ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում Ամն-ի Կոնգրեսին ու նախագահին` սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Կալիֆոռնիան արդեն ԱՄՆ հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը: Մինչ այդ ճանաչել են Մասաչուսեթս, Ռոդ, Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգները: Շատերն այս կապակցությամբ կասեն, որ նահանգային մակարդակով ճանաչումը իրավական լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Խոշոր հաշվով, գուցեեւ այդպես է, սակայն անհնար է բացառել այս ակտի քաղաքական նշանակությունը: Ո՞րն է այն: ԼՂՀ անկախությունը ձեռք է բերվել երկարատեւ ու համառ պայքարի, հաղթական պատերազմի արդյունքում եւ լիովին համարժեք է եղել համաշխարհային զարգացումների տրամաբանությանը: Այն իր արժեքով ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային նշանակություն եւ առայժմ չի կորցրել իր այդ արժեքը: Զուր չէ, որ միջազգային շահագրգիռ կողմերը խոստովանում են, որ Ղարաբաղի խնդիրն առանձնահատուկ է եւ նման չէ այլ հակամարտությունների: Եւ դա բացարձակ ճշմարտություն է, քանի որ Ղարաբաղի պայքարը քաղաքակրթական գլոբալ գործընթացի մաս է: Ներկայում ԼՂՀ­ն, որքան էլ տարօրինակ հնչի, Հարավային Կովկասի միակ անկախ պետությունն է, եւ չնայած հայկական երկու պետությունների ղեկավարության անհամարժեքությանը, այս հանգամանքը լուրջ նշանակություն ունի ապագա զարգացումներում: Բանն այն է, որ Ղարաբաղի հարցը կարող է «լուծվել» միայն տարածաշրջանի ապագա տրանսֆորմացիաների ու վերաձեւումների համատեքստում, որում Ղարաբաղն ունենալու է վճռորոշ գործառույթ:

Վերադառնալ 12-02-2014