Նորություններ

Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը
Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը

Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տներն ու կրթական օջախը լքած ու Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում հաստատված թալիշցի ուսուցիչները դպրոցում նշել են ուսուցչի մասնագիտական տոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը տեղեկացրել է, որ Ալաշանի տեղամասում գործող դպրոցում սովորում է 23 աշակերտ: «Մինչև ապրիլյան դեպքերը Թալիշի միջնակարգ դպրոցն ունեցել է 102 աշակերտ: Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք ստիպված լքեցինք մեր հարազատ գյուղը, և ժամանակավորապես հիմնավորվեցինք Ալաշանում: Ճիշտ է, այստեղ պայմանները լավ են, բայց մեզ ավելի ձգում է մեր հարզատ գյուղի հարազատ դպրոցը: Առանձնապես իրենց հարազատ կրթօջախին կարոտում են դպրոցահասակ երեխաները: Նրանք անընդհատ հարցեր են տալիս՝ մեզնից իմանալու համար, թե երբ ենք վերադառնալու Թալիշ: Ուսուցիչներով ամեն ինչ անում ենք, որ չընդհատվի երեխաների կրթության ու դաստիարակության գործը»,- ասել է Տ. Մեժունցը՝ հավելելով, որ իրենց դպրոցի կոլեկտիվում աշխատում է 14 ուսուցիչ: Դպրոցին օգնում և աջակցում են ԼՂՀ կառավարության կրթության բաժիններն ու անհատ բարերարներ:

Կարդալ ավելին 10-07-2016

Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն  Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ
Հարցազրույց Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն Տատյանա ՄԵԺՈՒՆՑԻ հետ

