խորը կսկից թողեցին իրենց ծնողների, հարազատների ու ընկերների սրտերում:
Անդրանիկն ունի պարզ և շատ հարուստ կենսագրություն: Նա ծնվել է 1968 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո` 1985-1986 թվականներին սովորել է Չարենցավանի պրոֆտեխուսումնարանում: Այնուհետև զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվել է այն ժամանակ, երբ սկսվել էր Ազգայի-ազատագրական շարժումը: 1988 թվականին Հրազդանի ավտոդպրոցն ավարտելուց հետո նա կամավորական ջոկատի հետ վերադառնում է հայրենի գյուղ` մասնակցելու ծննդավայրի պաշտպանությանը:
Գյուղի ինքնապաշտպանության ուժերի մարտական ջոկատի կազմում Անդրանիկը մասնակցում է մի շարք կռիվների: Նա ակտիվորեն մասնակցում էր ջոկատի հետախուզական աշխատանքներին, թշնամու դիրքերի ականապատման գործողություններին և բոլոր օպերացիաների ժամանակ իրեն դրսևորել է որպես խիզախ ու անվախ մարտիկ:
Բայց, ավա~ղ, կարճ տևեց Անդրանիկի կյանքը: 1992 թվականի ապրիլի 18-ին, մի մառախլապատ օր, Անդրանիկն իր ընկերների հետ միասին ընկնում է թշնամու շուրջկալի մեջ, և սկսվում է անհավասար մարտը խուժանի դեմ: Անդրանիկն ու Արթուրը իրենց վրա վերցնելով կրակը` դիմադրում են այնքան ժամանակ, մինչև գյուղից օգնության են հասնում և ազատում տղաներին շրջափակումից: Բայց թշնամու կույր գնդակը գտել էր արդեն Անդրանիկին, Արթուրին:
Հերոսաբար զոհվեց 23-ամյա պատանին` չհասցնելով մտածել նույնիսկ ընտանիք կազմելու մասին: Փառք Ձեզ, Արցախի քաջորդիներ, ազգի նվիրյալներ: Դուք, որ գերադասեցիք Հայրենիքը ընտանեկան կյանքից, հայրենյաց սերը` մայրական սիրուց, հավերժացաք հայրենյաց հողի համար:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Աշոտ Նիկոլայի Ճաղարյան
(1961-1992թ.թ.)

Աշոտ Ճաղարյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Թալիշում ուրիշ Ճաղարյաններ չկան: Այս մի տունն է, այս գերդաստանը` իր հինգ արու զավակներով, հինգ համարձակ, հայրենասեր տղաներով: Դպրոցն ավարտելուց հետո` 1979 թվականից Աշոտը ուսումը շարունակում է Երևանում: Սովորելով Սովետաշենի թիվ 29 ուսումնարանում` ձեռք է բերում հյուսն-կահույքագործի մասնագիտություն: 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Զորացրվելուց հետո ամուսնանում, ընտանիք է կազմում և 1983 թվականին տեղափոխվում Հրազդան` մշտական բնակության: Կյանքը այնպես էր դասավորվել, որ Ճաղարյանների գերդաստանի հինգ որդիներից չորսը բնակվում էին Հայաստանում և միայն մեկն էր բնակվում գյուղում:
Եկավ 1988 թվականը: Նվիրական երազանքի համար ոտքի ելած ժողովուրդը համոզվեց, որ իր որդիները դրսում ավելի շատ են, քան Արցախում: Ճաղարյանների գերդաստանի չորս հայաստանաբնակ եղբայրներն առաջիններից էին, որ վերադարձան գյուղ և իրենց հինգերորդ եղբոր հետ միասին մի ամուր բռունցք կազմեցին:
Աշոտը Հրազդանում ճանաչված էր որպես հմուտ կահույքագործ ու նաև որպես երաժիշտ: Նրա արած ամեն մի գործ ինքնատիպ էր ու անկրկնելի: Նա շատ անմիջական էր, բարի, զգայուն և նաև պարզ ու մաքուր հոգու տեր: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Շատ էր սիրում աշխատել ու միշտ իր համար զբաղմունք էր գտնում, սարսափում էր անգործությունից: Ուրախ և տխուր պահերին սիրում էր նվագել, հնչեցնելով իր կլառնետը:
Աշոտը շատ էր սիրում Արցախ աշխարհը և առավել` իր հայրենի Թալիշ գյուղը: Ասում էր ավելի լավ է ապրել Արցախում մեկ տարի, քան թե մեկ դար նրա սահմաններից դուրս: Եվ դա էր պատճառը, որ նա իր ընտանիքով առաջինների թվում տեղափոխվեց Թալիշ:
1990 թվականի ձմռանը Շահումյանում հանդիպեց Լեոնիդ Ազգալդյանին: Ազերիներն այդ օրերին խորհրդային բանակի օգնությամբ հայաթափ էին անում Շահումյանի գյուղերը: Լեոնիդն նարդեն կազմավորել էր Արցախի բանակը: Աշոտը մտավ այդ բանակի շարքերը` երդվելով բարձր պահել ազատամարտիկի պատիվը: Լեոնիդի ջոկատում չէր թույլատրվում ալկոհոլ օգտագործել և նույնիսկ ծխել: Աշոտը մյուսների նման պահպանում էր ամեն մի կարգ ու կանոն: Այստեղ մի ամբողջ տարի նա մասնակցեց Շահումյանի պաշտպանական կռիվներին: 1991 թվականին Մարտակերտի բոլոր գյուղերում կազմավորվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, և Աշոտը ընդգրկվեց Թալիշի մարտական ջոկատում: Նա շատ կարճ ժամանակամիջոցում աչքի ընկավ, քանի որ Լեոնիդի ջոկատում ձեռք էր բերել մեծ հմտություն և ճկնություն: Լավ էր տիրապետում զենքի բոլոր տեսակներին ու նաև հմուտ հետախույզ էր: Մարտի ժամանակ աշխատում էր միշտ առաջին գծում ինքը լինել, և ինչպես ասում են, ինքն էր իր համար արահետ բացում: Նա մասնակցում էր բոլոր մարտական օպերացիաներին և ականապատման աշխատանքներին: Եվ անհնար էր, որ Աշոտի տեղադրած ականները չգործեին: Նրա արարքներով պարծենում էին իր մարտական ընկերները, նաև ամբողջ գյուղը:
1992 թվականի մայիսի 4-ին թշնամին լայնածավալհարձակում սկսեց գյուղի պաշտպանակն դիրքերի վրա: Մեր փոքրաթիվ ուժերը անասելի դժվարությամբ էին կռվում` խնայելով յուրաքանչյուր փամփուշտ, սակայն չխնայելով իրենց կյանքը: Մարտը ծանր էր ու անհավասար, հերոսաբար զոհվում էին ջոկատի լավագույն տղաները: Աշոտի խիզախությունը հասել էր գագաթնակետին, նա խիզախեց մտնել թշնամու թիկուքը` ցանկանալով կտրել նրան օգնող երակից: Մեր փոքրաթիվ ուժերը չկարողանալով դիմակայել թշնամու գրոհը, ստիպված եղան ետ նահանջել` դիրքերը զիջելով թշնամուն: Շուտով Մարտակերտից օգնության եկավ Վլադիմիր Բալայանի ջոկատը: Համատեղ ջանքերով, մղելով ծանր մարտեր` հայ մարտիկները կարողացան հետ գրավել կորցրած դիրքերը: Այստեղ տղաները գտան Աշոտի գլխատված ու խոշտանգված մարմինը: Հիվանդանոցի բժիշկ Արցախ Բույաթյանը <Գրական թերթի> 1992 թվականի հուլիսյսն համարներից մեկում գրում է, թե ինչպես էին ազերի բարբարոսները խոշտանգել աստվածային գեղեցկություն ունեցող երիտասարդի մարմինը:
Մահացավ Աշոտը, բայց նրա ազատաշունչ ոգին միշտ կենդանի է ու մեզ հետ: Աշոտի մարմինը հողին հանձնվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված թալիշեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Այդ սուգ էր Թալիշի ողջ հասարակության համար: Սգգում էր նաև Շահումյանը, Մարտակերտը: Սգում էին նրա մարտական ընկերները, որոնք այդ օրը հրաժեշտ էին տալիս թալիշեցի այն վեց քաջորդիներին, որոնք արհամարհելով մահը, գնացին նրան ընդհառաջ, գնացին դեպի անմահություն:
Աշոտի երազանքն էր տեսնել ազատ ու անկախ Արցախը, բայց. Ավաղ, այն կիսատ մնաց: Նրա երազանքը իրականացրին և կիսատ գործերը շարունակեցին եղբայրները` Սերժիկը, Արթուրը, Վիտալին, ովքեր կռվեցին Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատում և անարգ թշնամուց իրենց սիրասուն եղբոր վրեժը առան:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 

Պավել Արշակի Սարգսյան
(1958-1992թ.թ.)

Պավել Սարգսյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ծնված լինելով հովվի ընտանիքում և մեծանալով սարերում ու դաշտերում` նա ձեռք էր բերել եռանդ ու աշխատասիրություն, իսկ բազուկներում կուտակել մեծ ուժ: 1975 թվականին ավարտելով տեղի միջնակարգը, զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ զորացրվելուց հետո վերադարձել է Երևան: Սովորելով ավտովարորդի մասնագիտություն` 1979 թվականից աշխատել է Երևանում որպես հասարակական տրանսպորտի վարորդ: Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երեք զավակներ:
Ղարաբաղյան շարժման սկզբից Պավելը վճռեց իր ճակատագիրը: Նա հաստատ որոշեց, որ պետք է մասնակցի Ազգային-ազատագրական շարժմանը և ղեկի փոխարեն փետք է ավտոմատ բռնի: 1988 թվականին նա արդեն գյուղում էր և մեծ աշխատանք էր կատարում հայաստանաբնակ թալիշեցիների հավաքագրման ու հայրենի եզերքի պաշտպանության գործը կազմակերպելու համար: Թողնելով տուն ու տեղ նա տեղափոխվեց գյուղ ու դարձավ պայքարի ազատամարտիկ:
Թալիշի մարտական ջոկատում Պավելը աչքի ընկավ որպես խիզախ ու անվախ մարտիկ: Նա առաջնորդում էր մարտիկներին և քաջալերում: Բազմաթիվ մարտական գործողությունների մասնակցեց Պավելը և միշտ` առաջինների շարքում: Շատ անգամ է մասնակցել թե հետախուզական և թե թիկունքում իրականացվող ականապատման գործողություններին, բայց 1992 թվականի մայիսի 4-ի մարտը վերջինը եղավ Պավելի համար: Մարտը տևեց մի ամբողջ օր և արդեն սպառվում էր տղաների ուժը, զինամթերքը: Շահումյանից արդեն եկել են օգնության, բայց Մարտակերտից սպասվող օգնությունը ուշանում էր: Տղաները թողել էին իրենց դիրքերը ու հետ նահանջել, բայց շարունակվում էր կատաղի մարտը: Եվ կռվում էր քաջազուն ազատամարտիկը ազերիների դեմ, իսկ նրա ուղեղում մի միտք էր միայն, որ դիմացը թուրքն է, իսկ հետևում սրբազան հողը: Բայց եղավ մի ողբերկական պահ, երբ թշնամու գնդակը խոցեց Պավելի կուրծքը և ընկավ մարտիկը: Վիրավոր ազատամարտիկը ճանկռոտեց հողը, մի բուռ քար վերցրեց, մեծ ճիգեր գործադրելով վեր կացավ ու նետելով դեպի թշնամին, մռնչաց. <Ձեր ցավը տանեմ, տղերք… խփեք թուրքին… կոտորեք շան որդիներին…>,- և նորից ընկավ գետնին:
Ընկերները հասցրին նրան գյուղի բուծկետը: Նա պայքարում էր մահվան դեմ, բայց վերքը շատ խորն էր և սարի նմանվող այդ մարմինը չդիմացավ: Նրա մարմինը ամփոփվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված թալիշցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Փառք նրան, և փառք Արցախի այն մայրերին, որ այդպիսի քաջեր ու ազգի նվիրյալ հերոսներ են ծնել:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Վովա Յաշայի Սարգսյան
(1957-1992թ.թ.)

Վովա Սարգսյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու: 1974 թվականին ընդունվել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկում, ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: 1979 թվականին, զորացրվելուց հետո, աշխատանքի է անցնում Երևանի <ՍՄՈՒ> էլեկտրացանցում, այնուհետև քաղաքային էլեկտրացանցում: Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երեք զավակներ:
1988 թվականին, երբ սև ամպեր կուտակվեցին ծննդավայրի վրա, պղտորվեց երիտասարդի հոգին: Նա մտավ հայաստանաբնակ թալիշեցիների համայնքի մեջ և, սերտորեն համագործակցելով համայնքի անդամների հետ, կատարում էր բազմաբնույթ աշխատանք: Բայց երբ Ղարաբաղյան շարժումը թևակողեց նոր փուլ և Արցախը պետք էր պաշտպանել նաև կյանքի գնով, Վովան կամավոր անդամագրվեց հայաստանաբնակ թալիշեցիներից կազմված մարտական ջոկատին ու 1991 թվականին մեկնեց գյուղ: Վովա, զենքը ձեռքին, մասնակցեց Թալիշի համար մղված պաշտպանական մարտերին, աչքի ընկավ իր խիզախությամբ և ընկերների հանդեպ ունեցած մեծ սիրով:
1992 թվականի մայիսի 4-ի ամենադաժան մարտում տղաները փայլուն հաղթանակ տարան: Այս մարտում, մի քանի հերոսների հետ միասին, հերոսաբար ընկավ նաև Վովան: Նա Ռոզա մայրիկի մինուճար որդին էր, միակ հույսն ու ապավենը: Եվ հանգավ Ռոզա մայրիկի տան ճրագը, իսկ կնոջ ու երեխաների աչքերը մնացին ճամփին, հույսով, թե երբ պիտի հայրիկը տուն դառնա:
Վովայի գերեզմանը գտնվում է Թալիշում, Հայրենական մեծ պատերազմում զոհված թալիշեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և բոլորին հիշեցնում է, որ ազգային-ազատագրական պայքարը դա Վովայի ու նրա նմանների պայքարն էր, որի հաղթանակով պսակվեց հենց այդպիսի տղաների արյան գնով:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Աշոտ Շուրայի Բայունց
(1964-1992թ.թ.)

