Պաշտոնական

ՄԵՐ  ՀԱՅՐԵՆԻՔԸ  ՄԵՆՔ  ՊԻՏԻ  ՇԵՆԱՑՆԵՆՔ
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՇԵՆԱՑՆԵՆՔ

Հարցազրույց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ -Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը 2014 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ինչպե՞ս կամփոփեք տարին։ Ինչպիսի՞ հաջողություններ կամ թերացումներ արձանագրվեցին։ -Նախորդ տարվա ամփոփումը կուզենայի սկսել գյուղատնտեսությունից։ 2014-ը գյուղատնտեսության համար կարելի է որակել բարդ եւ ոչ բարենպաստ տարի։ Ասենք ավելին. ջերմային ռեժիմի այնպիսի կտրուկ փոփոխություններ եղան, որ գարնանը ցրտահարություն էր, իսկ ամռանն ընդհանրապես տեղումներ չկային, ինչը գյուղատնտեսությանը կանգնեցրեց լուրջ խնդիրների առջեւ։ Առավել բացասական ազդեցություն ունեցավ նաեւ ջրի պակասը, քանի որ, ինչպես ասում են՝ մեր պապենական աղբյուրները ցամաքել էին։ Սակայն այս վիճակից կարողացանք պատվով դուրս գալ, սկսեցինք ջրատար մեքենաներով ջուր մատակարարել համայնքներին։ Իսկ երբ տեղումներ եղան, ինչ-որ տեղ պատկերը փոխվեց։ Այս իրավիճակը մեզ հուշում է, որ համայնքների ջրամատակարարման եւ ներքին ցանցի վիճակին անդրադառնալու եւ աշխատանքներ կատարելու դեպքում պետք է հաշվի առնվեն ջրի այն ակունքները, որտեղ պաշարները շատ են, եւ որը կլինի մշտական։ Աշնանացան հացահատիկայինների բերքատվությունում հաջողություններ չարձանագրվեցին, քանի որ այն բավականին ցածր էր, գարնանացանը եւս կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով մեր հույսերը չարդարացրեց։ Անասնապահության բնագավառում արձանագրվել են որոշակի հաջողություններ. շրջանում խոշոր եղջերավոր անասունների թիվը հատում է 11 հազարը, իսկ սա լուրջ թիվ է։ Մեծ թիվ են կազմում նաեւ ՄԵ անասունները եւ թռչունները։ Ասեմ, որ այս ոլորտում ամռանը եւս կանգնեցինք մեծ խնդրի առջեւ. տարին չորային էր, խոտհարքերում խոտ չկար անասնակերի կուտակման համար, ստիպված էինք շրջանի հարթավայրային գոտու ոռոգովի տարածքների աշնանացան հնձից հետո առաջացած ծղոտը լրիվությամբ հավաքել եւ տալ անասնապահությամբ զբաղվող մարդկանց։ Եթե խոսենք հաջողությունների մասին, ապա դրանք կապված էին լուրջ ծրագրերի հետ, որոնց մեջ կառանձնացնեի հանքարդյունաբերությունը։ ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ն ծրագրեց Կաշենում գործարանի կառուցումը։ Նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբեր ամսին այն կսկսի գործել։ Այսօր Կաշենում իրականացվում են ծավալուն շինարարական աշխատանքներ։ Ի՞նչ է տալիս դա մեզ։ Առաջին հերթին հանքի շահագործմամբ պետական բյուջե մուտք կգործեն ֆինանսական միջոցներ, եւ երկրորդ՝ շրջանի համար դա աշխատատեղ է։ Հիմնական աշխատուժը շրջանի բնակիչներն են, ովքեր, այդտեղ աշխատելով, կարողանում են իրենց սոցիալական վիճակը բարելավել։ Հաջողություն ենք համարում նաեւ էներգետիկ ռեսուրսների ուղղությամբ կատարվածը։ Գաղտնիք չէ, որ այսօր հանրապետության էլեկտրաէներգիայի ծավալն ապահովվում է Մարտակերտի շրջանում։ Ունենք ՙՍարսանգ ՀԷԿ՚, ՙՄատաղիս-1՚, ՙՄատաղիս-2՚, ՙԹրղե-1՚, ՙԹրղե-2՚ ՀԷԿ-երը եւ շուտով շահագործման կհանձնվի ՙԹրղե-3՚-ը, որը, բացի էներգետիկ ռեսուրսներից, նաեւ աշխատատեղ է Հաթերքի ենթաշրջանի բնակչության համար։ Շրջանում ունենք նաեւ մեկ այլ ծրագիր, որն արդեն սկսված է. խոսքը վերաբերում է Մատաղիս գյուղում սեւ խավիարի արտադրության կազմակերպմանը, որի իրագործմանը կներդրվի մինչեւ 30 մլն ԱՄՆ դոլար։ Հուսով եմ, որ այնտեղ 60-80 աշխատատեղ կլինի, իսկ արտադրությունն արտահանվելու