Գյուղական առօրյա

«Գնդակը բերանով բռնող հրամանատարը»
«Գնդակը բերանով բռնող հրամանատարը»

Թալիշեցի ազատամարտիկ Անդրանիկ Սարգսյանի տնեցիները սեղանին սկսում են շարել քաղցրավենիքով լի ափսեները: Այդպես էլ պատերազմի մասին նրա հիշողություններն են անշտապ հավաքվում մի գծի վրա, ու այդ տարածքն այնքան է մեծանում, որ կարող է թաքուն կլանել քեզ: Հետո այդ հիշողությունները վերածվում են երբեմն գունավոր, երբեմն սև-սպիտակ էսքիզների: Պատերազմի «նախերգանքը»՝ Թալիշում «Գիտե՞ք ոնց էր, երբ առաջին անգամ Սարգսյան Արարատը մեզ ասաց՝ ով ինչ հրացան ունի, վերցնի, հանկարծ եթե զգաք այնպիսի շարժում, կկրակեք, մարդ կսպանեք, էդ ժամանակ մտածում էինք, թե ոնց կարելի է մարդ սպանել: Հետո կյանքը կամաց-կամաց բերեց նրան, որ եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Պատերազմի միակ սկզբունքը դա է»,- վարագույրի ծալքերին հայացքը հառած՝ ասում է նա: Թվում էր, թե պատմություննը այդ ծալքերից դուրս էր եկել, հասել հյուրասենյակի կենտրոն, ու մենք հեռվից դիտում էինք այն: «Զենք վերցրեցինք, հետո ես մտա հայաստանաբնակ թալիշեցիների ջոկատը՝ 91-ին: Այդ ջոկատի առաջին հրամանատարը Մեժլումյան Բորիկն էր: Եթե պատմությունը չաղավաղենք, պիտի ասեմ, որ ինչ-որ կուսակցական ուժեր ուզում էին պառակտել Թալիշը, բաժանել երկու մասի, բայց եկավ մի տղա՝ Վանիկ Օհանյանը, որը վերցրեց հայաստանաբնակ ջոկատն իր հրամանատարության տակ: Ասաց, որ ես պետք է լինեմ իր տեղակալը, և մենք պետք է գնանք Սարգսյան Արարատի մոտ: Ասաց, որ Թալիշը պետք է ունենա մեկ հրամանատար: Եվ մենք շատ համերաշխ միացանք»,- նշում է նա: 1991 թ. դեկտեմբերի 31-ին առաջին հարձակումն էր գյուղի վրա: Այդ ժամանակ Մաղավուզից Շահեն Մեղրյանը ջոկատ էր ուղարկել թալիշեցիներին օգնության: Զրուցակիցս ասում է, որ Թալիշը հրամանատությամբ ենթարկվում էր Շահեն Մեղրյանին: «Ինձ թվում ա՝ մեր գյուղացիները շատ մեծ հավատ ունեին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է գալ մի օր, որ թալիշեցին իր տանը չլինի: Ես իմ պապային թույլ չէի տալիս, որ իմ էրեխեքին հանի տնից: Ապրում էինք հողի մեջ սարքված բլինդաժներում, բայց գյուղից դուրս չէինք գալիս: Շատ քիչ մասսան էր դուրս գալիս գյուղից մինչև 92-ի հունիսի 16-ը: Այդ ժամանակ եղավ Թալիշի անկումը»,- ասում է Անդրանիկ Սարգսյանը: Չխորտակված հույսերը 1992 թ. հունիսի 15-ի գիշերային հերթափոխից հետո գյուղ էր մտել: Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար էր: Գյուղացիներին տեղափոխել էին գյուղից: Ասում է՝ չէր հավատում, որ կարող էին կորցնել Թալիշը: Հունիսի 16-ին չորս կողմերից մտան գյուղ, ինքնապաշտպանություն իրականացնելն անհնար էր: Ադրբեջացնիներն առաջին հերթին թալանել էին Թալիշը, հետո վառել այն: «Բայց մեր հույսը չէր կտրում, մենք չէինք հաշտվում էն մտքի հետ, որ Թալիշը մերը չի»,- ասում է թալիշեցին: Գյուղի անկումից հետո թալիշեցիները ստեղծեցին մահապարտների ջոկատ: Այնուհետ Շահեն Մեղրյանը Սլավիկ Իսկանդարյանի գլխավորությամբ ստեղծեց Թալիշի վաշտը: «Եղնիկներն» արդեն