Տնտեսական

Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել
Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել

Փետրվարի 12-ին Մոսկվա քաղաքում բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ մշտական գործող խանութ-տաղավար: «Արցախպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է խանութի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացրեց, որ այն բացվել է Մոսկվայի «Արմենիա» տաղավարում (նախկին՝ ВДНХ, павильон Армения): «Մեր ընկերության արտադրանքը ևս ներկայացված է խանութում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի «Ղարաբաղ կարպետ»-ից Արցախից ներկայացված են «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակներն, ինչը կարծում եմ լուրջ ձեռբերում է՝ արցախյան արտադրանքը իրացնելու համար»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առիթով իր երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը, քանի որ ծրագիրը իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ: Խանութ-տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 02-16-2016

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» ցուցահանդեսին. ԱՆՀ ներկայացուցիչ
Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» ցուցահանդեսին. ԱՆՀ ներկայացուցիչ

Արցախը 2009 թվականից մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող սննդի բնագավառի «Պրոդէքսպո» ամենամյա մեծ ցուցահանդեսին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը` նշելով, որ փետրվարի 8-12-ը Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսին Արցախի մասնակցությունն հիմնականում իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ: «Միջազգային նշանակության այդ ցուցահանդեսին այս տարի Արցախից մասնակցում են «Արցախ Բիո», «Էլիտ գրուպ», «Արցախ Բերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները»,- նշել է Մ. Բաղդասարյանը: Այն հարցին, թե ցուցահանդեսին արցախյան ընկերությունների մասնակցությանն Ադրբեջանի կողմից խոչընդոտելու փորձ եղե՞լ է, Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը պատասխանել է, որ չնայած արցախյան ընկերությունների մասնակցությունն ՀՀ կողմից վերցված տաղավարում ապահովվում է, սակայն ադրբեջանական կողմը ջանք չի խնայում ավելորդ խոչընդոտներ ստեղծելու: «Այս տարի ևս բացառություն չի եղել։ Բայց, հաշվի առնելով, որ մեր ընկերություններն իրենց արտադրանքի լայն տեսականիով այս պահին իսկ մասնակցում են ցուցահանդեսին, կարծում եմ՝ բոլորի համար ադրբեջանական կողմի ձախողումն ավելի քան ակնհայտ է»,- ասել է Մարգարիտա Բաղդասարյանը: Հիշեցնենք նաև, որ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն, ով այս օրերին ևս գտնվում է Մոսկվայում, անդրադառնալով ցուցահանդեսին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելունները մեծ հետաքրքրությամբ ծանոթանում են արցախյան ընկերությունների արտադրանքին:

Կարդալ ավելին 02-11-2016

Լեռնային Ղարաբաղում գազիֆիկացվել է տնտեսությունների 70 տոկոսը
Լեռնային Ղարաբաղում գազիֆիկացվել է տնտեսությունների 70 տոկոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ գազիֆիկացված է տնտեսությունների մոտավորապես 70 տոկոսը: «Մշտապես աշխատանքներ են տարվում ճանապարհաշինության ոլորտում: Հիմնական մայրուղիները վերականգնված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ»,- NEWS.am -ին տված հարցազրույցում նշել է Անդրանիկ Խաչատրյանը: 3. Տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդրոէլեկտրակայան է կառուցվել Դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները... Վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդորէլեկտրակայան է կառուցվել: Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ու դուրս գալ էլեկտրաէներգիայի ինքնաապահովման մակարդակ: Այսօրվա դրությամբ էներգետիկայի ոլորտում ավելի քան 2000 մարդ է ներգրավված: Տնտեսության մեկ այլ նոր ուղղություն է դարձել լեռնահանքային արդյունաբերությունը: «Լինելով առավել երիտասարդ ոլորտ՝ այն դարձել է պետբյուջեի հարկային մուտքերի խոշորագույն աղբյուր, նաեւ 1500 աշխատատեղ ապահովել»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