դեպքում լուրջ ֆինանսական միջոցներ կստեղծվեն մեր պետական բյուջեի համար։ Սրանք այն հիմնական ծրագրերն են, որոնք կարելի է անվանել սոցիալ-տնտեսական, քանի որ ե՜ւ մեր տնտեսությունն է զարգանում, ե՜ւ աշխատատեղեր են բացվում։ - Հիրավի, հաջողությունները տեսանելի են, բայց հիմնականում ո՞ր բնագավառը կառանձնացնեիք՝ որպես տնտեսության կարեւորագույն ճյուղ։ - Ես կուզենայի առանձնացնել գյուղատնտեսությունը։ Որքան էլ փորձենք խոսել էլեկտրաէներգիայի, պղնձի կամ խավիարի արտադրության մասին, այնուամենայնիվ, մենք ագրարային երկիր ենք, եւ մեր ողջ ուշադրությունն անպայման պետք է սեւեռենք դեպի հողը, դեպի գյուղացին ու մեր հնարավորությունները լիարժեք օգտագործենք՝ շրջանի 18000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու համար։ Սա է այսօրվա հրամայականը։ Սակայն, ցավոք սրտի, մենք այս ուղղությամբ հաջողություններ չունենք։ Այս տարի կարողացել ենք իրականացնել ընդհամենը 3350 հա աշնանացան հերկ եւ 3000 հա ցանքս։ Սա խոսում է այն մասին, որ մենք ե՜ւ թերացումներ ունենք, ե՜ւ բացթողումներ ու այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք պետք է իրականացնենք։ Ոռոգման ջրի խնդիր ունենք. չնայած Խաչենից անց է կացվել ջրագիծ, միեւնույն է, այդ ջուրը չի հերիքում, որպեսզի մենք կարողանանք հազարավոր հեկտարների ոռոգումն ապահովել։ Արդեն ունենք նախագիծը, այն ներկայացված է կառավարության հաստատմանը։ Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա Մարտակերտը կհասնի իր վաղեմի փառքին։ Ասեմ նաեւ, որ 2014-ին լուրջ աշխատանքներ են իրականացվել, որը մեծ ձեռքբերումներից է. մոտավորապես 500լ/վրկ ջուր Թարթառ գետից հզոր պոմպերի միջոցով կարողացանք հասցնել Թալիշ համայնքի հարթավայրային դաշտերը։ Այժմ Թալիշում 250 հա աշնանացան է իրականացվել, որը ողջունելի է։ - Կխնդրեինք խոսել նաեւ քաղաքաշինության բնագավառից։ - Քաղաքաշինության ծրագրերը մենք պիտի բաժանենք տարբեր ծրագրերի, այն է՝ սոցիալական եւ տնտեսական։ Այստեղ հիմնականում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման կամ հիմնանորոգման խնդիրներն են, որոնք եւս ծրագրավորված եւ հաստատված են կառավարության կողմից, իսկ քաղաքաշինության նախարարությունը նշված խնդիրները կիրականացնի ըստ ժամանակացույցի։ Շրջանում ընթանում են դպրոցների, նախադպրոցական կրթօջախների շինարարական աշխատանքներ։ Շարունակվում են Թալիշ գյուղի դպրոցի հիմնանորոգման, ավարտին են մոտենում Հար-Գոմերի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Չափար գյուղում կառուցվել է նոր դպրոց եւ շահագործման հանձնվել՝ համագյուղացի բարերար Վարուժան Գրիգորյանի եւ կառավարության համաֆինանսավորմամբ։ Դպրոցաշինությունը եւ նախադպրոցական կրթօջախների շինարարությունը մշտապես գտնվում է մեր իշխանության ուշադրության կենտրոնում։ Ընթացքի մեջ են նաեւ համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքները։ Շահագործման է հանձնվել Նոր Մարաղայի համայնքային կենտրոնը, իսկ բարերար Վահագն Խաչատրյանի միջոցներով՝ Նոր Սեյսուլանի համայնքային կենտրոնը։ Սա եւս կառավարության ծրագրերից է, եւ ուրախալին այն է, որ ծրագրերի մի մասը կատարվում է բարերարների միջոցով։ Այս տարի արդեն պլանավորված են դպրոցների եւ նախադպրոցական կրթօջախների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքներ։ Կսկսվեն Մարտակերտի համար 1 դպրոցի վերանորոգման աշխատանքները, իսկ մյուսներն արդեն պարզ կդառնան ծրագրերի վերջնական հաստատումից հետո։ - Կառուցվում է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը։ Ինչպիսի՞ նշանակություն ունի այն մեր շրջանի համար։ - Այս ճանապարհի կառուցումը կուզենայի գնահատել սոցիալ-տնտեսական շինարարական աշխատանքների համատեքստում։ Խճապատումն ավարտված է, հիմնական ծրագրով նախատեսված հատվածները նորոգված եւ հիմնանորոգված են, եղանակները բացվելուն պես կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Նաեւ որոշված են Մարտակերտ քաղաքի բարեկարգման աշխատանքները, այն է՝ ասֆալտապատում, սակայն ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ։ - Գիտենք, որ բավականին աշխատանք է կատարվել Մարտակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ուղղությամբ։ Այժմ ո՞ր փուլում է այն գտնվում։ - Աշխատանքներն ավարտման փուլում են։ Մոտ ժամանակներս կավարտվեն ջրավազանների կառուցումը, ջրաչափերի տեղադրումը, եւ արդեն, ըստ թաղամասերի, ջուր կմատակարարվի մեր բնակչությանը նոր ջրացանցի միջոցով։ Մշտական ջրամատակարարումն ընթացքի մեջ է։ Մատաղիս գյուղում, ամենայն հավանականությամբ, այն ավարտին կհասնի այս տարի, ներդրումները հասնում են մինչեւ 130 մլն դրամի։ Ծրագրի մեջ են Մեծշեն, Մոխրաթաղ, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Կուսապատ, Ծաղկաշեն համայնքները։ Կուսապատի եւ Ծաղկաշենի աղբյուրները երաշտի պատճառով ցամաքել են, ստիպված ջրատարից 2,5 կմ հեռու գտնվող աղբյուրների ջրերը պետք է հավաքվեն եւ հասցվեն համայնքներ։ Շուտով կսկսվի արտեզյան ջրհորի հորատումը Ներքին Հոռաթաղ գյուղում։ Իսկ Մեծշենի, Մոխրաթաղի եւ Աղաբեկալանջի ջրամատակարարման գործընթացը կավարտվի այս տարվա ամռանը։ Ասեմ, որ մինչեւ 2017 թվականը շրջանի ջրամատակարարումն ավարտին կհասցնենք։ - Որո՞նք են շրջանի համայնքների խնդիրները՝ առաջնահերթության կարգով։ - Առաջնային խնդիրը, կրկնում եմ, գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացումն է։ Իսկ մնացած խնդիրները՝ դպրոցաշինություն, համայնքային կենտրոնների կառուցում, ներհամայնքային ճանապարհների խճապատում եւ այլն, արդեն պետականորեն ծրագրավորված են, եւ դրանք իրականացվելու են։ - Իսկ որո՞նք են 2015-ի կարեւորագույն խնդիրները։ - Առաջնահերթությունը Թարթառ գետից ջուր տեղափոխելն է Մարտակերտի հարթավայրային գոտի։ Բնական է, նաեւ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի ասֆալտապատումը։ Առաջնահերթ խնդիրներից է Մարտակերտ քաղաքի բարեկարգումը, որը կիրականացվի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի ասֆալտապատման ժամանակ, Մարտակերտ քաղաքի համար 1 դպրոցի հիմնանորոգումը, զոհված ազատամարտիկների եւ բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելը։ -Հայտնի է, որ կրթության մակարդակի բարձրացման նպատակով տարեցտարի փոփոխություններ են լինում կրթական համակարգում։ Ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել։ -Իհարկե, կրթության համակարգում տարեցտարի կատարվում են նոր փոփոխություններ, իսկ ամբողջ շրջանի կրթության համակարգը վերահսկվում է շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի միջոցով։ Ասեմ, որ այս ոլորտում ունենք հաջողություններ։ Շրջանի աշակերտներն առարկայական օլիմպիադաներում արձանագրել են հաջողություններ, որն ուրախալի փաստ է։ Սա խոսում է այն բանի օգտին, որ դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են ըստ հանրակրթության ծրագրերի։ Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերը տարեցտարի նոր որակ են կազմում, զինղեկները դպրոցներում բավականին լուրջ աշխատանք են իրականացնում եւ մեր աշակերտներին կարողանում են դաստիարակել՝ իբրեւ ապագա