Լրահոս Արցախից

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդալ ավելին 04-12-2015

Լեռնային Ղարաբաղով պետք է հիանալ, ոչ թե պատերազմել նրա դեմ. The New York Times
Լեռնային Ղարաբաղով պետք է հիանալ, ոչ թե պատերազմել նրա դեմ. The New York Times

«Ստեփանակերտի բնակելի շենքերի պատշգամբներից ձգվող լվացքի պարաններն աչքի են ընկնում բացառիկ ճշգրտությամբ: Այս 50 հազարանոց քաղաքում ընտանիքները փռում են լվացքը` տարբերակելով այն ըստ գույնի ու չափի: Միգուցե չճանաչված պետությունում կյանքն է ստիպել մարդկանց ձգտել կարգուկանոնի այլ հարցերում»,- նման հարցադրում է անում Սեթ Կուգել անունով ճանապարհորդը The New York Times պարբերականի կայքում հրապարակված «Ջերմ ընդունելություն Կովկասյան լեռներում» վերնագրով հոդվածում: Կուգելը պատմում է իր հանգստյան օրերի մասին, որ անցկացրել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ 150 հազար հայեր բնակվում են 4400 կմ տարածությամբ Կովկասի լեռներում, հարթավայրերում ու գետերին կից: Արևմուտքում Հայաստանի հետ հանգիստ սահմանն է, իսկ արևելքում` Ադրբեջանի հետ վիճելի սահմանը, որտեղ պարբերաբար դիպուկահարների հարձակումներ են իրականացվում, անցյալ տարի էլ ուղղաթիռ էին խոցել: Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից: Ամենավերջին դեպքը 1990-ականների սկզբին դաժան պատերազմն է, որի ընթացքում հիմնականում հայերով բնակեցված տարածքներն անկախություն հռչակեցին, իսկ 2006-ին ընդունված նոր սահմանադրությունը, այն սուվերեն պետություն հայտարարեց: Ինչպես ասվում է հոդվածում. չնայած ՄԱԿ անդամ երկրների կողմից ճանաչված չլինելուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի սեփական դրոշն ու կառավարությունը, ինչպես նաև՝ սերտ կապեր Հայաստանի հետ: Հեղինակը նշում է, որ տարածքը զբոսաշրջության համար հնարավորություններ ունի և համարվում է ճանապարհորդների համար անվտանգ գոտի: Կուգելը նաև շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղ այցերը հիանալի են հատկապես սահմանափակ բյուջեով զբոսաշրջիկների համար. ինքն անձամբ այնտեղ ծախսել է մոտ 47 հազար դրամ` շուրջ 100 ԱՄՆ դոլար, դրա կեսը հատկացրել է տրանսպորտին: «Մենք կանգ էինք առել դաշտում ու հիանում էինք մշուշի միջից երևացող երկու անհամաչափ գագաթ ունեցող Արարատ լեռան վեհությամբ, ինչպես նաև Հայաստանի ամենաապշեցուցիչ վանքով` Նորավանքով, որի քարե պատերը համահունչ էին շրջակայքի բաց կրակագույն ժայռերի հետ»,- գրում է Կուգելը: Ճանապարհորդը գրում է. «Ստեփանակերտում` 1999-ին Իրանից ժամանած, արդուզարդի տաղանդավոր արարող Արմոնդ Թահմազյանի խանութում, փորձեցի խաղողի տնական օղի և բաժակ բարձրացնելով «պատերազմում կռված տղերքի պատվին»` սկսեցի քաղաքում զբոսնել: Սրճարանում փորձեցի Ղարաբաղյան խոհանոցի «սիրտը» հանդիսացող ժենգյալով հացը՝ կանաչեղենի 11 տեսակով բարակ բլիթը: ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից հետո կայանման հաջորդ վայրը՝ բլրի վրա մասնակիորեն պարսպապատնեշով շրջափակված Շուշի քաղաքն էր»: 1992-ին քաղաքի նվաճումը՝ մինչ օրս Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայերի փառավոր հաղթանակներից է: Բլրի վրա տեղեկայված է հայկական տանկի հուշարձանը, որն առաջինն է մտել քաղաք: Մասամբ վերականգնված շինությունների շարքում, քաղաքում առանձնանում են երկու մզկիթներ. չնայած նրան, որ հայերը քրիստոնյա են, անսպասելիորեն անվնաս էին մնացել մզկիթները, որոնք շուրջ քառորդ դար առաջ այցելում էին ադրբեջանցիները: Ճանապարհորդը հետագայում պարզել է, որ հայերը պաշտպանել ու վերականգնել են 19-րդ դարի Վերին մզկիթը:: «Այստեղ պետք է հիանալ, այլ ոչ թե պատերազմել»,- գրել է ճանապարհորդը: Անցնելով կամուրջը` նրանք հասել են Անձրևանոց հրաշք ջրվեժին, որը, Կուգելի կարծիքով, նման էր քարանձավի վրա խոյացող ահռելի սնկերի մի փնջի: «Քարերը կանաչ մամուռով էին պատված, որի վրայով հոսում էր ջուրը, ասես՝ կազմելով ուլունքներով զարդարված մուտքը դեպի քարանձավ»,- նկարագրում է Կուգելը: Հաջորդ առավոտյան նա լքել է Լեռնային Ղարաբաղը տխրությամբ, քանի որ իր այցը այդպիսի գեղեցիկ և բարդ վայր չափազանց կարճատև է եղել:

