Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»
Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին։ Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել։ Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները, սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել։ Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ։ Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել։ Հարցին, թե քանի՞ ընտանիք կարող է տեղավորվել Ալաշանում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ 26։ Այսինքն, դեռ շուրջ 6 ընտանիքի տեղ կա Ալաշանում։

Վերադառնալ 09-07-2016