Պատմությունը

      Համառոտ պատմական ակնարկ՝

   Թալիշ գյուղը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը: Մ.Թ. 461 թվականին Ուտիքի շրջանի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի մարզպան Թարիջ իշխանը իր հպատակների հետ գաղթում է այժմյան մեր Հոռեքա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ և հիմնադրեց ԹԱՐԻՋ գյուղը: Մինչ այդ, հիշյալ տեղը, որը գտնվում է Թարթառ և Ինջա գետերի մեջտեղը, Բարդայի (Պարտավի) հայ թագավորների ամառանոցներն էին:  Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել: Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի: Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր և այդ անունը պահպանվում է առ այսօր: Կարծիք կա, որ որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից: Դա հաստատվում է Մովսես Կաղանկատվացու <Պատմությունից>, որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (ՈՒռեկան) ավանի մասին:

   Քյունբաթ աղբյուրն ու նրա մերձակայքը, ինչպես նաև Դյութական (Տյուտք) ավանը լինելով Վաչագան Բարեպաշտ թագավորի ամառանիստը, նրա հրամանով էլ 5-րդ դարում կառուցվել է Գլխո վանքը: 1139 թվականի Ուտիք գավառի ահավոր երկրաշարժի ժամանակ կորժանվել էր Գլխո վանքը, որն էլ վերակառուցվել է 1279թ: Վանքի վերակառուցումից հետո այն անվանակոչվել է ՀՈՌԵԿԱ վանք:

    1797 թվականի գաղթից 12 տարի անց՝ 1809 թվականին, Մելիք-Բեգլարյանների վերջին ժառանգները Վրաստանից վերադարձան իրենց նախկին հայրենիքը: Գյուղացիները տեսնելով իրենց հին գյուղը Հոռեկայի մոտ ամբողջովին ավիրված, նրանք որոշեցին բնակություն հաստատել այժմյան Թալիշի տեղը: Այս նոր տեղում գյուղը կոչեցին ԹԲԼԵՑԻՔ(Թբիլիսի բառից):   

   Իսկ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի Թալիշ բեկի պատվին, որը դառնում է գյուղի կառավարիչ, այն վերանվանվում է ԹԱԼԻՇ անունով:

   Հյուսիսային Արցախի մի գողտրիկ անկյուն է պատմական Թալիշ գյուղը: 5-րդ դարում հիմնադրված և տարբեր ժամանակներում օտար զավթիչների կողմից բազմաթիվ հարձակումներին դիմակայած գյուղն իր գոյության ընթացքում մի քանի անգամ ավիրվել է հիմնահատակ, բայց և ամեն անգամ վերականգնվել է նրա նվիրյալ ժողովրդի կողմից: Պատմությունից հայտնի է, որ Հոռեկա գյուղն ու նրա շրջակա տարածքները բազմիցս ենթարկվել են հարձակումների օսմանյան թուրքերի, պարսիկների և այլ ցեղերի կողմից: Այդ արշավանքների հետևանքով Հոռեկա գյուղի բնակիչները մի քանի անգամ հեռացել են հայրենիքից: Այսպես. 1764 թվականին բնակիչների մի մասը իրենց մելիքների հետ միասին հեռացել են հայրենիքից և ժամանակավորապես ապաստան գտնելով Գանձակում, հետ են վերադարձել երեք տարի անց:  Նմանատիպ գաղթ է եղել նաև 1788 թվականին, երբ Գյուլիստանի բնակչության մի մասը՝ Իբրահիմ խանի ճնշման տակ թողել են հայրենիքը և բնակություն հաստատել Գանձակի մոտ: Մի առժամանակ բնակվելով Շամխորում, ժողովուրդը Մելիք- Աբովի գլխավորությամբ տեղափոխվել են Վրաստանի Բոլնիս գավառը՝ այնտեղ մնալով մինչև 1795 թվականը:

  Առաջին անգամ Գյուլիստանի գավառը, այդ թվում և Թալիշ գյուղը լիովին դատարկվում է 1797 թվականին, երբ ժողովուրդը Մելիք Ֆրիդոնի և Մելիք Աբովի գլխավորությամբ գաղթում են Վրաստանի Բոլնիս գավառը և մնալով այնտեղ 12 տարի՝ հետ են վերադառնում 1808-1809 թվականներին:   

