Ստեփանակերտում կայացել է «Թալիշ» գրքի շնորհանդեսը
Ստեփանակերտում կայացել է «Թալիշ» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում կայացել է հայ անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի «Արցախապատում» շարքի «Թալիշ» գրքի շնորհանդեսը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը` նշելով, որ այս գիրքը շատ համահունչ է Արցախում ստեղծված իրավիճակին: Մ. Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի` Արցախ աշխարհի այդ գողտրիկ անկյան կարևորությունը. այն դարեր շարունակ մեր ժողովրդի և´ ուրախությունների և´ ողբերգությունների յուրօրինակ վկան է եղել: «Շատ մութ ամպեր են անցել նրա գլխով և շատ արհավիրքներ է տեսել, սակայն նա դարեր շարունակ մնացել է կանգուն: Թալիշցիները թև-թիկունք են դարձել միմյանց, զարկել են թշնամուն` զարկվել, ընկել, բայց երբեք չեն ծնկել. անառիկ ու անարատ են պահել Արցախ աշխարհի այսքան թանկ մեր մի կտոր հողը, և որպես պատգամ այն փոխանցել են մերօրյա սերունդներին»,-ասել է Մ. Հովհաննիսյանը և ընդգծել «Թալիշ» գրքի հեղինակ Նիկոլայ Օհանյանի կատարած մեծ գործը. նա տասնյակ տարիներ թերթել և ուսումնասիրել է գյուղի մասին պատմվող գիրք-մատյանները, ոտքով շրջել գյուղի հարևանությամբ ծվարած վանքերն ու ավերակները, մենավոր մատուռները, հավաքել գութանի բերանից սպրդած խաչքարեր և քանդակներ և իր ամբարած ողջ նյութերի հիման վրա շարադրել հարազատ Թալիշի պատմությունը` փայփայելով այն հույսը, որ իրենից գալիք սերունդներին որպես հիշատակ է թողել այս գիրքը: «Ներկայումս էլ շարունակվում է գրվել Արցախի ու Թալիշ գյուղի պատմությունը` ընդգրկելով արցախյան ողջ գոյապայքարը: Թալիշի հերոսական պայքարը գրի առնելու և սերունդներին հանձնելու համար շնորհակալ գործ են կատարել նաև Սաշա Սարգսյանը, Սլավա Բայունցը և ուրիշներ: Արցախի ու Թալիշի հերոսական պատմության տարեգրությանը վերաբերող Ս. Սարգսյանի և Ս. Բայունցի` արցախյան գոյամարտին, մասնավորապես, թալիշցի ազատամարտիկներին նվիրված նյութերը ևս տեղ են գտել «Արցախապատում» մատենաշարում,-մանրամասնել է Մ. Հովհաննիսյանը և հավելել,- կարևորն այն է, որ հասարակ, արհեստավոր Ն. Օհանյանը կարողացել է իմի բերել եղած նյութերը և այն պահ տալ սերունդներին: Գրքի մեջ ռեղ են գտել թալիշցի պարզ ու մաքուր, աշխատասեր, իրենց հողին նվիրված մարդկանց սրամտություններ ևս»,-ավելացրել է Մ. Հովհաննիսյանը: Գրքի խմբագիր Շուրա Օհանյանը, քաջատեղյակ լինելով հայրենի Թալիշի անցյալին ու ներկային, արգասավոր օգնությունն է բերել այս կարևոր գրքի լույսընծայմանը: «Թալիշցին միշտ էլ եղել է լավատես: Ապրիլյան իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին թալիշցիների հզոր ու անպարտելի ոգին: Ես համոզված եմ, որ Արցախի հյուսիսային դարպաս համարվող Թալիշը որպես փյունիկ վեր է հառնելու, շենանալու է ու դարեր հարատևի»,- իր խոսքում մասնավորապես ասել է Շ. Օհանյանը:

Վերադառնալ 05-22-2016