Հասարակություն

Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում: Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, եւ այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու: «Նման հուշարձանը նաեւ պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով եւ մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Արարողության ընթացքում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 06-18-2017

ԹԱԼԻՇԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ՝ ՍԱ Է ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վերակենդանացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Սահմանամերձ այս բնակավայրն ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատը կրեց մարդկային և նյութական կորուստներ։ Վերջերս իշխանությունները հայտարարել են գյուղի վերակենդանացման ծրագրերի մասին և թափով սկսել կենսագործել այն՝ վերացնելով ավերածությունների հետքերը։ Կ. Շահրամանյանի վկայությամբ՝ գործադիրը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ գյուղը վերականգնելու համար։ Նա նշեց, որ այդ աշխատանքներին զգալի աջակցություն է ցուցաբերել, այսօր էլ ցուցաբերում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, որի կողմից նախաձեռնված վերջին հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարը կնպատակաուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։ Թալիշն այդ առումով, թերևս, առաջին հորիզոնականի վրա է։ Կ. Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է Թալիշի հատակագծման նոր նախագիծը, ըստ որի՝ համանքը կունենա նոր մանկապարտեզ, դպրոց, հանդիսությունների տուն։ Նախատեսվում է բարեկարգել գյուղի ողջ տարածքը, բարվոք տեսք հաղորդել գյուղ մտնող ճանապարհին ու նրա շրջակայքին։ Ի՞նչ է Թալիշի վերակենդանացումը մեզ համար. բնակչության կողմից կա՞ այնտեղ վերադառնալու պահանջ, թե՞ այդ քայլով հոգեբանական խնդիր ենք լուծում։ Այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ հարցը կարելի է դիտարկել տարբեր կողմերից, և բոլոր կողմերն էլ ճիշտ կլինեն։ Ամեն դեպքում խնդիր է դրված Թալիշն ամբողջովին վերակենդանացնել, և այդ խնդրի լուծումը մեզ համար, ինչպես ընդգծել էր նաև հանրապետության Նախագահը, արժանապատվության հարց է։ Կ. Շահրամանյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3-4 անգամ եղել է այնտեղ, և շուտով Թալիշը կվերածվի մեծ շինհարթակի ու առաջիկա ամիսներին կվերացվեն պատերազմի բոլոր հետքերը։ Վերջերս Նախագահ Բ. Սահակյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղել է Թալիշում. ամբողջությամբ կատարվել է գյուղի էլեկտրիֆիկացումը, առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը։ Թալիշցի 10 տղամարդ, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ստիպված էին հեռանալ գյուղից, վերադարձել և փորձում են օգտակար լինել ջրամատակարարման համակարգի վերականգնմանը։ Թալիշցիների մի մասն այսօր բնակվում է Ալաշան տեղամասում, որտեղ նրանց համար կենսական պայմաններ են ստեղծվել. ապրում են ժամանակավոր կացարաններում, ուստի և շատերը ցանկություն ունեն վերադառնալ հարազատ օջախներ։ Թալիշի վերականգնմանը ներգրավվել է շինարարական մեկ խոշոր կազմակերպություն, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև երկրորդը, երրորդը։ Նախատեսվում է գալիք սեպտեմբերի 1-ից շահագործել նաև դպրոցը և Թալիշն այս կամ այն չափով բնականոն կյանքի փոխադրել։ Բնականաբար, առանց անվտանգության երաշխիքների այստեղ դժվար կլինի լուծել վերակենդանացման խնդիրը. Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դ. Բաբայանն էլ մի առիթով հայտնել էր, որ բոլոր աշխատանքներից առաջ լուծվելու է անվտանգության խնդիրը։ Լրագրողների հարցին, թե կա՞ն անվտանգության երաշխիքներ բնակչության համար, Կ. Շահրամանյանը նշեց. պատերազմող երկրի համար 100¬տոկոսանոց անվտանգության երաշխիքների մասին դժվար է խոսելը, բայց Թալիշը խոցելի է նույնքան, որքան այդ ուղղության մի շարք այլ բնակավայրեր, որտեղ մարդիկ են ապրում։ Իսկ ընդհանրապես, մեր անվտանգության երաշխիքը մեր զինվորներն են, ամուր առաջնագիծը։ ՙԹալիշին նոր տեսք, նոր շունչ պիտի հաղորդենք, մտածենք բնակչության զբաղվածության, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման մասին, իրականացնենք ծրագրեր գյուղատնտեսության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում՚,- ասաց Կ. Շահրամանյանը։ Ի՞նչ է արվելու Ալաշանի տեղամասի ժամանակավոր կացարանների հետ, որոնց վրա ևս պետբյուջեից գումարներ են ծախսվել՝ այս մասին Կ. Շահրամանյանն ասաց, որ դրանք կծառայեն որպես ամառային ճամբար, քանի որ ճամբարային հանգստի համար այնտեղ ստեղծվել են լավ պայմաններ։ Բնակչության զբաղվածության հարցին լուծում տալու համար կստեղծվի փոքր արտադրամաս, որտեղ կաշխատեն հիմնականում կանայք։ ՙԹալիշը մեր հյուսիսային սահմանի առաջին բնակավայրն է, այն մշտապես գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ աչքաթող են արվելու մյուս սահմանամերձ գյուղերը, բայց Թալիշն առավել մեծ ուշադրության կարիք ունի՚,- ասաց Կ. Շահրամանյանը։