Կարդալ ավելին 04-11-2015

Արցախի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնը կծառայի ԼՂՀ տնտեսության զարգացմանը
Արցախի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնը կծառայի ԼՂՀ տնտեսության զարգացմանը

Արցախում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում կայացել է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԱՏՏԿ) բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ: Հիմնվելով Շիրակի մարզում գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջող օրինակի վրա, ունենալով ՏՏ և ԲՏ ոլորտներում բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ Արցախում՝ ԼՂՀ կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ, նախաձեռնել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը: Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ: ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն) և մրցունակ աշխատուժի պատրաստում, նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում, բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում: Արցախում ՏՀՏ ոլորտը սկսել է զարգանալ սկսած 2001թ., սակայն միայն վերջին տարիներին է արձանագրել էական արդյունք: ԼՂՀ-ի տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտ են հանդիսանում անբարենպաստ աշխարհագրական դիրքն ու սահմանափակ ռեսուրսները, այնինչ տեխնոլոգիական ոլորտը ստեղծում է առավել լայն հնարավորություններ և շրջանցում այդ խնդիրները, ուստի ավելի արդիական է և անհրաժեշտ: Ոլորտն ապահովում է բավական բարձր հավելյալ արդյունք և աշխատավարձ: Կենտրոնի հիմնումը հանդիսանում է Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խթան՝ երկրում ապահովելով աշխատատեղեր, որոնք կսահմանափակեն բնակչության արտագաղթն ու կնվազեցնեն գործազրկությունը: Կենտրոնի գործունեության արդյունքում ակնկալվում է ունենալ ՏՏ ոլորտի որակյալ մասնագետներ, Արցախում գործող նորաստեղծ ձեռնարկություններ, ՏՏ ոլորտի մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողների թվի աճ և այլն: Կենտրոնում արդեն իսկ իրենց գործունեությունն են ծավալում Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ, Լոկատոր, Թեքնոլոջի ընդ Սայն Դայնամիքս, Վիքիքլաբ և Մեդիատոն կազմակերպությունները:

Կարդալ ավելին 04-10-2015

Ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր խոսքում Նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին: Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների եւ մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 04-08-2015

Մահացել է Արցախյան պատերազմի գերգաղտնի մարդը` Սերգեյ Աթարբեկյանը (RK)

