ԼՂՀ վարչապետ. Արցախի բանակը ողջ ազգաբնակչությունն է՝ 150 հազար
ԼՂՀ վարչապետ. Արցախի բանակը ողջ ազգաբնակչությունն է՝ 150 հազար

Արցախի բյուջեն 190 միլիոն դոլար է առանց բանակի, առանց բարեգործական բազմաթիվ ծրագրերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի բանակը, ողջ ազգաբնակչությունն է, եւ տասնյակ հազարավոր կամավորականներ, որոնք գալիս են Հայաստանից: «Նշում եմ, որ նրանք վարձկաններ չեն, այլ կամավորականներ են, որոնք թանկանոց մեքենայով Երեւանից եկել են, մեքենան թողել են Ստեփանակերտի հրապարակում եւ գնացել են առաջնագիծ: Այսպիսի դեպքեր էլ ունենք: Առաջնագծում մինչեւ 85 տարեկան կամավորական ունենք: Երբ արգելում ենք, վիրավորվում են: Եթե չենք թույլ տալիս, փորձում են շրջանցել, դրա համար էլ Արցախն անպարտելի է»,- ասել է Հարությունյանը: Խոսելով ռազմական բյուջեին կատարվող բարեգործության մասին՝ նա նշել է, որ այն մեծ ազդեցություն ունի, սակայն հայրենիքի պաշտպանության տեսանկյունից հարցը դիտարկելիս նյութականը պետք չէ արժեւորել: «Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հանուն հայրենիքի պաշտպանության պատրաստ ենք զոհվելու»,- ասել է Հարությունյանը: Հայաստանում Արցախի անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ վարչապետը նշել է, որ մեկ-երկու օրվա ընթացքում Արցախի եւ Հայաստանի իշանությունները դրա վերաբերյալ իրենց կարծիքը կասեն՝ ուսումնասիրելով դրական եւ բացասական ազդեցությւոնները: «Միանգամից չեմ կարող ասել, թե որն է ճիշտը, բայց համոզված եմ, որ ապագայում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Դա կարող է տեւել օրեր կամ տեւել օրեր եւ տարիներ»,- ասել է նա:

Վերադառնալ 05-06-2016