Նորություններ

Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին
Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչներն ուստարվա մեկնարկին նվերներ են տարել Թալիշի ու Մատաղիսի դպրոցականներին

Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, ուր ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրերն այցելել են գյուղի դպրոց, որին տրամադրվել է գունավոր տպիչ, իսկ 1-5-րդ դասարանցիներին` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Շենգավիթցիները եղել են նաև Մատաղիսում, հանդիպել գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գյուղի մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները նույնպես գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ են ստացել, իսկ կրտսեր խմբերի երեխաները` խաղալիքներ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն էլ այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարան, հանդիպում ունեցել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հետ: Դավթաշենցիները նույնպես գրենական պիտույքներով համալրված պայուսակներ են տարել, որոնք տրամադրվել են դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կարդալ ավելին 08-28-2016

«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ
«Կատարեցինք հունձի առաջին փորձը, թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ». Թալիշի արտերի հունձն ավարտվել է «Կարմիր Խաչի»-ի օգնությամբ

Արցախի Թալիշ գյուղի հացահատիկի արտերում արդեն ավարտվել է հունձը, ինչը տեղի է ունեցել «Կարմիր Խաչ»-ի միջամտությամբ եւ առանց միջադեպերի: Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ընդհանուր առմամբ Թալիշում ցանված է եղել 510 հեկտար հացահ ատիկ, որից հաջողվել է բերքը անվնաս հնձել ու հավաքել 438 հեկտար տարածքում: «Հունձը կատարելու ճիշտ ժամանակը հունիսի 20-ից էր: Փորձեցինք «Կարմիր խաչ»-ի միջամտությամբ ապահովել բերքահավաք կատարողների անվտանգությունը: Մինչեւ ձեռք կբերվեր պայմանավորվածություն, արդեն հունիսի 30-ին կատարեցինք հնձի առաջին փորձը, եւ թշնամին անմիջապես կրակեց մեր կոմբայնի ուղղությամբ: Բարեբախտաբար, մենք մարդկային զոհ չունեցանք, սակայն հունձը մի քանի օր եւս ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց բերքի որոշակի կորստի: 18 հեկտար արտ հրդեհվեց, 54 հեկտար էլ չհնձվեց՝ թշնամու դիրքերին շատ մոտ գտնվելու պատճառով: Հնձի ընթացքում «Կարմիր խաչ»-ի երկու մեքենա գտնվել են արտերի մոտ, ինչի շնորհիվ էլ մեզ հաջողվեց անվտանգ ավարտել հունձը: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15-20 ցենտներ: 270 հեկտար ցանք կատարել է «Թալիշ» հիմնադրամը, 240 հեկտար՝ բնակիչները: Չհնձված արտերի հիմնական մասը պատկանում էր բնակիչներին: Բերքին որոշակի վնաս հասցրել էին նաեւ կրծողները, որոնց դեմ, անվտանգության խնդիրներից ելնելով, չկարողացանք ժամանակին պայքարել: Ինչեւէ, գոհ ենք, որ կարողացանք հավաքել բերքը»,- նշեց Վիլեն Պետրոսյանը: Ըստ գյուղապետի՝ առայժմ հարցականի տակ է նոր ցանքերի կատարումը, քանի որ վարելահողերը գտնվում են թշնամու նշանառության տակ: «Առայժմ անորոշ վիճակ է, չեմ կարող ասել՝ ցանք կլինի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում ցանքի համար հարկավոր կլինի ընտրել ավելի ապահով, անվտանգ հատվածներ՝ չնայած թշնամին հեռահար հրետանիով էլ կարող է սպառնալ»,- հավելեց գյուղապետը: Թալիշում այս օրերին ընթանում են նաեւ այգեգործական եւ պտղի բերքահավաքի, անգամ՝ օղեթորման աշխատանքներ, որոնք իրականացնում են առանձին տնտեսություններ, սակայն Թալիշի բնակչությունը խուսափում է գյուղում վերահաստատվելուց: «Հիմա էլ նույնքան վտանգավոր է ընտանիքներ Թալիշում պահելը, որքան՝ ապրիլի առաջին օրերին: Մարդիկ շատ են ուզում տեր կանգնել իրենց գյուղին, տանը, ապրուստին, բայց առայժմ այդ հնարավորությունը, անվտանգության լիակատար երաշխիքներն ապահովված չեն»,- ներկայացրեց գյուղապետը:

Կարդալ ավելին 07-17-2016

Պարզաբանումներ Թալիշի ու թալիշցիների ապագայի վերաբերյալ
Պարզաբանումներ Թալիշի ու թալիշցիների ապագայի վերաբերյալ