Աշոտ բայունցը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և ավարտելուց հետո մեկնել ծառայության խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո նա ամուսնացել էր ռուսազգի մի օրիորդի հետ ու բնակություն հաստատել Կրասնոդար քաղաքում: Բայց Աշոտը Թալիշում առաջին երիտասարդներից մեկն էր, որ բռնեց ետդարձի ճամփան ու 1985 թվականին վերադարձավ հայրենի գյուղ: Դժվար է անցել Աշոտի մանկությունը: Հայրը` Ժորան արտագնա աշխատանքով էր զբաղվում, երբ մի օր էլ գնաց ու այլևս չվերադարձավ: Տան ամբողջ հոգսն ու երեխաների դաստիարակության գործը ընկած էր երիտասարդ կնոջ` Շուրայի ուսերին, և նա անդադար աշխատում էր, որ կարողանա պահել իր երեխաներին…
Աշոտը վերադառնալով գյուղ, կնոջ` Օքսաննայի հետ աշխատանքի են անցնում կաթնային համալիրում` փոխարինելով մորը: Նրանք համեստ էին ու պարտաճանաչ, ամենայն պատասխանատվությամբ կատարում էին իրենց պարտականությունները: Ապրում էին հաշտ ու խաղաղ, իսկ տարիների հետ էլ Աշոտի զավակները դարձան երեքը:
Երբ սկսում է Ղարաբաղյան շարժումը, Աշոտը սկզբնական շրջանում և աշխատում էր և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում գյուղի աշխարհազորի կազմում, իսկ հետո, երբ 91-ին ստեղծվում են մարտական ջոկատներ, նա անդամագրվում է այդ ջոկատներից մեկին և ողջ էությամբ նվիրվում ծննդավայրի պաշտպանությանը: Աշոտը մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի և աչքի ընկել իր խիզախությամբ: Մարմնով փոքր էր Աշոտը, բայց քաջ սիրտ ուներ ու համարձակություն: Նա կարողանում էր աննկատ թափանցել թշնամու թիկունքը, հետախուզել նրա դիրքերը, թուրքի քթի տակ պայթեցնել թշնամու ջրատարը ու այնպես վերադառնալ, որ կարծես ոչինչ չի եղել:
Սակայն այդ անվեհեր հայորդին ընկավ մայիսի 4-ին Շիրախանայի բարձունքում ծավալված կատաղի մարտում` խոր վիշտ թողնելով իր ընկերների ու հարազատների սրտերում: Աշոտի մարմինը հողին հանձնվեց Թալիշի տոհմական գերեզմանոցում… Այժմ Հոռեկասարի լանջին մի համեստ շիրիմ է բարձրանում, որը նույնիսկ գերեզմանաքար չունի: Բայց կգա ժամանակը, որ երախտագետ սերունդները այդ շիրիմին կոթող կդնեն ու, հավանաբար, կգրեն. <Հայրենիքի զինվոր, որ զոհվեց իր օջախը պաշտպանելիս>:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 


Վահե Զորայրի Սարգսյան
(1957-1992թ.թ.)

Վագիֆ Սարգսյանը ծնվել է մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Տեղի միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ: 1981 թվականին ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի չորս զավակներ:
Վագիֆն այն երտասարդներից մեկն էր, որ շարժման տարիներն գնաց աշխատելու տնտեսության ֆերմայում` տիրություն անելու սեփական անասնահոտին: Դժվար էր նման որոշում կայացնելը և աշխատել որպես հովիվ, քանի որ տնտեսության անասնապահական ֆերմաները գտնվում էին սահմանամերձ հատվածում և թուրք ելուզակները Արցախի սահմաններում հաճախակի էին հարձակվում անասնապահների վրա` առևանգում կամ սպանում էին նրանց, թալանելով մի ամբողջ անասնահոտեր; Բայց ֆիզիկական աշխատանքին սովոր Վագիֆը օրեր, շաբաթներ շարունակ լինում էր դաշտ ու հանդերում: Լինելով ուժեղ ու անվախ տղա, նա ոչ մի անգամ չտրտնջաց` հավատարիմ լինելով իր գործին: Նա իր աշխատանքին զուգահեռ մասնակցում էր նաև մարտական գործողություններին, իր հետ կրելով անձնական երկփողանին:
1992 թվականի մայիսի 4-ի իրիկնադեմին նա իր հողամասում զբաղված էր խնձորենիներ ջրելով, երբ լսեց Շիրախանայի դիտակետի զենքերի շառաչը: Իսկույն կռահելով պահի վտանգավորությունը` նա հևիհև իրեն գցեց պաշտպանական շտաբ, հայտնելով շիրախանայի վրա թուրքերի հարձակման մասին և ինքն էլ զենք վերցնելով շտապեց կռվի դաշտ:
1992 թվականի մայիսի 4-ին` այդ ծանր ու ողբերկական օրը, Շիրախանայի դիրքերում տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ քաջաբար զոհվեց Վագիֆը: Նրա դին հողին հանձնվեց Թալիշում, Մեծ հայրենականում զոհված թալիշեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Մհեր Վլադիմիրի Հայրապետյան
/1973-1992թ.թ./

Որդեկորույս մոր անսահման վիշտը, մայրական ջերմ սրտի կարոտը անհնար է աղջ խորությամբ նկարագրել, այդ վիշտն ու թախիծը բառերով հնարավոր չէ արտահայտել, այն կարող են զգալ ու լուռ սգալ նրանք, ավքեր այս դժնդակ տարիներին կորցրին իրենց սիրելի որդիներին: Տարիների վիշտը, դառնությունն ու կարոտն է ծվարել Գրետա մայրիկի սրտում, մի կնոջ, որ ծնել ու դաստիարակել է ինը երեխա, հիմնել համեստ ու աշխատասեր ընտանիք, բայց դառը ճակատագիրը մեկը մյուսի հետևից իրենից խլել է իր երկու որդիներին ու ամուսնուն: Որդեկորույս մայրն այժմ ապրում է ազատագրված Թալիշում և հաճախ է այցի գնում իր սիրելիներին` դառն արտասուք թափելով ու իր վիշտը կիսելով նրանց հետ:
Մհեր Հայրապետյանը ծնվել է մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի բազմանդամ ընտանիքում: Միջնակարգն ավարտելուց հետո Մհերը մեկնում է Երևան` սովորելու թիվ 2 պրոֆտեխուսումնարանում: Սակայնչանցած մեկ տարի, չկարողանալով հանգիստ մնալ Երևանում, նա վերադառնում է հայրենի գյուղ, մասնակցելու գյուղի պաշտպանությանը: Մհերը, լինելով խելամիտ ու համարձակ տղա, վայելում էր իր ընկերների սերը, համակրանքն ու հարգանքը:
Ազատամարտիկ Մհերը արդեն զորակոչիկ էր և իր պարտքն էր կատարում Հայրենիքի հանդեպ իր իսկ ծննդավայրում: Խիզախ էր նա, պարտքի մեծ զգացումով էր կատարում իր հրամանատարների հրամանները:
Բայց, ավաղ, կարճ տևեց պատանի ազատամարտիկի կյանքը: 1992 թվականի մայիսի 4-ի պարտությունից հետո, հաջորդ օրը թշնամին արկերի տարափ է թափում պաշտպանական դիրքերի և գյուղի վրա: Եվ <գրադի. Մի հրթիռ էլ գտնում է Մհերին: Զոհվեց խիզախ պատանին, բայց նագիտեր, որ իր ու մյուսների թափած արյունը իզուր չի լինի և հաղթանակը անպայման մերը կլինի:
Մհերը ժամանակ չունեցավ մտածելու օջախ հիմնելու մասին, չտեսավ հարսանեկան առագաստը և այդպես էլ ժառանգ չունեցած հեռացավ բոլորիցս: Բայց աստված թող պահապան լինի Գրետա մայրիկին, որպեսզի նա կարողանա պահել և խնամել Մհերի փոքր քույրերին, նրա զոհված մեծ եղբոր որբացած երեխաներին:
Փառք Ձեզ, Հայոց մայրեր, որ նման զավակներ եք ծնել:
Հետմահու պարգևատրվել է Մայրական երախտագիտության մեդալով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Կամո Իսլամի Ավագյան
(1967-1992թ.թ.)

Կամո Ավագյանը ծնվել է Կիրովաբադում, ուր վաղուց տեղափոխվել էին թալիշեցի ծնողները: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Կամոն զորակոչվում է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ամուսնացել, ընտանիք է կազմել: Երբ սկսվում է Ղարաբաղյան շարժումը, նրա ընտանիքը տեղափոխվում է Հայաստան և բնակություն հաստատում Մասիսի շրջանի Կալինինո գյուղում:
Կամոն այն տղաներից էր, որոնք ինքնակամ մասնակցեցին այդ շարժմանը և առաջին իսկ կամավորականների հետ նա մեկնեց Արցախ: Կամոն Ստեփանակերտի հետախուզական վաշտի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի, ինչպես նաև Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի` Բուզլուխի, Էրքեջի, Մանաշիդի, Կարաչինարի պաշտպանական մարտերին: Շահումյանի շրջանի և Թալիշ գյուղի ճակատագրական անկումից հետո ջակատը կռվել է Մատաղիսի դիրքերում: Կամոն մասնակցել է նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի պաշտպանական մարտերին:
1992 թվականի օգոստոսին Դրմբոնի համար մղվող կատաղի մարտերից մեկում թշնամու գնդակը գտնում է քաջ ազատամարտիկին: Մահացու գնդակը խոցել էր հերոսի սիրտը` ծակելով ու անցնելով ծոցում պահված ռադիոկապի սարքը: Քաջ ազատամարտիկի մարմինը ամփոփված է <Եռաբլուր> պանթեոնում:

 


Անդրանիկ Հայկազի Գրիգորյան
/1968-1992թ.թ./

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1968 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1985 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Ուկրաինա, Կիև` ուսումը շարունակելու: Բայց չի հաջողվում շարունակել ուսումը և Անդրանիկը զորակոչվում է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո նա վերադառնում է Կիև և ընդունվում ժողտնտեսության ինստիտուտ: Այդ ժամանակ Արցախում սկսվել էր Ազգային-ազատագրական պայքարը, իսկ Անդրանիկը, որ ուներ ռեալ հնարավորություն մնալու ավագ եղբոր մոտ` թողնելով բարեկեցիկ կյանքի պայծառ հեռանկարը, վերադարձավ հայրենի գյուղ` սատար կանգնելու իր ընկերներին, պաշտպանելու իր ծնողներին: Անդրանիկը աշխատանքի է անցնում կոլտնտեսությունում, միաժամանակ մասնակցելով գյուղի սահմանների պաշտպանությանը:
1992 թվականի հունիսին բռնագաղթից հետո Անդրանիկը ծնողներին տեղափոխելով Ստեփանակերտ` վերադառնում է Մարտակերտ և միանում շրջկենտրոնը պաշտպանող տղաներին: Համառ մարտերից հետո, երբ թշնամին վերցնում է Մարտակերտը, ջոկատը, որի կազմում էր Անդրանիկը, առաջադրանք ստացավ դիմակայել թշնամուն Մեծ-Շենի ուղղությամբ: Այստեղ էլ զգացվում էր թշնամու զրահատեխնիկայի առավելությունը: Հայ մարտիկները ծանր մարտեր տալով, նահանջեցին Սարսանգի ուղղությամբ: Հսկայական կորուստների գնով թշնամուն հաջողվեց Սարսանգի հէկի մատոյցներում ևս նեղել արցախցիներին: Սակայննրանց սպասվում էր ավելի դաժան մարտեր Դրմբոնում, Չլդրանում և նրանց հարող բարձրունքներում: Դրությունը ավելի է լարվում, երբ թշնամին հասնում է Կիչան: Կիչանի մատույցներում դիրքային մարտերը կամ պիտի լինեին պատերազմի շրջադարձային կետը, կամ էլ Արցախ երկրի վերջը…:
1992 թվականի օգոստոսի 24-ի մարտը ավելի քան ահավոր էր: Այս անգամ հրոսակը բազմապատկել էր իր ուժերը և սրնթաց գրոհով փորձում էր գրավել հայ պաշտպանների դիրքերը: Այդ օրը շատ քչերին հաջողվեց կենդանի մնալ: Բայց թշնամուն էլ հաղթանակը չժպտաց: Տալով մեծ կորուստներ` նրանք նահանջեցին: Այս մարտը վերջինն էր Անդրանիկի համար: Նրա աճյունը ամփոփվեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում:
Զոհվեց 24-ամյա մարտիկը, այդպես էլ ժամանակ չունենալով ամուսնանալու և ընտանիք կազմելու: Բայց նա ապրում էր հեռու Կիևում` սովորում էր, աշխատում և գուցե մեծ ապագա էր սպասվում նրան: Սակայն նրա սիրտը թելադրեց այլ բան. Վտանգի տակ է Հայրենիքը և ինքը պետք է յուրայիններին: Եվ նա թողնելով հանգիստ կյանքը` վերադարձավ հայրենի օջախ ու իր կյանքը նվիրաբերեց Մայր Հայրենիքին:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <Մարտական ծառայության> մեդալով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Արմեն Ռուբենի Աբրահամյան
/1975-1992թ.թ./

Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը և ալեկոծվեց Արցախ աշխարհը, ալեկոծվեցին նաև լեռնաշխարհի մարդկանց սրտերը: Նրանցից շատ շատերը զենք վերցրին` պաշտպանելու Հայրենիքը: Պատանի Արմենի ուշքն ու միտքը անընդհատ հայրենի լեռնաշխարհուն էր, իր հարազատ ծննդավայրը: Անչափահաս տղան երազում էր լինել այդ պայքարի թոհուբոհում, ցանկանում էր լինել պայքարի ազատամարտիկը:
Արմեն Աբրահամյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ուսանել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում / ծնողները տեղափոխվել ու բնակվում էին Բյուրեղավանում/: Դպրոցն ավարտելուց հետո Արմենն ընդունվում է Երևանի սննդարդյունաբերության տեխնիկում, բայց շատ շուտով, առանց ծնողների կամքը հարցնելու, պատանի Արմենը մեկնում է Ստեփանակերտ` պաշտպան կանգնելու Հայրենիքին: Ստեփանակերտում նա անդամագրվում է Գևորգ Թաթայանի ջոկատին և ակտիվորեն մասնակցում մի շարք մարտական գործողությունների: Արմենը ջոկատում աչքի է ընկնում խիզախությամբ ու նվիրվածությամբ: Ջոկատում լինելով ամենակրտսերը` հրամանատարությունը նրան ժամանակից շուտ ուղարկում է տուն` հանգստանալու և ուսումը շարունակելու: Տեխնիկումում վերսսկսելով ուսումը` նա չի կարողանում համբերել անգամ մի քանի օր: Այդ օրերին Արցախի բանակը գտնվում էր ծանր կացության մեջ; Ազերիները հասել էին Խաչենի հովիտ և կատաղի մարտեր էին ընթանում Չլդրանի, Դրմբոնի, Վաղուհասի համար: Արմենը չէր կարող հանգտստ նստել և շատ շուտով նա կրկին իր ջոկատի հետ էր:
1992 թվականի աշնանը արմենը մասնակցում է Չլդրանի մատույցներում ընթացող կատաղի մարտերին և նոյեմբերի 29-ին, տասյոթ տարեկան հասակում հերոսաբար զոհվում: Արմենը շատ էր ուզում ազատագրված տեսնել հարազատ Արցախը, երազում էր ուսում ստանալուց հետո վերադառնալ ազատագրված գյուղ և աշխատել ու ընտանիք կազմել պապական հարկի տակ, բայց բիրտ թշնամու գնդակը չթողեց իրականանան արմենի երազանքները:
Թերևս ոչ մի ժողովուրդ, բացի հայերից, չի ծնել այնպիսի նվիրյալ զավակներ, որոնք ազգի պատիվը, հայրենյաց սերը կարող են այդքան վեր դասել ծնողական սիրուց և անձնական շահերից նույնիսկ պատանի հասակում: Արցախը ծնեց այդպիսի հերոսներ, ազգի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար և կյանքից հեռացան առանց վայելելու անձնական երջանկություն:
Փառք Ձեզ, Արցախի մայրեր, որ ծնել եք այդպիսի քաջազուն զավակներ:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության> մեդալով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 