   Թալիշցիների մյուս կարճատև գաղթը տեղի է ունենում 20-րդ դարի սկզբին, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվում է հայ-թուրքական կռիվները: Այդ կռիվների ժամանակ չկարողանալով դիմակայել թուրքերի գերակշռող ուժերին, թալիշցիները ստիպված թողնում են գյուղը: Թուրքերը մտնելով գյուղ, քանդում և հրդեհում են տները, թալանում են ամեն ինչ և կոտորում գյուղը չլքած գյուղացիներին: Այս կռիվների տևում են շուրջ երկու ամիս (ապրիլ-մայիս), որից հետո ժողովուրդը հետ են վերադառնում իրենց օջախները:  

   Հյուսիսային Արցախի բնակչության մյուս խոշոր տեղահանությունը տեղի է ունենում արդեն Արցախյան պատերազմի ժամանակ: Թալիշցիները գյուղը լքում են 1992 թվականի  հունիսի 16-ին: Երկու տարի գերության մեջ գտնվող Թալիշը ազատագրվում է 1994 թվականի ապրիլի 14-ին: Գյուղն այս անգամ ևս ամբողջությամբ ավիրված և հրդեհված էր ազերիների կողմից:

   1988 թվականից սկսած երբ սկսվում է Արցախյան շարժումը, լեռնաշխարհի բոլոր սահմանային գյուղերում ստեղծվում են ինքնապաշտպանական ուժեր: Թալիշի սահմանների պաշտպանության համար գյուղում կազմավորվում են աշխարհազորային խմբեր: Թալիշեցի երիտասարդները Արցախում առաջիններից էին, համախմբվելով, ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Իրենց ծննդավայրին, իրենց զավակներին ու ծնողներին պաշտպան կանգնած տղաներին արձագանքեցին նաև հայաստանաբնակ թալիշցիները, որոնք եկան սատար կանգնելու իրենց եղբայրներին ու քույրերին, հայրենի հող ու ջրին: 

   Թալիշի տղաները 4 տարի շարունակ մաքառեցին, կռվեցին, գոյության պայքար տվեցին նենգ թշնամու դեմ, բայց անկարող եղան պաշտպանելու դարավոր գյուղը՝ իրենց պապերից ժառանգած հողն ու ջուրը:

   1992 թվականի հունիսի 16-ի կեսորին ընկավ Թալիշը՝ Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկը: Այդ օրը շատ շատերը երդվեցին վրեժ լուծելու նենգ թշնամուց, երդվեցին պայքարել մինչև վերջ, որպեսզի հետ գրավեն ու թույլ չտան թշնամուն պղծելու այդ սուրբ հողը:

   Արցախյան պատերազմի տարիներին Ղարաբաղի պաշտպանության բանակին զինվորագրվեցին և թշնամու դեմ մարտի ելան թալիշեցի 250-ից ավելի ազատամարտիկներ՝ կատարելով բազում սխրանքներ ու հերոսություններ: Թալիշի ազատամարտիկները պայքարեցին՝ ընդգրկվելով մահապարտների <Արծիվ-1> գումարտակում, Շահումյանի պարտիզանական ջոկատում, <Թալիշ> գումարտակում և Ղարաբաղի պաշտպանության բանակի դարբեր զորամիավորումներում:   

  1994 թվականի ապրիլի 9-ին սկսվում է Արեգասարի ռազմագործողությունը, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորարշավով թշնամուց գրեթե լիովին ազատագրում են Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը:

   Ապրիլի 13-ին սկսվում է Թալիշի ազատագրման օպերացիան, որի ժամանակ <Եղնիկների> ու լեգենդար 5-րդ բրիգադայի համատեղ օպերացիայի շնորհիվ, 1994 թվականի ապրիլի 14-ին ազատագրվեց Թալիշը, բայց գյուղը լիովին ավերված էր, և չկար ոչ մի կանգուն տուն, կային միայն վառված ու քանդված պատեր: Երկու տարվա գերությունից հետո Թալիշը վեջնականապես ազատ շունչ է քաշում: 

  Ազատագրումից հետո վերաբնակեցվեց գյուղը և այսօր դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերակառուցվում ու շենանում է այն և Աստված տա, որ մոտ ապագայում մենք տեսնենք երբեմնի հարուստ ու հզոր Թալիշը:

 

 

 

 

   Թալիշի պատմությունը թվերով և փաստերով

 

  Մինչ¨  խորհրդային տարիներ

  1808թ. Վրաստանի Բոլնիս գավառից վերադարձաց Հոռեկա գյուղի բնակիչները կառուցեցին այսօրվա Թալիշ գյուղը:

  1922թ. Մելիք Ֆրիդոնի որդի Թալիշ բեկի անունով կոչվեց գյուղը, նրա կենտրոնում կառուցվեց առաջին աղբյուրը:

  1864թ. Մելիք Թամրազի կողմից կառուցվեց գյուղի ջրանցքը, որով Ինջա գետի ջուրը հասցվեց Խանագահի դաշտերը:

  1890թ. Գյուղում սկսեց գործել դպրոց գյուղի քյոխվա Առստամ Բաբայանի շնորհիվ:

  1894թ. Կառուցվեց գյուղամիջի <Սուրբ Մարիամ Աստվածածին> եկեղեցին:

  1905թ. Գյուղում կառուցվեց դպրոցական շենք:

 

   Խորհրդային տարիներ

  1920թ. սեպտեմբերի 26-ին նորոգվում և վերաբացվում է հայ-թուրքական կռիվների արդյունքում հրկիզված Թալիշի դպրոցը, որի առաջին վարիչ է նշանակվում Շամիր Պետրոսյանը:

  1925թ. Թալիշի հոգևորականությունը հրաժարական է տալիս և գյուղամիջի եկեղեցին վեր է ածվում ակումբի:

  1929թ. Թալիշում ստեղծվում է կոլեկտիվ տնտեսություն, որը կոչվում էր ՏՕԶ, այսինքն հողամշակման ընկերություն:

  1930թ. Թալիշում սկսվեց կազմավորվել կոլտնտեսություն և անվանվեց այն Իլյիչի անունով:

  1934թ. գյուղում կառուցվեց երկրորդ՝ Սիֆոնի ջրանցքը:

  1934թ. Թալիշի դպրոցը դարձավ միջնակարգ:

  1936թ. գյուղը բաժանվում է երկու մասի՝ վերին թաղ և ներքին թաղ: Վերին թաղի կոլտնտեսությունը կոչվեց Օրջոնոկիձեյի անունով, իսկ ներքին թաղինը մնաց Իլյիչի անունով: 1937թ այն նորից վերամիավորվեց Իլյիչի անվամբ:

  1937թ. Թալիշի միջնակարգը տվեց իր առաջին շրջանավարտները:

  1938թ. գյուղ բերվեց Միջնաշենի և Համամի աղբյուրների ջուրը:

  1947թ. գյուղը ունեցավ էլեկտրականություն:

  1948թ. գյուղի հյուսիսային հատված հասցվեց Սպիտակ աղբյուրի ջուրը:

  1949թ. գյուղ հասցվեց Միջնաշենի աղբյուրի մնացորդը:

  1951թ. գյուղում բացվում է 10 տեղանոց հիվանդանոց բժիշկ Աշոտ Հարությունյանի գլխավորությամբ:

  1954թ. գյուղի դարբնոցին կից բացվել է սղոցարան 45 սմ բացվածքով, 1962թ. այն փոխարինվել է ուրիշ՝ 65 սմ բացվածքով սղոցարանով, իսկ 80-ական թվականների սկզբին այն փոխարինվել է ժամանակակից հզոր սղոցարանով:

  1956թ. գյուղում կառուցվեց մեքենայացված անասնապահական ֆերմա Գյոռուտ տեղամասում:

  1958թ. գյուղ բերվեց Մալականների աղբյուրի ջուրը:

  1958թ. գյուղի կենտրոնում գցվեց զբոսայգի և կանգնեցվեց Հակոբ Հակոբյանի բրոնզե կիսանդրին:

  1958թ. բացվեց գյուղական ակումբի հոյակերտ շենքը:

  1960թ. գյուղի կենտրոնում բացվեց կապի բաժանմունք 40 համարանոց հեռախոսակայանով: 1973թ. այն տեղափոխվեց ավելի ընդարձակ շենք, որտեղ տեղադրվեց նաև ռադիոկայանը՝ 415 ռադիոկետով: 1984թ. բաժանմունքում տեղադրվեց ավտոմատ հեռախոսակայան 200 համարով:

  1962թ. գյուղում կառուցվում է մեքենայացված հավի ֆերմա:

  1968թ. Թալիշում կանգնեցվեց հուշարձան Հայրենական պատերազմում զոհված 222 մարտիկների հիշատակին: Գյուղից զորակոչվել էին 489 հոգի:

  1976թ. սկսվեց և 1984թ. ավարտվեց լրիվ մեքենայացված անասնապահական համալիրը՝ 800 գլուխ կովերի համար: Այդ նույն ընթացքում շահագործվեց նաև Մատաղիսից եկող ջրանցքը:

  1984թ. գյուղում շահագործման հանձնվեց հզոր սերմազտիչ կայանը:

  1984թ. ավարտվեց 1979թ. սկսված  հիմնական ջրանցքի կառուցումը, որի արդյունքում կառուցվեց երկու իրար միացված ջրամբարներ՝ յուրաքանչյուրը 500 տոննանոց, իսկ Հոռի աղբյուրի, Քըռնովի, Մալականների աղբյուրի և Սալբունց ծովի ջրերը հասցրին այդ ջրամբարները:

 

 

  Արցախյան պատերազմի տարիներ

 1988թ. փետրվարի 13-ին Թալիշի ամբողջ հասարակությունը մյուսների պես ևս արձագանքեց  Ղարաբաղյան շարժման առաջամարտիկների կոչին՝ ԼՂԻՄ-ը տարանջատելու Ադրբեջանից և վերամիավորելու Մայր Հայաստանին:

  1988թ. փետրվարի 20-ի հայտնի նիստից հետո իրար հաջորդող քաղաքական դեպքերը՝ Սումգայիթյան ոճրագործություն, շրջափակում, ագրեսիա, անասնագողություններ և այլ իրադարձությունները, հիմք հանդիսացան, որպեսզի գյուղում ստեղծվի աշխարհազորային խմբեր՝ մեր սահմանները պաշտպանելու համար: Ստեղծվեցին պահակային կետեր՝ գյուղի տարածք մտնող հիմնական ճանապարհների սահմանագլխին: Կարևոր հենակետերից բացի ամենօրյա հերթապահություն ստեղծվեց նաև տնտեսության անասնապահական ֆերմաներում, որոնք գտնվում էին գյուղի սահմաններին մոտ: Աշխարհազորային ջոկատներում ընդգրկվեցին 15 խմբեր, յուրաքանչյուրում 10-12 մարդ:

   1988թ. աշնանից սկսում են գյուղ վերադառնալ հայաստանաբնակ թալիշցիներ, որոնք համալրում էին գյուղի աշխարհազորը: Հետագայում 1990-91թ.թ. նրանք ստեղծեցին առանձին մարտական ջոկատ, որը մեծ դեր խաղաց գյուղի պաշտպանության գործում:

   1991թ. դեկտեմբերի 31-ին առաջին լուրջ հրետակոծությունը գյուղի վրա: Թշնամին հարձակման անցավ և գրավեց Ինջա գետի կիրճը:

  1992թ. հունվարի 6-ին հայ մարտիկները նորից վերահսկողության տակ առան կիրճը՝ ապահովելով հաղորդակցությունը Շահումյանի և Մարտակերտի շրջանների միջև:

  1992թ. հունվարի 13-ին ազերիների կողմից նորից հրետակոծության ենթարկվեց գյուղը, որի ժամանակ առաջին անգամ օգտագործվեց նաև <Գրադ> տիպի արգելված զենքը: 

  1992թ. փետրվարի 1-ին մեծածավալ հարձակում է սկսվում գյուղի վրա՝ Ղազախլարի հենակետի կողմից: Թշնամին հարձակման անցավ, ունենալով թվով իննը տանկեր: Մեր տղաները իսկական դիրքային կռիվ տվին և կարողացան հետ շպրտել իրենցից մի քանի անգամ գերակշռող թշնամուն:

  1992թ. փետրվարի 20-ին գյուղում ստեղծվում է միասնական ինքնապաշտպանական ջոկատ՝ կոլվարչության նախագահ Արարատ Սարգսյանի գլխավորությամբ: Ստեղծվում է ռազմական շտաբ՝ Վոլոդյա Սիմոնյանի գլխավորությամբ: Մարտական ջոկատի հրամանատար է նշանակվում Վանիկ Վլադիմիրի Օհանյանը, իսկ աշխարհազորի պատասխանատուն՝ գյուղսովետի նախագահ՝ Արոդյա Խալաֆյանը:

