Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ
Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ

Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչները վերջին օրերին հանդիպումներ են ունենում ապրիլյան պատերազմից հետո Թալիշից տեղահանված բնակիչների հետ եւ կացարաններ առաջարկում Արցախի Ալաշան եւ Իջան բնակավայրերում: Սա, ըստ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի, դեռ չի նշանակում, որ երբեւէ Թալիշ վերադառնալու թեման փակված է համարվում, սակայն այս պահին սա միակ ելքն է: «Բնականաբար Թալիշ վերադառնալը մեզ համար առաջնահերթություն է: Բոլորս նախընտրում ենք, որ ապագայում, ինչ-որ ժամանակահատվածում, թալիշեցիները պետք է վերադառնան Թալիշ, բայց այս պահի դրությամբ կառավարությունը նախընտրում է, որպեսզի նրանք Թալիշ չվերադառնան: Եվ դա նաեւ հենց թալիշեցիների ցանկությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դա պայմանավորված է եւ նրանց հոգեբանական ապրումներով եւ անվտանգության նկատառումներով, եւ միգուցե ավելի երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չլինելու հանգամանքով: Բեգլարյանի կարծիքով՝ եթե նույնիսկ այս պահին ուղղակի վտանգ չկա, դա չի նշանակում, որ խնդիրներ չեն կարող առաջանալ թշնամու կողմից ոտնձգություններ լինելու դեպքում, քանի որ Թալիշը սահմանին շատ մոտ է: Հիշեցնենք, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո շփման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող Թալիշ գյուղի մեծ մասն ավերվել էր, հրետակոծվել էր գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին էին հավասարվել։ Թալիշեցիները լքել էին գյուղը: Ավելի ուշ պարզվել էր, որ թշնամուն հաջողվել է նույնիսկ մոտենալ գյուղին եւ գյուղում մնացած 3 տարեց բնակիչներին խոշտանգել ու սպանել: Անդրադառնալով թալիշեցիներին տրամադրվող կացարաններին՝ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ տրամադրվող կացարանները բնակեցված չէին: «Ալաշան գյուղում սովետական շրջանից մնացած, վերջին շրջանում էլ որոշակի նպատակներով կիրառված առողջարանի տարածք է, էդտեղ շենքեր կան, սենյակները տրամադրելու են: Իսկ Իջան գյուղում նորակառույց տներ են: Առաջնահերթ քննարկվում է Ալաշանի տարբերակը: Ըստ նախընտրության որոշելու ենք՝ ով որտեղ է ցանկանում»,- ասաց Բեգլարյանը: Մեր հարցին՝ թալիշեցիները համաձայնո՞ւմ են այդ գյուղերում տեղավորվելու առաջարկին՝ Բեգլարյանը պատասխանեց, որ մի մասը համաձայնվում են, մի մասի հետ դեռ բանակցություններ են գնում: Ի դեպ, ըստ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի՝ այսօր թալիշեցիների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Վերադառնալով ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հետ մեր զրույցին՝ նշենք, որ ըստ Արտակ Բեգլարյանի՝ այլ գյուղերում տեղավորվելուն ընդդիմացողները հիմնականում չկողմնորոշվածներն են. քանի որ մի քանի տարբերակ կա, մարդիկ դեռ մտածում են, թե որտեղ է ավելի հարմար: «Հիմնականում դա է խնդիրը, այլ տիպի խնդիր՝ գոնե Արցախում գտնվող թալիշցիների մասով ես չեմ տեսնում: Երեւանում գտնվող թալիշցիների մասով միգուցե այդ խնդիրը կա: Բայց բոլորին էլ կոչ ենք անում վերադառնալ այստեղ, համապատասխան պայմանները կտրամադրենք: Բացի այն, որ բնակարանները տրամադրվում են անհատույց, ավելին՝ մենք իրենց տրամադրելու ենք որոշակի այլ սոցիալական երաշխիքներ: Համոզված եմ, որ համապատասխան պայմաններ էլ կտրամադրենք՝ ասենք գյուղատնտեսությամբ զբազվելու կամ այլ աշխատանքներ ստեղծելու համար, որպեսզի իրենց եկամտի վերջնական աղբյուրն ունենան»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե թալիշեցների վերաբնակեցման համար անհրաժեշտ գումարները բյուջեի՞ց են տրամադրվելու, թե՞ ԼՂՀ կառավարության բացած հաշվեհամարից, որին օգնություններ են փոխանցվում: «Միմիայն բյուջեից, քանի որ այդ հաշվեհամարից ծախսերը կատարվում են նպատակային՝ բանակի մարտունակության բարձրացման համար»,- ընդգծեց Բեգլարյանը: Խոսելով դեռ գործող հաշվեհամարի մասին՝ նա նկատեց, որ դեռ փոխանցումները շարունակվում են:

Վերադառնալ 09-07-2016