                          ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Կարեն Գարեգինի Սարգսյան
/1959թ.-անհայտ/

Միշտ, երբ մտորումների մեջ հիշում եմ Կարենին, մի պահ կարկամում եմ և սարսուռ է անցնում մարմնովս, երիցս ափսոսում եմ, որ հիմա մեզ հետ չէ մեր ամենալավ ու համեստ ընկերը: Գյուղում ապրած կարճ ժամանակամիջոցում նա վայելեց բոլորի սերն ու հարգանքը և ձեռք բերեց բազմաթիվ ընկերներ: Նրան ճանաչեցին նաև Մարզի շատ տարածքներում, որովհետև մարտական տարբեր հանձնարարություններով նա հաճախ էր լինում ամենատարբեր վայրերում:
Կարեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ, իսկ զորացրվելուց հետո վերադառնում է գյուղ և միառժամանակ աշխատում գյուղում: Այստեղ ամուսնանում, ընտանիք է կազմում, որից հետո տեղափոխվում է Միջին Ասիա` բնակություն հաստատում Տաշքենդում:
Երբ սկսվեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը, տարբեր վայրերում բնակվող մեր հայրենակիցներից շատերը ընտանիքով վերադառնում են իրենց հայրենի գյուղերը` սատար կանգնելու և անձամբ մասնակցելու լեռնաշխարհում սկսված պայքարին: Այդպիսի շատ հայրենասեր երիտասարդների պես, Կարենն էլ ընտանիքով վերադառնում է հայրենի գյուղ, աշխատանքի անցնում ավտոտնտեսությունում և սկսում իր ակտիվ մասնակցությունը գյուղի պաշտպանության գործին: Թե' ցույցերի ժամանակ, թե' սահմանների պաշտպանության գործում Կարենը միշտ առաջին շարքերում էր: Նա անդամագրված էր աշխարհազորում: Նա իր անձնական ավտոմեքենայով անընդհատ շարժման մեջ էր և կատարում էր ռազմական շտաբի բազմաթիվ ու բազմաբնույթ առաջադրանքներ: Կարենը շատ անգամ է համարձակորեն Շահումյանից, Մարտակերտից, Ստեփանակերտից զենք ու զինամթերք հասցրել գյուղ` ծածուկ անցնելով յուրաքանչյուր պահակակետ, որտեղ հերթապահում էին խորհրդային բանակի զինվորները:
1990-1991 թվականներին Արցախում դրությունը շատ է ծանրանում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Արցախում վերացվում է Հատուկ կառավարման կոմիտեն և ստեղծվում Հանրապետական կազմկոմիտե Պոլյանիչկոյի գլխավորությամբ: Կազմկոմիտեի հլու կամակատարներ զինվորական պարետ Սաֆոնովը, իսկ հետագայում` Ժուկովը, հայկական բոլոր բնակավայրերում կազմակերպեցին և իրականացրին, այսպես կոչված, <անձնագրային ռեժիմի> ստուգումներ: Ադրբեջանական <օմոն>-ականները, խորհրդային զինվորների օգնությամբ, մտնում էին խաղաղ բնակավայրեր` Հայաստանից եկած <գրոհայիններ> բացահայտելու պատրվակով և կատարում բռնություններ բնակչության նկատմամբ ու շատերին էլ պատանդ տանում:
1991 թվականի մայիսի 15-ին, Թալիշի ռազմական շտաբի առաջադրանքի կատարման ժամանակ, Թալիշ-Շահումյան ճանապարհահատվածում ադրբեջանական զինված ջոկատների կողմից Կարենը գերեվարվել է և իր ավտոմեքենայով տարվել անհայտ ուղղությամբ: Կարենին, մյուս գերիների հետ միասին, սկզբում փակում են Շուշիի, այնուհետև` Շահբուլախի բերդում, որից հետո նրանց տեղափոխում են Բաքու, որտեղ նրան, որպես ազատամարտիկի, դատապարտում են չորս տարվա ազտազրկման և փակում Բաքվի <Բայիլով> բանտում:
Ականատեսների վկայությամբ` հայտնի է, որ մինչև 1992 թվականի մարտի 7-ը նա ողջ էր, որից հետո նրան ոչ-ոք չի տեսել և լուր չուներ, և այդպիսով Կարենի ճակատագիրը մնաց անհայտ:
Այմ նրա կինն ու երեք երեխաներն ապրում են Երևանում և կարոտ սրտով աչքները ճամփին` սպասում են` որ մի օր էլ տան դուռը կբացվի և ներս կմտնի իրենց հայրը` բոլորի կողմից հարգված ու սիրված Կարենը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Պավել Ռազմիկի Սարգսյան
/1962թ.-անհայտ/

Պավել Սարգսյանը ծնվել է 1962 թվականին, Մարտակերտի Շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի թիվ 10 տեխնիկական ուսումնարանում: Զինվորական ծառայությունն անցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, իսկ 1982 թվականին զորացրվելուց հետո, աշխատանքի է անցել հարազատ կոլտնտեսությունում: Պավելը այն տղաներից էր, որ շատ էր սիրում իր ծննդավայրը, ամուր կապված էր նրա ժողովրդին և սերը պապենական հինավուրց հողի նկատմամբ նրան ընդմիշտ կապեց հայրենի եզերքին:
1984 թվականին ավարտելով Ստեփանակերտի տեխնիկական ուսումնարանը` Պավելը շարունակում է աշխատել հայրենի գյուղում: Երկու տարի աշխատում է շինարարական բրիգադում որպես աշխղեկ, իսկ հետո ավտոհավաքակայանում որպես վարորդ: Լինելով շատ պարզ ու մաքուր հոգու տեր մարդ և համեստ աշխատավոր, կոլվարչության որոշմամբ նա ընդգրկվում է վերստուգիչ հանձնաժողովում:
1988 թվականին սկսած Ազգային-ազատագրական պայքարը ոգեշնչեց նաև Պավելին: Երիտասարդ էր նա ու խիզախ, սիրում էր Հայրենիքը, նրա հողն ու ջուրը: Եվ նա առաջինների թվում անդամագրվեց Թալիշի մարտական ջոկատին և մասնակցեց պաշտպանական մարտերին ու աչքի ընկավ իր իր խիզախությամբ: Ջոկատում սիրված ընկեր էր Պաշան /տղաները այդպես էին կոչում նրան/: Նրա կենսախինդ բնավորությունն ու պարզությունը հրապուրում էր բոլորին:
Շրջափակման տարիներին, երբ տնտեսությունում բենզին չկար, Պավելի նախաձեռնությամբ ու մեխանիզացիայի բրիգադավար Արարատ Զաքարյանի օգնությամբ ջոկատի <ԳԱԶ-53> մակնիշի ավտոմեքենայի շարժիչը փոխարինեց դիզալայինով, որը տվեց իր արդյունքը: Գիշեր-ցերեկ դիրքերում էր Պաշան և ամենուր օգնության էր հասնում բոլորին:
1992 թվականի հունիսի 16-ին թշնամին լայնածավալ հարձակում է սկսում Թալիշի ուղությամբ: Գործի են դրվում ռազմական տեխնիկայի բոլոր տեսակները և անձրևի նման արկերի տարափ էր տեղում գյուղի վրա: Մի քանի ժամ տևած մարտը սպառում է տղաների ուժերը և նրանք ստիպված հետ են նահանջում: Մատաղիս չհասած, թշնամու գնդակը մահացու վիրավորում է դեռ երեսունը չբոլորած Պաշային:
Այդ եղեռնական օրը, Պաշա, Մատաղիսի բարձրունքներում վրա հասավ քո այն պահը, որ հավերժություն է տևում: Եվ այդ պահը, Պաշա, շրջապատված գորշ գայլերով, քո կյանքի վերջին վարկյաներն էին: Դու խոցված ու ջարդված, դու վիրավոր ու արնաներկ, առանց երկմտանքի հրամայեցիր հեռանալ քո ընկերներին և արհամարհելով մահը, մնացիր քո դիրքում` սպասելով վերջին գնդակին:
Անհայտ մնաց քո ճակատագիրը, Պաշա, բայց որդեկորույս մորդ, այրիացած կնոջդ, որբացած չորս զավակներիդ ու մեր սրտերում հիշատակդ հավերժ կմնա անմար: Հայրենյաց պաշտպանին մահ չկա, Պաշա:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 

 

Էդիկ Ռուբենի Աբրահամյան
/1993թ. – անհայտ/

Արցախյան ազգային – ազատագրական պայքարը ոտքի հանեց շատ-շատերի: Կամավորական ջոկատներում ընդգրկվեցին ոչ միայն երիտասարդներ, այլև շատ տարեցներ: Երբ Էդիկ Աբրահամյանը հիսունինը տարեկան հասակում եկավ անդամագրվելու հայաստանաբնակ թալիշցիների ջոկատին, տղաները հիշեցրին նրան, որ անցել է նրա ժամանակը, և որ հիմա ջահելների կռվելու ժամանակն է: Այդ ժամանակ նա հանգիստ պատասխանեց. <Գյուղը նաև իմն է, և այստեղ ես ունեմ զառամյալ ծնողներ, ով պետք է պաշտպանի նրանց>: Տղաները ոչինչ չունեին առարկելու կամ ավելացնելու:
Էդիկ Աբրահամյանը ծնվել է 1933 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1952-1955 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ և անցել աշխատանքի: 1961 թվականին նա ընդունվում է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի <Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացիա> բաժինը: 1965 թվականին Էդիկը տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում <Նաիրիտում>-ում, որպես հերթափոխի վարպետ:
Թալիշի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ նա ցուցաբերում է իր տարիքին անսովոր մարտունակություն: Սակայն 1992 թվականի հունիսի 16-ի ճակատամարտը վերջինը եղավ Էդիկ Աբրահամյանի համար: Այդ օրը թշնամին լայնածավալ հարձակում սկսեց Թալիշի վրա` երեք ուղղություններով, և փոքրաթիվ ուժերով մեր տղաներն անզոր էին երկար դիմակայելու թշնամուն: Սկսվեց նահանջը: Թշնամին գրավել էր կարևորագույն բարձրունքները և շարժվում էր առաջ: Մի պահ տղաները նկատեցին, որ չկա իրենց մարտական ընկերը: Այո', նա եկավ պաշտպան կանգնելու իր հայրենի հողին և այդ հողին էլ խառնվեց նրա արյունը:
Էդիկ Աբրահամյանը չուներ արու զավակ, Աստված նրան երկու դուստր էր պարգևել: Եվ վաթսունի <Դռները թակող> մարդը, ընդհառաջ գնալով հայրենասիրական այն մղումներին, որ Արցախի յուրաքանչյուր ընտանիք գոնե մեկ զինվոր պետք է տա Հայրենիքին, մասնակցեց ազատագրական ահեղ պայքարին, դարձավ հայրենյաց զինվոր ու ինքն էլ հավերժացավ հայրենի հողում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 


Վաղինակ Ռազմիկի Աղաջանայան
/1965թ.- անհայտ/

Վաղինակ աղաջանյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Միջնակարգն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Ստեփանակերտ, շարունակում ուսումը և ստանում կինոմեխանիկի մասնագիտություն: Բայց հետագայում աշխատանքի է անցնում Մետաքսի ֆաբրիկայում: 1983 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո կրկին վերադարձել Ստեփանակերտ: Այստեղ ամուսնանում է և ընտանիք կազմում:
1988 թվականին Վաղինակը վերադառնում է գյուղ` մասնակիցը դառնալու գյուղի պաշտպանությանը: Աշխատանքի է անցնում կոլտնտեսության ֆերմայում և միաժամանակ, ընդգրկվելով աշխարհազորային ջոկատում` մասնակցում է գյուղի սահմանների պաշտպանությանը: Գյուղի անկումից հետո Վաղինակը կրկին տեղափոխվում է Ստեփանակերտ և զինվորագրվում ԼՂՀ Պաշտպանության բանակի 9-րդ վաշտում, որի կազմում էլ Արցախի տարբեր ճակատներում Վաղինակը մասնակցում է մի շարք պաշտպանական կռիվների:
1992 թվականի օգոստոսին, Մաղավուզի և Մեծ Շենի մատույցներում ընթացող թեժ մարտերի ժամանակ, Մարտակերտի հեռուստակենտրոնի համար մղվող մարտերում տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նրանց մեջ էր նաև Վաղինակը: Օգոստոսի 5-ին, երբ ջոկատը թողնում է դիրքերը և հետ նահանջում, Վաղինակը մի քանի տղաների հետ մնում է դիրքերում և նրանց ճակատագրերը մնում են անհայտ: Այդ օրը, 27 տարեկան հասակում, նա զոհաբերում է իր մատաղ կյանքը Արցախյան Գոյամարտում մղված իր այդ վերջին ու դաժան պայքարում:
Այսօր, ցավոք, ոչ մի գերեզմանաթումբ չի ամփոփում նրա աճյունը, բայց նա մեր սրտերում է և հավերժ կմնա իր ընկերների, ծնողների, կնոջ ու երկու բալիկների հոգում:
Հետմահու պարգևատրվել է Մայրական երախտագիտության մեդալով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Անդրանիկ Բորիկի Սարգսյան
/1970 թիվ-անհայտ/