  1992թ. մարտի սկզբին թշնամու 11 տանկեր, որոնցից 5-ը <Տ-72> տիպի, մտնում են գյուղի տարածքը և հասնում մինչև բնակելի տներ: Մեր հրետանավորների ջանքերով, ինչպես նաև օգնության եկած շահումյանցիների շնորհիվ, մեր տղաները հետ են շպրտում թշնամուն:

  1992թ. ապրիլի սկզբին Թալիշի վրա բաց են թողնում <Երկիր-օդ> տիպի զենիթային հրթիռներ:

  1992թ. ապրիլի 10-ին հերթական գրոհ է սկսվում Թալիշի վրա: Մեր տղաներին հաջողվում  է հետ մղել գրոհը: Այդ օրը տեղի է ունենում Մարաղայի ողբերգությունը:

  1992թ. ապրիլի 18-ին խոշոր հարձակում է սկսվում Ղազախլարի ուղղությամբ: Մարտը սկսվում է կեսօրին և տևում մինչև ուշ երեկո: Թալիշցիներին օգնության են գալիս շահումյանցիները: Համատեղ ուժերով գրոհը հետ է մղվում, բայց անհավասար մարտում մեր տղաները տալիս են երկու զոհ:

  1992թ. մայիսի 4-ին նպատակ ունենալով Շահումյանի շրջանը անջատել Մարտակերտից՝ թշնամին լայնածավալ հարձակում է սկսում Թալիշի վրա և գրավում Ղազախլարի դիրքերը: 8 ժամ տևած անհավասար մարտում մեր տղաները տալիս են հինգ զոհ: Օգնության են գալիս շահումյանցիները և մարտակերտցիները՝ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ: Մշակվում է հարձակման պլան և գիշերը ժամը 4-ին մերոնք 100 քաջերով հուժկու հարվածով գրոհում են այն բարձրունքը, որտեղ դիրքավորվել էր թշնամու գումարտակը: Թշնամին խուճապահար փաղչում է՝ թողնելով 22 դիակ և տալով մոտ 40 վիրավոր: Մերոնք տալիս են երկու զոհ և մի քանի վիրավոր:

  Մայիսի 5-ին այդ պարտությունից կատաղած թշնամին ուժեղ հրետանային կրակ է բացում գյուղի վրա՝ օգտագործելով <Գրադ> և հրետանային կայանքներ, տանկեր, ինչպես նաև <ՈՒրագան> արգելված զենք: Գյուղի վրա թափվում է ավելի քան 500 արկ, քանդվում և ավիրվում են տասնյակ տներ, զոհվում է մեկ երիտասարդ մարտիկ: 

  Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը օգտվելով այն բանից, որ ամբողջ գյուղը սգի մեջ է և կատարվում էր տղաների հուղարկավորությունը՝ թշնամին հարձակվում է և զավթում Ինջա գետի կիրճը: Նույն օրը առավոտյան մեր ազատամարտիկները հետ են շպրտում նրանց:

  Մայիսի 11-ին ձգտելով վրեժ առնել Շուշիում կրած ջախջախից պարտությունից՝ ռազմական ծանր տեխնիկայի և հեռահար հրետանու ամբողջ կրակային ուժը ուղղում է Թալիշի վրա՝ 14 ժամ անընդմեջ հրետակոծելով բնակավայրը: Գյուղի վրա պայթում է 100-ից ավելի գրադ և նույնքան էլ հրետանու և տանկի արկ: Հիմնովին այրվում է 5 տուն, վնասվում և փլվում են 50 տուն, վնասվում են տնտեսության գրասենյակը, դպրոցը և անասնապահական համալիրը:

  Մայիսի 28-ին գյուղը ռմբակոծության է ենթարկվում ՍՈՒ-25 տիպի ռմբակոծիչներից, իսկ հունիսի 5-ին հրթիռակոծում են <Կոբրա> տիպի երկու հատ ուղղաթիռներ, նորից վնասվում են մի քանի տներ:

  Հունիսի 13-ին տեղի է ունենում Շահումյանի շրջանի անկումը:

