ԹԱԼԻՇԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ՝ ՍԱ Է ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վերակենդանացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Սահմանամերձ այս բնակավայրն ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատը կրեց մարդկային և նյութական կորուստներ։ Վերջերս իշխանությունները հայտարարել են գյուղի վերակենդանացման ծրագրերի մասին և թափով սկսել կենսագործել այն՝ վերացնելով ավերածությունների հետքերը։ Կ. Շահրամանյանի վկայությամբ՝ գործադիրը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ գյուղը վերականգնելու համար։ Նա նշեց, որ այդ աշխատանքներին զգալի աջակցություն է ցուցաբերել, այսօր էլ ցուցաբերում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, որի կողմից նախաձեռնված վերջին հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարը կնպատակաուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։ Թալիշն այդ առումով, թերևս, առաջին հորիզոնականի վրա է։ Կ. Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է Թալիշի հատակագծման նոր նախագիծը, ըստ որի՝ համանքը կունենա նոր մանկապարտեզ, դպրոց, հանդիսությունների տուն։ Նախատեսվում է բարեկարգել գյուղի ողջ տարածքը, բարվոք տեսք հաղորդել գյուղ մտնող ճանապարհին ու նրա շրջակայքին։ Ի՞նչ է Թալիշի վերակենդանացումը մեզ համար. բնակչության կողմից կա՞ այնտեղ վերադառնալու պահանջ, թե՞ այդ քայլով հոգեբանական խնդիր ենք լուծում։ Այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ հարցը կարելի է դիտարկել տարբեր կողմերից, և բոլոր կողմերն էլ ճիշտ կլինեն։ Ամեն դեպքում խնդիր է դրված Թալիշն ամբողջովին վերակենդանացնել, և այդ խնդրի լուծումը մեզ համար, ինչպես ընդգծել էր նաև հանրապետության Նախագահը, արժանապատվության հարց է։ Կ. Շահրամանյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3-4 անգամ եղել է այնտեղ, և շուտով Թալիշը կվերածվի մեծ շինհարթակի ու առաջիկա ամիսներին կվերացվեն պատերազմի բոլոր հետքերը։ Վերջերս Նախագահ Բ. Սահակյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղել է Թալիշում. ամբողջությամբ կատարվել է գյուղի էլեկտրիֆիկացումը, առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը։ Թալիշցի 10 տղամարդ, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ստիպված էին հեռանալ գյուղից, վերադարձել և փորձում են օգտակար լինել ջրամատակարարման համակարգի վերականգնմանը։ Թալիշցիների մի մասն այսօր բնակվում է Ալաշան տեղամասում, որտեղ նրանց համար կենսական պայմաններ են ստեղծվել. ապրում են ժամանակավոր կացարաններում, ուստի և շատերը ցանկություն ունեն վերադառնալ հարազատ օջախներ։ Թալիշի վերականգնմանը ներգրավվել է շինարարական մեկ խոշոր կազմակերպություն, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև երկրորդը, երրորդը։ Նախատեսվում է գալիք սեպտեմբերի 1-ից շահագործել նաև դպրոցը և Թալիշն այս կամ այն չափով բնականոն կյանքի փոխադրել։ Բնականաբար, առանց անվտանգության երաշխիքների այստեղ դժվար կլինի լուծել վերակենդանացման խնդիրը. Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանն էլ մի առիթով հայտնել էր, որ բոլոր աշխատանքներից առաջ լուծվելու է անվտանգության խնդիրը։ Լրագրողների հարցին, թե կա՞ն անվտանգության երաշխիքներ բնակչության համար, Կ. Շահրամանյանը նշեց. պատերազմող երկրի համար 100¬տոկոսանոց անվտանգության երաշխիքների մասին դժվար է խոսելը, բայց Թալիշը խոցելի է նույնքան, որքան այդ ուղղության մի շարք այլ բնակավայրեր, որտեղ մարդիկ են ապրում։ Իսկ ընդհանրապես, մեր անվտանգության երաշխիքը մեր զինվորներն են, ամուր առաջնագիծը։ ՙԹալիշին նոր տեսք, նոր շունչ պիտի հաղորդենք, մտածենք բնակչության զբաղվածության, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման մասին, իրականացնենք ծրագրեր գյուղատնտեսության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում՚,- ասաց Կ. Շահրամանյանը։ Ի՞նչ է արվելու Ալաշանի տեղամասի ժամանակավոր կացարանների հետ, որոնց վրա ևս պետբյուջեից գումարներ են ծախսվել՝ այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ դրանք կծառայեն որպես ամառային ճամբար, քանի որ ճամբարային հանգստի համար այնտեղ ստեղծվել են լավ պայմաններ։ Բնակչության զբաղվածության հարցին լուծում տալու համար կստեղծվի փոքր արտադրամաս, որտեղ կաշխատեն հիմնականում կանայք։ ՙԹալիշը մեր հյուսիսային սահմանի առաջին բնակավայրն է, այն մշտապես գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ աչքաթող են արվելու մյուս սահմանամերձ գյուղերը, բայց Թալիշն առավել մեծ ուշադրության կարիք ունի՚,- ասաց Կ. Շահրամանյանը։

Վերադառնալ 12-14-2016