Երեկ իր մահկանացուն կնքեց Արցախյան պատերազմի լեգենդներից մեկը` պատերազմի գերգաղտնի մարդը, որի գաղտնանունն էր RK. Էռկա: Խոսքը Սերգեյ Աթարբեկյանի մասին է, եզակի մարդու, որի տանը մինչ օրս ժապավենների վրա պահպանվում են ազատամարտի ժամանակ հնչած բոլոր ռադիոխոսակցությունները: Այժմ ներկայացնում ենք բացառիկ նյութեր, այս բացառիկ մարդու մասին: Պատերազմի առաջին օրերից մինչև հաղթական ավարտ ռազմադաշտի ամենաթեժ կետերից, խրամատներից ու երկրի բարձրագույն ղեկավարության առանձնասենյակներից կապի մեջ մտած խոսակցությունները, օգնության կանչերը, հրահանգները բացառիկ վկայություններ են և լույս են սփռում բազմաթիվ մութ, առեղծվածային պատմությունների վրա: Սա իրական ճշմարտությունն է, որը կեղծել չի կարելի: Այս ամենը մեզ է տրամադրել արցախյան ազատամարտի գերգաղտնի մարդը` Էռկան (PK), Սերգեյ Աթարբեկյանը, ով առաջին օրերից ստեղծեց և մինչև վերջ ապահովեց ռադիոկապը խրամատների և ղեկավարության միջև: Կցկտուր այս հաղորդումներում բացահայտ երևում է մեր ժողովրդի հզոր կամքն ու հայրենիքին մինչև վերջ նվիրվածությունը: Անշուշտ, կան պետական գաղտնիք պարունակող եզակի խոսակցություններ, որոշ մարդկանց համար «ոչ նպաստավոր» նյութեր, որոնք խմբագրությունը կաշխատի հանրության սեփականությունը չդարձնել: Տպագրում ենք ռազմաճակատի թեժ կետերից ռադիոկապով հնչած այս բացառիկ խոսակցությունները: Գերգաղտնի այս մարդու մասին մենք առաջին անգամ գրել ենք, երբ «Հայացք» ստեղծագործական խումբը տպագրում էր «Հայաստանի զրուցակից» թերթը: Անհաշիվ հեռախոսազանգեր ստացանք, բազմաթիվ արձագանքներ: Իսկ ի՞նչ արդյունքներ եղան, արդյո՞ք պետական պատկան մարմիններին հետաքրքրեցին RK-ի ձեռքի տակ եղած նյութերը` պատերազմի ընթացքում ռադիոկապով հնչած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, արխիվային եզակի մատյան-վավերագրերը: Այս ամենը պարզելու նպատակով կրկին հանդիպեցինք մեր նյութի հերոսին: Եվ նա մեզ տրամադրեց Արցախյան պատերազմի գրեթե ողջ ռադիոկապի խոսակցությունների ձայնագրությունները: Իսկ մինչ այդ` հակիրճ ներկայացնենք նրան: Սերգեյ Աթարբեկյան: Այս անունը շատ քչերին որևէ բան կասի: Իսկ նա Ղարաբաղյան պատերազմի թերևս ամենաչբացահայտված ու գաղտնի մարդն է: Մարդ, ով Արցախում և Հայաստանում ստեղծեց ռադիոկապի ցանց: Ով գերգաղտնի տեղեկություններ էր հայթայթում խորհրդային բանակի շտաբից, գաղտնալսում ադրբեջանցի զորահրամանատարների խոսակցությունները, կապ ապահովում խրամատներում կռվող մեր տղաների ու երկրի գերագույն հրամանատարության միջև: Նա կարողանում էր պատերազմի խառնակ օրերին ամենահավաստի ինֆորմացիա հաղորդել ՀՀ և ԼՂՀ ղեկավարություններին, կանխավ տեղեկացնել թշնամու տեղաշարժերի ու մտադրությունների մասին, տարածած ստահոդ տեղեկություններով շեղել հակառակորդի ուշադրությունն ու թուլացնել նրա զգոնությունը: 1988-ին Սերգեյը Ստեփանավանի օդանավակայանի տնօրենն էր: Միաժամանակ նրա տրամադրության տակ էին Օձունի և Բագրատաշենի օդանավակայանները: 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Ստեփանավանի օդանավակայանը փակվեց: Սա օգնեց Սերգեյին` ավելի ակտիվորեն մասնակցելու շարժմանը: 1989 թ. մայիսին ինքնակամ դիմում գրեց պետի պաշտոնից հրաժարվելու մասին և տեղափոխվեց Երևան: Սերգեյ Աթարբեկյանն աշխատանքի է անցնում«Զվարթնոցում»` որպես սովորական ռադիոօպերատոր:«Այդ օրերին ոչ հոսանք կար, ոչ կապ: Իսկ պատերազմի շեմին գտնվող երկրի համար կապը կենսական է: Այդ պատճառով էլ գնացի«Զվարթնոց», որպեսզի կարողանամ ուժերիս ներածին չափով օգնել, օգտակար լինել»: Հանրապետության մեծ ու փոքր գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատած, կապավորի 37 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սերգեյը գերազանց էր պատկերացնում, թե կապը ռազմավարական ինչ նշանակություն կարող է ունենալ: Եվ նա հղացավ ֆանտաստիկ և անիրական թվացող մի գաղափար` կապավորել քիչ, թե շատ նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, շտաբները, սահմանամերձ գյուղերը, նույնիսկ հակակարկտային կայանները, կապ տեղադրել«Զվարթնոցում»,«Էրեբունիում», Արզնու սպորտային օդանավակայանում, դպրոցներում, կամուրջների վրա, մարտավարական նշանակություն ունեցող սարերում ու ձորերում: Նախնական շրջանում նա գործում էր կամավոր: Այնուհետև ստանալով համապատասխան հրահանգ` կապավորել է կառավարական բոլոր ամառանոցները, երկրապահների բոլոր մեքենաները, խրամատները: Առաջին արդյունքներն սպասել չտվեցին: Նախնական շրջանում նրան ոչ ոք չէր ճանաչում: Միայն ձայնն էին լսել և գիտեին կապավորի իր անունը` PK: ՀՀՇ ղեկավարությունը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որոշում է կայացնում` բարձր մակարդակով աջակցել Սերգեյ Աթարբեկյանին, նրան տրամադրել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս մեծանա ռադիոկապի ցանցի աշխարհագրությունը և առավել ստույգ ու հստակ ինֆորմացիա հաղորդվի ղեկավարությանը: Հակառակորդը նույնպես զգոն էր: Նա արդեն հասկացել էր, որ իրեն գաղտնալսում են: Սկսվեցին հետապնդումներն ու բացահայտման փորձերը: Սերգեյը գտավ ելքը:«Երկար մտածելուց հետո վճռեցի գնալ Օձուն: Վերջիվերջո Օձունի ու Ստեփանավանի օդանավակայանի պետն եմ: Կգնամ, այնտեղից կապը կապահովեմ»: Որոշումը կայացվեց: 1989-ի ձմռանը Սերգեյը տեղափոխվեց Օձունի օդանավակայանի ծառայողական տուն, որտեղից էլ հետագա ողջ ընթացքում շարունակեց գործը: Սկզբում նա մենակ եկավ, որոշ ժամանակ անց Սերգեյին միացան կինը` տիկին Հռիփսիմեն և հինգ զավակները: Կապի իր համակարգը Սերգեյն ստեղծում է կապի համակարգ, մի ամբողջ աշխարհ, որն ուներ իր կանոնները և որոնց պետք է ենթարկվեին բոլորը` շարքային զինվորից մինչև գեներալ: Կապի առաջին կանոնն է խոսել ծածկագրով: PK-ն հորինում է կոդերի, գաղտնագրերի ու ծածկանունների մի ամբողջ համակարգ, որոնք անգիր պետք է իմանային նրա հետ կապի դուրս եկող բոլոր կապավորները: Ընդ որում, նա մի քանի անգամ փոխել է գաղտնագրերի ողջ համակարգը` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու և շեղելու նպատակով: Ծածկագրերով խոսելը մեկ անգամ չէ, որ պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, ազատել վերահաս վտանգից: Կապի երկրորդ կանոնը թշնամու«լսողությունից» օգտվելն է:«Գիտեի, որ հակառակորդն ամեն վայրկյան մեզ լսում է: Ստեղծեցի մի անհասկանալի ծածկագիր: Տղաների հետ պայմանավորվեցինք, որ այդ հեռագրերը կտամ«հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏե վերտառությամբ, որպեսզի հակառակորդը լարված նստի այդ հաճախության վրա ու չխանգարի մեր մյուս կապերին»: Պատերազմի օրերին PK-ն եղել է կապի գծով Վազգեն Սարգսյանի լիազորված անձը: Նա ապահովել է ոչ միայն խրամատ-ղեկավարություն, այլև