բաժանվել էր 3 հիմնական մասի. կենտրոնը գտնվում էր Եղակերում, մի բազան՝ Գյուլիստանի մոտ, «Լեռ» էր կոչվում, իսկ երրորդ բազան՝ Թալիշի մոտ, որ կոչվում էր «Օջախ»: Այդպես անվանել էր Մեղրյանը՝ ասելով, որ թալիշեցիները գտնվում էին իրենց օջախում, այսինքն՝ Թալիշում: Թալիշի ազատագրումը Գյուղի գրավումից հետո թալիշեցիները «ելումուտ» էին անում գյուղում: Դա, իհարկե, հետախուզության տեսքով էր: 1993 թ. մարտի 26-ին գյուղ էին մտել, որտեղից նույնիսկ գինին էին տարել: «Հիշում եմ, որ երբ առաջին երեխաս ծնվել էր, մայրս գինի էր թաղել թզի ծառի տակ, երևի ինչ-որ նպատակներ ուներ: Գյուղը չորս կողմից ականապատելուց հետո մի մեծ սար կար, էնտեղ թուրքի գնդացիր էր դրված, դա պայթեցրինք, մտանք մի չորս շիշ գինին էլ հանեցինք, մտանք անտառ: Ու հաջորդ օրը Շահեն Մեղրյանը հարձակվեց Տոնաշենի վրա»,- նշում է նա: 1994 թ. ապրիլի 9-ին թալիշիցները հարձակվել էին գյուղի վրա (այդ ժամանակ Անդրանիկ Սարգսյանը հետախուզական դասակի հրամանատարն էր): «Մենք պատուհան էինք փնտրում, միայն թե մտնեինք Թալիշ»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Այդ «փնտրտուքը» տևեց մինչ ապրիլի 24-ը: «Ցավոք, ես չկարողացա մտնել Թալիշ: Ապրիլի 11-ին լիքը վիրավորներ էինք տվել, ես էլ էի վիրավորվել»,- նկատում է նա: Գնդակը վնասել էր նրա բերանը: Հետո դա կատակի էին վերածել՝ ասելով, թե «հրամանատարը գնդակը բերանով էր բռնել», այնուհետ պատկերը հավաքական էին դարձրել՝ ասելով, թե «թալիշեցիք գյուլլեն բերանով են բռնում»: Այս խոսքերից հետո ծիծաղում է, հետո ծիծաղը սառում է, ժպիտը կորում է: Թալիշի ազատագրումից երկու օր անց՝ ապրիլի 26-ին, հրադադար հայտարարվեց: «Մենք չէինք սպասում հրադադարին: Սպասում էինք, որ վաղը, մյուս օրը Շահումյան կա, Գյուլիստան կա, մեզ համար անհավատալի էր, որ կռիվը կանգնել էր… Խաղաղությունը շատ լավ բան ա, բայց եթե բոլոր հողերը մեր ձեռքում լինեին, հետո հրադադար լիներ, մենք ավելի հանգիստ էինք լինելու»,- նշում է նա: «Պատերազմը քաշեց ազգի սերը» «Կորցրեցինք մեր շատ լավ ընկերներին: Ոնց որ ազգի սերն այ սենց քաշեին: Կարող ա շատ մարդիկ չնկատեն, բայց ամեն գյուղում էլ տենց ա եղել՝ թե՛ պատահականություն էր, թե՛ դիտմամբ էր, ոնց որ ջոկեին… Չկա լավ ու վատ, կարող ա մեկն ասի՝ ես սաղ եմ մնացել, վա՞տ մարդ եմ, չէ, սաղերի մեջ էլ կան լավ մարդիկ, բայց մահացածների բոլոր կենսագրությունները կարող եմ պատմել, կտեսնեք, որ էդ մարդիկ, իրոք, մարդ են ծնվել, ծնվել էին ապրելու, ընկերության, ընտանիքի համար, բայց, ցավոք սրտի, կորցրեցինք էդ տղաներին»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Ընկերների կորուստը համարում է իր կյանքի մեծագույն կորուստը, իսկ ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Թալիշն է: Այս մտքի վրա ժպիտը, կարծես, գլորվում է դեմքին: Ազատագրված Թալիշում առաջին վերաբնակված ընտանիքը Արամ Բայունցինն էր: Նրա տանն էլ 1994 թ. հոկտեմբերի 1-ին պատրաստել են առաջին ձվածեղը: «Տղաներից մեկը դուռս բացում ա, տեսնում ա ձվածեղ ենք ուտում, գնում ա