Անդրանին իր ծնողների Բորիկ և Առլետա Սարգսյանների միակ որդին էր: Ապրելով Ստեփանակերտում` նա գտնվում էր Ազգային-ազատագրական պայքարի կենտրոնում: Այդ պայքարի անմասն չմնաց նաև քույրը` ալվարդը, որը զինվորական հոսպիտալի բացման օրվանից որպես բուժքույր աշխատել է այնտեղ:
Անդրանիկ Սարգսյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Սովորել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, իսկ 1986-1987 թվականներին գերազանցությամբ ավարտել է թիվ 159 տեխնիկական ուսումնարանը: 1987-1989 թվականներին Անդրանիկը ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո վերադարձել Ստեփանակերտ: 1990 թվականի սկզբներին Անդրանիկը զինվորագրվեց զուտ ստեփանակերտցիներից կազմված անլեգալ մի ջոկատի, որը պիտի հակահարված տար Արցախ շարժվող ցանկացած հրոսակի: 1990 թվականի սեպտեմբերին Անդրանիկն ընդունվում է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, դառնում ուսանող, բայց շարունակում է մնալ ազատամարտիկ և երբեք ժամանակ չունեցավ նստելու ուսանողական նստարանին: Ուսանող անդրանիկը մարտական մեծ ուղի է անցել: Հայրենիքը ոսոխից ազտագրելու սրբազան պարտքը կատարելու ընթացքում միշտ իրեն դրսևորել է որպես քաջ, անվեհեր զինվոր: Ազատամարտիկը մասնավորապես մասնակցել է Խոջալու ավազակաորջի ազատագրման օպերացիային և արժանացել հրամանատարության գովասանքին: Հաջորդ մարտը եղավ Կրկժանի ազատագրումը, հետո Մալիբեյլուն, որտեղ Անդրանիկը վիրավորվում է ոտքից: Ապաքինվելուց հետո նա վերստին միանում է իր ընկերներին:
1992 թվականի մայիսին ջոկատը, ուր ընգրկված էր Անդրանիը, մասնակցում է Շուշիի ազատագրման օպերացիային և բոլորի պես հազթողի դափնիներ նվաճում: Շուշիի օպերացիայից հետո, մի քիչ հանգստանալով, Անդրանիկի ջոկատը առաջադրանք է ստանում մեկնել Մարտակերտի շրջան` ապահովելու Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհի Կիչանի հատվածի անվտանգությունը: Օգոստոսի վերջերին թշնամին արդեն հասել էր Դրմբոնի մոտ և կատաղի մարտեր էին ընթանում նրա համար: Օգոստոսի 22-ին, Դրմբոնի գյուղի մատույցներում, <Արջի արձանի> մոտ, հրոսակը ձեռնարկեց ևս մի գրոհ: Երկու ժամ տևած համառ մարտերից հետո` մերոնք չկարողանալով դիմադրել ոսոխին, սկսեցին դանդաղ նահանջել: Վիրավոր մարտական ընկերոջը` մերուժանին ծառերի արանքում թաքցնելով, իսկ զոհերի թողնելով` տղաների հաջողվեց փրկվել: Հետո Անդրանիկը առաջարկեց գնալ Մերուժանի հետևից: Իրավիճակը ծայրահեղ լարված էր, ոչ մեկը չարձագանքեց, և նա միայնակ շարժվեց ընկերոջ ուղղությամբ:
Ավելի ուշ Մերուժանը պատմել է, որ Անդրանիկը իրեն գրկած տանելու ընթացքում լսել էր ադրբեջանցիների խոսակցություն: Ինքը խնդրել էր Անդրանիկին, որ իրեն սպանի ու հեռանա: Բայց նա ասել էր. <Ես չեմ կարող քեզ սպանել: Վերցրու այս նռնակը, հակառակ դեպքում, եթե մոտենան, կպայթեցնես; Ես նորից կգամ քո հետևից>: Երբ Անդրանիկը շարժվում է այդտեղից, Մերուժանը երկար ժամանակ լսողությունը լարած սպասում էր և ոչ մի կրակոց չի լսել: Նա համոզված էր, որ Անդրանիկը ողջ է, մինչդեռ նա ընկերներին չէր հասել…:
Առավոտյան հազիվ շնչող Մերուժանին գտել էր Բեկոր Աշոտի ջոկատը, իսկ Անդրանիկին գտնելու բոլոր ջանքերն իզուր են անցել: Ապարդյուն անցավ նաև հոր` Բորիկի որոնումները, բայց շատ հաճախ է Սարգսյանների օջախ հասնում Անդրանիկի ողջ լինելու լուրը: Մայրը ամեն րոպե կարծես զգում է որդու մոտալուտ գալուստը և աստիճաններով բարձրացող յուրաքանչյուր քայլ մայրական սիրտը հանում է իր ափերից, և մայրը ցանկանում է նետվել դեպի դուռը` որդուն ընդհառաջ:
Սպասումը շարունակվում է…:

 

 


                              ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ…

Վանիկ Վլադիմիրի Օհանյան
(1957-1993թ.թ.)

Մեր լեռնաշխարհի <<Արծիվներից>> էր ազատամարտիկի ճանապարհը պատվով անցած, անվեհեր ու քաջարի զինվոր ու հրամանատար Վանիկ Օհանյանը:
Ծնվել է 1957թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի <<Ավտոմատիկա հեռուստամեխանիկա>> ֆակուլտետը: Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի <<Ավիակոմպլեքս>> գործարանում որպես ինժեներ:
Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երեք սիրունատես աղջիկներ:
Երբ ալեկոծվեց Արցախ աշխարհը, Վանիկը առաջինների թվում ելավ պայքարի: Ելավ, քանզի նրա ոգին լի էր հայրենի լեռնաշխարհի հանդեպ ունեցած որդիական անսահման սիրո զգացումով: Նրա ակտիվ ջանքերով Հայաստանի տարբեր շրջաններում համախմբվեց հայաստանաբնակ թալիշցիների համայնքը: Երևանում համագործակցում էր Վահրամ Աբրահամյանի նախագահությամբ գործող <<Գանձասար>> հայրենակցական-բարեգործական միությանը, որը ժամանակին մեծ աջակցություն և օժանդակություն ցույց տվեց Թալիշի տնտեսությանը և նրա հասարակությանը: Երբ Արցախը գտնվում էր տևական շրջափակման մեջ, Վանիկի օգնությամբ կազմակերպվեց նյութական հանգանակություն Թալիշի ժողովրդի համար: Կազմակերպվեց և Երևանից ուննաթիռներով գյուղ հասցվեցին սարքավորումներ` Թալիշում հացաթխման արտադրամաս հիմնելու համար, որն այն ժամանակ շատ կարևոր նշանակություն ունեցավ: Համայնքի աջակցությամբ հիմնովին նորոգվեց գյուղի ալրաղացը, որը միակն էր Մարտակերտի և Շահումյանի շրջաններում և շրջափակման այդ տարիներին դարձավ ժողովրդին սնող մայր երակը:
Այս ամենից բացի Վանիկը լավ էր ճանաչում հայոց դարավոր թշնամուն և գիտեր, որ թուրքը միշտ էլ հոխորտում է այն ժամանակ, երբ դիմացինը անզեն է ու անպաշտպան: Ահա թե ինչու նա իր վրա վերցրեց մեծ պարտականություն հայաստանաբնակ թալիշցիներից ստեղծելու ինքնապաշտպանության առաջին ջոկատը և տղաներին սովորացնելու զենքին տիրապետելու, կռվելու և հաղթելու արվեստը: Վանիկը համոզված էր, որ կռվով պետք է նվաճել անգամ սեփական հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Եվ քաջ հայորդին, սկսած 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը, անբաժան մնաց զենքից: Նա ինքն ստեղծեց առաջին ջոկատը և ինքն էլ մեծ ջանքերի գնով զինում էր տղաներին: Մոռանալով տուն ու օջախ, կին և երեխաներ, նա ամբողջովին նվիրվեց հարազատ ծննդավայրի պաշտպանության գործին: Իր ջոկատով Վանիկը բազմաթիվ կռիվներ մղեց թշնամու դեմ ամեն անգամ նրան ետ շպրտելով Թալիշի սահմաններից: Որպես ռազմավարական կարևոր նշանակության բնակավայր` թշնամին Թալիշի մատույցներում կուտակել էր մեծաթիվ ռազմական տեխնիկա, և սկսած 1992 թվականի սկզբից ավելի հաճախակի և զանգվածային դարձան գրոհները գյուղի վրա: Վանիկի տղաները հսկելով ճակատային պաշտպանական գիծը, միշտ առաջինն էին իրենց վրա վերցնում թշնամու գրոհը և ստիպում նրանց ետ նահանջելու:
Ծննդավայրի անկումը չնկճեց նրան ու իր տղաներին, և նրանք միասին դարձան անողոք վրիժառուներ: 1992 թվականի օգոստոսին Վանիկը իր ջոկատի քսան տղաներով անդամագրվեց մահապարտների <<Արծիվ-1>> գումարտակին և Արցախի ծանր ու օրհասական այդ օրերին մարտնչեց Վանք-Չլդրան-Դրմբոն-Մեհմանա ճակատային գծում, որտեղ և բազմաթիվ խոյահար մարտեր մղեց: Այո, մահապարտների <<Արծիվ-1>> գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վանիկ Օհանյանը, իր ընկերների հետ, անթարթ նայելով մահվան աչքերին, փակեցին դեպի Արցախի սիրտը` Ստեփանակերտ տանող ճանապարհը ազերիների դեմ:
Կռիվներում թրծված և մարտերու փորձ ձեռք բերած մահապարտները 1993 թվականի փետրվարին միացան Շահեն Մեղրյանի հայդուկ-վրիժառուներին, ովքեր էլ ջոկատի հիմնական կորիզը դարձան և հետագայում որպես օրինակ ծառայեցին պարտիզանական ջոկատը համալրող շատ թալիշեցիների: Վանիկն իր ջոկատով միացավ Շահումյանի պարտիզանակն ջոկատին շեն առ շեն ազատագրելու ազերիների կողմից գրավված տարածքները: 1993 թվականի ամռան ամիսներին, Մատաղիս-Թալիշ սահմանագծում երկար ժամանակ դիրքեր գրավելով և բազմաթիվ պաշտպանական մարտեր մղելով, <<Օջախի>> տղաները հոգնել էին և նրանց հարկավոր էին փոխարինողներ:
1993 թվականի օգոստոսին վանիկը մեկնեց Երևան: Կարճ ժամանակում նա հավաքագրեց ու ստեղծեց <<Թալիշ>> գումարտակը և ստանձնելով հրամանատարի պարտականությունը, խիզախ թալիշեցին քաջ մարտիկներով հաստատվեց Մատաղիս-Թալիշ պաշտպանական գծում: Շուտով նրանք վերագրավում և հսկողության տակ են առնում երկու կարևոր բարձունաներ, որտեղից պարզորոշ երևում էին հարազատ գյուղը, նրա հրկիզված տները: Թվում էր, թե շատ մոտ էր <<Բնակարանամուտի>> բաղձալի պահը, բայց…: 1993 թվականի դեկտեմբերի կեսերին թշնամին լայնածավալ հարձակում սկսեց Լղհ պաշտպանական դիրքերի վրա: Հիմնական ուժերը կենտրոնացված էին Թալիշի ուղությամբ և գրոհն սկսվեց հենց այդ ուղղությամբ: Մեր ազատամարտիկների փոքրաթիվ խմբերը անզոր էին դիմակայելու թշնամու լայնածավալ հարձակմանը, և երկու շաբաթվա կատաղի մարտերից հետո մերոնք հետ են նահանջում թողնելով իրենց դիրքերը: <<Օջախի>> տղաները թվով 12 հոգի, Կիրհորի ձորում մնացել էին շրջափակման մեջ: Ստանալով օգնության լուրը` Վանիկն իր ութ ընտրյալներին առաջնորդում է դեպի զինակիցների դիրքերը: Խումբը կես ճանապարհին ընկնում է դարանակալ ազերիների շուրջկալի մեջ: Տղաները չեն ընկրկում և, հրամանատարի խիզախությունից ոգեշնչված, ճեղքում են ծուղակը: Հանկարծ ինչ-որ բանի պակասից` մարտիկները հետ են շրջվում դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ ոգեկոչում էր հրամանատարի որոտընդոստ ձայնը: Նա ընկած էր երեսնվար…: Այդ օրը` դեկտեմբերի 24-ին, երեսունվեց տարեկան հասակում զոհվեց Թալիշի <<Արծիվը>>: Զոհվեց, որ հավերժանա հայոց Արցախը, և որ նրա գրկում վերածնվի հայրենի Թալիշը:
Այդ նա էր` խիզախ հրամանատար Վանիկ Օհանյանը, որ անվարան նայելով մահվան աչքերին, հազարավորների նման մաքառեց Արցախի ամեն թիզ հողի համար, ամեն քար ու թփի համար, որ հայրենի աղբյուրները կարկաչեն միայն հայերենով, որ պապենական հողի վրա հնչի միայն նախնյաց կոշտ ու անուշ բարբառը:
Հերոսի աճյունը պատվով ու փառքով հողին հանձնվեց <Եռաբլուր> պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Սմբաթ Սոկրատի Խաչատրյան
(1960-1992թ.թ.)


Հայոց նորօրյա Ազգայի – ազատագրական պայքարի և Արցախյան Գոյամարտի քաջազուն հերոսներից է Սմբաթ Խաչատրյանը: Ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1977 թվականին ավարտելով տեղի միջնակարգը` մեկնում է Երևան` շարունակելու ուսումը: 1978 թվականին Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի ուսանողը մեկնում է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը, 1981 թվականին ավարտում այն, աշխատանքի անցնում Երևանի Մետրոպոլիտենում` որպես հորատող բանվոր: 1981 թվականին ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երկու զավակ:
1988 թվականին երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Սմբաթը առաջիններից էր, որ զինվորագրվեց այդ շարժմանը, դարձավ ազատագրական պայքարի առաջամարտիկ: նՆա ազատատենչ մեր ժողովրդի արծիվ որդիներից էր, պատրաստ անցնելու տառապանքների միջով հանուն հայրենյաց և դրա համար էլ չսպասեց, որ ուրիշները մարտի կոչեն, այլ ինքը կամավոր մեկնեց հայրենի գյուղ ու միացավ հայրենի եղերքը պաշտպանելու ելած ազատամարտիկներին:
Սմբաթը այն եռանդուն տղաներից էր, որ շարժման առաջին իսկ օրվանից կարողացավ կազմակերպել հայաստանաբնակ համագյուղացիների վերադարձը հայրենի գյուղ և ինքն էլ նրանց հետ միասին կանգնեց նրանց կողքին: Թալիշի մարտական ջոկատում նա դասակի հրամանատար էր և իր դասակով մասնակիցն էր ինքնապաշտպանական բոլոր մարտերի, որոնց ընթացքում Սմբաթը աչքի ընկավ իր խիզախությամբ և համառությամբ: Նա շատ գործնական էր ու անմիջական: Նրա նախաձեռնությամբ էր շատ անգամ համալրվում ջոկատի կազմը:
Սմբաթը ականատեսն էր Գետաշենի, Բուզլուխի ու Էրքեջի հայաթափմանը, 1992 թվականին ամբողջ Շահումյանի շրջանի, ինչպես նաև հարազատ շննդավայրի ու Մարտակերտի շրջանի մի մասի տեղահանմանը: Նա շատ շանր տարավ այդ բոլորը և նրա հոգին չէր կարող համակերպվել ու հանդուրժել, որ թշնամին ազատ վայելի իր պապենական հողն ու ջուրը: 1992 թվականի այդ շանր օրերին, նա մյուս անվեհեր տղաների հետ միասին անդամագրվեց <<Արծիվ-1>> գումարտակին: Ճակատագրական այդ պահին, երբ թշնամին հասել էր Խաչենի հովիտը և սպառնում էր Գանձասարին, նրանք մեկնեցին Արցախ ազերի զավթիչներից պաշտպանելու և ետ վերցնելու կորցրած գյուղերը:
Մահապարտներ էին նրանք, ճակատագրով, բնության պահանջով և արյան կանչով կոչված ապրեցնելու հայոց հողը, եթե հարկ լիներ` նույնիսկ իրենց կյանքի գնով: <<Արծիվ-1>>-ին հանձնարարված էր դիմակայել թշնամուն մինչև պաշտպանական հիմնական ուժերը կարողանային վերադասավորվել: Հասնելով Խաչենի հովիտ` նրանք անդադար հրետակոծության տակ սկսեցին խրամատներ փորել: Կռիվներում թրծված այս տղաները հասկացել էին, որ այս մեկը ուրիշ կռիվ է լինելու, և որ խրամատներն էլ պիտի պատերազմական ու մարտի պահանջներին համապատասխան լինեին:
Ռմբակոծությունը շարունակվում էր անվերջ ու անդադար, ամեն րոպե արկեր ու ռումբեր էին պայթում: Այդ անվերջանալի դղրդյունի ու անդադար կրակի տակ խենթանալ կարելի էր, բայց տղաները դիմանում և դիմադրում էին: Սեպտեմբերի 4-ին սկսեցին դաժան մարտերը Չլդրանի բարձունքներում: Հայ ազատամարտիկները կանգնեցրին թշնամուն: Գերմարդկային ճիգերով ու ոգու լարվածությամբ անցավ հիգերորդ օրը, վեցերորդ օրը, եկավ դաժան ու ճակատագրական այդ օրը` սեպտեմբերի 7-ը, <Գրադի> պայթունից ընկավ Սմբաթը, թալիշեցի այդ խիզախ ու անվեհեր <Արծիվը>: Նրա սիրտը դեռ բաբախում էր, իսկ ընկերները անկարող էին օգնել,… պարզապես անհնար էր անգամ մեկ կամ երկու մետր տեղաշարժվել: Եվ մինչև հիմա էլ այդ անհնարինի հետ չեն կարողանում հաշտվել <Արծիվները>: Ութերորդ օրը նրանք հարձակման անցան օգնության եկած ուժերի հետ միասին, բայց նրանց սիրտը մնաց այնտեղ, այն փոքրիկ հողակտորի վրա, իրենց զոհված, բայց անմահ ընկերների հետ, այն քաջորդիների, որոնց համար ազգն ու Հայրենիքը վեր էր ամեն ինչից:
Սմբաթի աճյունը ամփոփվեց <<Եռաբլու>> պանթեոնում, այնտեղ, որտեղ մի քանի օր առաջ` օգոստոսի 29-ի գիշերը, մոմի լույսի տակ, ընկերների հետ միասին նա երդվեց անմնացորդ ծառայել Հայրենիքին ու Ազգին, չխնայելով նույնիսկ ամենաթանկը` կյանքը, հող հայրենին ազատագրելու համար:
Սմբաթ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Սլավիկ Ժորայի Ղահրամանյան
(1956-1992թ.թ.)