- Մինչև գյուղից տեղահանվելն ի՞նչ պայմաններում էիք իրականացնում Ձեր առաքելությունը։ - Նախքան բռնատեղահանությունը Թալիշի միջնակարգ դպրոցում սովորում էր 102 աշակերտ։ Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք թողեցինք դպրոցը, գյուղը։ Ներկայումս հիմնավորվել-բնավորվել ենք Ալաշան գյուղում և այս պահի դրությամբ ունենք 23 աշակերտ։ Ասում եմ՝ պահի դրությամբ, քանի որ ամեն օր աշակերտ է ավելանում։ Դուք էլ տեսաք, որ մեր պայմանները լավ են, բայց բոլորիս ցանկությունն է վերադառնալ մեր բնօրրանը։ Մեր դպրոցին շատ ենք կարոտում։ - Դպրոցը մասնագետներով ապահովվա՞ծ է։ - Թալիշի դպրոցում քսանհինգ հոգի էինք՝ ներառյալ նաև գրադանավարուհին, իսկ այստեղ դեռ տասնչորսն ենք։ Մեր ուսուցիչների մի մասն ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում։ Հուսով ենք՝ նրանք էլ կամա՛ց-կամաց կվերադառնան։ Բնակարանային խնդիր կա, այդ և հարակից հարցերը կարգավորման փուլում են։ Սպասում ենք, որ տնակների թիվն ավելանա, կարծում եմ, և՜ աշակերտները կշատանան, և՜ ուսուցիչները։ - Ինչպե՞ս եք իրականացնում ուսման գործընթացը... Այսօր դուք երկու խնդիր եք կատարում՝ պատշաճ ուսուցմանը զուգընթաց՝ պարտավորված եք դաստիարակչական ու բարոյահոգեբանական մեծ աշխատանք տանել։ - Համամիտ եմ։ Ուսուցումն, իհարկե, մեր հիմնական, կարևոր առաքելությունն է, բայց նաև ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները չընկճվեն, ուսմանը զուգահեռ ստանան ոգեղեն դաստիարակություն։ Սակայն նրանք, առիթով թե անառիթ, հարցնում են, թե երբ պիտի վերադառնան գյուղ, երբ պիտի վերադառնան իրենց դասընկերները, որոնց անչափ կարոտում են։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին առավել մեծ նախանձախնդրությամբ են լծված նրանց հայեցի դաստիարակության գործին՝ գլխավոր շեշտը դնելով հայրենասիրության, ազգասիրության վրա։ - Ինչ էլ որ անեն ձեզ համար, ինչ պայմաններ էլ որ ստեղծեն, միևնույն է, հարմարեցված դպրոցում խնդիրներ միշտ էլ լինում են։ - Խնդիրներ, ճիշտ է, միշտ էլ կան, իսկ երբ դրանք լուծելի են, սրտնեղել պետք չէ։ Հընթացս կլուծվեն մեր խնդիրները, նամանավանդ՝ ձեռք մեկնողներն էլ քիչ չեն։ Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր նրանց, ովքեր տեղահանության առաջին օրից առայսօր մեր կողքին են։ Նոր ուսումնականից մեզ մոտ չեն դասավանդվում ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաները։ Չունենք շախմատի մասնագետ, ժամաքանակն էլ քիչ է, քանի որ միացյալ դասարաններ են։ Մեր կենսաբանության ուսուցիչը երկար տարիներ զինղեկ է աշխատել, հենց նա էլ լրացնում է ֆիզկուլտուրայի ուսուցչի պակասը։ Թափուր տեղերի համար հայտարարությունները տրված են, սպասում ենք։ - Ուսուցչի պատրաստակամությունից, նրա տրամադրությունից, նպատակադրվածությունից շատ բան է կախված. ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունն ընդհանրապես։ - Մեր ուսուցիչները համախմբված են, միասնական, առավել՝ քան երբևէ։ Մենք պարտադրված ենք, արդեն որերորդ անգամ, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ անել, բայց ի՛նչ կարող ես անել, ճակատագիր է։ Ողջ աշխարհն է այսօր անհանգիստ, մարդուս ճակատագիրն է՝ պայքարել, արարել, դիմանալ՝ ինչ էլ որ լինի։ Մենք քաջ գիտակցում ենք, որ հասարակության ուշադրության կենտրոնում ենք, մեր կեցվածքը կարող է թևավորել, կարող է և թևաթափ անել։ Մենք պարտավորված ենք ուժեղ լինել և աշխատել ոչ միայն ի բարօրություն մեր սաների, այլև մեր համագյուղացիների։ Ի վերջո, նրանք դպրոցից շատ դրական լիցքեր կարող են տանել ընտանիք, իսկ դա, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Ես իմ կոլեկտիվի մասին միայն դրականը կարող եմ ասել. աջակցում ենք մեկս մյուսին՝ որքան հնարավոր է և ինչպես հնարավոր է։ - Չենք կասկածում, բայց ուզում եմ հարցնել՝ ԿԳՍ նախարարությունը ձեռք մեկնո՞ւմ է։ - Խոսք լինել չի կարող, միանշանակ, անձամբ կրթության նախարարն է այցելել մեզ, առաջին ձեռքից տեղեկանալու՝ ինչպես ենք տեղավորվել, ինչի կարիք ունենք։ Նույնը և՝ նախարարության մյուս աշխատողները, միշտ պատրաստակամ են ու հարեհաս մեր հոգսերին։ - Ապրիլյան դեպքերից հետո Թալիշում եղե՞լ եք։ - Ապրիլ ամսին անձամբ եմ գնացել, փաստաթղթերը տեղափոխել Մարտակերտի կրթության շրջանային բաժին։ Համայնքի ղեկավարի և մեր ուսուցիչների հետ միասին տեղափոխել ենք նաև չվնասված գույքը։ Իսկ վնասը շատ մեծ է, մեր համակարգիչները լրիվ շարքից դուրս են եկել, դպրոցի երրորդ հարկն ամբողջովին ավերված է, երկրորդ հարկի պատերը հրթիռահրետակոծությունից ակոսված են։ Նայում ես՝ սիրտդ մղկտում է, ինչպե՛ս կարողացան քրտինքով ստեղծածը մի քանի ժամում հիմնահատակ ավերել, ինչպե՞ս է ձեռքները բարձրանում... Ի՜նչ արած, մեզ էլ այդպիսի հարևաններ են բաժին ընկնել։ Մնում է տոկալ, դիմակայել, վերականգնել, արարել ու ապրել, հուսալ, որ տուն՝ Թալիշ կվերադառնանք մեկընդմիշտ, և այն ավելի շեն ու բարեբեր կդառնա բոլորիս շնորհիվ։ Մեզ այն հույսն է պահում, որ մի օր տուն կդառնանք, ու մեր առջև կբացվեն հիմնանորոգ մեր դպրոցի դռները։