պոստերում ասում՝ հրամանատարը ձվածեղ ա ուտում»,- մեղմ ժպտում է: Դրան հաջորդող տարին ինքնակամ դիմում է գրում զինծառայությունից դուրս գալու համար: Իսկ մինչ այդ մեկ տարի շտաբային աշխատանքներ էր կատարում: Այդ ընթացքում էլ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով Մանվել Գրիգորյանը տարավ իր մոտ՝ Թալիշի գումարտակ ստեղծելու համար: 5-րդ բրիգադի կազմում ստեղծեցին Թալիշի գումարտակ նույն գյուղում, որի հրամանատարն ինքն էր: Դրանից հետո նա դուրս եկավ զինծառայությունից: Ասում է՝ պատճառն առողջությունն էր: «Ես զգում էի, որ արդեն ղեկավարել չեմ կարող, երբ մարդ ծառայության ընթացքում դուրս է գալիս իր ֆունկցիաներից: Եկել էր պահ, որ արդեն ձեռք էի ուզում բարձրացնել զինվորի վրա, դա ինձ կանգնեցրեց: Չեմ սիրել, որ հրամանատարը կամ պատասխանատուն բարձր է պահում իրեն ծառայողից»,- նշում է նա: 1995 թ.-ին էլ ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ ունեն կահույքի փոքր արտադրամաս: Ասում է՝ մեկ է, հոգով-սրտով Հայաստանում է: «Երբ խաղաղություն է լինում պատերազմից հետո, էդ ժամանակ սկսում է պայքար խաղաղ բնակչության և էդ կռվող տղաների միջև: Եկան ոչ արժանի մարդիկ, որոնք հանրապետությունում քեզ տեսնելիս փախնում էին, որովհետև մտածում էին, թե բռնելու տանելու ենք կռիվ: Հետո էդ մարդիկ դարձան սեփականատերեր, պաշտոններ ունեցան»,- նշում է ազատամարտիկը, ով մինչ օրս շարունակում է բուժվել: Առողջությունը, նկատում է նա, թողել է պատերազմի դաշտում, դժվար է քայլում: Երևան գալն էլ պայմանավորված է առողջական խնդիրներով: «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա: Մարինե Մարտիրոսյան

Կարդալ ավելին 03-05-2015

ԵՐԵՔ ՏԱՇՏԱԿ, ԵՐԵՔՆ ԷԼ ԴԱՏԱՐԿ…
ԵՐԵՔ ՏԱՇՏԱԿ, ԵՐԵՔՆ ԷԼ ԴԱՏԱՐԿ…

1994 թվականի ապրիլին Թալիշ գյուղն ազատագրելուց հետո շատերը վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել ավիրված իրենց օջախները: Այս տարիների ընթացքում գյուղ վերադարձած թալիշցիները` գյուղապետ Վիլեն Պետրոսյանի գլխավորությամբ արեցին շատ բան գյուղը վերակառուցելու համար: Ցավոք սրտի այդ ծանր ու դժվար տարիներին մեր համագյուղացիները, որոնք ապրում են Հայաստանում և Արտերկրում, ոչինչ չկազմակերպեցին` օգնելու և մասնակից լինելու գյուղի վերակառուցման գործընթացին ու սատար կանգնելու բնակչությանը: Ճիշտ է, եղել են համագյուղացիներ, որոնք փոքր նվերներ են հատկացրել գյուղի համայնքին և դպրոցին, բայց դրանք էական եղանակ չեն փոխել բնակավայրի վերականգնման դժվարագույն պրոցեսներին: Թե ինչքան աշխատանք է կատարվել, որը պետության կողմից, որն էլ տարբեր կազմակերպությունների կողմից, բայց որ գյուղն ունի մի շարք հիմնախնդիրներ, դա ակնհայտ է: Գյուղում ամենաառաջին պրոբլեմը, դա ջրի հարցն է և ճանապարհները: Կան նաև բազմաթիվ խնդիրներ կապված թե սոցիալ-տնտեսական, թե սոցիալ-կենցաղային և թե կուլտուր-կենցաղային ոլորտներում: Իսկ այդ բոլոր հիմնահարցերը լուծելու համար պետք է և պետական աջակցություն և թե գյուղից դուրս ապրող թալիշցիների աջակցությունը: Այդ առումով 