Սլավիկ Ղահրամանյանը ծնվել է 1956թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` 1974 թվականին ընդունվում է Երևանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկոմի խինարարական բաժինը: 1975 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և 1978 թվականին ավարտել տեխնիկումը: Նույն թվականի վերադարձել է գյուղ և աշխատել որպես աշխղեկ, այնուհետև` որպես գյուղի մթերման պահեստի պահեստապետ, իսկ ավելի ուշ գյուղական խորհրդի քարտուղար:
Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երեք երեխա: 1985 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Չարենցավան քաղաքում: Աշխատել է Երևանի շինմոնտաժային վարչությունում` որպես մոնտաժող փականագործ: Որտեղ էլ որ աշխատել է Սլավիկը, սիրվել ու հարգվել է, եղել է մտերիմ ու անշահախնդիր ընկեր:
Սկսած 1988 թվականից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր Սլավիկ Ղահրամանյանը: Նա Չարենցավան քաղաքում ակտիվ մասնակցություն ունեցավ և կազմակերպեց այնտեղ ապրող թալիշեցիների համայնքը, որն ամենամեծն էր Հայաստանում, որն էլ ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Ղարաբաղյան շարժման ժամանակ: Առաջին նյութական և բարոյական օգնությունը եղավ հենց այս համայնքի կողմից, և ամենամեծ թվով ազատամարտիկներ հենց Չարենցավանում ապրող թալիշցիներից եղան: Այստեղից կազմակերպվեցին առաջին ուղղաթիռային բեռնափոխադրումները դեպի Թալիշ, երբ Հովիկ Կարապետյանի ուղեկցությամբ, տեղ էր հասցվում թե նյութական օգնություն, թե` զենք ու զինամթերք:
Եկավ հայրենի հողը պաշտպանելու ժամանակը, և Սլավիկը տեղափոխվեց հայրենի գյուղ: Մասնակցեց Թալիշի պաշտպանական կռիվներին: Ջոկատում նա աչքի ընկավ որպես խելացի և խորհրդատու ընկեր: Նա միշտ մասնակցում էր ինքնապաշտպանության շտաբի խորհրդակցություններին, իսկ հրամանատարությունը լսում և հաշվի էր առնում նրա առաջարկությունները` կապված այս կամ այն օպերացիայի մշակմանը: Մեծ հայրենասեր էր Սլավիկը և իզուր չէ, որ շատ ծանր տարավ Շահումյանի և Մարտակերտի մի քանի գյուղերի անկումը: Հակառակորդի նորագույն զենքի և ռազմական տեխնիկայի նկատմամբ լեռնաշխարհի ինքնապաշտպանությունն անզոր գտնվեց: Բայց չկոտրվեց մարդկանց ոգին ու կամքը, և ճակատագրական այդ պահին ամենաանձնուրաց զավակները համախմբվեցին <<Արծիվ>> ջոկատների մեջ:
1992 թվականի ամռանը Սլավիկը անդամագրվեց <<Արծիվ-1>> գումարտակին և մեկնեց Խաչենի հովիտ: Կատաղի մարտեր էին մղվում Չլդրանի համար, թշնամին օգտագործում էր զենքի բոլոր տեսակները և անընդատ արկերի, ռումբերի տարափ էր տեղում: Հակառակորդը կրակում էր հաուբիցներից, տանկերից, գրադից, ականանետներից, կրակում դիպուկ ուվարպետորեն: Հարկավոր էր դիմակայել թշնամուն մինչև երկարատև ու ծանր մարտերից հոգնած ինքնապաշտպանության ուժերը կկարողանային վերադասավորվել: Տղաները խրամատներ էին փորում, փորում էին նաև հորիզոնական խրամատներ` ուղղահայաց խրամատների մեջ: Եվ դիմադրում էին տղաները…:
Դիմադրում էին նրանք գերլարված վիճակում` մոռանալով ամեն ինչ: Ամուր կառչել էին <<Արծիվները> այս փոքրիկ հողակտորին և միտք էլ չունեին պոկվել նրանից: Դիմադրեցին նրանք մեկ օր, երկու օր, երեք, չորս, հինգ, վեց,…բայց եկավ չարաբաստիկ յոթերորդ օրը և <գրադի> պայթյունից հետո ծանր թևաբախումով ընկավ ևս մի <Արծիվ>: Հաջորդ օրը օգնության եկան հիմնական ուժերը և անցան հարձակման: Կոտրվեց թշնամու ուժը, ազատագրվեցին մեր հողերը, բայց <Արծիվների> սիրտը մնաց այնտեղ, այն փոքրիկ հողակտորի վրա, իրենց զոհված, բայց մշտարթուն մարտական ընկերների հետ…:
Սլավիկի ձախ ծոցագրպանում գտնվել է օրագիր, որի մեջ նա իր վերջին գրառումներն էր արել: Թշնամու կույր գնդակը խոցել էր կուրծքը, անցել համազգեստի միջով և քրքրել նոթատետրի գրված ու չգրված էջերը: Արճճի կտորը չէր խնայել նույնիսկ նոթատետրի վրա պատկերված արջուկին, պոկել, տարել էր նրա ոտքերը, բայց արջուկի հոգը չէր ու նա շարունակում էր նկարել գարուն…: Ահա նրա վերջին օրվա գրառումը:
07,09,92 թվական. <<Ժամը 9,30-նն է: Թուրքերի կողմից ոչ մի առաջխաղացում չկա, մեր տղաները կամաց-կամաց առաջ են շարժվում: Մեզ հանձնարարված է պահել Չլդրան գյուղը` մինչև մերոնք գրավեն դիմացի բարձրունքը, որից հետո մենք էլ առաջ կգնանք և կմիանանք մեր կամավորներին: Այսօր հիշեցի երեխաներիս, որոնց այնքան եմ կարոտել, որ կարծես թե մի քանի տարի չեմ տեսել: Երազումս կնոջս տեսա, ինչ-որ կոստյում էր փորձում: Մի խոսքով հիշեցի բոլորին, մեկ առ մեկ, իբր արդեն վերադարձել եմ տուն և պատմում եմ ամեն ինչ…>>:
Ցավոք սրտի սա Սլավիկի վերջին գրառումն էր: Նա լռակյաց վերադարձավ տուն և… լուռ էլ պատմեց ամեն ինչ, ու այդպես խոհուն լռությամբ էլ մնաց բոլորի հիշողության մեջ:
Սլավիկ Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ <Մարտական խաչ> երկրորդ աստիճանի, <Վազգեն Սարգսյան>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Տիգրան Միշայի Հայրապետյան
(1969-1992թ.թ.)

Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1969 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, բազմազավակ և աշխատասեր կոլտնտեսականի ընտանիքում: Մանկությունն անց է կացրել ծննդավայրում և դեռևս մանկական տարիքից իր խառնվածքով եղել է ազատ: Ավարտելով տեղի միջնակարգը` ուսումը շարունակում է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում: Այստեղի զորակոչվում է խորհրդային բանակ և տուն վերադառնում ավագի կոչումով: Հենց այդ տարիներին էլ սկսվում է Ղարաբաղյան շարժումը, հայ ժողովրդի Ազգային-ազատագրական պայքարի ոգու պոռթկումը:
Այդ պայքարը իր մեջ ներառեց ազգի նվիրյալներին և շատերը կանգնեցին պայքարի առաջին շարքերում պաշտպան կանգնելու հանուն Հայրենյաց, մարտնչելու անկախության համար: Տիգրանը ևս նրանց շարքերում էր: Կիսատ թողնելով ուսումը` նա 1990 թվականին վերադառնում է հայրենի գյուղ և բոլորի հետ միասին զինվորագրվում իր ծննդավայրի պաշտպանությանը: Մարտական ջոկատի կազմում Տիգրանը աչքի է ընկնում իր մարտունակությամբ ու քաջությամբ:
1992 թվականի ամռանը Տիգրանը կամավավոր անդամագրվում է մահապարտների <<Արծիվ-1>> գումարտակին, որի կազմում էլ մասնակցում է Չլդրանի համար մղվող դաժան մարտերին: Կատաղած թշնամին հարձակման էր անցել` գործի դնելով զենքի բոլոր տեսակները: Անհավասար էին ուժերը, իսկ հետևում Սուրբ Գանձասարն էր: Տղաները իրենց արծվային ոգով ու սրտով ելան մարտի և իրենց արյան գնով կանգնեցրին թշնամուն: Դա ճակատագրական օր էր` սեպտեմբերի 4-ը, թշնամու արկի պայթյունից զոհվեց Տիգրանը: Կարճ տևեց նրա կյանքը, ընդհամենը 23 տարի, և նրան տրվաժ չէր տեսնելու հաղթանակի բերկրանքը:
Այսօր, երբ նայում ես որդեկորույս հոր` Միշա քեռու աչքերին, զգում ես, թե ինչպիսի անսահման թախիծ կա ծվարած նրանց խորքում: Տարիները իրենց դրոշմն են թողել նրա դեմքին: Զրուցելով քեռի Միշայի հետ, հաճույք ես զգում նրա իմաստալից և խորաթափանց մտքերից. <<Տիգրանս զոհվեց, մնաց անհիշատակ, չպարգևելով մեզ թոռնիկներ, որ գոնե նրանցից առնենք իր կարոտը: Բայց ինչ արած, եթե ամեն մի հայ ընտանիք այս հզոր մարտին տար մեկ զինվոր, գուցե և մենք չժաշակեինք ժամանակավոր պարտության դառնությունը>>:
Շարունակվում է կյանքը, շարունակվում է այն նաև Տիգրանի համար և նա իր ջահել, առնական հայացքով գիշեր-ցերեկ նայում է մայր Երևանին <<Եռաբլուր>> պանթեոնից` որպես մի արծիվ երկնքից իջած:
Հետմահու պարգևատրվել է <Արիության>, <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Ալեքսանդր Ռուբենի Մեժունց
(1970-1993թ.թ.)


Ալեքսանդր Մեժունցը ծնվել է Կիրովաբադում, զինվորականի ընտանիքում: Մանուկ հասակում կորցրել է հորը և զգացել կյանքի դառնությունն ու ծանրությունը: Մայրը կրթել, դաստիարակել է երկու երեխաներին, և նրանք դարձել են Հայրենիքին արժանի զավակներ: 1985 թվականին, ութամյա կրթությամբ Ալեքսանդրը ընդունվել է Կիրովաբադի թիվ 27 ուսումնարանը: 1988 թվականին այն ավարտելուց հետո, աշխատել է Կիրովաբադի Ալյումինի գործարանում, որտեղից էլ զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո, 1990 թվականից վերաբնակվել է Աբովյանում, քանի որ ծառայության տարիներին ընտանիքը բռնագաղթվել էր Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում: Այստեղ աշխատանքի է ընդունվում Աբովյանի երկաթբետոնե իրերի գործարանում, բայց Ազգային-ազատագրական շարժումը ալեկոծեց պատանու անհանգիստ հոգին:
1992 թվականին նա մեկնում է Արցախ` մասնակցելու գյուղի պաշտպանությանը: Թալիշի ջոկատի կազմում նա մասնակցում է մի շարք մարտական գործողությունների և Աբովյան վերադառնում միայն գյուղի ճակատագրական անկումից հետո: Բայց 1992 թվականի ամռանը, երբ Արցախ աշխարհի վիճակը ավելի վատթարացավ, նրբակազմ և փոքրամարմին այդ երիտասարդը, բոլորի կողմից սիրվաժ Սաշան, որ հազիվ 22 տարեկան էր, արձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին և անդամագրվեց մահապարտների <<Արծիվ-1>>-ին: Ելավ մարտի` Չլդրան և Վազուհաս գյուղերի պաշտպանության համար: Վաղուհասի ազատագրման մարտերում Սաշան վիրավորվեց և տեղափոխվեց Երևան: Լիովի չապաքինված` նա անդամագրվեց <<Արծիվ-5>> ջոկատին և նրա կազմում մասնակցեց Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի պաշտպանական մարտերին:
1993 թվականի փետրվարին, մի խումբ թալիշեցիների հետ, Սաշան ևս միացավ Շահեն Մեղրյանի պարտիզան վրիժառուներին` ազատագրելու համար Հյուսիսային Արցախը: Ջոկատ եկավ պայծառ և ուրախ տրամադրությամբ: Հիշողություն-կատակ դարձավ նրա հենց առաջին խոսքը` ուղղված հրամանատարին, <<Ձյաձա, ինձ մի պուլեմյոտ կտա±ս>>: Ով կհավատար, որ այդ նուրբ մարմնի մեջ այդպիսի ուժ կլինի: Գերազանց գնդացրորդ էր Սաշան, անվրեպ կրակում էր թշնամուն և ծանր գնդացիրը կարողանում էր շալակած տանել տասնյակ կիլոմետրերով` անցնելով անտառներով, սարերով ու ձորերով: Սաշան հաճախ էր մտնում գյուղ` հետախուզության և ականապատում գյուղ տանող բոլոր ճանապարհները: Մարտի 27-ին նա մասնակցեց գյուղի ականապատման և գյուղը ազերիներից <<մաքրման>> գերազանց իրականացված օպերացիային:
1993 թվականի ապրիլի 17-ին Սաշան մի խումբ տղաների հետ մտել էր գյուղ` հետախուզության: Չայլու տանող ճանապարհահատվածում խումբը անսպասելի կռվի մեջ է մտնում հակառակորդի մի մեծ խմբի հետ և ջարդ տալով նրանց` ստիպում փախուստի դիմել: Այս մարտում վիրավորվում քաջ պատանին: Ընկերները փաթաթում են նրա վերքերը և շալակած տանում ավելի քան քսան կիլոմետր ճանապարհ, սարերով ու ձորերով: Բայց մինչ տեղ հասնելը` նա արյունաքամվել էր, և ավարտվել էր նրա հերոսական կյանքի պատմությունը` գրված հայրենի հողի վրա` արյամբ:
Սաշայի դին հողին հանձնվեց <<Եռաբլուր>> պանթեոնում, սիրելի հրամանատար Շահեն Մեղրյանի և իր հերոս ընկերների գերեզմանների հարևանությամբ:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, <Վազգեն Սարգսյան>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Վիկտոր Յակովի Մուսայելյան

(1949-1995թ.թ.)

