Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա
Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրները գտնվում են Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են մեզ և անուշադրության են մատնվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վահրամ Առաքելյանը: «Արցախի Հանրապետու- թյան վարչապետի գլխավորությամբ ստեղծ- ված օպերատիվ շտաբի կողմից երկու անգամ՝ ապրիլ և մայիս ամիսներին, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Այդ այցելությունների ընթացքում անմիջականորեն քննարկվել են նրանց մոտ եղած առկա սոցիալական խնդիրները, և դրանց լուծման համար կոնկրետ քայլեր են կատարվել»,- ասաց Առաքելյանը: Անդրադառնալով թալիշցիներին տրվող կենսաթոշակների խնդրին՝ սոցիալական ապահովության պետական գործակալության պետը նշեց, որ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակն ԱՀ իշխանությունների կողմից առաջնահերթ կերպով փորձ է արվել լուծել այդ խնդիրը, և այսօր այն հիմնականում կարգավորվել է: «ՀՀ տեղափոխված թալիշցիների կենսաթոշակների փոխանցման հարցը լուծվել է՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրերի: Այսինքն՝ նրանք բացել են բանկային հաշվեհամարներ իրենց բնակության մոտ գտնվող բանկերում, և կենսաթոշակներն արդեն մայիս ամսվանից փոխանցվում են այդ հաշվեհամարներին: Ի դեպ, մայիս ամսվա թոշակներն ամսի 17-ից արդեն փոխանցված են, իսկ բոլոր նրանք, ովքեր ապրիլի թոշակը տեխնիկական պատճառներով չեն ստացել, այս ամիս ստացել են մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին»,- ասաց ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան և հավելեց, որ ընթացիկ ամսին կենսաթոշակների բաժանումն առաջինը սկսվել է Թալիշի բնակիչներից: Ինչ վերաբերում է Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին, ապա նրանց թոշակների բաժանումը կատարվում է «Արցախփոստ» ընկերության միջոցով: «Մեզ մոտ ճշտված են թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում ապաստանած թալիշցիների տեղակայման վայրերը, և, ըստ այդմ, մենք կարողանում ենք ոչ միայն օպերատիվ կերպով բաշխել նրանց թոշակները, այլև արձագանքել նրանց տարաբնույթ խնդիրներին»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ նույն սկզբունքով գործընթացի մեջ է նաև նպաստների բաժանումը:

Վերադառնալ 05-25-2016