Լրահոս Արցախից

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 04-04-2015

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից. ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից. ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան

Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ են լինելու: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեցին մասնակից կուսակցությունների մեծ մասը: Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Վարդգես Բաղրյանի խոսքով՝ այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են, քանի որ ԼՂՀ Սահմանադրության պահանջով ձևավորվելու է պրոֆեսիոնալ խորհրդարան: «Մինչ այժմ մեր Ազգային ժողովը կիսամշտական, կիսապրոֆեսիոնալ հիմունքներով էր աշխատում։ 2015 թվականից մայիսի 3-ի ընտրություններից հետո, երբ ձևավորվի խորհրդարանը, բոլոր 33 պատգամավորների աշխատանքը լինելու է միայն խորհրդարանական գործունեությունը»,-ասաց պատգամավոր Բաղրյանը՝ նշելով, որ այս խորհրդարանը որակապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից, դա Սահմանադրության պահանջն է: Վարդգես Բաղրյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում, վիրավորական արտահայտություններ չեն եղել, և հուսով է, որ չեն լինի. «Որովհետև մենք այս պայքարում, եթե կարելի է այդ տերմինն օգտագործել, ունենք միայն մրցակիցներ, ոչ թե հակառակորդներ կամ թշնամիներ: Կյանքը մայիսի 3-ին չի ավարտվում, մենք պետք է կարողանանք դրանից հետո պահել, պահպանել, ծաղկեցնել մեր երկիրը, մեր գլխավոր նպատակը դա է»: Կարգախոսը նույնն է, ինչ նախկին ընտրությանը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ժողովրդի կուսակցությունն է»: «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանը ևս ասաց, որ քարոզարշավն անցնում է նորմալ, օրենքի սահմաններում, դեռևս ոչ մի արտառոց բան չի նկատվել: «Հույս ունեմ, որ քարոզարշավի ողջ ընթացքն անցնելու է բարիդրացիական սահմաններում: «Ապավինենք մեր ներուժին» կարգախոսով ենք ներկայանում մեր ընտրողներին, ուզում ենք ասել, որ մենք պետք է աշխատենք մեծ եռանդով, որովհետև առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր աշխատանքի վրա»,-ասաց Գագիկ Պետրոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են լինելու, որոնք մի քայլ առաջ են անցնելու նախորդ ընտրություններից: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Հաստատենք ժողովրդի իշխանություն» կարգախոսով: Ինչպես նշեց կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ ձևավորվող խորհրդարանից հիմնական ակնկալիքն այն է, որ կվերանա տարիներ շարունակ գոյություն ունեցող քաղաքական մենաշնորհը: «Խորհրդարանում առկա են միայն իշխանական կուսակցություններ: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք մեծամասնություն կկազմե՞նք, թե ոչ, խորհրդարանում կլինի ընդդիմություն: Գալիք խորհրդարանից մեր ակնկալիքն այն է, որ վերանա իշխանական կուսակցությունների քաղաքական մենաշնորհը: Ընդդիմությունը գոնե առնվազն վերահսկողական ֆունկցիա կկատարի»,-համոզմունք հայտնեց Հայկ Խանումյանը: Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանի հաղորդմամբ՝ իրենք «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» և «Աշխատանք, արդարություն, սոցիալիզմ»կարգախոսերով կմասնակցեն մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին: «Քանի որ սա պրոֆեսիոնալ խորհրդարան է, իմ կարծիքով, ժողովուրդն ավելի լուրջ կմոտենա այս ընտրություններին»,-ասաց Հրանտ Մելքումյանը: Ինչ վերաբերում է ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը, ապա նա ասաց, թե չի կարծում, որ ԼՂՀ Նախագահը թույլ կտա, որ անարդարություններ լինեն: «Ես անձամբ ներկա եմ եղել Նախագահի մոտ անցկացված խորհրդակցությանը, որտեղ շեշտվել է, որ ով անարդարության ճանապարհով գնա, պարտվելու է: Չեմ էլ կասկածում, որ որևէ աննորմալ բան լինի, մերոնք շատ լավ հասկանում են, որ ընդամենը 20 կմ այն կողմ պատերազմի գիծ է: Ղարաբաղցին այդ հարցին շատ լուրջ է մոտենում, մենք չենք կարող խժդժություններ անել: Մեզ համար առաջին հերթին մեր հայրենիքն է, դրանից հետո նոր՝ մնացածը»,-ասաց նա: «Շարժում 88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Շարժում 88»-ը մասնակցելու է «Այսպես շարունակել չի կարելի» կարգախոսով: Պարոն Աղաբեկյանն ասաց, որ թեև քարոզարշավը նոր է մեկնարկել, սակայն արդեն մտահոգիչ փաստեր կան, որոնց մասին կմանրամասնեն մի քանի օր անց: «Ծանոթանում եմ կուսակցությունների համամասնական ցուցակների հետ, և չեմ կարծում, թե ձևավորվող խորհրդարանն էականորեն տարբերվելու է նախորդներից: Առ այսօր գալիք Ազգային ժողովի կանոնակարգն էլ չկա, գործում է կիսամշտական խորհրդարանի կանոնակարգը: Իշխանությունների կողմից այդ ինստիտուցիոնալ հարցերի կազմակերպմանը լուրջ վերաբերմունք չեմ տեսնում»,-ասաց Էդուարդ Աղաբեկյանը: «Խաղաղություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Գաբրիելյաննասաց, որ իրենց կուսակցությունը գրանցվել է ընդամենը երկու ամիս առաջ և ընտրություններին կմասնակցի «Ապագան մերն է» կարգախոսով: «Մեր հիմնական ներուժը երիտասարդներ են, բայց մենք առաջարկեցինք, որպեսզի մեծահասակները նույնպես ներգրավվեն մեր համամասնական ցուցակում, որովհետև այնտեղ մասնագիտական մոտեցման խնդիր կա: Մենք ապագային նայող թիմ ենք և ընտրություններից հետո էլ այդ կարգախոսով ենք շարունակելու մեր հետագա աշխատանքը»,-ասաց Վահրամ Գաբրիելյանը: Արցախի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսով է մասնակցում ընտրություններին՝ ակնկալելով դրական արդյունքներ: «Ստեղծված են բոլոր նախադրյալները, և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հավանականությունը բավական մեծ է: Կարծում եմ, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունները մեկ քայլ առաջընթաց կապահովեն»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենք բաժանված են մի քանի թիմերի և օրվա ընթացքում լինում են Արցախի տարբեր շրջաններում: «Ընտրությունների նկատմամբ որոշակի անտարբերության մթնոլորտ կա, դա էլ պայմանավորված է սոցիալական վիճակի հետ, իսկ փոքր համայնքներում էլ՝ չքաղաքականացված լինելու հետևանք է»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ նշելով նաև, որ մեծ համայնքներում հանդիպում են ավելի քաղաքականացված և ավելի հետաքրքրություն ցուցաբերող ընտրազանգվածի: Նշենք, որ ընդհանուր առմամբ համամասնական ցուցակներում ընդգրկված է 164 քաղաքացի:

Կարդալ ավելին 04-02-2015

Մոսկվան Բաքվին թույլ չի տա Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել. Վաղարշակ Հարությունյան
Մոսկվան Բաքվին թույլ չի տա Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ ցանկանալով ընդլայնել շփման գիծը, բարձրացնել ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը եւ հետախուզության շնորհիվ փոքր հաջողություններ գրանցել, քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված փոխզիջումների պատրաստ չէ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի դիմի, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի տարածքը պաշտպանված է հայկական մարտունակ բանակով, հայ-ռուսական հարաբերություններով եւ ՀԱՊԿ պայմանագրով: «Հայկական կողմը վարելով ճիշտ քաղաքականություն՝ ապահովում է ռազմաքաղաքական բալանս: Ագրեսիայի դեպքում մենք աջակցություն ենք ստանում ՀԱՊԿ անդամ երկրներից եւ Ռուսաստանից: Մեր անվտանգությունը տարածաշրջանում ապահովված է գլոբալ մակարդակով: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը միջամտելու է: Այդ դեպքում Ադրբեջանն ստիպված է լինելու հարձակվել Հայաստանի վրա, իսկ մեր սահմանները պաշտպանված են, մենք Ռուսաստանի հովանու ներքո ենք, Ռուսաստանն Ադրբեջանին թույլ չի տա պատերազմ սկսել: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, նա երբեք նման քայլի չի դիմի, որովհետեւ սա բերելու է ՀԱՊԿ-ՆԱՏՕ կամ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության, որը բացառվում է, դրան ոչ մի գերտերություն ուղղակիորեն չի գնա»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ շփման գծում ճնշումներ գործադրելով՝ Ադրբեջանը փորձում է լուծել մի շարք ներքին, արտաքին եւ ռազմավարական խնդիրներ: «Ադրբեջանն այս կերպ փորձում է փոքր հաջողությունների հասնել, չէ՞ որ ռազմական բյուջեից մեծ ծախսեր է անում: Այսկերպ փորձում է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում բնակչության մեջ վախ մտցնել, խթանել արտագաղթը, հասնել այն բանին, որ Հայաստանում մնա 1 միլիոն հայ, նոր իրենց հարցերը լուծեն: Ադրբեջանը փորձում է նաեւ ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա, հօգուտ իրենց հարցի կարգավորման տարբերակներ մշակել, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել Ադրբեջանի նավթը շահագործող երկրներին»,- մանրամասնեց Հարությունյանը: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի կարծիքով եւս՝ մոտ ապագայում Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա:

Կարդալ ավելին 04-02-2015

Այս գիշեր հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, կրակակետերը ուժեղ հակահարված ստանալով ՝ ճնշվել են. ԼՂՀ. ՊՆ
Այս գիշեր հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, կրակակետերը ուժեղ հակահարված ստանալով ՝ ճնշվել են. ԼՂՀ. ՊՆ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են: ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 03-26-2015

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է։ Այս մասին մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը։ Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Նովրուզի կապակցությամբ ոգեւորված, խոստացել էր «առաջին իսկ հարվածով ոչնչացնել թշնամու 70 տոկոսը»։ «Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա»,- հայտարարել էր ադրբեջանցի նախարարը։ Արծրուն Հովհաննիսյանը խոսքով՝ նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ ոչ թե պաշտպանության նախարարը այլ «կռիվ-կռիվ» խաղացողը։ «Ռազմական գործից տարրական գաղափար ունեցող մարդը այդ «հերոսին» միայն մի բան կարող է առաջարկել՝ չափել ջերմությունը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նախարարի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մարտունակությունն առաջին հերթին բանակն է, այլ ոչ թե զենքն ու տեխնիկան։ «Ինչքան ուզում ես կարելի է պարծենալ ռազմական բյուջեով, տեխնիկայով, զենքով, բայց մարտունակությունն ապահովում են մարդիկ, հայրենասիրական տրամադրությունը եւ նվազագույն միջոցներով մեծ նպատակներ գրավելու կարողոությունը»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին 03-26-2015