Նորություններ

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt
Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար. Tageblatt

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղն իր 150 հազար բնակչությամբ Հարավային Կովկասում պայքարում է իր անկախության համար։ Ադրբեջանի հետ պատերազմը, որը սառեցված էր համարվում, ապրիլին սրվեց, ռազմական գործողությունները ամենալայնածավալն էին 1994-ից հետո: Այս մասին գերմանական Tageblatt պարբերականում գրում է հոդվածագիր Արմանդ Բաքը՝ անդրադառնալով ապրիլին ծավալված մարտական գործողություններին։ «Այստեղ կրակոցներ հնչում են արդեն ավելի քան քառորդ դար։ Աշխարհի կողմից գրեթե մոռացված այս հակամարտությունը ապրիլի սկզբին նորից պատերազմի վերածվեց՝ որքան հանկարծակի, նույնքան էլ կարճատեւ։ Քառօրյա պատերազմից հետո 2 կողմերը միասին պաշտոնապես հայտնել են 110 զոհի մասին»,- գրում է հոդվածագիրը, որն այցելել էր Լեռնային Ղարաբաղ տեղում իրավիճակին ծանոթանալու։ «Հետագայում եւս անկախ մնալու եւ միջազգայնորեն ճանաչվելու համար Լեռնային Ղարաբաղը պետք է ոչ միայն խրամատներում պայքարի, այլ նաեւ նախարարների, խորհրդարանների եւ նախագահների մակարդակով»,- շարունակում է Արմանդ Բաքը եւ հիշեցնում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթը, ով նշել էր, որ այս թեմայով վերջին քննարկումները ԵՄ խորհրդարանում շատ դրական էին, ավելի լավ, քան նախկինում։ «Բանն այն է, որ Ադրբեջանն արդեն այլ լույսի տակ է երեւում։ Բաքուն մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշտության առաջարկները։ Դա իր հտեւանքներն ունեցավ. աշխարհն հիմա ավելի շատ իր հայացքն ուղղել է Լեռնային Ղարաբաղին»,- ասել էր պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ Հեղինակը մեջբերում է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որն ավելի վաղ այս կապակցությամբ ասել էր. «Խոսում են մեր մասին, բայց չեն ուզում խոսել մեզ հետ։ Դա ոչ մի բանի չի կարող հանգեցնել»։ Հեղինակը եղել է դիրքերում եւ զրուցել հայ զինվորների հետ։ «Ղարաբաղի դիրքերից գրեթե 400 մ այն կողմ իրենց խրամատներում նստած են ադրբեջանցի զինվորները։ Դիտակետից հստակ երեւում են բաժանարար գծերը։ Դիրքի պատասխանատու Թեւոս Հարությունյանը լրագրողներին ասում է. «Մենք զինվորներ ենք, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչեւ արյան վերջին կաթիլը»։ «Վերադառնանք ընտանիքների մո՞տ։ Միայն երբ այստեղ անելիք չենք ունենա»,- ասում է զինվորներից Ալեն Մինասյանը։ «Նորմալ մարդիկ հոգնում են շարունակվող արտակարգ իրավիճակից,- գրում է հեղինակը,- բայց քաղաքական որոշումներ կայացնողներն այլ կերպ են մտածում։ Զինվորները գիտեն, որ խաղաղություն գտնելն իրենց առաջադրանքը չէ: Դա թողել են քաղաքակ գործիչներին։ Քաղաքականությունը, սակայն, տասնամյակներ շարունակ սայթաքում է խաղաղություն գտնելու ճանապարհներին»:

Կարդալ ավելին 05-06-2016

Պատմությունը  կրկնվում է…
Պատմությունը կրկնվում է…

2016 թվական ապրիլի 2: Ուղիղ 12 օր էր մնացել տոնելու Թալիշի ազատագրման 22-րդ տարեդարձը, բայց… սպասվող ուրախությունը վերածվեց վշտի ու տառապանքի, լացի ու ափսոսանքի: Ապրիլի 1-ի գիշերը` 2-ի լուսադեմին Թալիշը զարթնեց ռումբերի պայթյունից: Զարթնեց հինավուրց գյուղը և տեսավ խուճապահար մարդկանց, գլուխը կորցրած իր ժողովուրդին, որոնք անկանոն դես ու դեն էին վազում` պատսպարվելու հրթիռահրետակոծությունից: Մտածում էին, որ սովորական արկակոծություն է և շուտով կդադարի…, բայց չէ, քանի գնում ավելի էր ուժգնանում հրետակոծությունը: Թշնամին գործի էր գցել իր ողջ զինանոցը և կրակում էր ականանետերից, թնդանոթներից, տանկերից, գրադ կայանքներից, ինչպես նաև ավերիչ հրթիռներից, նույնիսկ <Տօս> և <Սմերչ> տիպի կայանքներից: Արկերը կարկուտի նման թափվում էր գյուղի վրա, քարուքանդ անելով ամեն ինչ: Այլընտրանք չկար. Մարդիկ թողած տուն ու տեղ, փաղչում էին գյուղից, փաղչում էին փրկելու իրենց, փրկելու երեխաներին, փրկելու իրենց ընտանիքը: Ապրիլյան սովորական այդ օրը դատարկվեց գյուղը: Տխրեց Թալիշը, տխրեց, որ այլևս իր հետ չի հարազատ ժողովուրդը, դարերով իրեն պահպանած, իրեն փայփայած մարդիկ: Տխրեց, որ չի տեսնի աշխատանքի շտապող մարդկանց, դպրոց գնացող աշակերտներին և մանկապարտեզ հաճախող անհոգ ու ուրախ երեխաներին: Տխրեց, որ առավոտ շուտ չի լսի աքլորի կանչը, կովերի բառաչը, ոչխարների մկկոցը: Տխրեց, որ չի տեսնի թե ոնց են մարդիկ հավերին կուտ տալիս, կովերին ու ոչխարներին հանդ ուղարկում: 2016 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ այն, ինչը բոլորովին չէինք սպասում: Թալիշը ևս մեկ անգամ դատարկվեց, ժողովուրդը տեղահանվեց և տնավեր դարձավ: Ապրիլի 2-ից մինչև 5-ը քառօրյա պատերազմը անհասկանալի մի բան էր, որ ոչ-ոք չկարողացավ բացատրություն տալ` թե ինչու և ինչի համար…: Արդյունքում թալիշեցին երկրորդ անգամ փախստական դարձավ: Ապրիլի 2-ին և հետագա օրերին մոտ 90 ընտանիքներ տեղափոխվեցին և ապաստան գտան Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում: Մնացածները տեղավորվել են Արցախի տարբեր բնակավայրերում: Ամենաառաջին քայլը, որ պետք է անեինք, դա մարդկանց ցուցակագրումն էր` ովքեր որտեղ են ապաստանել: Մեր խնդրանքին արձագանքեց և սրտացավ վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը: Նրանց աշխատակիցները ստանալով ցուցակները, անմիջապես սկսեցին աշխատել տեղերում` այցելելով բոլորին, հասկանալու նրանց խնդիրներն ու կարիքները: ՄԱԿ Երևանյան գրասենյակը <Առաքելություն Հայաստան> կազմակերպության միջոցով ցուցաբերելով մարդասիրական մոտեցումներ, զգալի նյութական և բարոյական օգնություն կատարեցին տեղահանված թալիշցիներին: Այսօր հարց է բարձրացված թոշակառուների և նպաստառուների հարցը լուծելու համար, ինչպես նաև լուծելու մարդկանց կացարանների հարցը: Սրանով զբաղվում է Միգրացիոն պետական ծառայությունը` համագործակցելով Արցախի և Հայաստանի սոցապ ծառայությունների հետ:

Կարդալ ավելին 05-05-2016

Թալիշի 90 ընտանիք տեղափոխվել է Հայաստան. Նրանք օգնության կարիք ունեն
Թալիշի 90 ընտանիք տեղափոխվել է Հայաստան. Նրանք օգնության կարիք ունեն

