«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ
«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ

Արցախի Թալիշ գյուղի հացահատիկի արտերում արդեն ավարտվել է հունձը, ինչը տեղի է ունեցել «Կարմիր Խաչ»-ի միջամտությամբ եւ առանց միջադեպերի: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ընդհանուր առմամբ Թալիշում ցանված է եղել 510 հեկտար հացահ ատիկ, որից հաջողվել է բերքը անվնաս հնձել ու հավաքել 438 հեկտար տարածքում: «Հունձը կատարելու ճիշտ ժամանակը հունիսի 20-ից էր: Փորձեցինք «Կարմիր խաչ»-ի միջամտությամբ ապահովել բերքահավաք կատարողների անվտանգությունը: Մինչեւ ձեռք կբերվեր պայմանավորվածություն, արդեն հունիսի 30-ին կատարեցինք հնձի առաջին փորձը, եւ թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ: Բարեբախտաբար, մենք մարդկային զոհ չունեցանք, սակայն հունձը մի քանի օր եւս ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց բերքի որոշակի կորստի: 18 հեկտար արտ հրդեհվեց, 54 հեկտար էլ չհնձվեց՝ թշնամու դիրքերին շատ մոտ գտնվելու պատճառով: Հնձի ընթացքում «Կարմիր խաչ»-ի երկու մեքենա գտնվել են արտերի մոտ, ինչի շնորհիվ էլ մեզ հաջողվեց անվտանգ ավարտել հունձը: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15-20 ցենտներ: 270 հեկտար ցանք կատարել է «Թալիշ» հիմնադրամը, 240 հեկտար՝ բնակիչները: Չհնձված արտերի հիմնական մասը պատկանում էր բնակիչներին: Բերքին որոշակի վնաս հասցրել էին նաեւ կրծողները, որոնց դեմ, անվտանգության խնդիրներից ելնելով, չկարողացանք ժամանակին պայքարել: Ինչեւէ, գոհ ենք, որ կարողացանք հավաքել բերքը»,- նշեց Վիլեն Պետրոսյանը: Ըստ գյուղապետի՝ առայժմ հարցականի տակ է նոր ցանքերի կատարումը, քանի որ վարելահողերը գտնվում են թշնամու նշանառության տակ: «Առայժմ անորոշ վիճակ է, չեմ կարող ասել՝ ցանք կլինի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում ցանքի համար հարկավոր կլինի ընտրել ավելի ապահով, անվտանգ հատվածներ՝ չնայած թշնամին հեռահար հրետանիով էլ կարող է սպառնալ»,- հավելեց գյուղապետը: Թալիշում այս օրերին ընթանում են նաեւ այգեգործական եւ պտղի բերքահավաքի, անգամ՝ օղեթորման աշխատանքներ, որոնք իրականացնում են առանձին տնտեսություններ, սակայն Թալիշի բնակչությունը խուսափում է գյուղում վերահաստատվելուց: «Հիմա էլ նույնքան վտանգավոր է ընտանիքներ Թալիշում պահելը, որքան՝ ապրիլի առաջին օրերին: Մարդիկ շատ են ուզում տեր կանգնել իրենց գյուղին, տանը, ապրուստին, բայց առայժմ այդ հնարավորությունը, անվտանգության լիակատար երաշխիքներն ապահովված չեն»,- ներկայացրեց գյուղապետը:

Վերադառնալ 07-17-2016