Երբ Վիկտոր Մուսայելյանի աղջկա Մարիամի ընտանիքում ծնվեց Դավիթը, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար: Այդ ուրախալի լուրը շտապեցին հայտնել պապիկին` վիկտորին, որն այն ժամանակ Թալիշի դիրքերում էր: Տանը սպասում էին, որ ահա ուր որ է պապիկը կգա, բայց… ստացան <սև թուղթը>: Այո’, պատերազմն ունի իր դաժան օրենքները, և այդ դաժան ճակատագիրը բաժին հասավ նաև Վիկտոր Մուսայելյանին:
Վիկտորը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, բանվորի ընտանիքում: 1950 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ Վիկտորը ստացել է ութամյա կրթություն: 1966 թվականին ընտանիքը տեղաթոխվում է Երևան` մշտական բնակության: Երևանում նա ընդունվում է մեքենաշինական տեխնիկում: Ավարտելուց հետո մեկնում է խորհրդային բանակ, իսկ զորացրվելուց հետո` 1971 թվականին, ուսումը շարունակում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում:
Ղարաբաղյան շարժման սկզբից նա մտավ կամավորական ջոկատ: Նա չէր կարող հանգիստ նստել, երբ իր ծննդավայր Թալիշը և պատմական Արցախը գտնվում էին ազերիների ոտնձգությունների տակ: 1992 թվականին Վիկտորը անդամագրվեց <Արծիվ-1> գումարտակին: Վիկտորը առաջին անգամ թշնամու արկից վիրավորվեց իր ծննդավայրի պաշտպանական դիրքերում: Ապաքինվելուց հետո նա շարունակեց պայքարը պաշտպանական ու ազատագրական բազմաթիվ մարտերում: Վիկտորը իր ընկերների հետ միշտ առաջին գծում էր: Նա նասնակցել է Չլդրանի, Դրմբոնի, Մաղավուզի, Մատաղիսի, Սարսանգ հէկ-ի և վերջապես հայրենի Թալիշի ազատագրման մարտերին: Պայքարի ընթացքում երկու անգամ ծանր վիրավորվել է , բայց ապաքինվելուց հետո էլ մարմնում մնացին արկի վեց բեկորներ:
Վիկտորը զոհվեց 1995 թվականի հունիսի 22-ին, զոհվեց այն ժամանակ, երբ արդեն մեկ տարուց ավելի զինադադար էր հաստատված: Բայց ազերիների համար ինչ զինադադար, չէ որ նա երբեք էլ չի պահպանել ռազմական օրենքները, կարգն ու կանոնը: Նա միշտ էլ հարձակվել է գողուն և գազանաբար հոշոտել ու խոշտանգել է մարդկանց: Զոհվեց Վիկտորը` նվիրաբերելով իր կյանքը Հայրենիքին: Զոհվեց, որ ազատ ապրի Արցախի ամեն մի մանուկ և կարողանա ծիծաղել լիաթոք: Նա համոզված էր, որ բացվող խաղաղ առավոտները ծիծաղով կլցնեն օջախները, ու այդ ծիծաղից բաժին կհասնի նաև իր որդուն, դստերը և իր Դավիթ թոռնիկին:
Ընկերներն ու հարազատները Վիկտորի դին փառքով ու պատվով հողին հանձնեցին <<Եռաբլուր>> պանթեոնում: Չխոնարհվես, Մա’յր, քո որդին պատվով կատարեց իր պարտքը Հայրենիքի հանդեպ և նրա անունը կհավերժանա պատմության էջերում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 

                            ՊԱՐՏԻԶԱՆ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ

Սեյրան Մաքսիմի Աբելյան
/1958-1993թ.թ./

Սեյրան Աբելյանը ծնվել է 1958 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մեղրի, որտեղ ուսումը շարունակել է ավտոդպրոցում: Որպես ավտովարորդ նա աշխատել է հայրենի գյուղում, իսկ հետո Հրազդանում, որտեղ նա տեղափոխվել էր 1979 թվականին: Երկար տարիներ Սեյրանը աշխատել է Հրազդանի <Ցեմենտ> գործարանում: Ամուսնացած է, ունի երեք երեխաներ:
Ղարաբաղյան շարժումը համախմբեց նաև հրազդանաբնակ թալիշցիներին, ովքեր սկսեցին նյութական ու բարոյական մեծ աջակցություն ցույց տալ փորձության մեջ հայտնված համագյուղացիներին: Համայնքի կողմից հանգանակված օգնությունը Սեյրանն իր ավտոմեքենայով հասցնում էր գյուղ` ժողովրդին բաժանելու:
Երբ շարժումը նոր փուլ մտավ և ազգային-ազատագրական պայքարին պետք էին երիտասարդ մարտիկներ, Սեյրանը 1992 թվականին անդամագրվեց Թալիշի մարտական ջոկատին: Նա մասնակցեց բոլոր պաշտպանական մարտերին: Ծանր տանելով գյուղի անկումը` 1993 թվականի ապրիլի սկզբին նա անդամագրվեց Շահումյանի պարտիզանական ջոկատին ու մեկնեց Հյուսիսային Արցախ: Սեյրանը մասնակիցը դարձավ պարտիզանական կռիվներին, ինչպես նաև Գյուլիստանի ազատագրմանը, որտեղից էլ Սեյրանի համառ ջանքերով պարտիզանական ջոկատի <Եղակեր> բազա տեղափոխվեց ու նորոգվեց մեկ <Զիլ> մակնիշի ավտոմեքենա և մեկ <ԴՏ-75> մակնիշի տրակտոր, որոնք հետագայում ծառայեցին պարտիզաններին:
Լինելով թշնամու թիկունքում պարտիզանները հնարավորություն չունեին տեխնիկա ստանալու և ահաբեկչական ճանապարհով թշնամուց խլած տեխնիկան մեծ արժեք ուներ պարտիզանների գործերը թեթևացնելու, և ինչպես նաև տարբեր պահակակետերի միջև կապը ապահովելու համար: Կարճ ժամանակամիջոցում Սեյրանն իր խիզախությամբ և տեխնիկայի իմացությամբ դարձավ ջոկատի համար խիստ անհրաժեշտ մարտիկ:
Բայց ավաղ, կարճ տևեց նրա կյանքը: 1993 թվականի հունիսի 7-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, Սեյրանը զոհվեց ականի պայթյունից: Ազատամարտիկի աճյունը հողին հանձնվեց Հրազդան քաղաքում, իսկ հոգին մնաց իր ընկերների ու հարազատների սրտերում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Ցոլակ Երվանդի Սամվելյան
/1948-1993թ.թ./

<Թալիշը նրանն է, ով կազատագրի գյուղը>,- հաճախ էր կրկնում Ցոլակ Սամվելյանը: Եվ Թալիշը նրանը եղավ, մինչև վերջ կռվեց նա հայրենի գյուղի համար: Խաղաղ օրերին Ցոլակը հայտնի մեխանիզատոր ու շինարար էր: Մի քանի աղբյուր է նա կառուցել, որոնցից հայտնի են Արցախ աղբյուրը/Քյումբաթի աղբյուր/ և Նիկալայի աղբյուրը: Կհորդեն ու կկարկաչեն դրանք, իսկ Ցոլակի անունը շուրթից-շուրթ կանցնի:
Ցոլակ Սամվելյանը ծնվել է 1948 թվականին, Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում, բայց հաճախել ու ավարտել է Թալիշ գյուղի դպրացը: 1966 թվականին սովորել է Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի պրոֆտեխուսումնարանում և ստացել մեխանիզատորի որակավորում: 1967 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո շարունակել է ուսումը, այնուհետև աշխատանքի անցել Թալիշ գյուղում: Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի չորս զավակ:
Գյուղում նա աչքի էր ընկել որպես լավագույն մեխանիզատոր: Բազմաթիվ ռացիոնալիզատորական առաջարկներ էր արել Ցոլակը, որոնք բավականին օգտակար են եղել տնտեսությանը: Երբ նոր էր սկսվել Արցախյան շարժումը և զենքի խիստ կարիք կար, Ցոլակը առաջինը նռնակ սարքեց գյուղում: Շարժումը կազմակերպելու համար գյուղում ստեղծվեց կոմիտե և նա առաջիններից մեկը անդամագրվեց նրան: Նա իր տրակտորով <շտապ օգնություն> էր գյուղի համար, և որքան անկախ էր ու քաջ, նույնքան էլ` աշխատասեր: Ցերեկը նա կոլտնտեսության աշխատանքներն էր կատարում, իսկ գիշերները հերթապահում էր գյուղի սահմաններում: Ինքնապաշտպանության համար կիլոմետրերով խրամատ էր փորում: Երբ նա չէր հերթապահում, տանը նստած սպասում էր տղաներին: Նախօրոք սեղան էր գցում իր օջախում, և երբ դիրքերից տղաները տուն էին վերադառնում, հյուրընկալում էր նրանց: Հոգնած տղաները լողանում էին, հանգստանում և հետո միայն գնում իրենց տները:
Գյուղի անկումից հետո Ցոլակը չկորցրեց հույսը և շարունակեց պայքարը` չնայած տարիքն առած ու թոռնատեր մարդ էր: Նա միացավ Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատին և որոշեց կռվել հայրենի հողի ազատագրման համար: Նա գյուղից հանել էր իր էքսկավատորը, մտածելով ու հասկանալով, որ այն դեռ շատ պետք կգա գյուղի վերականգնման աշխատանքների ժամանակ:
Ցոլակը հրաշալի ընկեր էր, լավ հարևան, իսկ ընտանիքում սիրված ամուսին և հոգատար հայր: Պարտիզանական ջոկատում նա պարզապես ջոկատի հոգին էր: Ցոլակը ամեն ինչ անում էր առաջադրանքը կատարելու համար, իսկ հանուն ընկերոջ պատրաստ էր վտանգելու իր կյանքը: Երբ զոհվեց նրա մարտական ընկերը, Ցոլակը վերցրեց նրա վերնահագուստը և պահեց որպես սրբություն: Իսկ այժմ նա ինքն է դարձել սրբություն` իր ընկերների հոգում:
Ցոլակը զոհվել է 1993 թվականի հունիսի 7-ին Լուսիկա խաչ տեղամասում` մարտական առաջադրանք կատարելիս: Նրա անմար հիշատակը հավերժ կմնա իր հարազատների և ընկերների սրտերում:

 

                                ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ


Գրիգոր Հրանտի Օհանյան
(1958-1993թ.թ.)

Երբ ալեկոծվեց Արցախ աշխարհը, Գրիգոր Օհանյանն իր ընտանիքով Երևանից վերադարձավ Թալիշ` մասնակիցը դառնալու հայրենի գյուղի ինքնապաշտպանությանը:
Նա խիզախ ու անձնուրաց ազատամարտիկ էր: Նրա համար թանկարժեք արժեք էին հայրենի հողը, հարազատ օջախը ու սիրելի ազգը: Չուներ Գրիգորը քուն ու դադար, չկար նրա համար հերթափոխ ու հանգիստ: Նա անընդհատ դիրքերում էր, ոչ մի րոպե չէր բաժանվում իր զենքից, և նա այնտեղ էր, որտեղ կռիվ էր: Իր այդ խառնվածքի համար համագյուղացիները կոչեցին նրան <<Միայնակ Գայլ>>:
Գրիգոր Օհանյանը ծնվել է Մարտակերտի շրջանի թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Ութամյան ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան և ուսումը շարունակում թիվ 15 պրոֆտեխուսումնարանում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի <<Լամպերի>> գործարանում` որպես փականագործ: 1976 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ զորացրվելուց հետո շարունակել է աշխատել նույն գործարանում: Ամուսնացել և ընտանիք է կազմել 1979 թվականին, ունի երեք զավակներ:
Հայրենի գյուղում, Շահումյանում և Արցախի տարբեր ճակատներում Գրիգորը բազմաթիվ սխրանքներ գործեց: Առաջին անգամ վիրավորվեց Շահումյանի Վերին Շեն գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ: Հայրենի ծննդավայրի անկումից հետո էլ նա չթողեց դիրքերը և մի խումբ քաջերի հետ, Մաղավուզ գյուղում վերակազմավորելով մարտական ջոկատը` շարունակեց պաշտպանակն կռիվները: 1992 թվականի հունիսի 19-ին տղաներից չորսը մտնում են Մատաղիս գյուղ` հետախուզության և դեմառդեմ հանդիպում հակառակորդի ավտոմատավորների մի մեծ խմբի: Սկսվում է փոխհրաձգությունը, որի ընթացքում ծանր վիրավորվում է Գրիգորը: Նրան տեղափոխում են Կուսապատի հոսպիտալը, այնտեղից էլ Երևան` երկարատև բուժման համար:
Բայց անձնուրաց ազատամարտիկը չհեռացավ մարտական ընկերներից և 1993 թվականի գարնանը երկու անգամ վիրավորված Գրիգորը նորից շարք մտավ, միանալով Շահեն Մեղրյանի պարտիզան-վրիժառուներին: Երկրորդ կարգի հաշմանդամ էր Գրիգորը, բայց կռվում էր առյուծի նման: Նա չէր մտածում կազդուրվելու մասին, այլ մտահոգ միայն Հայրենիքի ճակատագրով` իր ու իր բալիկների երջանկությունը տեսնում էր միայն ազատագրված Հայրենիքի ու հաղթանակի մեջ:
1993 թվականի ամռանը <<Եղնիկների>> հաղթարշավի ժամանակ Գրիգորը ցուցաբերեց մեծ խիզախություն Տոնաշենի, Գետի Գոմերի, Մատաղիսի ազատագրման մարտերում և <<Օջախի>> տղաների հետ միասին պաշտպանական դիրքեր բռնեց Մատաղիս-Ղահիլար հատվածում: Թշնամին, կատաղած լինելով այդ պարտությունից, բազմաթիվ գրոհներ ձեռնարկեց նորից վերագրավելու մեր դիրքերը, բայց տղաները իրենց կյանքի գնով պաշտպանում էին ազատագրված տարածքները:
Այդ ծանր պայմաններում իրենց զգացնել էին տալիս Գրիգորի վերքերը, սակայն նա չլսեց ընկերներին, որոնք հորդորում էին վերադառնալ տուն և մի քիչ հանգստանալ ու ապաքինվել: Փոխարենը նա պատասխանում էր. <<Մեր տունը մեր գյուղն է, շուտով ազատագրելու ենք, և ես ցանկանում եմ անձամբ մասնակցել այդ մարտին>>:
Բայց, ավաղ, թշնամու նշանառուի գնդակը կիսատ թողեց նրա երազանքը և օգոստոսի 31-ին, հայրենի գյուղի մոտ, զոհվեց քաջ վրիժառուն: Հերոսի դին փառքով ու պատվով հողին հանձնվեց <<Եռաբլուր>> պանթեոնում: Նրա անունը հավերժ կմնա այդ հողի վրա և նրա մարտական ընկերների հոգում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Հրաչյա Արտաշի Մանվելյան
/1994-1993թ.թ./

