Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը
Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ եւ տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելությունն էր կյանքում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Վերադառնալ 10-29-2016