ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26­ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար: Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության եւ մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ­ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վերադառնալ 11-28-2014