Արցախի Ալաշան գյուղը բնակեցվում է տնից զրկված թալիշեցիներով
Արցախի Ալաշան գյուղը բնակեցվում է տնից զրկված թալիշեցիներով

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին: Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել: Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով: Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները. սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել: Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել: Հարցին, թե եւս քանի՞ ընտանիք կարող է տեղավորվել Ալաշանում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ 26: Այսինքն, դեռ շուրջ 6 ընտանիքի տեղ կա Ալաշանում: Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ Ալաշանում որոշակի ժամանակ հանգրվանելուց հետո թալիշեցիները կտեղափոխվեն Իջան ու Քոլատակ գյուղեր: Սակայն, երեկ Թալիշի գյուղապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ օրերս, երբ Ալաշան էր այցելել ԼՂՀ նախագահը, բնակիչները բարձրացրել են չտեղափոխվելու հարցը: Խնդիրն այն չէ, որ բոլորը գոհ են Ալաշանում. «Դե գիտե՞ք ոնց, սկզբի համար հարմար է: Եթե մեր տանը չենք, մեզ համար միեւնույնն է: Համարում ենք, որ սա ժամանակավոր է եւ փորձում ենք հարմարվել: Այստեղ լավն այն է, որ բնակչություն չկար, որ մենք խառնվեինք ուրիշ գյուղի բնակիչների հետ: Իջանի ու Քոլատակի լավ կողմերը միգուցե կան, բայց դրա հետ միասին մեր ժողովուրդը պիտի գնար, խառնվեր այնտեղի ժողովրդին: Ամեն դեպքում, մենք կարեւորում ենք մեր համայնքի դեմքը, սովորույթները, պաշտպանելը: Մենք մեր սովորություններն ունենք, ավանդույթներն ունենք, նրանք իրենցն ունեն: Մերոնք աշխատասեր ժողովուրդ են: Տեսնենք կարո՞ղ ենք մի բան ստեղծել»,- ընդգծեց նա: Ալաշանում առկա էր նաեւ դպրոցի, մանկապարտեզի, բուժկետի եւ այլ առաջին անհրաժեշտության հաստատությունների խնդիր: Վիլեն Պետրոսյանն ասում է, որ դպրոցի խնդիրը եւս կարծես թե լուծվում է. հնարավոր է, որ սեպտեմբերի 1-ից Ալաշանում դպրոց բացվի: «Դասերը կարող են անցկացվել նախկին հոսպիտալի շենքում: 2 հարկանի շենք է, սենյակները որպես դասարաններ կարող են օգտագործվել: Երեխաները քիչ են. այսօրվա դրությամբ 14 դպրոցահասակ երեխաներ կան այստեղ: Տեսնենք ոնց կդասավորվի. եթե դպրոց լինի՝ որոշ մարդիկ արդեն կուզենան գալ, ապրել այստեղ: Դպրոցի բացակայությունը եւս մարդկանց տեղափոխվելու համար խոչընդոտ էր հանդիսանում, շատ էր անհանգստացնում մարդկանց: Ինչ վերաբերում է գյուղապետարանին՝ այն գործելու է վերանորոգված բնակարաններից մեկում: Ապրելով Ալաշանում՝ փաստաթղթերով բնակիչները շարունակելու են համարվել թալիշեցիներ: Խոսելով Թալիշում եղած իրավիճակի մասին՝ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ այցելում է այնտեղ, դիրքերում որոշակի հանգստություն կա, գյուղում իրավիճակը նույնն է: «Վերջերս բերքահավաքը ավարտեցինք Կարմիր խաչի միջնորդությամբ. մկնանման կրծողները հասցրել էին վնասներ պատճառներ, բայց կարեւորն այն էր, որ կարողացանք հնձել, շատ թե քիչ: էդքանով որոշ չափով հանգիստ ենք հոգեպես: Մի 70 հեկտար մնաց, որ չկարողացանք հնձել՝ վառվել էր, մի մասն էլ ճակատային գծում էր, հնարավոր չէր հնձել»: Հիշեցնենք, որ Թալիշը 550 բնակիչ ունեցող գյուղ էր: Ապրիլյան պատերազմից հետո գյուղի բնակչությունը սփռվեց Ղարաբաղով ու Հայաստանով մեկ: Մեծ թվով թալիշեցիներ տեղափոխվել էին Չարենցավան, մի մասը մինչ այժմ բնակվում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում:

Վերադառնալ 09-07-2016