Նորություններ

Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան
Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց. վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական և համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր՝ համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ իր պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, և մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով: Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում և արժանիորեն կրում են նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը և պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ընտանիքի»:

Կարդալ ավելին 02-21-2016

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի համապարփակ, ինչը ենթադրում է հարցերի համալիր լուծում, այլ ոչ թե ուշադրությունը առանձին խնդիրներին կենտրոնացնելու փորձ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որում նա խոսել էր «անվտանգության գոտու» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը շեշտադրումը կենտրոնացնում է որոշ հարցերի վրա, իսկ համանախագահները ստիպված են կամա թե ակամա նույնպես խոսել դրանից։ Այսինքն՝ Ադրբեջանը ստիպում է խոսել այն հարցերից, որոնցով ինքն է հետաքրքրվում, ընդ որում՝ ջանալով երկրորդ պլան մղել հայկական կողմերի շահերը։ «Ինչ վերաբերում է տարածքներին, ապա անհրաժեշտ է, որ բանակցություններին մասնակցի Լեռնային Ղարաբաղը, որպեսզի հասկանալի լինի, թե որքան իրական է սահմանների ճշգրտումը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք դիտարկել Ադրբեջանի հետ բոլոր հարցերը։ Սակայն Բաքուն նույնպես պետք է հասկանա, որ տարածքային առումով կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում վերադարձ անցյալին անհնար է։ Ադրբեջանի պարտադրած պատերազմը, տառապանքները, ցեղասպանությունը, տեղահանումներն անհնար են դարձնում վերադարձը անցյալին, եւ այդ պատճառով 1988թ. սահմանները սկզբունքորեն չեն կարող լինել։ Կարգավիճակի մասին հարցը անմիջականորեն կապ ունի անվտանգության հետ։ Այդ պատճառով հակամարտությունը պետք է կարգավորվի այնպես, որ ապագայում ավելի արյունահեղ պատերազմի առիթ չդառնա։ Լեռնային Ղարաբաղը չի կարող թույլ տալ, որ իր անվտանգության համակարգը խոցելի լինի մի պետության համար, որը հերոսացնում է մարդասպաններին եւ որը հայատյացություն է քարոզում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Կարդալ ավելին 02-16-2016

Նախագահը Մատաղիսում մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր շենքի բնակարանամուտի արարողությանը
Նախագահը Մատաղիսում մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր շենքի բնակարանամուտի արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Մատաղիս ավանում Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այնուհետև Բակո Սահակյանը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին նման կարևոր ծրագրերին աջակցելու համար` դա որակելով որպես հայրենասիրության օրինակելի դրսևորում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումն այսուհետ ևս կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 02-16-2016

Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել
Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել

Փետրվարի 12-ին Մոսկվա քաղաքում բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ մշտական գործող խանութ-տաղավար: «Արցախպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է խանութի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացրեց, որ այն բացվել է Մոսկվայի «Արմենիա» տաղավարում (նախկին՝ ВДНХ, павильон Армения): «Մեր ընկերության արտադրանքը ևս ներկայացված է խանութում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի «Ղարաբաղ կարպետ»-ից Արցախից ներկայացված են «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակներն, ինչը կարծում եմ լուրջ ձեռբերում է՝ արցախյան արտադրանքը իրացնելու համար»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առիթով իր երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը, քանի որ ծրագիրը իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ: Խանութ-տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 02-16-2016

Նախագահ Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին
Նախագահ Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին 02-11-2016