Նորություններ

Բելառուսի ԱԳՆ-ն արձանագրել է. Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի

ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»,- ասել է Միխնեւիչը: Նա նաեւ ընդգծել է, որ դե ֆակտո ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանին ՄՄ եւ ապագա ԵՏՄ անդամ դարձնելու համար: Բացի այդ, Ալեքսանդր Միխնեւիչը նշել է, որ նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը հայկական կողմը մեծ աշխատանք է տարել իր օրենսդրությունում այն նորմերը ներդնելու ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներդրել էին «եռյակի» երկրները: Նշենք, որ հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասն է: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քչարյանը հայտարարել էր, որ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ լայն արձագանք ստացած հարցը ընդամենը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դրվելուն կամ չդրվելուն էր վերաբերում: «Մենք միայն հաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում: Մենք դրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ»: Հիշեցնենք, որ Հայաստանի հարեւան ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հարեւան մի շարք այլ երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին սկզբնապես դիտարկվում էր:

Կարդալ ավելին 12-19-2014

Արցախում հանդիսավոր կերպով նշվել է Սահմանադրության օրը
Արցախում հանդիսավոր կերպով նշվել է Սահմանադրության օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ։ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության պետական անկախության, ինչպես նաև Սահմանադրության հանրաքվեների օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նկատեց, որ Արցախի Հանրապետության Անկախության և Սահմանադրության հանրաքվեների օրը համընկնում է 1953 թվականին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից՝ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օր հռչակելու հետ, ինչի շնորհիվ Արցախում այդ ամսաթիվը առանձնահատուկ խորհուրդ ունի։ ԱԺ խոսնակը նշեց, որ ԼՂՀ Սահմանադրության ընդունման գործընթացն իրականություն դարձավ արցախցիների միասնական կամքի ու վճռականության շնորհիվ, որի արդյունքում 1991 թվականին՝ անկախության և 2006 թվականին՝ սահմանադրության ընդունման համար անցկացված հանրաքվեները ցույց տվեցին, որ արցախցիներն անսասան են իրենց՝ ինքնիշխան պետություն ստեղծելու և կառուցելու դիրքորոշման մեջ։ « Պետականակերտման ճանապարհին, ամեն օր քարը քարին դնելով պիտի կարողանանք շարունակել արցախյան ազատագրական պատերազմում նահատակվածների գործը և հաջորդ սերունդներին փոխանցել բարգավաճ երկիր»,- ասաց Ա. Ղուլյանը։ Հրավիրվածների թվում էին նաև մտավորականներ, մանկավարժներ, բժիշկներ, հասարակական գործիչներ։ Միջոցառման մասնակիցների ելույթներն ընդմիջվում էին ՄՊՍԿ-ի սաների՝ ազգային երգն ու պարի ներկայացմամբ։

Կարդալ ավելին 12-11-2014

Լարված տարի էր ԼՂՀ ՊԲ-ի համար

2014 թվականը ԼՂ ՊԲ-ի համար բավական լարված տարի էր. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերի մասին: Նախարարի խոսքով` այդ լարվածությունը բնորոշվեց տարբեր տեսակի դիվերսիոն-հետախուզական դեպքերով, և ԼՂ ՊԲ-ի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ լուծելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը` հաճախ տարածքից դուրս: «Պատճառը պետք է փնտրել այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը հակառակորդը պետք է վերցնի իր վրա: Այդ գործողությունները գաղտնիություն են պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, ինչ ես ասացի»,- նշեց նախարարը: Ըստ նրա` այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Նախկինում, եթե ՊԲ հատվածում նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, այսօր կրակոցների թիվը հասնում է 170 -200-ի: «Հայկական կողմը միայն պատասխանում է դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին ուշադրություն չենք դարձնում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա դրանք կանխում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդալ ավելին 12-10-2014

Աշոտ Ղուլյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա հիմնախնդիրները

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին և Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները: Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին եւ Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների և անաչառ գնահատականների համար: Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները եւ նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը: Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:

Կարդալ ավելին 12-09-2014

Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին: Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան: Մեր ընտրած ճանապարհն այլեւս անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետեւելով օրենքի տառին ու ոգուն եւ ստեղծելով ուժեղ իրավական պետություն: Դա է Արցախի բարգավաճման եւ նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին: Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարեւորագույն պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: ք.Ստեփանակերտ, 10 դեկտեմբերի 2014թ.

Կարդալ ավելին 12-09-2014