Քանի որ վերջին օրերին շատերի մոտ կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը, փորձեմ մի քանի պարզաբանում կատարել այդ հարցի շուրջ: Այս մասին պարզաբանում է beglaryan.info-ն 1. Պետական ուշադրություն. Ռազմական գործողությունների օրերից սկսած՝ Արցախի Հանրապետության պետական մարմինները, բազմաթիվ սրտացավ հայերի հետ միասին, ուշադրության ներքո են պահել բոլոր տեղահանվածների (այդ թվում՝ թալիշցիների) խնդիրները՝ ներառյալ կեցության, սննդի, կենցաղային և այլ տիպի: Այդ ընթացքում, բացի նրանց կացարաններով ապահովելուց և ցուցաբերված նյութական աջակցությունից, համապատասխան աշխատանքային խումբը պարբերաբար գնահատում էր տեղահանված քաղաքացիների կարիքները և տալիս անհրաժեշտ լուծումներ: Իհարկե, չեմ բացառում, որ ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էլ են գրանցվել, սակայն հիմնականում կարողացել ենք ընդառաջ գնալ բոլորիս առջև ծառացած խնդիրներին: Արդյունքում ոչ ոք զրկված չի եղել առնվազն առաջին անհրաժեշտության պայմաններից, և տեղահանվածների հիմնական մասն էլ վերադարձել է իրենց տները՝ բացառությամբ թալիշցիների: Իհարկե, որոշ դժվարություններ կային և կան ՀՀ-ում ապաստանածներին աջակցելու մասով, սակայն շնորհիվ ՀՀ պետական մարմինների հետ մեր համագործակցության, տեղի բնակչության ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ուշադրության՝ նրանց հիմնական խնդիրներն էլ են լուծում ստացել: Արդեն երկու անգամ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է ՀՀ և տեղում հանդիպումներ ունեցել թալիշցիների հետ: Նշածս ուշադրության ցուցիչներից մեկն էլ ոչ միայն պատասխանատու մարմինների ներկայացուցիչների, այլ նաև հանրապետության ղեկավար անձանց պարբերական հանդիպումներն են տեղահանվածների հետ: Մասնավորապես՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ հանդիպել նրանց, իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանը համակողմանի քննարկում ունեցավ տասնյակ թալիշցիների հետ: 2. Թալիշի վերականգնում. Այժմ ԱՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Թալիշի բնակիչների հետ՝ նրանց ժամանակավոր կացարաններից և իրենց ապաստանած վայրերից տեղափոխելու ավելի կենտրոնացված ու միջնաժամկետ կեցության բնակավայրեր, որտեղ նրանց կտրամադրվեն ավելի բարվոք պայմաններ՝ բնակվելու և աշխատելու համար: Թալիշի բնակիչների և ԱՀ իշխանությունների համատեղ որոշմամբ՝ այս պահին նախընտրելի չէ թալիշցիների վերադարձը հայրենի գյուղ, սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջնարդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են: 3. Բնակարանային հարց. Կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ: Բացի դրանից, մի շարք համայնքներում ավարտին է մոտենում նոր տների կառուցման գործընթացը, որոնք նախատեսված էին վերաբնակիչների համար, սակայն այժմ կառավարությունը պատրաստվում է դրանք տրամադրել Թալիշի բնակիչներին: 4. ՀՀ-ում ապաստանած թալիշցիներ. Նշածս առաջարկները վերաբերում են նաև ՀՀ-ում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ/կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է: 5. Կենսաթոշակների վճարում. Ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած թալիշցիների կենսաթոշակների վճարման հարցին, ապա բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծված են, և ապրիլի ու մայիսի կենսաթոշակներն ամբողջությամբ փոխանցված են նրանց հաշվեհամարներին: 6. Հետագա աջակցության համակարգում. Եթե որևէ մեկը հետաքրքրված է թալիշցիներին աջակցելով կամ նկատել է որևէ խնդիր և կարիք կա հրավիրել պետական մարմինների ուշադրությունը, ապա զանգահարեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 047943367 հեռախոսահամարով: Հ.Գ. կոչ կանեի լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց:

Կարդալ ավելին 05-26-2016

Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ
Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 05-25-2016

Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա
Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրները գտնվում են Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են մեզ և անուշադրության են մատնվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վահրամ Առաքելյանը: «Արցախի Հանրապետու- թյան վարչապետի գլխավորությամբ ստեղծ- ված օպերատիվ շտաբի կողմից երկու անգամ՝ ապրիլ և մայիս ամիսներին, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Այդ այցելությունների ընթացքում անմիջականորեն քննարկվել են նրանց մոտ եղած առկա սոցիալական խնդիրները, և դրանց լուծման համար կոնկրետ քայլեր են կատարվել»,- ասաց Առաքելյանը: Անդրադառնալով թալիշցիներին տրվող կենսաթոշակների խնդրին՝ սոցիալական ապահովության պետական գործակալության պետը նշեց, որ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակն ԱՀ իշխանությունների կողմից առաջնահերթ կերպով փորձ է արվել լուծել այդ խնդիրը, և այսօր այն հիմնականում կարգավորվել է: «ՀՀ տեղափոխված թալիշցիների կենսաթոշակների փոխանցման հարցը լուծվել է՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրերի: Այսինքն՝ նրանք բացել են բանկային հաշվեհամարներ իրենց բնակության մոտ գտնվող բանկերում, և կենսաթոշակներն արդեն մայիս ամսվանից փոխանցվում են այդ հաշվեհամարներին: Ի դեպ, մայիս ամսվա թոշակներն ամսի 17-ից արդեն փոխանցված են, իսկ բոլոր նրանք, ովքեր ապրիլի թոշակը տեխնիկական պատճառներով չեն ստացել, այս ամիս ստացել են մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին»,- ասաց ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան և հավելեց, որ ընթացիկ ամսին կենսաթոշակների բաժանումն առաջինը սկսվել է Թալիշի բնակիչներից: Ինչ վերաբերում է Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին, ապա նրանց թոշակների բաժանումը կատարվում է «Արցախփոստ» ընկերության միջոցով: «Մեզ մոտ ճշտված են թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում ապաստանած թալիշցիների տեղակայման վայրերը, և, ըստ այդմ, մենք կարողանում ենք ոչ միայն օպերատիվ կերպով բաշխել նրանց թոշակները, այլև արձագանքել նրանց տարաբնույթ խնդիրներին»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ նույն սկզբունքով գործընթացի մեջ է նաև նպաստների բաժանումը:

Կարդալ ավելին 05-25-2016