Հասարակություն

Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»
Թալիշեցիների 20 ընտանիք տեղափոխվել է Ալաշան. «Հայկական ժամանակ»

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին։ Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել։ Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները, սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել։ Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ։ Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել։ Հարցին, թե քանի՞ ընտանիք կարող է տեղավորվել Ալաշանում՝ Պետրոսյանը պատասխանեց՝ 26։ Այսինքն, դեռ շուրջ 6 ընտանիքի տեղ կա Ալաշանում։

Կարդալ ավելին 09-07-2016

Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ
Թալիշեցիները կտեղավորվեն Արցախի այլ գյուղերում. նրանք հոգեպես պատրաստ չեն տուն վերադառնալ

Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչները վերջին օրերին հանդիպումներ են ունենում ապրիլյան պատերազմից հետո Թալիշից տեղահանված բնակիչների հետ եւ կացարաններ առաջարկում Արցախի Ալաշան եւ Իջան բնակավայրերում: Սա, ըստ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի, դեռ չի նշանակում, որ երբեւէ Թալիշ վերադառնալու թեման փակված է համարվում, սակայն այս պահին սա միակ ելքն է: «Բնականաբար Թալիշ վերադառնալը մեզ համար առաջնահերթություն է: Բոլորս նախընտրում ենք, որ ապագայում, ինչ-որ ժամանակահատվածում, թալիշեցիները պետք է վերադառնան Թալիշ, բայց այս պահի դրությամբ կառավարությունը նախընտրում է, որպեսզի նրանք Թալիշ չվերադառնան: Եվ դա նաեւ հենց թալիշեցիների ցանկությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դա պայմանավորված է եւ նրանց հոգեբանական ապրումներով եւ անվտանգության նկատառումներով, եւ միգուցե ավելի երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չլինելու հանգամանքով: Բեգլարյանի կարծիքով՝ եթե նույնիսկ այս պահին ուղղակի վտանգ չկա, դա չի նշանակում, որ խնդիրներ չեն կարող առաջանալ թշնամու կողմից ոտնձգություններ լինելու դեպքում, քանի որ Թալիշը սահմանին շատ մոտ է: Հիշեցնենք, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո շփման գծի անմիջական հարեւանությամբ գտնվող Թալիշ գյուղի մեծ մասն ավերվել էր, հրետակոծվել էր գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին էին հավասարվել։ Թալիշեցիները լքել էին գյուղը: Ավելի ուշ պարզվել էր, որ թշնամուն հաջողվել է նույնիսկ մոտենալ գյուղին եւ գյուղում մնացած 3 տարեց բնակիչներին խոշտանգել ու սպանել: Անդրադառնալով թալիշեցիներին տրամադրվող կացարաններին՝ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ տրամադրվող կացարանները բնակեցված չէին: «Ալաշան գյուղում սովետական շրջանից մնացած, վերջին շրջանում էլ որոշակի նպատակներով կիրառված առողջարանի տարածք է, էդտեղ շենքեր կան, սենյակները տրամադրելու են: Իսկ Իջան գյուղում նորակառույց տներ են: Առաջնահերթ քննարկվում է Ալաշանի տարբերակը: Ըստ նախընտրության որոշելու ենք՝ ով որտեղ է ցանկանում»,- ասաց Բեգլարյանը: Մեր հարցին՝ թալիշեցիները համաձայնո՞ւմ են այդ գյուղերում տեղավորվելու առաջարկին՝ Բեգլարյանը պատասխանեց, որ մի մասը համաձայնվում են, մի մասի հետ դեռ բանակցություններ են գնում: Ի դեպ, ըստ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի՝ այսօր թալիշեցիների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Վերադառնալով ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հետ մեր զրույցին՝ նշենք, որ ըստ Արտակ Բեգլարյանի՝ այլ գյուղերում տեղավորվելուն ընդդիմացողները հիմնականում չկողմնորոշվածներն են. քանի որ մի քանի տարբերակ կա, մարդիկ դեռ մտածում են, թե որտեղ է ավելի հարմար: «Հիմնականում դա է խնդիրը, այլ տիպի խնդիր՝ գոնե Արցախում գտնվող թալիշցիների մասով ես չեմ տեսնում: Երեւանում գտնվող թալիշցիների մասով միգուցե այդ խնդիրը կա: Բայց բոլորին էլ կոչ ենք անում վերադառնալ այստեղ, համապատասխան պայմանները կտրամադրենք: Բացի այն, որ բնակարանները տրամադրվում են անհատույց, ավելին՝ մենք իրենց տրամադրելու ենք որոշակի այլ սոցիալական երաշխիքներ: Համոզված եմ, որ համապատասխան պայմաններ էլ կտրամադրենք՝ ասենք գյուղատնտեսությամբ զբազվելու կամ այլ աշխատանքներ ստեղծելու համար, որպեսզի իրենց եկամտի վերջնական աղբյուրն ունենան»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե թալիշեցների վերաբնակեցման համար անհրաժեշտ գումարները բյուջեի՞ց են տրամադրվելու, թե՞ ԼՂՀ կառավարության բացած հաշվեհամարից, որին օգնություններ են փոխանցվում: «Միմիայն բյուջեից, քանի որ այդ հաշվեհամարից ծախսերը կատարվում են նպատակային՝ բանակի մարտունակության բարձրացման համար»,- ընդգծեց Բեգլարյանը: Խոսելով դեռ գործող հաշվեհամարի մասին՝ նա նկատեց, որ դեռ փոխանցումները շարունակվում են:

Կարդալ ավելին 09-07-2016

Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է
Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»: Այսպիսի կարծիք հայտնեց եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը Panorama.am-ի հետ հարցազրույցում: Պարոն Էնգելի կարծիքով հակամարտությունը չի կարող լուծվել քանի որ փոխզիջումային որևէ տարբերակ, ըստ էության, շատ հեռու է իրականությունից: Պատճառը ո°չ թե Մինսկի խմբի մեջ է, այլ Ադրբեջանի նկրտումների: Ակնհայտ է նաև, որ կողմերի դիրքորոշումներն ու նպատակները բացարձակ անհամատեղելի են: «Խնդիրն այն է, որ հնարավոր լուծման ցանկացած տարբերակ բացի նրանից, որ ամեն ինչ զիջվի Ադրբեջանին, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին երբեք չի համաձայնվի լինել Ադրբեջանի իշխանության տակ. սա վերաբերում է ներկայիս ԼՂՀ-ին (12 կմ/ք), որն այսօր տարածքով ավելի մեծ է քան 1990-ականներին էր»,-նկատեց պարոն Էնգելը: Նրա կարծիքով՝ խիստ անհավանական է, որ ներկայիս ԼՂՀ-ն վերադառնա նախկին ԼՂԻՄ սահամններին (որևէ տարածք հանձնի). պետք է ընդունել, որ Սովետական Միության մաս կազմող ԼՂԻՄ-ը այլևս վաղուց գոյություն չունի: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող համաձայնվել երբևէ կրկին շրջապատված լինել Ադրբեջանով: Սա անվտանգության հարց է նրանց համար: Այս իրավիճակում երկխոսելու շատ բան չկա, ի՞նչի մասին պետք է խոսել: Կյանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապես պետք է ընդունել և որոնց հետ պետք է հաշվի նստել՝ԼՂՀ-ն այսպիսի փաստ է»,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ պարտվել է պատերազմում, քանի որ միայն այդպիսով կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատվել: Խոսելով այն մասին, թե ինչպես արձագանքեց Եվրոպան ապրիլյան պատերազմին, մասնավորապես թե ինչու էր այն հաճախ հավասարության նշան դնում ագրեսոր Ադրբեջանի և հայկական կողմի միջև, Ադրբեջանին հասցեական գնահատականեր տալու փոխարեն` Ֆրանկ Էնգելն ափսոսանքով նշեց, որ այսպիսի մոտեցումները դեռ երկար ժամանակ կմնան անփոփոխ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ կան նմանատիպ այլ հակամարտություններ, ինչպիսիք են Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունները, և Եվրոպան չի կարող տարբեր մետեցումներ ցուցաբերել այս հակամարտությունների շուրջ: Այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել ավելի կոշտ ու ադեկվատ արձագանք Եվրոպայից/ԵՄ-ից այն դեպքում, եթե հետագայում Ադրբեջանը ավելի լայնամաշտաբ պատերազմ սկսի Արցախի դեմ` հաշվի առնելով հայերին այս տարածաշրջանից բնաջնջելու Ադրբեջանի նպատակը (ինչը չի կարելի ասել վրաց-աբխազական/օսական հակամարտության մասին), պարոն Էնգելը պատասխանեց. «Ցավոք սրտի, մինչև դա տեղի չունենա ոչինչ չի փոխվելու այս առումով… Կարծում եմ, որ եթե ապրիլյան դեպքերը կրկնվեն, ապա Եվրոպայում ոմանք գուցե կսկսեն տեղից շարժվել: Բայց չափազանց տխուր ու ցինիկական է սպասել, որ լինի ևս մեկ լայնամաշտաբ հարձակում, որպեսզի մարդիկ ի վերջո հավաքվեն և ասեն, որ այստեղ մի բան այնպես չէ»,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ պարոն Էնգելը նշեց ԵԱՀԿ դիտորդական մեխանիզմների կարևորության մասին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը պարբերաբար մերժել է այս մեխանիզմները, քանի որ գիտեն, որ դրանց առկայության դեպքում իրենց գործողությունները կբացահայտվեին: «Բոլորի համար պարզ է, որ միայն մի կողմն է (Ադրբեջանը), որ շահագրգռված է խախտել հրադադարը, բայց դա պետք է ամրագրել նաև կոնկրետ փաստերով… Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, մենք արագորեն կպարզենք, թե ով է այստեղ ագրեսիա հրահրում և ով՝ ոչ», – ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն ամեն ջանք պետք է գործադրի դիտորդական առաքելության ներդրման համար, այնպես որ բոլորի համար պարզ դառնա, որ դրանք չընդունող կողմը պատասխանատվության կենթարկվի: Եվրախորհրդարանի պատգամավորը փաստեց նաև, որ եվրոպական կառույցներում բավականաչափ ինֆորմացված չեն այն մասին, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը և ինչպես է այն գործում: «Այս առումով տեղեկատվության պակաս կա նաև արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչների մոտ... բայց իրականում ցանկացողները հեշտությամբ կարող են ամեն ինչ իմանալ Ադրբեջանի մասին, դա այդքան էլ դժվար չէ», - հավելեց նա: «Ադրբեջանն, ըստ էության, կլեպտոկրատական (ավազակապետական) բռնապետություն է, որը գիտակցաբար և դիտավորյալ ետ է պահել իր ժողովրդին զարգացումից, որպեսզի նրանց մեջ միշտ արթուն պահի Ղարաբաղը ետ վերցնելու ձգտումը: Այսպիսի երևույթ՝ այս ինտենսիվությամբ և մասշտաբներով, չի հանդիպում ոչ մի ուրիշ տեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրապես ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի հասկացնենք նրանց, որ այլևս նրանք այսպես չեն կարող շարունակել և որ եթե երբևէ ագրեսիվ պատերազմ սանձազերծվի ավելի լայն մաշտաբներով, քան այն, ինչին ականատես եղանք, ապա ագրեսորը ծանր պատիժ կկրի»,- ասաց Ֆրանկ Էնգելը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայիս ռեժիմին պետք է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվի. դա նրանց անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար: «Եթե ղարաբաղյան հարցը վերանար ադրբեջանական քաղաքականությունից, ապա ներկայիս ռեժիմը կփլուզվեր: Այդ դեպքում Ալիևի ընտանիքը ոչ մի բանից կառչելու տեղ չէր ունենա: Մարդիկ կսկսեին պահանջել նավթադոլարների արդար բաշխում, կսկսեին հարցնել, թե ինչու են Ադրբեջանում ապրելու պայմաններն այդքան վատը, ինչու չկա խոսքի ազատություն և այլն: Այսպիսով իշխանությունը պահելու համար նրանց խիստ անհաժեշտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի-ահա թե ինչու նրանք երբևէ չեն ընդունի փոխզիջումային որևէ տարբերակ»,- ասաց նա: Ֆրանկ Էնգելը Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես ավելի մեծ խնդրի մի մաս, որը ներառում է նաև Թուրքիան: Նա գտնում է, որ այս հարցը պետք է դրվի ԵՄ-Թուրքիա օրակարգում: «Երբ Էրդողանն ասում է, որ իրենք Ադրբեջանի կողքին կկանգնեն «մինչև վերջ», ես երկու բան եմ եզրակացնում դրանից՝ առաջինը՝ ոչինչ չի արվում Բաքվում, որի մասին Թուրքիայում տեղյակ չեն և երկրորդը՝ «մինչև վերջ» ենթադրում է ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, այլ մեկ ուրիշ բան (ռազմական լուծում): Մենք պետք է այս հարցը դնենք ԵՄ-Թուրքիա օրակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս համատեքստում կարևոր է նաև, որ Թուրքիան առերեսի իր պատմությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև խուսափի Ադրբեջանի հետ հավասարվելուց: «Թուրքիան պետք է ընդունի, որ ծաղրի առարկա կդարձնի իրեն, եթե այնքան ցածրանա, որ հայտնվի Ադրբեջանի հետ միևնույն լիգայում: Դա չի կարող Թուրքիայի համար ցանկալի տարբերակ լինել», -ասաց եվրախորհրդարանի պատգամավորը:

Կարդալ ավելին 08-28-2016

Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին
Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին

Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, ուր ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրերն այցելել են գյուղի դպրոց, որին տրամադրվել է գունավոր տպիչ, իսկ 1-5-րդ դասարանցիներին` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Շենգավիթցիները եղել են նաև Մատաղիսում, հանդիպել գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գյուղի մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները նույնպես գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ են ստացել, իսկ կրտսեր խմբերի երեխաները` խաղալիքներ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն էլ այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարան, հանդիպում ունեցել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հետ: Դավթաշենցիները նույնպես գրենական պիտույքներով համալրված պայուսակներ են տարել, որոնք տրամադրվել են դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կարդալ ավելին 08-28-2016

«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ
«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ

Արցախի Թալիշ գյուղի հացահատիկի արտերում արդեն ավարտվել է հունձը, ինչը տեղի է ունեցել «Կարմիր Խաչ»-ի միջամտությամբ եւ առանց միջադեպերի: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ընդհանուր առմամբ Թալիշում ցանված է եղել 510 հեկտար հացահ ատիկ, որից հաջողվել է բերքը անվնաս հնձել ու հավաքել 438 հեկտար տարածքում: «Հունձը կատարելու ճիշտ ժամանակը հունիսի 20-ից էր: Փորձեցինք «Կարմիր խաչ»-ի միջամտությամբ ապահովել բերքահավաք կատարողների անվտանգությունը: Մինչեւ ձեռք կբերվեր պայմանավորվածություն, արդեն հունիսի 30-ին կատարեցինք հնձի առաջին փորձը, եւ թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ: Բարեբախտաբար, մենք մարդկային զոհ չունեցանք, սակայն հունձը մի քանի օր եւս ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց բերքի որոշակի կորստի: 18 հեկտար արտ հրդեհվեց, 54 հեկտար էլ չհնձվեց՝ թշնամու դիրքերին շատ մոտ գտնվելու պատճառով: Հնձի ընթացքում «Կարմիր խաչ»-ի երկու մեքենա գտնվել են արտերի մոտ, ինչի շնորհիվ էլ մեզ հաջողվեց անվտանգ ավարտել հունձը: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15-20 ցենտներ: 270 հեկտար ցանք կատարել է «Թալիշ» հիմնադրամը, 240 հեկտար՝ բնակիչները: Չհնձված արտերի հիմնական մասը պատկանում էր բնակիչներին: Բերքին որոշակի վնաս հասցրել էին նաեւ կրծողները, որոնց դեմ, անվտանգության խնդիրներից ելնելով, չկարողացանք ժամանակին պայքարել: Ինչեւէ, գոհ ենք, որ կարողացանք հավաքել բերքը»,- նշեց Վիլեն Պետրոսյանը: Ըստ գյուղապետի՝ առայժմ հարցականի տակ է նոր ցանքերի կատարումը, քանի որ վարելահողերը գտնվում են թշնամու նշանառության տակ: «Առայժմ անորոշ վիճակ է, չեմ կարող ասել՝ ցանք կլինի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում ցանքի համար հարկավոր կլինի ընտրել ավելի ապահով, անվտանգ հատվածներ՝ չնայած թշնամին հեռահար հրետանիով էլ կարող է սպառնալ»,- հավելեց գյուղապետը: Թալիշում այս օրերին ընթանում են նաեւ այգեգործական եւ պտղի բերքահավաքի, անգամ՝ օղեթորման աշխատանքներ, որոնք իրականացնում են առանձին տնտեսություններ, սակայն Թալիշի բնակչությունը խուսափում է գյուղում վերահաստատվելուց: «Հիմա էլ նույնքան վտանգավոր է ընտանիքներ Թալիշում պահելը, որքան՝ ապրիլի առաջին օրերին: Մարդիկ շատ են ուզում տեր կանգնել իրենց գյուղին, տանը, ապրուստին, բայց առայժմ այդ հնարավորությունը, անվտանգության լիակատար երաշխիքներն ապահովված չեն»,- ներկայացրեց գյուղապետը:

Կարդալ ավելին 07-17-2016