զինվորների։ - Շրջանը սահմանային է։ Որպես պահեստազորի գեներալ՝ ինչպե՞ս կբնութագրեիք շրջանի բնակչության անվտանգությունը։ - Շրջանի բնակչությունը՝ թե՜ երիտասարդ, թե՜ մանուկ, բոլորը պիտի զգոն եւ զգաստ լինեն, որովհետեւ հակառակորդն անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել շփման գծում։ Սա խոսում է այն մասին, որ մենք ինքներս՝ փոքր թե մեծ, քաղաքացիական աշխատող, թե պետական ծառայող, բանակը պետք է ընդունենք իբրեւ մեր տան մի անդամի, հարգենք ու սիրենք, որովհետեւ նա է ապահովում մեր անդորրը, մեր խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ պաշտպանենք մեր հայրենիքը։ Ուստի այսօր վարչակազմի առաջ 2 կարեւոր խնդիր է դրված՝ քաղաքացիների պաշտպանության եւ սահմանների անվտանգության։ Եթե, Աստված մի արասցե, պատերազմ վերսկսվի, ապա պիտի կարողանանք ի մի բերել մեր բոլոր ռեսուրսները՝ զուտ պահեստազորին վերաբերող։ Մենք պիտի աջակցենք զինկոմիսարիատներին, հարկ եղած դեպքում իրականացնենք զորակոչ եւ կազմակերպված քաղաքացիական պաշտպանություն։ Իբրեւ քաղպաշտպանության շտաբի պետ՝ ասեմ, որ նաեւ այս աշխատանքները ծրագրավորվեցին եւ ամփոփվեցին։ Եվ պատահական չէ, որ այս տարի իրականացվեցին զորավարժություններ, որոնց արդյունքում մասնակի զորահավաք իրականացվեց, եւ Մարտակերտի շրջանը պատվով դուրս եկավ՝ 100 տոկոսով իրականացնելով այդ զորահավաքը եւ արժանանալով բարձր գնահատականի։ Այսօր առաջնահերթ խնդիրը հայրենիքի պաշտպանությունն է։ Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը՝ անկախ տարիքից, պատրաստ է մեր զինվորների կողքին լինել։ Անգամ 60-65 տարեկան մարդը, առանց զորակոչի, եկել, դիմել է մեզ, զենք վերցրել ու գնացել, կանգնել զինվորի կողքին՝ առաջնագծում։ Սա խոսում է այն մասին, որ մեր բնակչության մեջ ե՜ւ ոգին կա, ե՜ւ 92-ի դասերը, ու մեր ժողովուրդը պատրաստ է թշնամու ոտնձգությունների ժամանակ իսկույն համալրել մեր բանակի շարքերը՝ պաշտպանելու հայրենիքը։ Հարցազրույցը վարեց Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆԸ

Կարդալ ավելին 02-03-2015

ՍԿՍՎԵԼ   Է  <<ՊԱՀԱՊԱՆ  ԱՐԾԻՎՆԵՐ>>  ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ   Հ/Կ-Ը                              ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ   ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՍԿՍՎԵԼ Է <<ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎՆԵՐ>> ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ Հ/Կ-Ը ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Թալիշի վետերանների միությունը իր գոյության վեց տարիների ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, տոնակատարություններ, հիշատակի արարողություններ, պարգևատրումներ, ինչպես նաև ուխտագնացություն գյուղ, այցելություններ <<Եռաբլուր>> և այլն: ՈՒ այս ամենը իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձեռք է բերվել Կազմակերպության Խորհրդի անդամների և մի քանի ազատամարտիկների կողմից: Չստանալով օգնություն ոչ մի կարող ուժերի կողմից` Կազմակերպությունը չի կարողացել իրականացնել Կանոնադրությունից բխող իր հիմնական խնդիրներն ու նպատակները: Անհրաժեշտություն է առաջացել, որ կատարվի Կազմակերպության անդամների անդամագրություն, նրանց կողմից ամսեկան անդամավճարների հավաքագրում, ինչպես նաև ԵԿՄ-ին անդամակցություն` հետագայում ազատամարտիկներին այս կամ այն հարցերով օգնելու համար: 2014 թվականի դեկտեմբերի 21 – ի Խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց կատարել անդամագրություն