Հրաչյա Մանվելյանը ծնվել է 1944 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, ծառայողի ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1965-1967 թվականներին սովորել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում: 1968-1970 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո ամուսնացել, ընտանիք է կազմել և բնակություն հաստատել Չարենցավան քաղաքում: Աշխատել է Չարենցավանի <Ցենտրոլիտ> և <Հաստոցաշինական> գործարաններում, որպես էլեկտրիկ:
1992 թվականին նա մեկնել է հայրենի գյուղ` մասնակցելու Ազգային-ազատագրական պայքարին: Գյուղի ճակատագրական անկումից հետո Հրաչյան գյուղի մարտական ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մատաղիսի պաշտպանական մարտերին: Հուլիսի սկզբին մասնակցել է Թալիշի ուղղությամբ հակահարձակման նախապատրաստական օպերացիային:
Ջոկատի ցրվելուց հետո ` Հրաչյան Մարտակերտի կամավորականների հետ մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի, հատկապես Չլդրանի և Դրմբոնի համար մղված կատաղի մարտերին: Երմ մարտերում հոգնած Պաշտպանության բանակի մարտիկներին օգնության են գալիս մահապարտները, հրամանատարությունը Հրաչյային կարճատև արձակուրդ է տալիս և նա իր ծննդյան օրը` սեպտեմբերի 2-ին վերադառնում է տուն:
1993 թվականի օգոստոսին, երբ կազմավորվում է <Թալիշ> գումարտակը, Հրաչյան նույնպես անդամագրվում է ջոկատին: Գումարտակի կազմում նա մասնակցում է Մատաղիս-Թալիշ հատվածի պաշտպանական մարտերին: 1993 թվականի դեկտեմբերին թշնամին լայնածավալ հարձակում է սկսում Արցախի ամբողջ սահմանով` ամենազորեղ ուժերը կենտրոնացնելով Թալիշի և Մատաղիսի ուղղությամբ: Եվ 1993 թվականի դեկտեմբերի 18-ին, Մատաղիսի մոտ հակառակորդի լայնածավալ հարձակմանը դիմակայելու ժամանակ մղված մարտում իր մահկանացուն է կնքում Հրաչյան:
Նրա մարմինը ամփոփված է Երևանում` <Եռաբլուր> պանթեոնում:


Արթուր Էդիկի Խաչատրյան
(1964-1993թ.թ.)

Արթուր Խաչատրյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1981 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` զորակոչվում է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ընտանիք է կազմում և տեղափոխվում Ռուսաստանի Դաշնություն:
1988 թվականի Արցախյան շարժումը սկսվելուց հետո` արթուրը, շատ հայրենասեր տղաների նման, վերադառնում է հայրենի լեռնաշխարհ: Այստեղ նա աշխատանքի է անցնում և միաժամանակ, ընդգրկվելով աշխարհազորային ջոկատում, մասնակցում է ինքնապաշտպանական կռիվներին: Գյուղի անկումից հետո նա ընտանիքով տեղափոխվում է Հրազդան: Քանի որ նրա երկու եղբայրներից մեկը ճակատում էր, իսկ մյուսը զոհվել էր պատերազմում, նա միառժամանակ հոգում է իրենց ընտանիքի հոգսերը: Սակայն կարճ ժամանակ անց` 1993 թվականի գարնանը, անդամագրվում է Շահումյանի պարտիզանական ջոկատին:
1993 թվականի օգոստոսին Արթուրն ընտանիքով տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ նա ծառայության է անցնում Կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզական վաշտում: Այս վաշտի կազմում նա մասնակցում է Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ժդանովի ազատագրմանը: 1993 թվականի դեկտեմբերին թշնամին լայնածավալ հարձակում է կազմակերպում Արցախի բոլոր ճակատներում: Բոլոր ուղղություններով տեղի են ունենում դաժան ու անհավասար մարտեր: Արցախի բանակը մի շարք վայրերում ստիպված է լինում նահանջել և այդ թեժ կռիվներից մեկի ժամանակ` դեկտեմբերի 27-ին, իր մատաղ կյանքն է զոհաբերում Արթուրը:
Զոհվում է Խաչատրյանների ընտանիքի երկրորդ զավակը` Արցախյան գոյամարտում հերոսացած Շամո Խաչատրյանի եղբայրը: Եվ գյուղի անկման ժամանակ իր սիրասուն մորը, իսկ պայքարի ընթացքում երկու եղբայրներին կորցրած երրորդ եղբայրը` Ռուդիկը, շարունակում է պայքարը:
Այո, դաժան ճակատագիր, որ բաժին է ընկել Արցախի շատ ընտանիքների, և որոնք էլ մաքառելով ու պայքարելով հասնում են իրենց նվիրական Արցախ-հողը ազատագրված տեսնելու դարավոր երազանքին:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Վալերիկ Նիկոլայի Սահակյան
/1955-1993թ.թ./

Վալերիկ Սահակյանը ծնվել է 1955 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Ավարտելով ութամյան` նա տեղափոխվել է Ղափան և սովորել թիվ 21 պրոֆտեխուսումնարանում: 1974 թվականին Վալերիկը զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո տեղափոխվում Երևան: Աշխատել է որպես էլեկտրիկ Օրթոպետիկ պրոտեզարանում, այնուհետև <Լամպերի> գործարանում: Ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երկու զավակ:
Երբ սկսվում է Ղարաբաղյան շարժումը, Վալերիկը շատերի նման վերադառնում է հայրենի գյուղ և մասնակցում գյուղի պաշտպանական մարտերին: Թալիշի մարտական ջոկատի կազմում նա մարտնչում է մինչև գյուղի ճակատագրական անկումը, որից հետո վերադառնում է Երևան, որտեղ իր ընտանիքն էր: 1993 թվականի եռամսյա հավաքների ժամանակ Վալերիկը միանում է Արցախ մեկնող տղաներին: Նա ընդգրկվում է Մարտակերտի գնդի Իլիչի հրամանատարությամբ գումարտակում և մասնակցում շրջանի մի քանի գյուղերի ազատագրմանը: Հունիս ամսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը սկսում են գրոհը` կորցրած դիրքերը վերականգնելու համար: Հունիսի 13-ին պարտիզանական ջոկատի կողմից սկսվում է հարձակումը թշնամու վրա: Պարտիզանները ազատագրելով մի քանի գյուղեր, այդ թվում նաև Մատաղիսը, դիրքեր գրավեցին այնտեղ` սպասելով գլխավոր ճակատի առաջխաղացմանը: Այդ ընթացքում Մարտակերտում ազատամարտիկները կատաղի մարտեր էին մղում թշնամու դեմ, քայլ առ քայլ առաջանալով դեպի Մատաղիս:
Թալիշի անկման տարելիցի օրը` 1993 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած մարտը վերջինը եղավ Վալերիկի համար: Այդ օրը Հակոբ Կամարի գյուղի ազատագրման համար մղված դաժան մարտում զոհվեց Վալերիկ Սահակյանը, իր արյունը խառնելով այն փոքրիկ հողակտորին, որին մատաղ արեց իր ջահել կյանքը, կռվեց ու անմահացավ:
Նրա աճյունը ընկերներն ամփոփեցին Երևանում <Եռաբլուր> պանթեոնում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Սամվել Բորիսի Խաչատրյան
/1976-1993թ.թ./

Սամվել Խաչատրյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 7-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և 1992 թվականին, այն դեռ չավարտած, ծնողների հետ բռնագաղթվել է Եղվարդի շրջանի Նոր Գյուղ: Այստեղ ևս պատանի Սամվելի ուշքն ու միտքև Արցախն էր ու հայրենի գյուղը: Ահա թե ինչու, նա ուսումը շարունակելու փոխարեն ու ծնողների հորդորներին հակառակ, փաղչում է տնից և մեկնում Արցախ: Ներկայանալով Մարտակերտի ինքնապաշտպանության շտաբ, խնդրում է հրամանատարությանը, որ իրեն ընդգրկեն հետախուզական ջոկատում:
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտ ամիսը Սամվելը մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Այնուհետև նա տեղափոխվել է Շահումյանի պարտիզանական ջոկատ և շարունակել մարտական գործողությունները Թալիշի վաշտում: Սամվելը մասնակցել է Գյուլիստանի, Գետի Գոմերի, Դաստագիրի, Տոնաշենի և Մատաղիսի ազատագրական մարտերին:
Երբ կազմավորվում է <Թալիշ> գումարտակը, Սամվելն ընդգրկվում է նրա կազմում: Չնայած իր տարիքին, պատանի Սամվելը աչքի է ընկել ընդգծված մարտունակությամբ, եղել է խիզախ ու կարգապահ մարտիկ: 1993 թվականի դեկտեմբերին, երբ թշնամին սկսում է հերթական լայնածավալ հարձակումը, դրությունն առավել ծանրանում է Մատաղիս-Թալիշ հատվածում, որտեղ թշնամին մեծածավալ ուժ էր կուտակել: Այդ հատվածի պաշտպանության մարտերից մեկի ժամանակ, երբ թալիշեցի մի խումբ պարտիզաններ ընկնում են շրջափակման մեջ, նրանց անհապաղ օգնության է հասնում <Թալիշ> գումարտակի հրամանատար Վանիկ Օհանյանը` մի խումբ մարտիկներով, որոնց թվում էր Սամվելը: Խումբն ընկնելով դարանակալ թշնամու ծուղակը` անհավասար մարտի է բռնվում թշնամու հետ: Այս մարտը վերջինն էր Սամվելի համար, անվեհեր հրամանատարի հետ միասին զոհվեց նաև պատանի Սամվելը:
Այսպիսի խիզախ պատանիներ շատ է ծնել Արցախը, որոնք մեծերի հետ կողք-կողքի զենքը ձեռքներին կռվեցին ու Հայրենիքի համար ճակատագրական պահին պաշտպան կանգնեցին նրան, խիզախեցին և դարձան սուրբ նահատակներ: Նրանք ընդմիշտ կմնան մեր բոլորիս սրտերում:
Սամվելի աճյունը տեղափոխվել է Երևան և հողին հանձնվել հայոց նորօրյա հերոսների <Պանթեոն> Եռաբլուրում:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ,Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Նորայր Միշայի Բաբայան
/1976-1994թ.թ./

Ազգային-ազատագրական պայքարի պատանի քաջամարտիկներից էր Նորիկը: Ընդհամենը տասնութ տարի ապրեց Նորայրը, ընդհամենը տասնութ պայծառ գարուն, բայց այնպիսի լեցուն կյանքով, որը բնորոշ է միայն Արցախի զարմանահրաշ քաջորդիներին:
Նորայր Բաբայանը ծնվել է 1976 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, ծառայողի ընտանիքում: Դեռևս դպրոցական էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և պատանի Նորիկը աշակերտական նստարանից զինվորագրվեց շարժմանը` բազմատեսակ օգնություն ցույց տալով գյուղի ինքնապաշտպանական ջոկատներին: Բոլոր մարտերի ժամանակ, չնայած ծնողների հորդորներին, Նորիկը ազատամարտիկների հետ էր և, արհամարհելով ծանրությունն ու դժվարությունները, զինամթերք էր հասցնում դիրքեր:
1992 թվականին Նորիկը ոսկե մեդալով ավարտում է միջնակարգ դպրոցը, իսկ այդ ժամանակ էլ տեղի է ունենում ահավոր տեղահանությունը և նրանց ընտանիքը վերաբնակվում է Արագածի շրջանի Ծաղկահովիտ գյուղում: Այստեղ նորիկը լսում է Շահումյանի պարտիզանական ջոկատի մասին և 1993 թվականի մարտից նա արդեն այդ ջոկատի վրիժառուներից էր: Ջոկատի կազմում նա մասնակցում է մի շարք ահաբեկչական պարտիզանական կռիվների, մասնակցում Թալիշի և Գյուլիստանի ազատագրմանը:
1993 թվականի աշնանը նա վերադառնում է ծնողների մոտ և որոշում շարունակել ուսումը: Ընդունվում է Երևանի սննդարդյունաբերության տեխնիկում, բայց կարճ ժամանակից հետո` 1994 թվականի սկզբին, նա նորից մտավ երկրապահ ջոկատ և մասնակցեց Օմարի լեռնանցքի գրավմանը:
1994 թվականի փետրվարի 12-ը Նորիկի կյանքի վերջին օրն էր: Այդ օրը կատաղի մարտում իր կյանքի գնով նա փրկեց 17 ազատամարտիկների և ինքն էլ զոհվեց հերոսաբար:
Երիտասարդ էր Նորիկը, հմայիչ, առնական և, գուցե նաև ուներ սիրած աղջիկ, և ով գիտե կորստի ցավից մղկտում է նրա սիրտը: Իսկ հավերժ ջահել Նորիկի հոգին ճախրում է Մռով լեռան գագաթին և այնտեղից գուցե անեծքով հիշում այս պատերազմը, որ բազում ջահել կյանքեր է դրել պատմության դաժան զոհասեղանին:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:



Վլադիկ Ռազմիկի Իսախանյան
(1958-1994թ.թ.)

