Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ
Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը առաջնահերթություններից է, որտեղ իրականացվում են բնակարանաշինական և սոցիալ-տնտեսական նախագծեր։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ «Սահմանամերձ գյուղերում իրականացնում ենք ամենաշատ ծրագրերը՝ բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության խթանում և այլն»,- մանրամասնել է վարչապետը՝ ընդգծելով, որ մեծաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել սահմանամերձ Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով սոցիալական ոլորտը, բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Անդրադառնալով հանրապետության գյուղերում զբաղվածության խնդրին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բազմաթիվ դիմումների հիման վրա՝ ստեղծվել են գյուղմթերքների վերամշակման և մթերման ձեռնարկություններ, սակայն գյուղացիների կողմից այդ առումով առանձնակի խանդավառություն չի նկատվել։ Բացի այդ, մասնավորապես, Հադրութի շրջանում առկա են ոռոգովի հողատարածքներ, որոնք հողօգտագործողների կողմից չեն մշակվում։ Խնդրի լուծման համար պետբյուջեով հողօգտագործողներին եկող տարվանից նմանատիպ և այլ հողատարածքներում գարնանային մշակաբույսերի ցանքս կատարելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի։ Ոռոգման խնդրի լուծման առումով, բացի այն, որ նախատեսվել են ոռոգման մի շարք համակարգերի ստեղծման և նորոգման ծրագրեր, վարչապետը կարևորել է ոռոգման ժամանակակից ջրախնայողական տեխնոլոգիաների և համակարգերի կիրառումը:

Վերադառնալ 12-27-2015