խրամատ-խրամատ, խրամատ-օդուժ կապը:«Հատուկ սարքերի միջոցով բոլոր ուղղաթիռներին լսում էի: Եթե Ղարաբաղից ուղղաթիռ պետք է գար Հայաստան, առաջինը իմ հետ էին կապի մեջ մտնում, խնդրում, որ հաղորդեմ, որպեսզի հանկարծ չկրակեն»: Սերգեյը լսում էր նաև հակառակորդի օդաչուներին: Այսպես. Քելբաջարում մարդասիրական միջանցք էր բացվել, որպեսզի ադրբեջանցիները դուրս գան:«Ես կապի մեջ լսում եմ օդաչուին: Վերջինս Կիրովաբադին տեղեկացնում է, որ օդ է բարձրանում: Բայց հենց նույն պահին էլ ուղղաթիռը վայր է ընկնում: Այնքան գորգ, կահ-կարասի էին բարձել, որ ուղղաթիռը չէր կարողացել ծանրությանը դիմանալ: Ես եմ մերոնց հաղորդել, որ Քելբաջարի էսինչ տեղում ռուսական վարձու ուղղաթիռն ընկավ»: «Մի անգամ մի գյուղից կապ են տալիս, թե գյուղի մյուս ծայրին գտնվող մեր հիմարներին ասա` թող չկրակեն, մենք ենք: Անմիջապես կապի մեջ եմ մտնում, ստուգեմ, տեսնեմ` ի՞նչ: Արդեն մի շաբաթ է, թուրքն է նստած գյուղի ծայրին, բայց ոչ ոք այդ մասին չգիտի»: Ճշմարտությունն իր մոտ է Մինչ օրս շատերի համար անհասկանալի և մեծ հարցականների տեղիք են տալիս Արծվաշենի, Շահումյանի ու Գետաշենի կռիվների ընթացքն ու հանգուցալուծումը: Որտե՞ղ է ճշմարտությունը: Այն կարող է լինել միայն մեկ մարդու մոտ: Նրա, ով լսել է կռվողների, հրամանատարների ողջ խոսակցությունը: Ընդ որում` ոչ միայն լսել, այլև ձայնագրել: Սերգեյ Աթարբեկյանն այն միակ մարդն է, ով տիրապետում է այդ ողջ հարստությանը: Ունի այդ կռիվների ժամանակ տեղի ունեցած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները: Խորհրդային զորքն էլ` նրա«ցանցում» Իր ստեղծած ռադիոցանցի շնորհիվ PK-ն գաղտնալսում է նաև պատերազմի դաշտում գործող խորհրդային հրամանատարությանը: Ստորև ներկայացնում ենք հարյուրավոր գաղտնալսումներից մեկի սեղմ բովանդակությունը: -Անդրկովկասի օկրուգից խորհրդային բանակի գեներալը կապվում է Ղարաբաղում գտնվող մեկ այլ գեներալի հետ: Ձայնագրության մեջ գեներալները խոսում են, որ գիշերը ժամը 3-ին Սմիրնովի բրիգադը գալու է Խոջալուի օդանավակայան, անհրաժեշտ է Ստեփանակերտում առկա զինվորական ողջ տեխնիկան` մինչև վերջին փամփուշտը, տեղափոխել Վազիանի: Ընդ որում, դա պետք է արվեր խիստ գաղտնի, նույնիսկ հայերին ու ադրբեջանցիներին կաշառելու,«խրախուսելու» գնով: Գեներալների խոսակցությունը ցնցում է Սերգեյին: Նա անմիջապես զանգահարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, նաև` Աշոտ Մանուչարյանին և հեռախոսով միացնում ձայնագրությունը: Մեր ղեկավարությունն անմիջապես կապվում է Մոսկվա: Որոշ ժամանակ անց գեներալների կարգադրությունը չեղյալ է հայտարարվում: Զինվորական տեխնիկան մնում է Ստեփանակերտում: Իսկ հետո Սերգեյն իմանում է, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը խիստ զարմացել էր հայկական կողմի օպերատիվությունից.«Մենք դեռ խոսքը չենք վերջացրել, դուք եկել, բողոքում եք, որ տեխնիկան տանում են»: Ղարաբաղյան պատերազմի արխիվը ոչ մեկին պետք չէ Պատերազմի գրեթե առաջին օրերից Սերգեյ Աթարբեկյանը ձայնագրել և գրի է առել ռադիոկապով հաղորդվող բոլոր խոսակցությունները, տեղեկությունները: Նրա պահոցում կան մի քանի արկղ մատյան-վավերագրեր, ձայներիզներ: Նրա մատյաններում կա շուրջ 70000 տող կոդավորված ինֆորմացիա: Իսկ յուրաքանչյուր տող վերծանման դեպքում կներկայացնի մեր պատմության ճշմարիտ մի էջը: Այդ ամբողջ արխիվը Սերգեյ Աթարբեկյանի հարստությունը չէ: Պետությանն է: Դա իմ և ձեր պատմությունն է, մեր երկրի ու հայրենիքի վավերագրությունն է: Եվ ի՞նչ: Այդ ամբողջ արխիվն այսօր խոնավությունից փչանում է: Պատերազմից հետո հատուկենտ մարդիկ են այցելել Սերգեյին և հետաքրքրվել նրա պահոցով: Նույնիսկ մեր պաշտպանական գերատեսչությունը փորձ չի արել` ձեռք բերելու այն: Մնացած կառույցների մասին խոսելն իսկ ավելորդ է: Սերգեյի արխիվը ոչ մեկին պետք չէ: Հարց է ծագում` ինչո՞ւ: Համապատասխան կառույցներն ու անձինք չգիտե՞ն նրա և նրա ստեղծած վիթխարի պահոցի մասին: Հազիվ թե: Պատճառն անտարբերությո՞ւնն է: Թե՞ մեր օրերում ճշմարտությունը գրոշ չարժի` յուրաքանչյուրն ունի սեփականը: Արփի Սահակյան Շահումյանի անկումը (վերջին ժամերը) 1992 թ. հունիսի 13-ին խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը սկսեցին և կարճ ժամկետում (հունիսի 13-14-ը) իրագործեցին Շահումյանի բռնազավթումը: 13.06.1992: Ժամը 13:50- Հաղորդում է 24-ը (Շահումյան).- Բոլոր կետերից խփում են: Բարձունքները վերցրել են: Առաջ են շարժվում դեպի մեր գյուղերը: Շտապ օգտագործեք բոլոր միջոցները: 17:00- Շահումյանի հետ կապի է դուրս գալիս գեներալ Ֆելիքս Գզողլյանը. -24, բացատրիր` ո՞նց է իրավիճակը: Ո՞վ կա այդտեղ: -Մենակ եմ: Մարդ չկա: -Եղանակը (իրադրությունը.- խմբ.) ո՞նց է: Ի՞նչ է կատարվում: -Տանկերը մտնում են: -Որտե՞ղ ես: -Ես իմ կետում եմ: Պատուհանից երևում են: Ավելի մոտեցան: -Բա դո՞ւ ինչի չես տեղափոխվում: -Հեսա ես էլ եմ դուրս գալիս (խոսում է շատ հանգիստ, առանց խուճապի.- խմբ.): -Շուտ, շուտ, շուտ: -Ես կապից դուրս եմ գալիս: Տեղափոխվում եմ: Ռեզերվը դուրս կգա կապի: 18:00- Հաղորդում է 24-ը` անտառից.- Մեկ ժամ առաջ դուրս եմ եկել: Ժողովուրդը Գյուլիստանում է: Գյուղերը վերցված են` Հայ-Բարիս, Էրքեջ, Բուզլուխ: 24-ն աշխատում է ծառերի արանքից, ուրիշ տեղից: Գյուլիստանի վրա էլ 2 անգամ օդից աշխատանք է կատարվել: 14.06.1992: 05:30- 24-ը հաղորդում է. – Տղաները գտնվում են K-28 և K-26-ի միջև: Նոր հրամանատարն այստեղ էր: Նրանք կռվում են, ոչ մի միրաժ (շրջափակում.- խմբ.) չկա: 15.06.1992: 02:17- Հաղորդում է 33-ը (Մարտակերտ).- Դրությունը վատանում է: Մեծ ինտենսիվությամբ խփում են Չայլուի վրա: Մեկ օր առաջ ուժեղ կռիվներ են եղել: Մոտ 10 տեխնիկա կա: 24-ից (Շահումյան) փախած ժողովուրդը գտնվում է Թալիշում: Այն ջոկատները, որոնք գնում էին 24, տեսան, որ ժողովուրդը փախչում է, էլ չշարունակեցին իրենց ճանապարհը: 16.02.1992: 09:50- Հաղորդում է 24-ը (Խոսում է Շահեն Մեղրյանը).- 3500 հոգի մնում է անտառում: Ճակատագիրը հայտնի չէ: Գնդի կեսը Հաթերքում է: Իսկ այստեղ` 25 հոգի: Ճանապարհի վրա 7 կին սովից մահացել է: Ժողովուրդն անտառներում է: Իսկ իմ ջոկատի տղաներն ընկել են անտառ, որպեսզի իրենց հարազատներին գտնեն: Հակառակորդը մեծ ուժեր է տեղաբաշխել Գյուլիստանի բարձունքներում: Կապի մեջ է մտնում Գրազան (Վազգեն Սարգսյանի կեղծանունը` կապի դուրս գալիս): Նրա և Շահեն Մեղրյանի խոսակցությունն աղմկոտ է, անհասկանալի: 17.06.92: 11:50- Հաղորդում է 24-ը.- Ժողովրդի վիճակը ծանր է: Տրանսպորտ է հարկավոր տեղափոխման համար: 19.06.92: 09:52- Հաղորդում է ԿՁԽ-6-ը (Շահումյան).- Հայտնեք Դերենիկին, որ շտապ մեքենաներ բերեն ժողովրդին փրկելու համար: Դրությունը ծանր է: Կոտորվում են:

Կարդալ ավելին 04-06-2015