Կարդալ ավելին 12-14-2016

Նախագահի ուշագրավ հանձնարարականը. հիմնովին վերականգնվում է Թալիշ գյուղը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի նախկին ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում: Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ նախօրեին Թալիշ գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարները, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը, Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Թալիշի բնակիչներ: Նախագահին զեկուցել են գյուղում ջրամատակարարման ցանցի վերականգնման մասին, և հավաստիացրել, որ ենթակառուցվածքների հարցում Թալիշը գոնե այս փուլում որևէ խնդիր չունի։ Գյուղի վերականգնման աշխատանքները նույն ակտիվությամբ շարունակելու համար հանրապետության նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել։ «Այս պահի դրությամբ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրաֆիկացումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը»,- ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Իսկ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով, առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ: Գյուղ տանող ճանապարհը վերանորոգվում է։ Օրեր անց այստեղ իր տեղակայման վայրը կունենա Արցախի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։ «Հատակագծման նոր նախագիծ ենք պատվիրել, ըստ որի գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը և գեղեցիկ տեսք կստանա գյուղ մտնող հատվածը։ Գյուղապետարանի շենքը չափագրված է, այն վերակառուցվում է, այդտեղ կտեղակայվի դպրոցը և նախատեսում ենք շահագործման հանձենլ գալիք տարվա սեպտեմբերի մեկից։ Պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից և վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»,- ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարը և հավելել, որ հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգեն հինը, այլ կկառուցեն նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով։

Կարդալ ավելին 11-27-2016

Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը
Նախագահ Սահակյանը Թալիշում մասնակցել է ապրիլյան պատերազմի զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանի բացմանը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ եւ տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելությունն էր կյանքում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Կարդալ ավելին 10-29-2016

ԱՅՑ ԱԼԱՇԱՆ
ԱՅՑ ԱԼԱՇԱՆ

Սեպտեմբերի 29-ին ՙՊահապան Արծիվներ՚ վետերանների հ/կ-ն խորհրդի մի քանի անդամներով՝ ես, Վոլոդյա Զալունցը և Անդրանիկ Ապրեսյանը այցելեցինք Ալաշան, հանդիպելու թալիշեցի մեր հայրենակիցներին: Թալիշի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խնդրանքով մենք ձեռք էինք բերել մեծ քանակությամբ գրենական պիտույքներ, որոնք էլ հանդիսավոր պայմաններում հանձնեցինք նորաբաց դպրոցին: Ամբողջ գույքը ձեռք է բերվել ռուսաստանում բնակվող մեր հայրենակից Արթուր Զավենի Խաչատրյանի ֆինանսավորմամբ: Հանդիպմանը ներկա էր նաև բարերարը: Դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը դրվատանքի խոսքեր ասաց Ա. Խաչատրյանին և ամբողջ կոլեկտիվի կողմից շնորհակալություն հայտնեց նրան: Սա մեր համայնքի կողմից առաջին օգնությունն էր Ալաշանում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին և հուսով եմ, որ այն կլինի շարունակական:

Կարդալ ավելին 10-22-2016