2007 թվականի սեպտեմբերին /թեկուզ շատ ուշացած/ Երևանում ստեղծվեց <<Թալիշ>> բարեգործական-հայրենակցական միավորում հ/կ-ը, որը գործեց մոտ 10 ամիս: Կազմակերպության նախագահ ընտրեցինք Վահրամ Աբրահամյանին` խելացի, գործունյա և հայրենասեր մի անձնավորության, որ պատրաստ էր անել ամեն ինչ գյուղի և ժողովրդի համար: Կարճ ժամանակաընթացքում կատարվեց բոլոր հայաստանաբնակ թալիշցիների ցուցակագրում, ակտիվորեն մասնակցեցինք նախագահական ընտրություններին, այն ակնկալիքով, որ մեզ կաջակցեն մեր առջև դրված նպատակների ու խնդիրների լուծման համար, բայց ոչ մի օգնություն չստացանք թե պետության կողմից և թե կարող ուժերի կողմից: Ավելին` իմ ջանքերով կազմակերպեցի թալիշցի կարող ուժերի ճանաչողական հանդիպում, Կազմակերպությանը սատարելու համար, բայց վերջին հաշվով որոշ նեգատիվ ուժերի կողմից քանդվեց կազմակերպությունը և դադարեց նրա գործնեությունը: 2008 թվականի աշնանը հրավիրեցինք ակտիվ ազատամարտիկներից նախաձեռնող խումբ և խորհրդակցելով իրար հետ, արդյունքում ստեղծեցինք <<Թալիշի պաշտպան>> վետերանների հ/կ-ը, որն իր առջև նպատակ դրեց զբաղվելու զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական հարցերով, ինչպես նաև փորձի մասնակցություն ունենալու գյուղի վերականգնման գործընթացին: Մենք միայն մի բան էինք մտածում. Ազատամարտիկը իր արյան գնով ազատագրեց իր օջախը` ինքն էլ տեր կկանգնի նրան: Առաջ անցնելով ասեմ, որ Կազմակերպության ստեղծմամբ վերացավ այն վակուումը, որը ստեղծվել էր 15 տարիների ընթացքում: Աշխուժացավ կապը մեր ազատամարտիկների միջև, իսկ նրանցից շատերը, որոնք մինչ այդ չունեին պարգևներ, բոլորն էլ արժանացել են պարգևների` ստանալով կառավարական ու գերատեսչական մեդալներ: Կազմակերպության կողմից իրականցվեցին մի շարք միջոցառումներ, որոնք ուղակի թե անուղակի կապված էին գյուղի հետ /Այդ միջոցառումների մասին մանրամասն նշված է կայքի <<Պահապան Արծիվներ>> բաժնում/: Բայց այս բոլորը կատարվեց Կազմակերպության մի քանի անդամների գրպանի հաշվին և այս դեպքում նորից չստանալով աջակցություն` մենք չկարողացանք իրականացնել Կանոնադրությամբ ամրագրված խնդիրներն ու նպատակները: Ավելին` վերջին երկու տարում Կազմակերպության նախագահ Միքայել Ապրեսյանը, որը չէր ճանաչում համագյուղացիների և ազատամարտիկների 90 տոկոսին` ամրապնդելով իր դիրքերը, սկսեց գործել միանձնյա. կայացնելով որոշումներ ու հայտարարություններ, տեղյակ չպահելով Կազմակերպության Խորհրդի անդամներին: Նույնիսկ ծանոթանալով <<Նոյան տապան>> լրատվական գործակալության ղեկավար, համագյուղացի Տիգրան Հարությունյանին` նրա լծակներն օգտագործեց միայն իր համար համացանցում ճանաչողական կլիպներ վերարտադրելով: Սրանք և մի շարք այլ նեգատիվ հանգամանքներից ելնելով Կազմակերպության Խորհուրդը որոշում ընդունեց կատարելու նախագահի վերընտրություն: 2014 թվականի մարտի 1-ին կայացավ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով, որի որոշմամբ ըմտրվեց Կազմակերպության նոր Խորհուրդ և Խորհրդի նախագահ ընտրվեց բոլորի կողմից հարգված, գնդապետ Վոլոդյա Զալունցը: Նորընտիր Խորհրդի առաջին գործը եղավ այն, որ կազմակերպեցինք Թալիշի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում գյուղում, որն էլ անցավ մեծ հաջողությամբ: Հետագա մեր գործնեությունը կապված էր միայն ու միայն Կազմակերպության խնդիրների ու նպատակների իրագործման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ և այլ լծակներ ազատամարտիկների սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ լուծելու համար: Այսօր ինչ խոսք այդ բոլոր լծակների մենաշնորհը տրված է ԵԿՄ-ին, որի համար էլ մենք համագործակցում ենք Երկրապահի հետ, Կազմակերպության անդամ ազատամարտիկներին ներկայացնելու ԵԿՄ Կազմակերպությանը: Սա պետք է առաջին հերթին ազատամարտիկների համար Արցախյան պատերազմի մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար, ինչպես նաև մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բայց նախ և առաջ պիտի կայանա մեր Կազմակերպությունը, որի համար խնդիր դրվեց անդամակցության հարցը, այն պիտի կայանա փուլ առ փուլ` նախ Հայաստանում, հետո Ռուսաստանի Դաշնությունում, ցանկության դեպքում նաև Ղարաբաղում: Խորհրդի որոշմամբ կատարվում է մուտքի անդամավճար և ամսեկան անդամավճար` 500 դրամի չափով: Ինչքան շատ անդամներ ունենանք, այնքան շատ ֆինանսական մուտքեր և բնական է գործնեության հնարավորություններ: Գործընթացը սկսվել է այս տարվա հունվարից և արդեն ունենք 50-ից ավելի անդամ, որոնք ստացել են Վկայականներ: Ստեղծելենք նաև կանանց խորհուրդ և աշխատում ենք Կազմակերպությանը կից երիտասարդական թև ստեղծելու համար: Ծրագրավորել էինք մեկ տարվա ընթացքում այստեղ և արտերկրում Կազմակերպության մասնաճյուղերը հիմնելուց հետո, երբ արդեն ունենանք որոշակի ֆինանսական կարողություն` համախմբենք թալիշցիներին, ստեղծենք ամուր կառույց, որից հետո ժողովրդի միասնությունը կբերեր նաև Հոգաբարձուների Խորհրդի ստեղծմանը` հետագայում կարող ուժերից որոշակի ֆինանսական ներդրումներ կատարելու և բնականաբար նաև դրան համապատասխան ծրագրեր իրագործել: Բայց արի ու տես առանց հող նախապատրաստելու, առանց հիմքը դնելու Միշա Ապրեսյանը առաջարկում է վերը թվարկվածներից անտեղյակ մի քանի հարգարժան թալիշցիների ստեղծելու Թալիշ հիմնադրամ և Հոգաբարձուների խորհուրդ: Չէ որ այդ Խորհուրդը կարելի էր ստեղծել Թալիշի վետերանների միության կից կամ էլ նույնիսկ դեռևս իրավաբանական ուժ ունեցող <<Թալիշ>> հայրենակցական-բարեգործական միավորման կից: Այսքան փոքր համայնքի համար երրորդ խմբավորման ստեղծելը, սա առնվազն կնիք ունենալու մոլուցք է, ուրիշ ոչինչ: Ինչ որ է. Այսօր կան արդեն արձագանքներ թե Հայաստանում, թե Ռուսաստանից, որոնք հարցնում են, թե որ մեկին պիտի օգնենք և որ <<ում տաշտում պիտի խմոր հունցենք>>: Ցավում ու ափսոսում եմ, որ միավորվելու փոխարեն, պառակտվում ենք…, այսպես շարունակելով հարց չենք լուծի:

Կարդալ ավելին 02-16-2015

ՀԵՐԹԱԿԱՆ  ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ  ԹԱԼԻՇՈՒՄ
