ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ
ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օրերս մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այցելեցին Մարտակերտի շրջան։ Այցի շրջանակում նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված մարտակերտցիների հուշակոթողին։ Այնուհետև շրջայցի մասնակիցները հանդիպեցին ապրիլյան իրադարձությունների հետևանքով տեղահանված Ալաշան բնակավայրում ապաստանած թալիշցիների հետ։ Դպրոցի սաները սիրով ընդունեցին և առաջիններից մեկը ողջունեցին Ստեփանակերտից ժամանած հյուրերին։ Այնքան անմիջական, ջերմ ու գեղեցիկ էին նրանց խոսքերը, որ թվում էր՝ վաղուց ու երկար են պատրաստվել հանդիպմանը։ Այնինչ նրանք դա նախաձեռնեցին հընթացս և՝ առանց ուսուցիչների միջամտության։ Իսկ վերջում չմոռացան նաև երգով գովաբանել իրենց. ՙԾաղիկների մեջ, ծաղիկներ ենք մենք, Թալիշի դպրոցի սանիկներն ենք մենք՚։ Հանդես գալով դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու աշակերտների առջև՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը ներկայացրեց այցի հիմնական նպատակը՝ նշելով, որ իրենք պատրաստակամ են օգնելու թալիշցիներին, իսկ աշակերտներին հորդորեց լավ սովորել, չընկճվել դժվարություններից և հաստատ համոզված լինել, որ մի օր կվերադառնան հարազատ բնօրրանը։ Հ. Միքայելյանը դպրոցի լավագույն երեք աշակերտների պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն տաղանդավոր երեխաներին՚ հուշամեդալով։ ՀՀ ՙՄիջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի՚ ՙՏիգրան Մեծ՚ մեդալին արժանացավ Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։ Հասարակական կազմակերպությունների կողմից դպրոցականներին ու բնակիչներին հանձնվեցին նվերներ, գրենական պիտույքներ, հյուրասիրեցին քաղցրավենիքով։ Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները շրջեցին թալիշցիների ալաշանյան բնակարաններում, ծանոթացան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, զրուցեցին գյուղացիների հետ։ Սահակյան Վահրամի հինգհոգանոց ընտանիքը տեղավորված է երեք սենյակում, շրջայցի մասնակիցներիս աչքերով բվականին հարմարավետ է, կահավորված։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ տանտերերը ևս դժգոհ չեն իրենց պայմաններից։ Մի ամիս առաջ Նվեր որդու համար Ստեփանակերտից հարս են բերել։ Նորահարս Հասմիկը դժգոհելու առիթ չունի, սիրած տղամարդու կողքին է, ու կապրի նրա հետ՝ որտեղ էլ որ բնավորվեն։ Տան մեծամայրը՝ 82-ամյա Արաքսյա տատիկը, ինչից խոսում էր, աղոթքի պես էին հնչում բառերը. ՙԹող աշխարհը խաղաղ լինի, մեր զավակներն անփորձանք լինեն, ոչ մի մոր աչք արցունք չտեսնի՚։ Թալիշ ու Ալաշան անունների միացումից գյուղացիներն իրենց բնակավայրը կնքել են նոր անունով՝ Թալիշան։ Մասնագիտությամբ գյուղատնտես՝ համայնքի ղեկավարի ՙձեռքի՚ գործն է, ասում են համագյուղացիները։ Մեծից-փոքր, որին խոսեցնես, Թալիշի մասին է խոսում, իրենց տան մասին։ Նանար Մուսայելյանի գրկի փոքրիկը՝ Արենը, չորս օրական էր, երբ թողեցին գյուղը, արդեն վեց ամսական է, ու այնքան մարդիկ են իրենց դուռը բացել, որ ում տեսնում է, ձեռքերը պարզած գիրկն է նետվում։ Բոլորի ցանկությունն է, որ Արենն իր 1-ամյակը Թալիշում նշի։ Նանարը չորս երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Ամուսինը՝ Գագիկը, Մատաղիսի դիրքերում է, սպասում են, շուտով տուն պիտի գա։ Մեր հարցին, թե դիրքերից ինչ խաբար է բերում, Նանարը ձեռքը թափ է տալիս։ Նա միայն երկու բառ գիտի՝ ՙլոխ լյավա՚։ Այդ հույսով էլ ապրում են թալիշցիները, որ մի օր իսկապես ՙլոխ լյավ կլինի՚, միայն թե դիմանալ է պետք, վաղվա օրվան հույսով ու հավատով նայել է պետք։ Իսկ թալիշցիները տրտնջալ չգիտեն, նրանք արարող, ստեղծող ժողովուրդ են, և ինչպես իրենք են վկայում, միշտ լավ են ապրել։ Միջոցառման մասնակիցների հաջորդ կանգառը հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էր։ Զորամասի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց և մի խումբ սպաների պարգևատրելուց հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զրուցեցին նորակոչիկների հետ, լսեցին նրանց, իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնելով սատարել բոլոր հնարավոր միջոցներով։ Ընդամենը երեք ամիս ծառայած նորակոչիկները ձգված ու առնական, զինվորական հագուկապի մեջ, արժանապատիվ կեցվածքով պնդում էին, որ ոչ մի խնդիր չունեն և սպասում են առաջին գիծ մեկնելու իրենց հերթին։ Իսկ թե ինչ են տալիս նման հանդիպումները զինծառայողներին, մեզ հետ տպավորություններով կիսվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը. ՙԱյս տարիների ընթացքում մենք դպրոցների ու հասարակության հետ համատեղ դաստիարակել ենք մի սերունդ, ով փառավորեց իր անունը՝ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ գերազանցելով նախորդներին։ Ես բարձր եմ գնահատում հասարակական կազմակերպությունների դերը, առավելապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Իսկ հասարակությանը վստահեցնում եմ, որ մեր սպաներն ու զինվորները պատրաստ են պաշտպանելու հարազատ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կեցությունը։ Եվ թող վստահ լինեն, որ անպարտելի է այն ազգը, որն ունի իր հերոսները բոլոր ժամանակներում՚։

Վերադառնալ 10-07-2016