Վլադիկ Իսախանյանը ծնվել է Մարտակերտի ծրջանի Թալիշ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան և ընդունվում ռադիոկապի տեխնիկում: Մասնագիտություն ձեռք բերելուց հետո տեղափոխվում է Աբովյան, աշխատանքի անցնում և այստեղ էլ ամուսնանում, ընտանիք է կազմում:
1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, երբ դժվար ու ծանր օրեր էին և Արցախ-հողի պաշտպանության համար զգացվում էր կորովի տղաների կարիքը, Վլադիկը շատերի նման անդամագրվեց կամավորական ջոկատին: Ջոկատի տղաների հետ նա գիշեր-ցերեկ հերթապահում էր Թալիշի սահմաններում, իսկ ազատ ժամանակ օգնում էր համագյուղացիներին կոլտնտեսային աշխատանքներում:
Թալիշի անկումից հետո, երբ Վլադիկը վերադարձել էր Աբովյան, հայրենի եզերքը պաշտպանելու մեկնեց նրա փոքր եղբայրը` Վովան, անդամագրվելով Շահումյանի պարտիզանական ջոկատին և մինչև վերջ մասնակցեց պայքարին:
1994 թվականի փետրվար ամսին` եռամսյա հավաքների ժամանակ , Վլադիկը նույնպես զինվորագրվեց Հայրենիքի պաշտպանությանը մեկնող տղաների ջոկատին: Սկզբում նա կռվում էր Օմարի լեռնանցքում: Դաժան ու ահավոր օրեր էին: Մարտական կարևոր հանգույցներից թշնամուն դուրս մղելով` հայկական ստորաբաժանումները ամուր փակել էին ազերիների ճանապարհը դեպի Մարտակերտի շրջան;: Ապրիլ ամսին, ծնունդով թալիշեցի տղաներին ուղարկեցին Թալիշ` մասնակցելու հայրենի գյուղի ազատագրման օպերացիային, քանի որ դրա հաջողության համար շատ կարևոր էր տեղանքին լավ ծանոթ տղաների դերը: Որոշ ժամանակ անց Վլադիկն արդեն Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում էր: Օմարում պարտություն կրած թշնամին փորձում էր հաջողության հասնել Մարտակերտում: Սակայն այստեղ էլ մարտերում թրծված մեր մարտիկներն արժանի հակահարված տվեցին թշնամուն և քայլ առ քայլ հետ մղեցին թշնամուն հայկական տարածքներից:
Ծանր էին Թալիշի համար մղված մարտերը, և գյուղն ազատագրելու մարտերից մեկի ժամանակ Վլադիկը զոհվեց: Մի քանի օր անց ազատագրվեց Թալիշը, իրականացավ ազգին նվիրյալ զավակների սուրբ նպատակը, բայց շատերի նման Վլադիկն էլ չտեսավ այդ բաղձալի օրը:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <Մարտական ծառայության> մեդալով:

 

 

                                   ՆՐԱՆՔ ՏԵՍԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Վոլոդյա Ալեքսանդրի Բեգլարյան
/1956-1994թ.թ./

Վոլոդյա Բեգլարյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1973 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո սովորել է Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի պրոֆտեխուսումնարանում և ստացել մեխանիզատորի մասնագիտություն: Գյուղում սիրված ու հարգված մեխանիզատոր էր, և չկար մի մարդ, մի ընտանիք, որին <ձեռք մեկնած> չլիներ նա: Ղարաբաղյան շարժման տարիներին առավել դժվարացավ ու ծանրացավ երիտասարդ մեխանիզատորների աշխատանքը: Հարկավոր էր ցերեկները աշխատել տքնաջան, իսկ գիշերները հերթապահել սահմանամերձ գոտում: Վոլոդյան հասկանում էր, որ ուրիշ ելք չկա և անտրտունջ կատարում էր իր պարտականությունները:
Գյուղի անկումից հետո նա իր ընտանիքով տեղափոխվում է Հրազդան: Բայց շատ էր սիրում հայրենի հողը և չկարողացավ հանգիստ նստել Հրազդանում: 1993 թվականի գարնանանը նա անդամագրվեց Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատին` հարազատ ծննդավայրին պաշտպան կանգնելու համար:
Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ պարտիզանները գտնվում էին թշնամու խոր թիկունքում, և ջոկատի դիրքերը ձգվում էին Թալիշից մինչև Մռով սարը, շատ կարևոր էր ու անհրաժեշտ տրանսպորտային փոխադրամիջոց ունենալը: Վոլոդյան իր ջանքերով նորոգեց ազերիներից վերցրած <ԴՏ-75> մակնիշի տրակտորը և հրամանատարության հանձնարարությամբ զինամթերք և ուտելիք էր հասցնում տարբեր դիրքեր: Այդ ժամանակ անտառի անտառի ճանապարհները ականապատված էին ազերիների կողմից, բայց Վոլոդյան, իմանալով անտառի ամեն մի արահետ, ծանոթ լինելով տեղանքին, սկսած Թալիշից միչև Մռավի լանջերը, կարողանում էր գլուխ հանել այդպիսի մեծ համարձակություն պահանջող գործից:
Երբ ստեղծվեց <Թալիշ> գումարտակը, Վոլոդյան շատ թալիշցիների նման մտավ նրա կազմի մեջ: Գումարտակը դիրքեր էր բռնել Մատաղիս-Ղահիլար-Թալիշ հատվածում: Այստեղ Վոլոդյան ճաշակեց և պարտության /1993 թվական ձմեռ/ դառնությունը, և հաղթանակի /1994 թվականի գարուն/ բերկրանքը:
ԼՂՀ ինքնապաշտպանության բանակը հրաման էր ստացել ազատագրել Թալիշը: Ազատամարտիկները ցնծության մեջ էին: բոլորն էլ մի թաքուն հույս էին փայփայում, որ շուտով կազատագրվի երկու տարի գերության մեջ հայտնված գյուղը, և կիրականանա նրանց նվիրական երազանքը:
Բայց, ավաղ, 1994 թվականի ապրիլի 27-ին, հարազատ ծննդավայրի ազատագրման օրերին, Վոլոդյան զոհվեց` չտեսնելով բացվող այգաբացը, ազատագրված գյուղը: Նա ընդմիշտ կապված էր իր ծննդավայրին, որին էլ նվիրաբերեց իր կյանքը, և սիրտն ու հոգին էլ հավերժ թողեց հայրենի լեռներում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:


Յուրա Գարեգինի Դանիելյան
/1959-1994թ.թ./


Յուրա Դանիելյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Նա իր համեստությամբ ու աշխատասիրությամբ վայելում էր իր համագյուղացիների սերն ու հարգանքը և միշտ շրջապատված էր մտերիմ ընկերներով: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի ավտոդպրոցում, որից հետո զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո վերադարձել է ծննդավայր և աշխատել հարազատ կոլտնտեսությունում, որպես ավտովարորդ: Օջախ է ստեղծել, ունի չորս երեխաներ:
Ղարաբաղյան շարժման ընթացքում Յուրան Թալիշի աշխարհազորի կազմում կանգնած է եղել գյուղի պաշտպանների շարքում, անցել այդ պայքարի թոհուբոհով,մասնակցել Թալիշի պաշտպանական կռիվներին: Այդ տարիներին ծանր էր ավտովարորդի աշխատանքը: նրանք գիշերները հերթապահում էին, իսկ ցերեկները չպետք է քնեին, քանի որ գյուղում ավտովարորդի համար միշտ էլ աշխատանք կար: Յուրան նաև լավ որսորդ էր, սիրում էր որսորդությունն ու ձկնորսությունը: Նա միշտ մեքենայի մեջ պահում էր իր երկփողանին, չէ որ ամեն պահի հնարավոր էր թշնամու հարձակումը:
Տեղահանությունից հետո նա ընտանիքով տեղափոխվում է Հայաստանի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղ, միառժամանակ զբաղվում իր մեծ գերդաստանով և հոգ տանում իր ծեր ու հաշմանդամ ծնողների համար: Բայց նա այստեղ հանգիստ չի կարողանում մնալ և 1993 թվականի գարնանը անդամագրվում է Շահումյանի պարտիզանական ջոկատին, մասնակցում է Մատաղիս-Թալիշ հատվածի պաշտպանական կռիվներին: Այնուհետև <Թալիշ> գումարտակի կազմում մասնակցում է բազմաթիվ մարտական գործողությունների, որտեղ Յուրան զգում է պարտության դառնությունը/1993 թվականի ձմեռ/, ճաշակում հաղթանակի բերկրանքը/1994 թվականի գարուն/: Յուրան մասնակցում է նաև հարազատ գյուղի ազատագրմանը` կանգնելով նրա պաշտպանների շարքերում:
Բայց, ավա~ղ, մի քանի ամիս անց, արդեն <խաղաղ> պայմաններում, 1994 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Յուրան Գենդարայի ուղղությամբ հետախուզության մեջ էր` զոհվում է ականի պայթյունից:
Նա շատ էր սիրում իր ծննդավայրը, նրա լեռները, որտեղ սիրում էր զբաղվել որսորդությամբ: Եվ այդ սիրով լցված կյանքն էլ ավարտեց հենց այդ լեռներում: Ընկերները նրա աճյունը հողին հանձնեցին ծննդավայրից շատ հեռու, Վերին Գետաշեն գյուղի գերեզմանոցում` հոր շիրիմի մոտ: Նրա պայծառ հիշատակը վառ կմնա իր ընկերների սրտերում և բոլորի համար նա կմնա այն նույն անմեղ, բարի ժպիտով, համակրելի և կենսախինդ յուրիկը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ <Մարտական ծառայության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Գենադի Զարմիկի Առաքելյան
/1963-1994թ.թ./

Գենադի Առաքելյանը ծնվել է Սումգայիթում, ուր տեղափոխվել և վերաբնակվել էին ծնողները: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և 1979 թվականին ավարտել այն: 1980 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո վերադարձել է Սումգայիթ, որտեղ էլ անցել է աշխատանքի: Այստեղ էլ նա ամուսնացել, ընտանիք է կազմել, ունի երեք երեխա:
1988 թվականի հայտնի դեպքերից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և բնակություն հաստատել Գեորգիևսկ քաղաքում: Բայց Ղարաբաղյան շարժումը չէր կարող չալեկոծեր պատանու հոգին: Այն ժամանակ, երբ հայրենիքին պետք էր կորովի, երիտասարդ մարտիկներ, Գենադին 1990 թվականին ընտանիքով վերադառնում է Հայաստան` Սևան: Նույն թվականաին էլ նա որպես կամավոր մեկնել է Արցախ և մասնակցել մի շարք մարտերի: Մասնակցել է Ասկերանի շրջանի :ոջալու և մյուս գյուղերի պաշտպանության մարտերին:
Գենադին պատմական Շուշին ազատագրողների թվում էր: Մասնակցել է մի շարք ազատագրական մարտերի, նաև մասնակիցը դարձել Արցախի պաշտպանության բանակի հաղթարշավին: Բայց, ավաղ, 1994 թվականի ապրիլի 18-ին, երբ շատ մոտ էր հաղթանակն ու զինադադարը, նա զոհվեց Գյուլոջայում` ազատագրական մարտերից մեկի ժամանակ:
Ընկերները նրա աճյունը ամփոփեցին Սևան քաղաքի եղբայրական գերեզմանոցում:

 

 

 

                                ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Արմեն Զարմիկի Սարգսյան
/1975-1994թ.թ./

Արմենն իր ծնողների` Զարմիկ և Սուսաննա Սարգսյանների մինուճար որդին էր: Արմեն Սարգսյանը ծնվել է 1975 թվականին, Չարենցավան քաղաքում: Դեռևս դպրոցական տարիներին նրան գիտեին որպես խելացի ու ընկերասեր տղայի, աչքի էր ընկել բարձր առաջադիմությամբ: Նա ուներ հմուտ ձեռքեր, զբաղվում էր փայտի փորագրությամբ: Նրա աշխատանքները բազմաթիվ անգամ ցուցադրվել են հեռուստատեսությամբ:;Արմենն ընդունակ և ուշիմ աշակերտ էր: 1989 թվականին նա ընդունվել է Երևանի պետական համալսարանին կից մաթեմատիկական խորացված ուսուցմամբ հեռակա դպրոցը, բազմիցս մասնակցել է հարապետական օլիմպիադաների:
1992 թվականին ավարտելով դպրոցը` Արմենն ընդունվել է Երևանի սննդարդյունաբերության տեխնիկում: Ուսանողական առաջին իսկ տարում նա իր ընկերների հետ հիմնադրել է Չարենցավանի ուսանողական միությունը, որը գործում է մինչ այժմ:
Ազգային-ազատագրական պայքարի ամենաթեժ պահի` 1993 թվականի աշնանը, Արմենը զինվորական ծառայության է զորակոչվում մայրաքաղաքային զորամաս: Հետագա մի քանի ամիսների ընթացքում գունդը, որտեղ ծառայում էր Արմենը, մի շարք կատաղի մարտեր է մղել Օմարի լեռնանցքի համար: Պատանի Արմենը ցուցաբերել է մեծ համարձակություն ու համառություն մարտական գործողությունների ժամանակ: Բայց 1994 թվականի ապրիլի 20-ին` Օմարի լեռնանցքում ընթացող թեժ մարտի ժամանակ, զոհվեց Արմենը, չհասցնելով տեսնել կյանքի 20-րդ գարունը:
Նահեռացավ չտեսնելով հարսանեական առագաստը և խոր վերք թողեց իր ծնողների սրտերում: Այո, դաժան են պատերազմի օրենքները, կյանքից հեռանում են Արմենի նման պատանիները, վաղվա օրվա ուսուցիչն ու գիտնականը, շինականն ու բժիշկը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Արիության>, Մայրական երախտագիտության մեդալներով և <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

 

 


Կամո Ժորայի Օհանյան
/1974-1996թ.թ./

Կամո Օհանյանը ծնվել է 1974 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրեցում և դեռ դպրոցական տարիներին ականատեսն ու մասնակիցը դարձել Արցախյան շարժմանը: Արցախի շատ երեխաների նման` Կամոն ևս անտարբեր չէր հայրենի գյուղի պաշտպանությանը և մշտապես օգնություն էր ցույց տալիս ծննդավայրի համար մարտնրող ազատամարտիկներին: Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել կոլտնտեսության անասնապահական ֆերմայում, որն անմիջապես գտնվելով գյուղի սահմաններում` համարվում էր թշնամու համար առաջին թիրախը: Դեռ պատանի հասակում նա իր վրա զգաց կյանքի դժվարությունները, ցերեկները խնամում էր կոլտնտեսության հոտը, իսկ գիշերները օգնում էր այդ օրը հերթապահող աշխարհազորի մարտիկներին:
1991 թվականին գյուղում կազմակերպվում է զորակոչային տարիքի տղաների ծառայություն, որի հրամանատարն էր Վաղինակ Սարգսյանը: Կամոն ընդգրկվում է այդ կազմավորման մեջ և մինչև գյուղի անկումը` ծառայության անցնում Արցախի նորաստեղ բանակի շարքերում:
Գյուղի անկումից հետո ճակատագրի բերումով նրանց ընտանիքը հայտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Կույբիշև քաղաքում, որտեղ մնում են մինչև 1994 թվականը: Դրանից հետո նրա ընտանիքը վերադարձել է ազատագրված գյուղ:
Այստեղ Կամոն զորացրվել է բանակ և ծառայության անցել Մատաղիսի գնդի հետախուզական վաշտում: Եվ այդ խաղաղ պայմաններում, երբ վաղուց արդեն զինզդադար էր և Կամոն էլ ծառայում էր հայրենի եերքում, 1996 թվականի օգոստոսի 17-ին թշնամու նշանառու գնդակից զոհվում է զինծառայող մարտիկը` Կամոն և հեռանում կյանքից` խորը վիշտ թողնելով հարազատների սրտերում:
Հետմահու պարգևատրվել է <Թալիշի պաշտպան> հուշամեդալով:

Արմեն Աշոտի Բեջանյան
/1977-1996թ.թ./

Արմեն Բեջանյանը ծնվել է 1977 թվականին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Սովորել է Հրազդան քաղաքում, ուր տեղափոխվել և մշտական բնակություն էին հաստատել ծնողները: Դպրոցն ավարտելուց հետո 1995 թվականին Արմենը զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Խոջալուում, որից հետո նրան տեղափոխել են Մատաղիսի գունդ: Եվ այդ խաղաղ պայմաններում, երբ վաղուց զինադադար էր, իր զինվորական պարտքը կատարելիս, 1996 թվականի հուլիսի 28-ին` Արմենը զոհվել է դարանակալ թշնամու գնդակից: Զինծառայող մարտիկը հեռանում է կյանքից` խորը վիշտ թողնելով հարազատների սրտերում:
Արմենը ևս չտեսավ հարսանեկան առագստը և հեռացավ կյանքից` չունենալով ժառանգ: