Նորություններ

Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-¬ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Այսօր երեկոյան Մոսկվայում ՀՀ Նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ

Կարդալ ավելին 12-24-2014

Նախագահ Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նախագահ Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին և 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը և իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

Կարդալ ավելին 12-24-2014

Նախագահ Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների
Նախագահ Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների եւ կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 12-23-2014

Բելառուսի ԱԳՆ-ն արձանագրել է. Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի

ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»,- ասել է Միխնեւիչը: Նա նաեւ ընդգծել է, որ դե ֆակտո ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանին ՄՄ եւ ապագա ԵՏՄ անդամ դարձնելու համար: Բացի այդ, Ալեքսանդր Միխնեւիչը նշել է, որ նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը հայկական կողմը մեծ աշխատանք է տարել իր օրենսդրությունում այն նորմերը ներդնելու ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներդրել էին «եռյակի» երկրները: Նշենք, որ հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասն է: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քչարյանը հայտարարել էր, որ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ լայն արձագանք ստացած հարցը ընդամենը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դրվելուն կամ չդրվելուն էր վերաբերում: «Մենք միայն հաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում: Մենք դրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ»: Հիշեցնենք, որ Հայաստանի հարեւան ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հարեւան մի շարք այլ երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին սկզբնապես դիտարկվում էր:

Կարդալ ավելին 12-20-2014

ՄԻՇՏ` ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում իր հերթական՝ 5-րդ հաշվետու-ընտրական համագումարը գումարեց ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը։ Մասնակցում էին պատգամավորներ ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններից։ Հրավիրված էին Ղարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ, մտավորականներ, կին զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքի հաշվետվությամբ հանդես եկավ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ Նրա առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի բոլոր նահատակների ու անմեղ զոհերի հիշատակը։ Անդրադառնալով ՙՄայրություն՚ ՀԿ-ի 26-ամյա գործունեությանը՝ զեկուցողը նշեց, որ այն, իր շուրջը համախմբելով բոլոր կարող ուժերին՝ կանանց ու մայրերին, այդ բոլոր տարիներին՝ հավատարիմ որդեգրած սկզբունքներին, գործել է ի շահ և ի փառս ազատ ու անկախ Արցախի։ Նշվեց, որ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի շարքերում ընդգրկված են մտավորականներ, հերոսուհի մայրեր, ովքեր ունեն թվով 16 երեխաներ, հերոս նահատակների մայրեր ու այրիներ, ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, պատերազմի վետերաններ, զինծառայողներ և պարզապես հայ կանայք, ովքեր ծնում, սնում ու դաստիարակում են Արցախի ապագա քաղաքացիներին։ Շուրջ երկուսուկես տասնամյա գործունեության ուրվագծումից զատ, Հ. Միքայելյանը կանգ առավ առկա հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների վրա։ Նա պատգամավորներին կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, պրոբլեմների հետ չհամակերպվող և լուծումների համար ուղիներ որոնող։ Նրա կարծիքով, բոլոր կարող ուժերի համախմբմամբ կարելի է լուծել մի շարք հիմնախնդիրներ և պետության ղեկավարների հետ ձեռք ձեռքի տված դիմակայել բոլոր մարտահրավերներին ու նպաստել հասարակության առողջացմանը։ Հ. Միքայելյանի կողմից կազմակերպության գործունեությունը բաժանվեց երեք փուլերի՝ Ղարաբաղյան շարժման, պատերազմի և հետպատերազմական շրջանի։ Ըստ զեկուցողի՝ այդ երեք փուլերում էր ՙՄայրությունը՚ միշտ գտնվել է առաջին գծում, ինչպես ասում են, հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով՝ համագործակցելով Պաշտպանության բանակի, հանրապետության ուսումնական հաստատությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Նրա կողմից շեշտադրվեցին նաև հասարակության և ընտանիքի կապը, պատանիների ու երիտասարդների դաստիարակությունը, աշխատանքը տաղանդավոր երեխաների հետ, իսկ վերջերս սահմանային առաջին գծում հայտնի իրադարձությունների հետ կապված՝ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի հետ այցելել են անմեղ զոհերի հարազատներին, պարգևատրել ու սփոփել նրանց ցավն ու վիշտը, ՙՄայրության՚ կողմից պարգևատրություններ են կատարվել նաև Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հասարակական կյանքում դեռևս առկա խնդիրների մտահոգությամբ կլոր սեղաններ են կազմակերպվել Հադրութում, Շուշիում, Ասկերանում ու Մարտակերտում։ ՙՄայրության՚ հիմնական խնդիրներից մեկն էլ իշխանությունների, բանակի ու հասարակության կապի սերտացումն է, իշխանություններին հասարակության մեջ առկա պրոբլեմներին հասու դարձնելը, ծերացող ու դատարկվող գյուղերի մասին ահազանգելն ու համատեղ ուղիներ որոնելը։ Զեկուցողի կարծիքով, կանայք, համախմբվելով ու երկրի հանդեպ պատասխանատվություն կրելով կարող են մի շարք հարցերի լուծում գտնել և արժանապատիվ երկրում ապրել արժանապատիվ կյանքով։ Հաշվետվությանը հետևեց վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը, համաձայն որի՝ ֆինանսական միջոցները ծախսվել են ըստ էության ու նշանակության։ Լսելով զեկուցումը, ելույթներն ու առաջարկությունները՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ հաշվետու-ընտրական համագումարը որոշեց ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահության՝ հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքը գնահատել բավարար, կազմակերպության առաջնահերթ խնդիրները համարել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նպաստել հայրենյաց պաշտպանի բարոյակամային որակների ձևավորմանը, հայ օջախներում ավանդույթների արմատավորմանն ու պահպանմանը, բարձրացնել Արցախի կանանց դերը հասարակության մեջ, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, պետական, քաղաքական, հասարակական կյանքին նրանց մասնակցությանը։ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ի կարևոր և պատվավոր առաքելությունը համարել ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ ՊԲ-ի հետ համատեղ գործունեությունը, ամրապնդել բանակ-հասարակություն կապը։ Հայրենասիրական լայնածավալ աշխատանք իրականացնել զինվորների, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հետ։ Կարևորել հասարակական գործունեության դերակատարությունը գյուղական բնակչության շրջանում։ Առավել ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և դպրոցականների հետ կազմակերպվող միջոցառումներին ու հանդիպումներին՝ ընդգրկելով Արցախի պատմամշակութային, ընտանեկան դաստիարակության և այլ հարցեր։ Հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան կոնկրետ առաջարկություններ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի գործունեությունն առավել ընդգրկուն ու ակտիվ դարձնելու ուղղությամբ։ Ողջույնի խոսքեր հնչեցին ԼՂՀ ԶԱՀՄ վարչության և ԱԿԱՀՄ նախագահի կողմից։ Վերջիններս ՙՄայրություն՚ ՀԿ ¬ի մի խումբ ակտիվ անդամների պարգևատրեցին մեդալներով։ Հնչած բազմաթիվ ելույթներում մեծարվեցին հայ մայրն ու կինը, ովքեր ոչ միայն անշեջ օջախի պահապան են, այլև անհրաժեշտության դեպքում՝ խրամատի զինվոր, գթության քույր, հասարակական ու քաղաքական ակտիվ գործիչ։ Նմանապես ողջույնի ու գնահատանքի խոսքեր հնչեցին Պաշտպանության բանակի, Արցախի ազատամարտիկների միության, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի կողմից։ Ելույթներով հանդես եկան նաև ԼՂՀ շրջաններից ժամանած պատգամավորները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր նախագահության նոր կազմի և նախագահի թեկնածուների ընտրությանը։ Ընտրվեց նախագահության 23 հոգուց բաղկացած նոր կազմ։ Բաց քվեարկությամբ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի համանախագահներ ընտրվեցին Հասմիկ Միքայելյանը, Արզիկ Մխիթարյանը և Սիրվարդ Մարգարյանը։ Հաստատվեցին նաև շրջանների ՙՄայրություն՚ ՀԿ ներկայացուցիչները։ Համագումարի աշխատանքները եզրափակվեցին պարգևատրություններով։

Կարդալ ավելին 12-20-2014