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԻՇՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին, տարեմուտի շեմին Թալիշի երեխաները հերթական անգամ կստանան իրենց փոքրիկ նվերները` պատրաստված գյուղապետարանի կողմից: Ամանորի տոներին նախապատրաստած նվերները արդեն հիգերրորդ տարին բաժանվում է մեր երեխաներին, որի նախաձեռնողն ու հովանավորն է Մինսկում բնակվող թալիշեցի բարերար Բորիս Գարեգինի Սաղաթելյանը: Այս բարի ավանդույթը, որը գործում էր կոմունիստական հասարակարգի ժամանակ, երբ արհմիությունները տոնական այդ օրերին նվերներ էր բաժանում երեխաներին, ինչ խոսք` վերացել էր Արցախյան գոյամարտից հետո: Եվ այս գեղեցիկ ու հայրենանվեր գործը Թալիշում վերականգնվեց 2010թ. Տարեմուտին: 2009թ. Հուշահամալիրի կառուցումից հետո Բ. Սաղաթելյանի մյուս մտահաղացումն ու ցանկությունը եղավ այն, որ Թալիշի բոլոր երեխաները տարեմուտին նվերներ ստանան: Եվ նա իր խոստման տերն էր: Այս տարի ևս, արդեն հիգերրորդ անգամ, մեր երեխաները կստանան իրենց բաժին ծանրոցը` բազմատեսակ մրգերով ու քաղցրահամ ուտեստներով: <<Արդեն ձեռք է բերվել այն ամենը, ինչ նախատեսել էիք, - ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը և շարունակում, - այս տարի 2500 ամերիկյան դոլլարին համարժեք գումարի նվերները` թվով 184 հատ, կբաժանվեն նախադպրոցական և դպրոցական տարիքի բոլոր երեխաներին, ինչպես նաև զոհված ու վիրավոր ընտանիքներին>>: Թող բարով վայելեն երեխաները: Շնորհակալություն բարերարին, նրա բարի կամքի ու հայրենանվեր գործերի համար:

Կարդալ ավելին 12-28-2014

ԱՐՑԱԽԻ <<ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ>> ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ ԹԱԼԻՇՈՒՄ
ԱՐՑԱԽԻ <<ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ>> ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ ԹԱԼԻՇՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին Թալիշի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ճոխ համերգ` Արցախի <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ: Միջոցառումը, որ նախաձեռնել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԼՂՀ շրջաններում մշակույթային կյանքի աշխուժացման, մայրաքաղաք-շրջաններ կապի ամրապնդման, հայ ժողովրդի մշակույթային արժեքների պահպանման, մատաղ սերնդի շրջանում ազգային մշակույթի տարածման նպատակ էր հետապնդում: <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթի կատարումները, ազգագրական երգերն ու պարերը ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից: Թալիշցիները իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին համույթի երիտասարդ ու տաղանդավոր անդամներին, նրա գեղարվեստական ղեկավար Գարի Ավանեսյանին և համույթի տնօրեն Սլավա Ապրեսյանին: Նշենք, որ համերգը կայացել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում բնակվող թալիշեցի Կարո(Գարեգին) Բայունցի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարի համույթի կողմից ռուսաստանյան հյուրախաղերի ժամանակ:

Կարդալ ավելին 12-27-2014