Ապրիլի սկզբի քառօրյա պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված թալիշցիները սոցիալական ու կացարանի խնդիրներ ունեն: Թալիշի համայնքի հարցերը համակարգող Սլավա Բայունցը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Թալիշից Հայաստան է տեղափոխվել 90 ընտանիք՝ 370 մարդ: Նրանց բոլորի խնդիրները լուծելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի կառավարություն, սպասում են գործողությունների: Օր առաջ կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի այս մարդկանց կացարանի ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: «Ճիշտն ասած, սկզբում չէին անում, դաժե մինչև ամսի 20 քանիսը ընդհանրապես որևէ քայլ չէին ձեռնարկում, դրանից հետո սկսեցին զբաղվել»,- ասաց Բայունցը: Թալիշից Հայաստան տեղափոխված ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն, պետք է նրանց կացարանի, նպաստների ու թոշակների՝ Հայաստան տեղափոխման, ինչպես նաև զբաղվածության հարցը լուծվի: Նրանք, ովքեր Թալիշում ապահովված էին, Սլավա Բայունցի խոսքով, ունեցվածքը թողել են այնտեղ ու եկել Հայայստան: «Իրենք ունեցվածքի մի մասը դրել են վար ու ցանք են արել, բայց դե թողեցին եկան: Կարող է եղանակային պայմաններն այնպիսին լինեին, որ դրանից միլիոններ աշխատեին, բայց մնաց այնտեղ: Բացի այն, որ նրանց տուն ու տեղը քանդվել է, գործն էլ մնաց այնտեղ: Կարող է մի 5-10 ընտանիք հնարավորություն ունենան Հայաստանի մարզերում էժան բնակարաններ առնել, բայց մյուս ընտանիքները հնարավորություն չունեն»,- ասաց նա: Հայաստան տեղափոխված թալիշցիները բնակվում են հեռու ու մոտիկ ազգականների տանը: Բայց երկար չեն կարող այդպես ապրել: «Էսօր բարեկամներն էլ լավ օրի չեն, զոռով են պահում նրանց»,- ասաց Բայունցը: Այս ընտանիքներից 12-ն են բնակվում Երևանում, մնացածը՝ տարբեր մարզերում: Սլավա Բայունցն ասաց, որ նրանք համաձայն են ապրել ցանկացած մարզում, միայն թե կացարանի ու սոցիալական խնդիր չունենան: Այս ընթացքում, ինչ թալիշցիները տեղափոխվել են Հայաստան, նրանց պետական աջակցություն ընդհանրապես չի հատկացվել: «Միգրացիոն ծառայության հետ ենք աշխատանք տանում, Արցախի սոցապ նախարարը Հայաստանում է, փորձում են խնդիրները լուծել: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը Առաքելություն Հայաստանի միջոցներով է նյութական աջակցություն հատկացրել մի մասին: Մի մասն էլ դեռ չեն ստացել աջակցությունը, սպասում են»,- նշեց նա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում շարադրվել են վերոնշյալ բոլոր խնդիրները, գրել են, որ ավելի քան 20 օր է, ապրելով Հայաստանում, թալիշցիների կացարանի խնդիրը չի լուծվում: Նրանք արդեն տեղեկացվել են, որ խնդիրը ներկայացվել է Տարածքային կառավարման նախարարին, սպասում են լուծումների: «Սպասում ենք, տեսնենք կառավարությունն ինչ կանի: Խնդիրն այն է, որ այսօր Երևանում ոչ մի հանրակացարանում ազատ տեղ չկա, սիրիահայերի հոսքի պատճառով բոլորը բնակեցված են: Հիմա թե որտեղից միջոցներ կճարեն, ինչ կանեն, դա անհայտ է, սպասում ենք»,- նշեց Բայունցը:

Կարդալ ավելին 05-03-2016

Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորմամբ՝ Բակո Սահակյանի ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. մեր երկրում դժվար թե գտնվի մի ընտանիք, որը մասնակից եղած չլինի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերից շատ քաջ հայորդիներ են մասնակցել Արցախի ազատության ու անկախության կերտմանը: Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր զօր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը, հնարավորություն տալիս մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Նրանք մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալներն են մեր հերոսական բանակի, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը: Թանկագի՛ն բարեկամներ, Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զորություն։ Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին»:

Կարդալ ավելին 02-23-2016

Արցախի քաղաքական ուժերը դիմել են հանրապետության Նախագահին
Արցախի քաղաքական ուժերը դիմել են հանրապետության Նախագահին

Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել հանրապետության Նախագահին՝ սահմանված կարգով ընթացք տալու համատեղ առաջարկին: Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:

Կարդալ ավելին 02-23-2016