Կազմակերպությանը և սահմանել մուտքի անդամավճար` 1000 դրամի չափով, ամսեկան անդամավճար` 500 դրամի չափով: 2015 թվականի հունվար ամսում Կազմակերպությանը անդամագրվել են արդեն 50 հոգի, որոնք մուծել են մուտքի անդամավճարներ և հունվարի 28 – ին Կազմակերպության հրավիրված ընդհանուր ժողովում նրանք ստացան անդամությունը հաստատող Վկայականներ: Հունվարի 28-ին հրավիրված արտահերթ ժողովում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, որտեղ որոշվեց Կազմակերպությանը կից ստեղծել նաև կանանց խորհուրդ, ինչպես նաև երիտասարդական թև` իր կոորդինացնող կազմով: Հանդիպումից հետո նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարին, կազմակերպվեց ճաշկերույթ:

Կարդալ ավելին 01-29-2015

ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ  23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մեր անկախ պետության զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ եւ աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի եւ ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը եւ պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Անժխտելի փաստ է, որ բանակը իր սրբազան պարտքով, ժամանակակից զինվածությամբ և ազնիվ նպատակներով դարձել է մեր ժողովրդի հաջողության ու մեր հայրենիքի հզորության աննկուն պաշտպանը: Բոլորելով լուսապսակ իր 23 տարին` նա երիտասարդի վիթխարի ներուժով տարեցտարի դառնում է ավելի ուժեղ ու ազդեցիկ, հավասարը հավասարի հետ ասելիք ու պահանջ ունի և դեռ էն գլխից գիտի իր առաքելության գերագույն իմաստը: Թշնամուն սաստելով նրա իսկ որջում` մեր զորամիավորումներն այսօր պաշտպանական դիրքերում են` ցուցաբերելով նվիրում և աչալրջություն: Բանակը արարելու հնարավորություն է տալիս բազմաչարչար, վաստակած ու հաղթանակած մեր ժողովրդին: Մեզ բաժին հասած բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ինքնամոռաց խիզախությամբ, փառքերով պսակված մեր զավակների կյանքի գնով: Իսկ այն նահատակները, ովքեր սեփական արյամբ փրկեցին հայրենի տունը, հողը, մորն ու մանկանը, ովքեր հանուն Հայաստանի ապագայի մնացին ռազմի դաշտերում, միշտ կլինեն մեզ հետ ու մեր շարքերում: Այսօր փառք ու պատիվ տալով բոլոր զոհվածներին, մեր կողքին պետք է զգանք նրանց ներկայությունը և հոտնկայս ու հպարտ` հարգենք նրանց հիշատակը: Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ աշխարհը, այդ թվում մեր տարածաշրջանը, կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Մեր պետությունն ու երկրի ղեկավարությունը ձգտում են պահպանելու մշտական կայունությունը և ամրապնդելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը: Իսկ այդ ամենի գլխավոր երաշխիքը դարձյալ Հայոց բանակն է, պետության և բանակի միասնական կամքը, մեր ժողովրդի նվիրումն ու մշտական աջակցությունը: Ազգային բանակը մեր զինանշանի խորհուրդն է, մեր ներկայի ու ապագայի վստահելի կամուրջը: Ուրեմն` փառք ու պատիվ մեր բանակին, նրա բոլոր ստորաբաժանումների անձնակազմերին, ովքեր գիշերուզօր պաշտպանում են Հայաստան երկրի և Արցախի սահմանները, իրենց միասնական հզորությամբ պատրաստ են դիմակայելու թշնամական բոլոր ոտնձգություններին: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, 23 տարեկան պատանի, բայց և անպարտելի ու հզոր, անկոտրում ու անբեկանելի: Հավերժ փառք Հայոց բանակին, Հավերժ փառք Հայոց զինվորին և նահատակված և այսօր կանգուն, անառիկ ու անպարտ մեր հայորդիներին, մեր զավակներին: Եղիր անպարտ Հայոց բանակ: Սլավիկ Բայունց:

Կարդալ ավելին 01-28-2015