Կարդալ ավելին 01-07-2016

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ
Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը առաջնահերթություններից է, որտեղ իրականացվում են բնակարանաշինական և սոցիալ-տնտեսական նախագծեր։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ «Սահմանամերձ գյուղերում իրականացնում ենք ամենաշատ ծրագրերը՝ բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության խթանում և այլն»,- մանրամասնել է վարչապետը՝ ընդգծելով, որ մեծաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել սահմանամերձ Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով սոցիալական ոլորտը, բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Անդրադառնալով հանրապետության գյուղերում զբաղվածության խնդրին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բազմաթիվ դիմումների հիման վրա՝ ստեղծվել են գյուղմթերքների վերամշակման և մթերման ձեռնարկություններ, սակայն գյուղացիների կողմից այդ առումով առանձնակի խանդավառություն չի նկատվել։ Բացի այդ, մասնավորապես, Հադրութի շրջանում առկա են ոռոգովի հողատարածքներ, որոնք հողօգտագործողների կողմից չեն մշակվում։ Խնդրի լուծման համար պետբյուջեով հողօգտագործողներին եկող տարվանից նմանատիպ և այլ հողատարածքներում գարնանային մշակաբույսերի ցանքս կատարելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի։ Ոռոգման խնդրի լուծման առումով, բացի այն, որ նախատեսվել են ոռոգման մի շարք համակարգերի ստեղծման և նորոգման ծրագրեր, վարչապետը կարևորել է ոռոգման ժամանակակից ջրախնայողական տեխնոլոգիաների և համակարգերի կիրառումը:

Կարդալ ավելին 12-27-2015

Արցախում արտադրված ապրանքները կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով
Արցախում արտադրված ապրանքները կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով

Արցախում արտադրված ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով: Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասացwww.izArmenii.ru օն-լայն խանութի ղեկավար Լևոն Ադամյանը, Արցախում արտադրված բոլոր ապրանքները իրենք պատրաստ են անվճար հիմունքներով տեղադրել իրենց ինտերնետ-տիրույթում և իրականացնել դրանց վաճառքը: «Մեր ինտերնետ-խանութն արդեն լայն ճանաչում ունի Ռուսաստանի Դաշնությունում: Կարծում եմ՝ այն լավ հարթակ կարող է դառնալ Արցախում արտադրված և, ընդհանրապես, հայկական ապրանքների իրացման համար: Վերջերս «Արցախյան օրերը Մոսկվայում» փառատոնի շրջանակներում հանդիպել ենք Արցախի մի շարք գործարարների հետ, և նրանց հետ ձեռքբերած պայմանավորվածության արդյունքում մեր օն-լայն խանութում արդեն ներկայացված են արցախյան ապրանքները»,- ասաց Լ. Ադամյանը՝ հավելելով, որ գործարարներին ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հայտը, և այն անմիջապես կընդունվի: Ի դեպ, «Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախ բերրի» պահածոների գործարանի սեփականատեր Էրիկ Մկրտումյանը վստահեցրեց, որ ընկերության ապրանքներն վերջերս տեղադրվել ենwww.izArmenii.ru օն-լայն-խանութում, և արդեն կան առաջին դրական արդյունքները:

Կարդալ ավելին 12-20-2015

Կառավարությունը հավանություն տվեց 2016 թ.-ի ԼՂՀ պետական բյուջեի օրենքի նախագծին. վարչապետը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել
Կառավարությունը հավանություն տվեց 2016 թ.-ի ԼՂՀ պետական բյուջեի օրենքի նախագծին. վարչապետը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2016 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 86 մլրդ 185 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում կլինեն մոտ 88 մլրդ 946 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 2 մլրդ 761.3 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2016 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 812.4 մլն դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), իսկ ծախսերի գծով` 3 մլրդ 812.4 մլն դրամ: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանն, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, խոսելով քննարկվող պետբյուջեի տրամաբանության և սկզբունքների մասին, ընդգծել է, որ պահպանվելու են ոլորտային հատկացումների ծավալները, իսկ որոշ կարևոր ոլորտներ կստանան նպատակային լրացուցիչ միջոցներ: «Ինչ վերաբերում է ծախսերի նվազեցմանը, ապա բարեփոխումների արդյունքում, բյուջետային համակարգում կրճատել ենք 245 հաստիք և 96 մեքենա, ինչի շնորհիվ խնայելու ենք շուրջ 800 մլն դրամ: Այսուհետև ևս շարունակելու ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և ծախսերի նվազեցման քաղաքականությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման քաղաքականությանը՝ վարչապետը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են ոլորտի շարունակական զարգացման մասին: «Կառավարության խթանող քաղաքականության շնորհիվ՝ հանրապետությունում 2007թ. դրությամբ առկա 3,235 հարկատուների թիվը 2014թ.-ին հասել է 5,110-ի, ինչը հնարավոր է դարձել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների քանակի աճի հաշվին: Գլխավոր ցուցանիշներից մեկը ևս խոսուն է. 2016թ.-ին կանխատեսվում է շուրջ 236 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, մինչդեռ 2010թ.-ին այն շուրջ 118 մլրդ դրամ էր: Համոզված եմ՝ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին համապատասխան՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով, մոտավորապես նույն չափի աճ նախատեսում ենք նաև 2016թ.-ին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կարդալ ավելին 11-19-2015

Արցախում հարկատուների թիվը շուրջ 2000-ով ավելացել է
Արցախում հարկատուների թիվը շուրջ 2000-ով ավելացել է

ԼՂՀ Կառավարությունը, նախօրեին կայացած նիստում, հավանություն է տվել փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2016թ. ծրագրին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման քաղաքականությանը՝ վարչապետը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են ոլորտի շարունակական զարգացման մասին: «Կառավարության խթանող քաղաքականության շնորհիվ՝ հանրապետությունում 2007թ. դրությամբ առկա 3,235 հարկատուների թիվը 2014թ.-ին հասել է 5,110-ի, ինչը հնարավոր է դարձել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների քանակի աճի հաշվին: Նախագիծը հիմնված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրն ուղղված է նպաստելու հանրապետության, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը: Ծրագրով կարգավորվելու են նաև ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության, առևտրային բանկերի կողմից դրանց տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման և մի շարք այլ հարցեր:

Կարդալ ավելին 11-19-2015

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016թ.-ի վերջին
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016թ.-ի վերջին

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են 2-րդ փուլով: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակությունները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ`ճանապարհի շինարարությունը կշարունակվի Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային ծրագրերին զուգահեռ, եւ կավարտվի 2016թ.-ի վերջին: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 եւ ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջները: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվում են մայթեր: Ասֆալտի որակի ստուգման եւ վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից վերցված հանքային նյութերը (խիճ, ավազ, օրգանական կապակցող), արտադրված ասֆալտի նմուշները, ինչպես նաեւ հանուկները պարբերաբար ուղարկվում են լաբորատոր ստուգման: Նոյեմբերի 1-ի դրությամբ ողջ ճանապարհն ունի ավելի քան 49կմ ասֆալտի երկշերտ ծածկույթ: Մնացած հատվածներում իրականացվում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Շուրջօրյա` միջինը +10 ջերմության պայմաններում ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն: Ձմռան շրջանում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես խճի, ավազի, եւ այլ անհրաժեշտ նյութերի պահեստավորում, ինչպես նաեւ ասֆալտբետոնե գործարանի եւ ճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքավորումների վերանորոգում եւ համալրում` գարնանը աշխատանքները վերսկսելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է եղել նաեւ մարդատար մեքենաների համար: Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ` նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաեւ ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը: Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն եւ Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ, եւ այսօր համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում: Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլեւ զարկ կտա բիզնես եւ զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով` փոխելով նրա կյանքի որակը:

Կարդալ ավելին 11-12-2015

ՀՀ Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը
ՀՀ Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը

ՀՀ Կառավարությունը պահուստային ֆոնդից 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխա¬տանք¬ների իրականացման նպատակով: Նոյեմբերի 5-ի նիստում որոշվեց Հայաս¬տա¬նի Հան¬րա¬պե¬տու¬թյան 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել նշյալ գումարը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախա¬րա¬րությանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար: Որոշման նախագծով նախատեսվում է նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ՝ համաձայն որի Տրանսպորտի և կապի նախարարությունը ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ պետք է ունենա այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխատանքների ընդունում և այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմ¬նադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ «Հայաստան» համա¬հայ¬կա¬կան հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն Հայաստանի Հանրա¬պե¬տության տրանսպորտի և կապի նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։

Կարդալ ավելին 11-12-2015

Հանրապետությունում ավարտվել է հացահատիկայինների բերքահավաքը. բերքատվությունը նախորդ տարվա համեմատ կրկնակի է
Հանրապետությունում ավարտվել է հացահատիկայինների բերքահավաքը. բերքատվությունը նախորդ տարվա համեմատ կրկնակի է

Հանրապետության այս տարվա բերքի տակ կատարված հասկավոր հացահատիկային ցանքատարածություններում հնձի աշխատանքները հիմնականում ավարտվել են: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը: Նրա հաղորդմամբ, օգոստոսի 27-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 75 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 43 հազ. 775 հա-ը : Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է 115 հազ. 940,7 տոննա բերք: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 26, 5 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,2 ց/հա-ի դիմաց: Ըստ հացահատիկային մշակաբույսերի ներկայացնելով բերքահավաքի արդյունքները Վ. Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ հնձվել է 23 հազ. 468,4 հա ցորեն՝ 27,7ց/հա-ից միջին բերքատվությամբ, գարի՝17 հազ 893,6 հա՝ 27,5 ց/հա-ից, ինչպես նաև 2409,9 հա հաճար՝ 20,1 ց/հա-ից: Ցորենի համախառն բերքը կազմել է 65 հազ. 68 տոննա՝ նախորդ տարվա 30 հազ. 509,4 տոննայի փոխարեն, հավաքվել է 46 հազ. 23,7 տ. գարի նախորդ տարվա՝ 17 հազ 341,8 տ-ի համեմատ: Հաճարի համախառը բերքը 4848,9 տոննա է՝ նախորդ տարվա 2492,6 տ-ի դիմաց:

Կարդալ ավելին 08-29-2015

Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է Խնոցու փառատոն
Արցախում առաջին անգամ կազմակերպվելու է Խնոցու փառատոն

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում հունիսի 2-ին` ժամը 13:00-ին, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում առաջին անգամ կազմակերպելու է Խնոցու փառատոն: Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ փառատոնին ներկայացվելու է խնոցու հարման ողջ գործընթացը: Ստացված կաթնամթերքը մատուցվելու է ավանդական ձևով: Փառատոնի նպատակն է արցախյան ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, խաղերով ու խաղերգերով, արցախյան երգ-երաժշտությամբ:

Կարդալ ավելին 05-29-2015

«Արցախ կաթ»-ն ընդլայնում է արտադրանքի տեսականին
«Արցախ կաթ»-ն ընդլայնում է արտադրանքի տեսականին

«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2086 տոննա, նախորդ տարվա՝ 1807 տոննայի փոխարեն, ներկայում էլ հետեւողական աշխատանք է տարվում՝ նշված ցուցանիշը կրկնապատկելու համար։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության փոխտնօրեն Եղիշե Մանգասարյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում կաթի մթերման նոր կետեր կբացվեն կամ կվերագործարկվեն Մարտակերտի շրջանի ՝ Թալիշ և Մաղավուզ համայնքներում։ Նախատեսվում է նոր կետեր բացել նաև Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Վարդուտ համայնքներում։ Ընկերության կողմից կաթի մթերման գինը, կախված յուղայնությունից, մեկ լիտրի դիմաց միջինը կազմում է 160 դրամ: Անդրադառնալով ընթացիկ տարում նոր տեսականու արտադրության հնարավորությանը, Ե. Մանգասարյանը տեղեկացրեց, որ «Արցախ կաթ»-ը թողարկելու է 15 տոկոսանոց թթվասեր, որը համարվում է դիետիկ, 1 տոկոսանոց մածուն, 1 տոկոսանոց կաթնաշոռ, ինչպես նաև կարտադրվի ացիդոֆիլային մածուն, որն օգտակար է հատկապես իմունիտետի բարելավման համար։ Ե. Մանգասարյանն ընդգծեց, որ գործարանի ներկայիս տեխնիկական զինվածությունը հնարավորություն է ընձեռում նախատեսվածից մի քանի անգամ ավելի կաթ մթերել, ինչին էլ միտված է ընկերության առաջիկա տարիների գործունեությունը:

Կարդալ ավելին 02-05-2015

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ  ԹԱԼԻՇՈՒՄ  ԳՈՐԾԱՐԿԵԼ  ԵՆ  ՈՌՈԳՄԱՆ   ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ                                    ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԹԱԼԻՇՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

100 հեկտար ոռոգելու համար սովորաբար մի քանի ջրվորից մի քանի օր է պահանջվում: Թալիշի հողերի մի մասում դրա համար այսուհետ անհրաժեշտ կլինի էլեկտրականություն, ջուր եւ մեկ-երկու գործիմաց օպերատոր: Անհնարինը հնարավոր է դարձել ոռոգման նոր՝ անձրեւացման համակարգի ներդրմամբ: Ոռոգման ժամանակակից առաջին համակարգը սահմանամերձ գյուղը ստացավ: ՙՄեկ համակարգը ի վիճակի է 50 հեկտար ոռոգել: Այսօր մենք նման երկու համակարգ ենք հանձնում ՙԹալիշ՚ հիմնադրամին՚,- մանրամասնում է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշյանը: Արրգենտինահայ բարերար Էդուարդո էռնեկյանի կողմից Արցախին նվիրված 14 համակարգերից երկուսն ստացավ Թալիշի հիմնադրամը: Այն ավելի վաղ է ստեղծվել: Նպատակը՝ սահմանամերձ համայնքի սեփականաշնորհված, բայց անմշակ հողերի միավորված մշակումը կազմակերպելն է: ՙՄիավորել ենք Թալիշ համայնքի սեփականաշնորհված հողերը ու նաեւ համայնքին պատկանող հողերը՝ միավորված մշակում իրականացնելու համար: Այդ նպատակով ստեղծվել է ՙԹալիշ՚ հիմնադրամը՚,- իրազեկում է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Սակայն անգամ այդքանից հետո դժվար էր պատկերացնել, որ առանց ոռոգման կայուն համակարգի այս ծրագիրը հաջողության կհասնի: Առաջին փուլում լուծվեց հենց այդ խնդիրը: Ազատամարտից հետո անջրդի դարձած հողերը ոռոգելու նպատակով պետական ծրագրով պոմպակայան է կառուցվել: ՙԱյս տարածքի հողերն արդեն ոռոգովի են: Պոմպակայանը վայրկյանում մինչեւ 750 լիտր ջուր է հասցնում այս դաշտերը,- նշում է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:- Այդ հանգամանքը ես շատ եմ կարեւորում, քանի որ միայն երաշխավորված ոռոգում ապահովող համակարգի առկայության դեպքում կարող ենք հույս ունենալ, որ իրականություն կդառնան այս տարածքում նախատեսվող գյուղատնտեսական ծրագրերը՚: Անձրեւացման համակարգերի ներդրումը ծրագրի երկրորդ փուլն է: Այն գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն է ուղղված: Շուտով այստեղ կսկսեն ցանքսը։ Նախապատվությունը գարնանացան մշակաբույսերին է տրվելու, որոնք, գրագետ մշակում իրականացնելու պարագայում, ավանդական հացահատկից զգալի մեծ շահույթ են ապահովում: ՙԱյստեղ մենք կարող ենք ավելի քիչ ծախսերով ավելի շատ բերք ստանալ: Իհարկե, դա կնպաստի նաեւ գյուղի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը՚,- հույս է հայտնում Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Ժամանակին այս գյուղը 2500 հեկտար մշակովի հող է ունեցել: Առկա հնարավորությունները պատշաճ կերպով օգտագործելու նպատակով պետական աջակցությամբ Թալիշում գյուղատնտեսական կոոպերատիվ է հիմնադրվել: Հաջողության դեպքում կոլեկտիվ տնտեսություն ստեղծելու այդ փորձը կտարածվի նաեւ այլ բնակավայրերում: Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կարդալ ավելին 02-03-2015

Թալիշում կգործարկվի Արցախում առաջին անձրևային համակարգը
Թալիշում կգործարկվի Արցախում առաջին անձրևային համակարգը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետը կարևորել է այդ ձեռքբերումը գյուղատնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման համատեքստում: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ առաջին այդպիսի համակարգը կառուցվել է սահմանամերձ գյուղում, ինչը դրականորեն կանդրադառնա Թալիշի զարգացման և գյուղացիների եկամուտների վրա: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու նաև այլ համայնքների համար՝ գյուղատնտեսական ինտենսիվ մեթոդների կիրառումը խթանելու նպատակով: Ընդհանուր առմամբ 100 հեկտար ընդգրկող երկու համակարգերը ծառայելու են Թալիշի բնակչությանը՝ ոռոգելով նրանց դաշտերը: Համակարգն արդեն պատրաստ է աշխատելու և մոտակա օրերին ամբողջությամբ կգործարկվի: Հիշեցնենք, որ 2014 թվականին կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել է բացառապես Թալիշի բնակիչներին՝ դեռևս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով: Անձրևային համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության և բնակիչների բարեկեցության մակարդակի աճը:

Կարդալ ավելին 01-16-2015

Կյանք՝   հայացքը   սահմանին
Կյանք՝ հայացքը սահմանին

Վերակառուցված ու լուսավոր Ստեփանակերտով դժվար է պատկերացում կազմել, թե այսօր ինչպես է ապրում Արցախյան պատերազմում հաղթած ղարաբաղցին: Դրա համար առնվազն պետք է գնալ սահմանամերձ գյուղ, խոսել գյուղացու հետ, տեսնել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է նա ապրում։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը սահմանամերձ գյուղերից է։ Թալիշ տանող ճանապարհները խորդուբորդ են, քարուքանդ, ու ամենաքիչը 2-3 ժամ է պետք մեքենայով Ստեփանակերտից գյուղ հասնելու համար։ Իսկ գյուղ տանող ճանապարհին քեզ նախ դիմավորում է մեծ բանալին, որի վրա խոշոր տառերով «Թալիշ» է գրված, ապա՝ «Սլավա տռուդու» բառակապակցությամբ սովետական կարմիր մուրճն ու մանգաղը։ Հենց գյուղի սկզբում՝ նախկին հիվանդանոցի ավերված շենքում է տեղակայված Թալիշի գյուղապետարանը։ Երկու հարկանի, քարուքանդ լուսամուտներով շենքի վրա միայն երկու պատուհան կա, մի սենյակում նստում է գյուղապետը, մյուսում՝ գյուղապետարանի մի քանի աշխատակիցները։ Գյուղապետի սենյակում պատի կեսի երկայնքով փակցված է Թալիշ գյուղի հուշահամալիրից մինչեւ հանդիսությունների տան տարածքի բարեկարգման նախագիծ-մակետը։ Ու որքան էլ գեղեցիկ է նախագծի մակետն ու վաղվա Թալիշի օրը, բայց իրականությունն այլ է. այսօրվա Թալիշը` թեկուզեւ քսան տարի անց, դեռ չի հեռացել պատերազմից: 1992-ին բռնատեղահանված գյուղն ազատագրվել է 94-ի ապրիլի 14-ին։ «Հունիսին արդեն 13 խաղաղ բնակիչ եմ տեղափոխել գյուղ` 2 կին եւ 11 տղամարդ, մեկ ամսից հետո՝ 26 հոգի, սկզբում մեկ ընդհանուր ճաշարան էր, շենքի տանիքը փակեցինք, հետո սկսեցինք տուն-տուն տանիքները կապել»,- պատմում է գյուղապետն ու նշում, որ պատերազմի ընթացքում 100 տոկոսանոց ավերված գյուղ է եղել Թալիշը: Նա գլխով ցույց է տալիս զոհվածների հուշակոթողը եւ նշում, որ 44 զոհ է տվել Թալիշն Արցախյան ազատամարտում, 22-ը համարվում են անհետ կորած, 222 հոգի էլ զոհվել են Հայրենական մեծ պատերազմում: Թալիշն այսօր ունի 513 բնակիչ՝ 131 ընտանիք ու եւս 28 ընտանիք` ժամանակավոր բնակության, որոնք հիմնականում սպաների ընտանիքներն են: Մինչդեռ պատերազմից առաջ, 70-ականներին ունեցել է 2 հազար 800 բնակիչ, իսկ բռնատեղահանությունից առաջ՝ 92-ին, 2 հազար 264 բնակիչ։ Գյուղի ամեն 5-րդ բնակչից մեկը կենսաթոշակառու է, բայց, այդքանով հանդերձ, գյուղապետը Թալիշը երիտասարդ գյուղ է համարում: Գյուղի միակ դպրոցում 102 աշակերտ է սովորում, 30 երեխա էլ մանկապարտեզ է գնում։ Նոր կառուցված 300 հոգանոց հանդիսությունների շենքին էլ բազմաֆունկցիոնալ կիրառություն են տվել, ներկայացումներ, համերգներ անելուց բացի տոնում են նաեւ հարսանյաց հանդեսներ։ Գյուղապետն ասում է` վերջին 2 տարվա ընթացքում հարսանիքներ քիչ են լինում, բայց լինելուց էլ գրեթե ամբողջ գյուղով սեղան են նստում. հյուրերի ցանկը հասնում է մինչեւ 250-ի։ Թալիշին մայրաքաղաքի հետ կապող միակ գիծը հեռախոսն ու շաբաթը 2 օր Ստեփանակերտ գնացող ավոտոբուսն են։ Գյուղը՝ ամենամոտիկ հատվածում, սահմանից բաժանում է 3 կմ, դա կենտրոնական մասն է, որտեղ սահմանին դեմառդեմ գյուղի դպրոցն է։ 94-ից հետո դպրոցի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց մինչեւ տեղահանությունը տանկով ուղիղ կրակակետից խփել են դպրոցի ուղղությամբ։ Գյուղապետը դժվարանում է ասել, թե ինչ հաճախականությամբ են կրակոցներ հնչում, բայց որ դեպքեր լինում են, դա փաստ է.ս «Չեմ կարծում, որ նման դեպքեր միայն մեր հատվածում են լինում, ամբողջ ճակատային գծի երկայնքով լինում են կրակոցներ եւ նույն հաճախականությամբ, ինչպես մնացած տեղերը»։ Կրակոցների ձայները լսվում են գյուղում, հիմա ավելի շատ են այն դեպքերը, երբ հակառակորդը կանխամտածված կարող է կրակել դաշտում հող մշակողների վրա՝ արտը հրդեհելու նպատակով, իսկ հրդեհը մարելու ժամանակ՝ նաեւ հրշեջ մեքենայի եւ գյուղացիների վրա։ Միջադեպերից խուսափելու համար գյուղացիները այդ հատվածն այլեւս չեն մշակում։ Անցած տարի, վերջին անգամ, գրանցվել են նաեւ դեպքեր, երբ հակառակորդն անասունների վրա է կրակել, բայց անասնագլուխներից բացի մարդկային կորուստներ չեն եղել: Հայկական կողմից պատասխան կրակոցներ լինում են միայն ըստ անհրաժեշտության. «Կա, որ իրանց մի կրակոցին կարող ա տասով պատասխանեն, կա, որ ընդհանրապես չպատասխանեն»,-ընդգծում է գյուղապետն ու, անդրադառնալով պատերազմի մասին խոսակցություններին, նկատում, որ եթե պատերազմի ու դրա վերսկսվելու մասին մտածեն, ապա այստեղ չպետք է ապրեն. «Կայունության ամենամեծ գրավականը հայոց բանակն ա, մեր զինված ուժերը, բայց եթե, Աստված չանի, հանկարծ նման դեպք էլ լինի, չեմ կարծում, որ կհայտնվենք 92-ի իրավիճակում, այսինքն` անպատրաստ»։ Այնուամենայնիվ, գյուղապետը կարծում է, որ պատերազմից վախենում են բոլորը, մեկի մոտ մի քիչ շատ է արտահայտված, մյուսի մոտ՝ ավելի քիչ, բայց մեծերն ավելի շատ են վախենում պատերազմից, նախ, որ տեսել են դա, հետո էլ՝ փոքրերի համար: Զրույցի ընթացքում գյուղապետն անկեղծանում է ու պատմում, որ գյուղացիք հաճախ են զանգում ու իրեն խնդրում, որ իրենց էրեխեքին դիրքեր չբարձրացնի, բայց միշտ նույն պատասխանն է տալիս՝ բա ո՞ւմ բարձրացնեմ…։ Բազմաթիվ խնդիրներ է առաջացնում նաեւ գյուղի սահմանամերձ, շրջկենտրոնից կտրված լինելու հանգամանքը, որի հետեւանքով չի զարգանում տնտեսությունը։ Իսկ խիստ արտահայտված չոր բնակլիմայական պայմանների պատճառով վերջին 3 տարում գյուղն ընդհանրապես բերք չի ստացել։ Չոր կլիման այս տարի գյուղացիներին զրկել է նաեւ անասունի կերից, խոտի պակաս համայնքը շատ ունի, այդ հարցն ինչ-որ կերպ լուծելու համար սուդանական խոտ է ցանվել: Գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը ջրի հարցն է, որն այս տարի մասամբ լուծվել է. 22 տարի անընդմեջ գյուղի հողատարածքները զրկված են եղել ոռոգման ջրից։ Գյուղապետը հույս է հայտնում, որ նոր կառուցված պոմպակայանը կբավարարի համայնքի 1003,5 հեկտար վարելահողերի ոռոգմանը։ Գյուղում ստեղծվել է նաեւ «Թալիշ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է ավելի արդյունավետ օգտագործել համայնքի հողատարածքները։ Այսօրվա դրությամբ այդ հողերից 220 հեկտարի վրա ցանված է եգիպտացորեն, 140 հեկտար՝ արեւածաղիկ, որոնցից 100 հեկտարն արդեն ոռոգվել է։ Ստացված բերքը, որպես օժանդակություն, կառավարությունը որոշել է բաժանել գյուղացիներին։ Գյուղացիներից շատերի տների տանիքները նոր-նոր են կառուցվում, 2012-ին կառավարությունը 31 մլն դրամ է տրամադրել գյուղացիներին, որի արդյունքում 21 ընտանիք իրենց տանիքների հարցը կարողացել են լուծել, այս տարի էլ նախատեսված է 38 ընտանիքի օգնել։ (2014թվական, ամառ)

Կարդալ ավելին 01-04-2015

ԹԱԼԻՇԸ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Անցյալ տարվանից մեկնարկել է ՙԹալիշ՚ ծրագիրը, որի շրջանակներում իրականացվող աշխատանքներին մոտիկից ծանոթանալու հնարավորություն ստեղծվեց օրերս ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) տնօրեն Աշոտ Բախշիյանի հետ այդ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ: Հետպատերազմյան տարիներին Թալիշ գյուղը բազմաթիվ զրկանքներ ու դժվարություններ էր տեսել: Շուրջ երկու տարի թշնամու գերության տակ մնալուց և 1994թ. ազատագրումից հետո Արցախի երբեմնի այդ հզոր գյուղից գրեթե ոչինչ չէր մնացել։ Ենթակառուցվածքներից ու տնտեսությամբ զբաղվելու նվազագույն իսկ հնարավորություններից զրկված թալիշցին տարիներ շարունակ հաց չէր կարողանում ստանալ նաև բնական աղետների, մասնավորապես՝ երաշտի պատճառով: Անասունները ձմռան շեմին մնում էին սոված: Ջուրը Թարթառի գետահովտից գյուղ հասցնելը դարձավ օրախնդիր: Մատաղիսում մայր ջրանցքի վրա նոր պոմպակայանի կառուցումը գյուղի տնտեսության համար նոր փուլի սկիզբ է համարվում: ՙԲազմաթիվ ծրագրեր են իրագործվել, բայց պոմպակայանը ամենակենսականն է՚,- ասում է Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը: 500 մետր բարձրությամբ դեպի Թալիշի դաշտերը մղված ջուրը հնարավորություն կտա գործարկելու ոռոգման համակարգը: Ջուրն արդեն հասցվել է դեռևս խորհրդային տարիներից գործող ջրանցքներին, և այսօր արդեն ավելի քան 1500 հա տարածք ոռոգելու հնարավորություն կա: Թալիշում մենք ականատես եղանք նաև նոր տեխնոլոգիայի ներդրման բացառիկ մի իրողության, որն իր տեսակով առաջինն է Արցախում, եզակիներից մեկը՝ Հայաստանում: Խոսքը ոռոգման անձրևային եղանակի մասին է: Արտասահմանից հրավիրված մասնագետներն այստեղ արդեն տեղադրում են համապատասխան երկաթե հսկա մեխանիզմի կառուցամասերը և, իրենց իսկ հավաստմամբ, շատ կարճ ժամկետում աշխատանքներն ավարտված կլինեն: Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 100 հեկտար տարածք այսուհետ կոռոգվի ժամանակակից նոր տեխնոլոգիայով, որի դեպքում ոռոգման արդյունավետությունը կկազմի ոչ թե 10-15, ինչպես լինում է ակոսային ոռոգման ժամանակ, այլ՝ 65-70 տոկոս: Ներկայում այստեղ ՙՄարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ՚ ՓԲԸ-ի միջոցներով արագ տեմպերով ընթանում են աշնանացանի աշխատանքները. արդեն կատարված է ցանքս՝ 250 հա¬ի վրա: Թալիշում գործում է նաև հողերի մշակման համայնքային ծրագիրը՝ առայժմ 400 հա¬ի վրա, որտեղ կան և՜ սեփականաշնորհված, և՜ ՙԹալիշ՚ հիմնադրամի կողմից վարձակալված հողակտորներ: Մասնավոր հողերից ստացված արդյունքը բաշխվելու է սեփականատերերին, իսկ վարձակալվածի արդյունքը կմնա հանրային սեփականություն` օգտագործվելով գյուղի զարգացման համար։ Ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին ծանոթանալու ժամանակ, անշուշտ, մեզ համար նորույթ էր նաև սև խավիարի արտադրությունը, որը շուտով իրականություն կդառնա: Թարթառ գետի ափին կառուցվող մեծ քանակության ջրամբարները հենց դրա համար են նախատեսված: Շատերի համար այս գաղափարը կարող է անհավանական թվալ, սակայն Աշոտ Բախշիյանի հավաստմամբ, այն լրիվ իրատեսական է, մանավանդ, որ ինքն անձամբ Իսրայելում ականատես է եղել այդ փորձին: ՙԾրագրեր ու գաղափարներ շատ կան, որոնք կարելի է իրագործել այստեղ: Կառավարությունը միջոցներ չի խնայում հանուն այն նպատակի, որպեսզի միշտ կանգուն մնան սահմանակից մեր գյուղերը, որպեսզի ապահովվեն կենսական արժանապատիվ պայմաններ, ինչը հնարավորություն կտա ապրելու և աշխատելու հայրենի գյուղում՚,- այս գաղափարն էր շեշտվում Հիմնադրամի ղեկավարի և սահմանամերձ դաշտերում աշխատող մարդկանց զրույցների ու աշխատանքային քննարկումների ժամանակ: Թալիշը ոչ միայն տնտեսական, այլև, որ ավելի կարևոր է, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Այդ մասին են վկայում դաշտեզրերից քիչ հեռու տեղակայված մեր պաշտպանական դիրքերը, որտեղ օր ու գիշեր մարտական հերթապահության մեջ է հայ զինվորը՝ հանուն Արցախի անվտանգ օրվա ու բարգավաճ ապագայի:

Կարդալ ավելին 11-27-2014