Տնտեսական

Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել
Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել

Փետրվարի 12-ին Մոսկվա քաղաքում բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ մշտական գործող խանութ-տաղավար: «Արցախպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է խանութի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացրեց, որ այն բացվել է Մոսկվայի «Արմենիա» տաղավարում (նախկին՝ ВДНХ, павильон Армения): «Մեր ընկերության արտադրանքը ևս ներկայացված է խանութում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի «Ղարաբաղ կարպետ»-ից Արցախից ներկայացված են «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակներն, ինչը կարծում եմ լուրջ ձեռբերում է՝ արցախյան արտադրանքը իրացնելու համար»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առիթով իր երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը, քանի որ ծրագիրը իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ: Խանութ-տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 02-16-2016

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» ցուցահանդեսին. ԱՆՀ ներկայացուցիչ
Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի մասնակցությանը «Պրոդէքսպո- 2016» ցուցահանդեսին. ԱՆՀ ներկայացուցիչ

Արցախը 2009 թվականից մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող սննդի բնագավառի «Պրոդէքսպո» ամենամյա մեծ ցուցահանդեսին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը` նշելով, որ փետրվարի 8-12-ը Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսին Արցախի մասնակցությունն հիմնականում իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ: «Միջազգային նշանակության այդ ցուցահանդեսին այս տարի Արցախից մասնակցում են «Արցախ Բիո», «Էլիտ գրուպ», «Արցախ Բերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները»,- նշել է Մ. Բաղդասարյանը: Այն հարցին, թե ցուցահանդեսին արցախյան ընկերությունների մասնակցությանն Ադրբեջանի կողմից խոչընդոտելու փորձ եղե՞լ է, Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը պատասխանել է, որ չնայած արցախյան ընկերությունների մասնակցությունն ՀՀ կողմից վերցված տաղավարում ապահովվում է, սակայն ադրբեջանական կողմը ջանք չի խնայում ավելորդ խոչընդոտներ ստեղծելու: «Այս տարի ևս բացառություն չի եղել։ Բայց, հաշվի առնելով, որ մեր ընկերություններն իրենց արտադրանքի լայն տեսականիով այս պահին իսկ մասնակցում են ցուցահանդեսին, կարծում եմ՝ բոլորի համար ադրբեջանական կողմի ձախողումն ավելի քան ակնհայտ է»,- ասել է Մարգարիտա Բաղդասարյանը: Հիշեցնենք նաև, որ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն, ով այս օրերին ևս գտնվում է Մոսկվայում, անդրադառնալով ցուցահանդեսին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելունները մեծ հետաքրքրությամբ ծանոթանում են արցախյան ընկերությունների արտադրանքին:

Կարդալ ավելին 02-11-2016

Լեռնային Ղարաբաղում գազիֆիկացվել է տնտեսությունների 70 տոկոսը
Լեռնային Ղարաբաղում գազիֆիկացվել է տնտեսությունների 70 տոկոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ գազիֆիկացված է տնտեսությունների մոտավորապես 70 տոկոսը: «Մշտապես աշխատանքներ են տարվում ճանապարհաշինության ոլորտում: Հիմնական մայրուղիները վերականգնված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ»,- NEWS.am -ին տված հարցազրույցում նշել է Անդրանիկ Խաչատրյանը: 3. Տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդրոէլեկտրակայան է կառուցվել Դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները... Վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդորէլեկտրակայան է կառուցվել: Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ու դուրս գալ էլեկտրաէներգիայի ինքնաապահովման մակարդակ: Այսօրվա դրությամբ էներգետիկայի ոլորտում ավելի քան 2000 մարդ է ներգրավված: Տնտեսության մեկ այլ նոր ուղղություն է դարձել լեռնահանքային արդյունաբերությունը: «Լինելով առավել երիտասարդ ոլորտ՝ այն դարձել է պետբյուջեի հարկային մուտքերի խոշորագույն աղբյուր, նաեւ 1500 աշխատատեղ ապահովել»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

Կարդալ ավելին 01-07-2016

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ
Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից է. ԼՂՀ վարչապետ

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը առաջնահերթություններից է, որտեղ իրականացվում են բնակարանաշինական և սոցիալ-տնտեսական նախագծեր։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ «Սահմանամերձ գյուղերում իրականացնում ենք ամենաշատ ծրագրերը՝ բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության խթանում և այլն»,- մանրամասնել է վարչապետը՝ ընդգծելով, որ մեծաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել սահմանամերձ Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով սոցիալական ոլորտը, բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Անդրադառնալով հանրապետության գյուղերում զբաղվածության խնդրին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բազմաթիվ դիմումների հիման վրա՝ ստեղծվել են գյուղմթերքների վերամշակման և մթերման ձեռնարկություններ, սակայն գյուղացիների կողմից այդ առումով առանձնակի խանդավառություն չի նկատվել։ Բացի այդ, մասնավորապես, Հադրութի շրջանում առկա են ոռոգովի հողատարածքներ, որոնք հողօգտագործողների կողմից չեն մշակվում։ Խնդրի լուծման համար պետբյուջեով հողօգտագործողներին եկող տարվանից նմանատիպ և այլ հողատարածքներում գարնանային մշակաբույսերի ցանքս կատարելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի։ Ոռոգման խնդրի լուծման առումով, բացի այն, որ նախատեսվել են ոռոգման մի շարք համակարգերի ստեղծման և նորոգման ծրագրեր, վարչապետը կարևորել է ոռոգման ժամանակակից ջրախնայողական տեխնոլոգիաների և համակարգերի կիրառումը:

Կարդալ ավելին 12-27-2015

Արցախում արտադրված ապրանքները կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով
Արցախում արտադրված ապրանքները կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով

Արցախում արտադրված ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև համացանցի միջոցով: Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասացwww.izArmenii.ru օն-լայն խանութի ղեկավար Լևոն Ադամյանը, Արցախում արտադրված բոլոր ապրանքները իրենք պատրաստ են անվճար հիմունքներով տեղադրել իրենց ինտերնետ-տիրույթում և իրականացնել դրանց վաճառքը: «Մեր ինտերնետ-խանութն արդեն լայն ճանաչում ունի Ռուսաստանի Դաշնությունում: Կարծում եմ՝ այն լավ հարթակ կարող է դառնալ Արցախում արտադրված և, ընդհանրապես, հայկական ապրանքների իրացման համար: Վերջերս «Արցախյան օրերը Մոսկվայում» փառատոնի շրջանակներում հանդիպել ենք Արցախի մի շարք գործարարների հետ, և նրանց հետ ձեռքբերած պայմանավորվածության արդյունքում մեր օն-լայն խանութում արդեն ներկայացված են արցախյան ապրանքները»,- ասաց Լ. Ադամյանը՝ հավելելով, որ գործարարներին ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հայտը, և այն անմիջապես կընդունվի: Ի դեպ, «Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախ բերրի» պահածոների գործարանի սեփականատեր Էրիկ Մկրտումյանը վստահեցրեց, որ ընկերության ապրանքներն վերջերս տեղադրվել ենwww.izArmenii.ru օն-լայն-խանութում, և արդեն կան առաջին դրական արդյունքները:

Կարդալ ավելին 12-20-2015