Տնտեսական

Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է Խնոցու փառատոն
Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է Խնոցու փառատոն

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում հունիսի 2-ին` ժամը 13:00-ին, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում առաջին անգամ կազմակերպելու է Խնոցու փառատոն: Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ փառատոնին ներկայացվելու է խնոցու հարման ողջ գործընթացը: Ստացված կաթնամթերքը մատուցվելու է ավանդական ձևով: Փառատոնի նպատակն է արցախյան ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, խաղերով ու խաղերգերով, արցախյան երգ-երաժշտությամբ:

Կարդալ ավելին 05-29-2015

«Արցախ կաթ»-ն ընդլայնում է արտադրանքի տեսականին
«Արցախ կաթ»-ն ընդլայնում է արտադրանքի տեսականին

«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2086 տոննա, նախորդ տարվա՝ 1807 տոննայի փոխարեն, ներկայում էլ հետեւողական աշխատանք է տարվում՝ նշված ցուցանիշը կրկնապատկելու համար։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության փոխտնօրեն Եղիշե Մանգասարյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում կաթի մթերման նոր կետեր կբացվեն կամ կվերագործարկվեն Մարտակերտի շրջանի ՝ Թալիշ և Մաղավուզ համայնքներում։ Նախատեսվում է նոր կետեր բացել նաև Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Վարդուտ համայնքներում։ Ընկերության կողմից կաթի մթերման գինը, կախված յուղայնությունից, մեկ լիտրի դիմաց միջինը կազմում է 160 դրամ: Անդրադառնալով ընթացիկ տարում նոր տեսականու արտադրության հնարավորությանը, Ե. Մանգասարյանը տեղեկացրեց, որ «Արցախ կաթ»-ը թողարկելու է 15 տոկոսանոց թթվասեր, որը համարվում է դիետիկ, 1 տոկոսանոց մածուն, 1 տոկոսանոց կաթնաշոռ, ինչպես նաև կարտադրվի ացիդոֆիլային մածուն, որն օգտակար է հատկապես իմունիտետի բարելավման համար։ Ե. Մանգասարյանն ընդգծեց, որ գործարանի ներկայիս տեխնիկական զինվածությունը հնարավորություն է ընձեռում նախատեսվածից մի քանի անգամ ավելի կաթ մթերել, ինչին էլ միտված է ընկերության առաջիկա տարիների գործունեությունը:

Կարդալ ավելին 02-05-2015

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ  ԹԱԼԻՇՈՒՄ  ԳՈՐԾԱՐԿԵԼ  ԵՆ  ՈՌՈԳՄԱՆ   ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ                                    ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԹԱԼԻՇՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

100 հեկտար ոռոգելու համար սովորաբար մի քանի ջրվորից մի քանի օր է պահանջվում: Թալիշի հողերի մի մասում դրա համար այսուհետ անհրաժեշտ կլինի էլեկտրականություն, ջուր եւ մեկ-երկու գործիմաց օպերատոր: Անհնարինը հնարավոր է դարձել ոռոգման նոր՝ անձրեւացման համակարգի ներդրմամբ: Ոռոգման ժամանակակից առաջին համակարգը սահմանամերձ գյուղը ստացավ: ՙՄեկ համակարգը ի վիճակի է 50 հեկտար ոռոգել: Այսօր մենք նման երկու համակարգ ենք հանձնում ՙԹալիշ՚ հիմնադրամին՚,- մանրամասնում է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշյանը: Արրգենտինահայ բարերար Էդուարդո էռնեկյանի կողմից Արցախին նվիրված 14 համակարգերից երկուսն ստացավ Թալիշի հիմնադրամը: Այն ավելի վաղ է ստեղծվել: Նպատակը՝ սահմանամերձ համայնքի սեփականաշնորհված, բայց անմշակ հողերի միավորված մշակումը կազմակերպելն է: ՙՄիավորել ենք Թալիշ համայնքի սեփականաշնորհված հողերը ու նաեւ համայնքին պատկանող հողերը՝ միավորված մշակում իրականացնելու համար: Այդ նպատակով ստեղծվել է ՙԹալիշ՚ հիմնադրամը՚,- իրազեկում է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Սակայն անգամ այդքանից հետո դժվար էր պատկերացնել, որ առանց ոռոգման կայուն համակարգի այս ծրագիրը հաջողության կհասնի: Առաջին փուլում լուծվեց հենց այդ խնդիրը: Ազատամարտից հետո անջրդի դարձած հողերը ոռոգելու նպատակով պետական ծրագրով պոմպակայան է կառուցվել: ՙԱյս տարածքի հողերն արդեն ոռոգովի են: Պոմպակայանը վայրկյանում մինչեւ 750 լիտր ջուր է հասցնում այս դաշտերը,- նշում է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:- Այդ հանգամանքը ես շատ եմ կարեւորում, քանի որ միայն երաշխավորված ոռոգում ապահովող համակարգի առկայության դեպքում կարող ենք հույս ունենալ, որ իրականություն կդառնան այս տարածքում նախատեսվող գյուղատնտեսական ծրագրերը՚: Անձրեւացման համակարգերի ներդրումը ծրագրի երկրորդ փուլն է: Այն գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն է ուղղված: Շուտով այստեղ կսկսեն ցանքսը։ Նախապատվությունը գարնանացան մշակաբույսերին է տրվելու, որոնք, գրագետ մշակում իրականացնելու պարագայում, ավանդական հացահատկից զգալի մեծ շահույթ են ապահովում: ՙԱյստեղ մենք կարող ենք ավելի քիչ ծախսերով ավելի շատ բերք ստանալ: Իհարկե, դա կնպաստի նաեւ գյուղի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը՚,- հույս է հայտնում Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Ժամանակին այս գյուղը 2500 հեկտար մշակովի հող է ունեցել: Առկա հնարավորությունները պատշաճ կերպով օգտագործելու նպատակով պետական աջակցությամբ Թալիշում գյուղատնտեսական կոոպերատիվ է հիմնադրվել: Հաջողության դեպքում կոլեկտիվ տնտեսություն ստեղծելու այդ փորձը կտարածվի նաեւ այլ բնակավայրերում: Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կարդալ ավելին 02-03-2015

Թալիշում կգործարկվի Արցախում առաջին անձրևային համակարգը
Թալիշում կգործարկվի Արցախում առաջին անձրևային համակարգը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետը կարևորել է այդ ձեռքբերումը գյուղատնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման համատեքստում: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ առաջին այդպիսի համակարգը կառուցվել է սահմանամերձ գյուղում, ինչը դրականորեն կանդրադառնա Թալիշի զարգացման և գյուղացիների եկամուտների վրա: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու նաև այլ համայնքների համար՝ գյուղատնտեսական ինտենսիվ մեթոդների կիրառումը խթանելու նպատակով: Ընդհանուր առմամբ 100 հեկտար ընդգրկող երկու համակարգերը ծառայելու են Թալիշի բնակչությանը՝ ոռոգելով նրանց դաշտերը: Համակարգն արդեն պատրաստ է աշխատելու և մոտակա օրերին ամբողջությամբ կգործարկվի: Հիշեցնենք, որ 2014 թվականին կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել է բացառապես Թալիշի բնակիչներին՝ դեռևս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով: Անձրևային համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության և բնակիչների բարեկեցության մակարդակի աճը:

Կարդալ ավելին 01-16-2015

Կյանք՝   հայացքը   սահմանին
Կյանք՝ հայացքը սահմանին

Վերակառուցված ու լուսավոր Ստեփանակերտով դժվար է պատկերացում կազմել, թե այսօր ինչպես է ապրում Արցախյան պատերազմում հաղթած ղարաբաղցին: Դրա համար առնվազն պետք է գնալ սահմանամերձ գյուղ, խոսել գյուղացու հետ, տեսնել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է նա ապրում։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը սահմանամերձ գյուղերից է։ Թալիշ տանող ճանապարհները խորդուբորդ են, քարուքանդ, ու ամենաքիչը 2-3 ժամ է պետք մեքենայով Ստեփանակերտից գյուղ հասնելու համար։ Իսկ գյուղ տանող ճանապարհին քեզ նախ դիմավորում է մեծ բանալին, որի վրա խոշոր տառերով «Թալիշ» է գրված, ապա՝ «Սլավա տռուդու» բառակապակցությամբ սովետական կարմիր մուրճն ու մանգաղը։ Հենց գյուղի սկզբում՝ նախկին հիվանդանոցի ավերված շենքում է տեղակայված Թալիշի գյուղապետարանը։ Երկու հարկանի, քարուքանդ լուսամուտներով շենքի վրա միայն երկու պատուհան կա, մի սենյակում նստում է գյուղապետը, մյուսում՝ գյուղապետարանի մի քանի աշխատակիցները։ Գյուղապետի սենյակում պատի կեսի երկայնքով փակցված է Թալիշ գյուղի հուշահամալիրից մինչեւ հանդիսությունների տան տարածքի բարեկարգման նախագիծ-մակետը։ Ու որքան էլ գեղեցիկ է նախագծի մակետն ու վաղվա Թալիշի օրը, բայց իրականությունն այլ է. այսօրվա Թալիշը` թեկուզեւ քսան տարի անց, դեռ չի հեռացել պատերազմից: 1992-ին բռնատեղահանված գյուղն ազատագրվել է 94-ի ապրիլի 14-ին։ «Հունիսին արդեն 13 խաղաղ բնակիչ եմ տեղափոխել գյուղ` 2 կին եւ 11 տղամարդ, մեկ ամսից հետո՝ 26 հոգի, սկզբում մեկ ընդհանուր ճաշարան էր, շենքի տանիքը փակեցինք, հետո սկսեցինք տուն-տուն տանիքները կապել»,- պատմում է գյուղապետն ու նշում, որ պատերազմի ընթացքում 100 տոկոսանոց ավերված գյուղ է եղել Թալիշը: Նա գլխով ցույց է տալիս զոհվածների հուշակոթողը եւ նշում, որ 44 զոհ է տվել Թալիշն Արցախյան ազատամարտում, 22-ը համարվում են անհետ կորած, 222 հոգի էլ զոհվել են Հայրենական մեծ պատերազմում: Թալիշն այսօր ունի 513 բնակիչ՝ 131 ընտանիք ու եւս 28 ընտանիք` ժամանակավոր բնակության, որոնք հիմնականում սպաների ընտանիքներն են: Մինչդեռ պատերազմից առաջ, 70-ականներին ունեցել է 2 հազար 800 բնակիչ, իսկ բռնատեղահանությունից առաջ՝ 92-ին, 2 հազար 264 բնակիչ։ Գյուղի ամեն 5-րդ բնակչից մեկը կենսաթոշակառու է, բայց, այդքանով հանդերձ, գյուղապետը Թալիշը երիտասարդ գյուղ է համարում: Գյուղի միակ դպրոցում 102 աշակերտ է սովորում, 30 երեխա էլ մանկապարտեզ է գնում։ Նոր կառուցված 300 հոգանոց հանդիսությունների շենքին էլ բազմաֆունկցիոնալ կիրառություն են տվել, ներկայացումներ, համերգներ անելուց բացի տոնում են նաեւ հարսանյաց հանդեսներ։ Գյուղապետն ասում է` վերջին 2 տարվա ընթացքում հարսանիքներ քիչ են լինում, բայց լինելուց էլ գրեթե ամբողջ գյուղով սեղան են նստում. հյուրերի ցանկը հասնում է մինչեւ 250-ի։ Թալիշին մայրաքաղաքի հետ կապող միակ գիծը հեռախոսն ու շաբաթը 2 օր Ստեփանակերտ գնացող ավոտոբուսն են։ Գյուղը՝ ամենամոտիկ հատվածում, սահմանից բաժանում է 3 կմ, դա կենտրոնական մասն է, որտեղ սահմանին դեմառդեմ գյուղի դպրոցն է։ 94-ից հետո դպրոցի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց մինչեւ տեղահանությունը տանկով ուղիղ կրակակետից խփել են դպրոցի ուղղությամբ։ Գյուղապետը դժվարանում է ասել, թե ինչ հաճախականությամբ են կրակոցներ հնչում, բայց որ դեպքեր լինում են, դա փաստ է.ս «Չեմ կարծում, որ նման դեպքեր միայն մեր հատվածում են լինում, ամբողջ ճակատային գծի երկայնքով լինում են կրակոցներ եւ նույն հաճախականությամբ, ինչպես մնացած տեղերը»։ Կրակոցների ձայները լսվում են գյուղում, հիմա ավելի շատ են այն դեպքերը, երբ հակառակորդը կանխամտածված կարող է կրակել դաշտում հող մշակողների վրա՝ արտը հրդեհելու նպատակով, իսկ հրդեհը մարելու ժամանակ՝ նաեւ հրշեջ մեքենայի եւ գյուղացիների վրա։ Միջադեպերից խուսափելու համար գյուղացիները այդ հատվածն այլեւս չեն մշակում։ Անցած տարի, վերջին անգամ, գրանցվել են նաեւ դեպքեր, երբ հակառակորդն անասունների վրա է կրակել, բայց անասնագլուխներից բացի մարդկային կորուստներ չեն եղել: Հայկական կողմից պատասխան կրակոցներ լինում են միայն ըստ անհրաժեշտության. «Կա, որ իրանց մի կրակոցին կարող ա տասով պատասխանեն, կա, որ ընդհանրապես չպատասխանեն»,-ընդգծում է գյուղապետն ու, անդրադառնալով պատերազմի մասին խոսակցություններին, նկատում, որ եթե պատերազմի ու դրա վերսկսվելու մասին մտածեն, ապա այստեղ չպետք է ապրեն. «Կայունության ամենամեծ գրավականը հայոց բանակն ա, մեր զինված ուժերը, բայց եթե, Աստված չանի, հանկարծ նման դեպք էլ լինի, չեմ կարծում, որ կհայտնվենք 92-ի իրավիճակում, այսինքն` անպատրաստ»։ Այնուամենայնիվ, գյուղապետը կարծում է, որ պատերազմից վախենում են բոլորը, մեկի մոտ մի քիչ շատ է արտահայտված, մյուսի մոտ՝ ավելի քիչ, բայց մեծերն ավելի շատ են վախենում պատերազմից, նախ, որ տեսել են դա, հետո էլ՝ փոքրերի համար: Զրույցի ընթացքում գյուղապետն անկեղծանում է ու պատմում, որ գյուղացիք հաճախ են զանգում ու իրեն խնդրում, որ իրենց էրեխեքին դիրքեր չբարձրացնի, բայց միշտ նույն պատասխանն է տալիս՝ բա ո՞ւմ բարձրացնեմ…։ Բազմաթիվ խնդիրներ է առաջացնում նաեւ գյուղի սահմանամերձ, շրջկենտրոնից կտրված լինելու հանգամանքը, որի հետեւանքով չի զարգանում տնտեսությունը։ Իսկ խիստ արտահայտված չոր բնակլիմայական պայմանների պատճառով վերջին 3 տարում գյուղն ընդհանրապես բերք չի ստացել։ Չոր կլիման այս տարի գյուղացիներին զրկել է նաեւ անասունի կերից, խոտի պակաս համայնքը շատ ունի, այդ հարցն ինչ-որ կերպ լուծելու համար սուդանական խոտ է ցանվել: Գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը ջրի հարցն է, որն այս տարի մասամբ լուծվել է. 22 տարի անընդմեջ գյուղի հողատարածքները զրկված են եղել ոռոգման ջրից։ Գյուղապետը հույս է հայտնում, որ նոր կառուցված պոմպակայանը կբավարարի համայնքի 1003,5 հեկտար վարելահողերի ոռոգմանը։ Գյուղում ստեղծվել է նաեւ «Թալիշ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է ավելի արդյունավետ օգտագործել համայնքի հողատարածքները։ Այսօրվա դրությամբ այդ հողերից 220 հեկտարի վրա ցանված է եգիպտացորեն, 140 հեկտար՝ արեւածաղիկ, որոնցից 100 հեկտարն արդեն ոռոգվել է։ Ստացված բերքը, որպես օժանդակություն, կառավարությունը որոշել է բաժանել գյուղացիներին։ Գյուղացիներից շատերի տների տանիքները նոր-նոր են կառուցվում, 2012-ին կառավարությունը 31 մլն դրամ է տրամադրել գյուղացիներին, որի արդյունքում 21 ընտանիք իրենց տանիքների հարցը կարողացել են լուծել, այս տարի էլ նախատեսված է 38 ընտանիքի օգնել։ (2014թվական, ամառ)

Կարդալ ավելին 01-04-2015