  Հունիսի 16-ին ընկնում է նաև Թալիշ գյուղը:

  1992թ. օգոստոսին Մահապարտների ջոկատին  միանում են 20 թալիշցիներ

  1993թ. փետրվարին Շահումյանի պարտիզանական ջոկատին  միանում են թալիշցի վրիժառուները և մինչև մայիսի վերջը նրանց թիվը հասնում է 137-ի:

  1993թ. օգոստոսին ՀՀ ՊՆ կից ստեղծվում է <Թալիշ> գումարտակը:

  1994թ. ապրիլի 14-ին ազատագրվում է Թալիշ գյուղը:

  

         Արցախյան ազատամարտին թալիշցիների մասնակցության մասին

Արցախյան ազատամարտին մասնակցել են թալիշեցի 250-ից ավելի մարդ:

Թալիշի աշխարհազորայինում………………..140 հոգի
Թալիշի մարտական ջոկատում………………..120 հոգի

Գյուղի անկումից հետո պայքարը շարունակել են 210 թալիշեցի  ազատամարտիկներ, որոնք ընդգրկվել են`

<Արծիվ – 1> գումարտակում…18 ազատամարտիկ
<Եղնիկներ> ջոկատում……....137 ազատամարտիկ(12-ը Արծիվից)
<Թալիշ> գումարտակում……...72 ազատամարտիկ(38-ը եղնիկներից)
Այլ ստորաբաժանումներում…..36 ազատամարտիկ(3-ը եղնիկներից)

Արցախյան ազատամարտում Թալիշից`

Զոհվել են…….44 հոգի
Վիրավորվել…46 հոգի

Ընդ որում`

 Ստորաբաժանում            Զոհված    Վիրավոր

  Գյուղում                          13           14
<Արծիվ գումարտակում         3             4
<Եղնիկներ> ջոկատում         4           12
<Թալիշ> գումարտակում       6             8
Այլ ստորաբաժանումներ      14              8

Գյուղում հակամարտության ժամանակ իենց աշխատանքի վայրում թշնամու գնդակից զոհվել են երկու հոգի, գրադից` մեկ հոգի: Պատերազմից հետո ծառայության ժամանակ թշնամու սնայպերից զոհվել են երկու հոգի:  

 

  Հետպատերազմյան տարիներ

  1994թ. զինադադարից հետո սկսվեց Թալիշի վերակառուցումն ու վերաբնակեցումը: 

              Առաջին բնակիչներն էին <Թալիշ> գումարտակի տղաները:

  1995թ. աշնանը վերաբացվեց Թալիշի միջնակարգ դպրոցը:

  1998թ. վերակառուցվեց Թալիշի գյուղամիջի եկեղեցին:

  1999թ. հունվարի 1-ից գյուղում բացվեց բուժկետ:

  2008թ. հուլիսի մեկից գյուղում գործում է մանկապարտեզ 35 երեխայի համար:

  2008թ. գյուղում կառուցվեց հանդիսությունների սրահ

  2009թ. նորոգվեց և կահավորվեց հանդիսությունների սրահը

  2009թ. կառուցվեց հուշահամալիր զոհվածների հիշատակին

  2012թ. խմելու ջրի բարելավման նպատակով կառուցվեց մեկ արտեզյան:

  2013թ. աշնանը գյուղի դպրոցն ունեցավ ինտեռնետ կապ:

  2014թ. ապրիլի 30-ին գործարկվեց Մատաղիսի պոմպակայանը և գյուղն ունեցավ

               ոռոգման ջուր:

 

 

 

        Ծրագրեր

 

  1. Դպրոցական նոր շենքի կառուցում
  2. Մանկապարտեզի նոր շենքի կառուցում
  3. Գյուղապետարանի նոր շենքի կառուցում

 

                        ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ   ԿՐԿՆՎՈՒՄ Է...

 

   2016 ԹՎԱԿԱՆ ԱՊՐԻԼԻ 2: Ազերի բարբարոսների լայնամաշտաբ գիշերային հրետակոծության ու Թալիշի վրա հարձակման հետևանքով բնակավայրը նորից դատարկվեց: Մեկ անգամ ևս տեղահանվեց բնակչությունը, որոնք լքելով ծննդավայրը` ապաստան  գտան  Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում: