Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ
Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն  Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ

- Մինչև գյուղից տեղահանվելն ի՞նչ պայմաններում էիք իրականացնում Ձեր առաքելությունը։ - Նախքան բռնատեղահանությունը Թալիշի միջնակարգ դպրոցում սովորում էր 102 աշակերտ։ Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք թողեցինք դպրոցը, գյուղը։ Ներկայումս հիմնավորվել-բնավորվել ենք Ալաշան գյուղում և այս պահի դրությամբ ունենք 23 աշակերտ։ Ասում եմ՝ պահի դրությամբ, քանի որ ամեն օր աշակերտ է ավելանում։ Դուք էլ տեսաք, որ մեր պայմանները լավ են, բայց բոլորիս ցանկությունն է վերադառնալ մեր բնօրրանը։ Մեր դպրոցին շատ ենք կարոտում։ - Դպրոցը մասնագետներով ապահովվա՞ծ է։ - Թալիշի դպրոցում քսանհինգ հոգի էինք՝ ներառյալ նաև գրադանավարուհին, իսկ այստեղ դեռ տասնչորսն ենք։ Մեր ուսուցիչների մի մասն ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում։ Հուսով ենք՝ նրանք էլ կամա՛ց-կամաց կվերադառնան։ Բնակարանային խնդիր կա, այդ և հարակից հարցերը կարգավորման փուլում են։ Սպասում ենք, որ տնակների թիվն ավելանա, կարծում եմ, և՜ աշակերտները կշատանան, և՜ ուսուցիչները։ - Ինչպե՞ս եք իրականացնում ուսման գործընթացը... Այսօր դուք երկու խնդիր եք կատարում՝ պատշաճ ուսուցմանը զուգընթաց՝ պարտավորված եք դաստիարակչական ու բարոյահոգեբանական մեծ աշխատանք տանել։ - Համամիտ եմ։ Ուսուցումն, իհարկե, մեր հիմնական, կարևոր առաքելությունն է, բայց նաև ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները չընկճվեն, ուսմանը զուգահեռ ստանան ոգեղեն դաստիարակություն։ Սակայն նրանք, առիթով թե անառիթ, հարցնում են, թե երբ պիտի վերադառնան գյուղ, երբ պիտի վերադառնան իրենց դասընկերները, որոնց անչափ կարոտում են։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին առավել մեծ նախանձախնդրությամբ են լծված նրանց հայեցի դաստիարակության գործին՝ գլխավոր շեշտը դնելով հայրենասիրության, ազգասիրության վրա։ - Ինչ էլ որ անեն ձեզ համար, ինչ պայմաններ էլ որ ստեղծեն, միևնույն է, հարմարեցված դպրոցում խնդիրներ միշտ էլ լինում են։ - Խնդիրներ, ճիշտ է, միշտ էլ կան, իսկ երբ դրանք լուծելի են, սրտնեղել պետք չէ։ Հընթացս կլուծվեն մեր խնդիրները, նամանավանդ՝ ձեռք մեկնողներն էլ քիչ չեն։ Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր նրանց, ովքեր տեղահանության առաջին օրից առայսօր մեր կողքին են։ Նոր ուսումնականից մեզ մոտ չեն դասավանդվում ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաները։ Չունենք շախմատի մասնագետ, ժամաքանակն էլ քիչ է, քանի որ միացյալ դասարաններ են։ Մեր կենսաբանության ուսուցիչը երկար տարիներ զինղեկ է աշխատել, հենց նա էլ լրացնում է ֆիզկուլտուրայի ուսուցչի պակասը։ Թափուր տեղերի համար հայտարարությունները տրված են, սպասում ենք։ - Ուսուցչի պատրաստակամությունից, նրա տրամադրությունից, նպատակադրվածությունից շատ բան է կախված. ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունն ընդհանրապես։ - Մեր ուսուցիչները համախմբված են, միասնական, առավել՝ քան երբևէ։ Մենք պարտադրված ենք, արդեն որերորդ անգամ, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ անել, բայց ի՛նչ կարող ես անել, ճակատագիր է։ Ողջ աշխարհն է այսօր անհանգիստ, մարդուս ճակատագիրն է՝ պայքարել, արարել, դիմանալ՝ ինչ էլ որ լինի։ Մենք քաջ գիտակցում ենք, որ հասարակության ուշադրության կենտրոնում ենք, մեր կեցվածքը կարող է թևավորել, կարող է և թևաթափ անել։ Մենք պարտավորված ենք ուժեղ լինել և աշխատել ոչ միայն ի բարօրություն մեր սաների, այլև մեր համագյուղացիների։ Ի վերջո, նրանք դպրոցից շատ դրական լիցքեր կարող են տանել ընտանիք, իսկ դա, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Ես իմ կոլեկտիվի մասին միայն դրականը կարող եմ ասել. աջակցում ենք մեկս մյուսին՝ որքան հնարավոր է և ինչպես հնարավոր է։ - Չենք կասկածում, բայց ուզում եմ հարցնել՝ ԿԳՍ նախարարությունը ձեռք մեկնո՞ւմ է։ - Խոսք լինել չի կարող, միանշանակ, անձամբ կրթության նախարարն է այցելել մեզ, առաջին ձեռքից տեղեկանալու՝ ինչպես ենք տեղավորվել, ինչի կարիք ունենք։ Նույնը և՝ նախարարության մյուս աշխատողները, միշտ պատրաստակամ են ու հարեհաս մեր հոգսերին։ - Ապրիլյան դեպքերից հետո Թալիշում եղե՞լ եք։ - Ապրիլ ամսին անձամբ եմ գնացել, փաստաթղթերը տեղափոխել Մարտակերտի կրթության շրջանային բաժին։ Համայնքի ղեկավարի և մեր ուսուցիչների հետ միասին տեղափոխել ենք նաև չվնասված գույքը։ Իսկ վնասը շատ մեծ է, մեր համակարգիչները լրիվ շարքից դուրս են եկել, դպրոցի երրորդ հարկն ամբողջովին ավերված է, երկրորդ հարկի պատերը հրթիռահրետակոծությունից ակոսված են։ Նայում ես՝ սիրտդ մղկտում է, ինչպե՛ս կարողացան քրտինքով ստեղծածը մի քանի ժամում հիմնահատակ ավերել, ինչպե՞ս է ձեռքները բարձրանում... Ի՜նչ արած, մեզ էլ այդպիսի հարևաններ են բաժին ընկնել։ Մնում է տոկալ, դիմակայել, վերականգնել, արարել ու ապրել, հուսալ, որ տուն՝ Թալիշ կվերադառնանք մեկընդմիշտ, և այն ավելի շեն ու բարեբեր կդառնա բոլորիս շնորհիվ։ Մեզ այն հույսն է պահում, որ մի օր տուն կդառնանք, ու մեր առջև կբացվեն հիմնանորոգ մեր դպրոցի դռները։

Վերադառնալ 10-07-2016