Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt
Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղն իր 150 հազար բնակչությամբ Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար։ Ադրբեջանի հետ պատերազմը, որը սառեցված էր համարվում, ապրիլին սրվեց, ռազմական գործողությունները ամենալայնածավալն էին 1994-ից հետո: Այս մասին գերմանական Tageblatt պարբերականում գրում է հոդվածագիր Արմանդ Բաքը՝ անդրադառնալով ապրիլին ծավալված մարտական գործողություններին։ «Այստեղ կրակոցներ հնչում են արդեն ավելի քան քառորդ դար։ Աշխարհի կողմից գրեթե մոռացված այս հակամարտությունը ապրիլի սկզբին նորից պատերազմի վերածվեց՝ որքան հանկարծակի, նույնքան էլ կարճատեւ։ Քառօրյա պատերազմից հետո 2 կողմերը միասին պաշտոնապես հայտնել են 110 զոհի մասին»,- գրում է հոդվածագիրը, որն այցելել էր Լեռնային Ղարաբաղ տեղում իրավիճակին ծանոթանալու։ «Հետագայում եւս անկախ մնալու եւ միջազգայնորեն ճանաչվելու համար Լեռնային Ղարաբաղը պետք է ոչ միայն խրամատներում պայքարի, այլ նաեւ նախարարների, խորհրդարանների եւ նախագահների մակարդակով»,- շարունակում է Արմանդ Բաքը եւ հիշեցնում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթը, ով նշել էր, որ այս թեմայով վերջին քննարկումները ԵՄ խորհրդարանում շատ դրական էին, ավելի լավ, քան նախկինում։ «Բանն այն է, որ Ադրբեջանն արդեն այլ լույսի տակ է երեւում։ Բաքուն մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշտության առաջարկները։ Դա իր հտեւանքներն ունեցավ. աշխարհն հիմա ավելի շատ իր հայացքն ուղղել է Լեռնային Ղարաբաղին»,- ասել էր պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ Հեղինակը մեջբերում է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որն ավելի վաղ այս կապակցությամբ ասել էր. «Խոսում են մեր մասին, բայց չեն ուզում խոսել մեզ հետ։ Դա ոչ մի բանի չի կարող հանգեցնել»։ Հեղինակը եղել է դիրքերում եւ զրուցել հայ զինվորների հետ։ «Ղարաբաղի դիրքերից գրեթե 400 մ այն կողմ իրենց խրամատներում նստած են ադրբեջանցի զինվորները։ Դիտակետից հստակ երեւում են բաժանարար գծերը։ Դիրքի պատասխանատու Թեւոս Հարությունյանը լրագրողներին ասում է. «Մենք զինվորներ ենք, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչեւ արյան վերջին կաթիլը»։ «Վերադառնանք ընտանիքների մո՞տ։ Միայն երբ այստեղ անելիք չենք ունենա»,- ասում է զինվորներից Ալեն Մինասյանը։ «Նորմալ մարդիկ հոգնում են շարունակվող արտակարգ իրավիճակից,- գրում է հեղինակը,- բայց քաղաքական որոշումներ կայացնողներն այլ կերպ են մտածում։ Զինվորները գիտեն, որ խաղաղություն գտնելն իրենց առաջադրանքը չէ: Դա թողել են քաղաքակ գործիչներին։ Քաղաքականությունը, սակայն, տասնամյակներ շարունակ սայթաքում է խաղաղություն գտնելու ճանապարհներին»:

Վերադառնալ 05-06-2016