Կարդալ ավելին 10-07-2016

ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ
ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օրերս մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, կառավարության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այցելեցին Մարտակերտի շրջան։ Այցի շրջանակում նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված մարտակերտցիների հուշակոթողին։ Այնուհետև շրջայցի մասնակիցները հանդիպեցին ապրիլյան իրադարձությունների հետևանքով տեղահանված Ալաշան բնակավայրում ապաստանած թալիշցիների հետ։ Դպրոցի սաները սիրով ընդունեցին և առաջիններից մեկը ողջունեցին Ստեփանակերտից ժամանած հյուրերին։ Այնքան անմիջական, ջերմ ու գեղեցիկ էին նրանց խոսքերը, որ թվում էր՝ վաղուց ու երկար են պատրաստվել հանդիպմանը։ Այնինչ նրանք դա նախաձեռնեցին հընթացս և՝ առանց ուսուցիչների միջամտության։ Իսկ վերջում չմոռացան նաև երգով գովաբանել իրենց. ՙԾաղիկների մեջ, ծաղիկներ ենք մենք, Թալիշի դպրոցի սանիկներն ենք մենք՚։ Հանդես գալով դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու աշակերտների առջև՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը ներկայացրեց այցի հիմնական նպատակը՝ նշելով, որ իրենք պատրաստակամ են օգնելու թալիշցիներին, իսկ աշակերտներին հորդորեց լավ սովորել, չընկճվել դժվարություններից և հաստատ համոզված լինել, որ մի օր կվերադառնան հարազատ բնօրրանը։ Հ. Միքայելյանը դպրոցի լավագույն երեք աշակերտների պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն տաղանդավոր երեխաներին՚ հուշամեդալով։ ՀՀ ՙՄիջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի՚ ՙՏիգրան Մեծ՚ մեդալին արժանացավ Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։ Հասարակական կազմակերպությունների կողմից դպրոցականներին ու բնակիչներին հանձնվեցին նվերներ, գրենական պիտույքներ, հյուրասիրեցին քաղցրավենիքով։ Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները շրջեցին թալիշցիների ալաշանյան բնակարաններում, ծանոթացան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, զրուցեցին գյուղացիների հետ։ Սահակյան Վահրամի հինգհոգանոց ընտանիքը տեղավորված է երեք սենյակում, շրջայցի մասնակիցներիս աչքերով բվականին հարմարավետ է, կահավորված։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ տանտերերը ևս դժգոհ չեն իրենց պայմաններից։ Մի ամիս առաջ Նվեր որդու համար Ստեփանակերտից հարս են բերել։ Նորահարս Հասմիկը դժգոհելու առիթ չունի, սիրած տղամարդու կողքին է, ու կապրի նրա հետ՝ որտեղ էլ որ բնավորվեն։ Տան մեծամայրը՝ 82-ամյա Արաքսյա տատիկը, ինչից խոսում էր, աղոթքի պես էին հնչում բառերը. ՙԹող աշխարհը խաղաղ լինի, մեր զավակներն անփորձանք լինեն, ոչ մի մոր աչք արցունք չտեսնի՚։ Թալիշ ու Ալաշան անունների միացումից գյուղացիներն իրենց բնակավայրը կնքել են նոր անունով՝ Թալիշան։ Մասնագիտությամբ գյուղատնտես՝ համայնքի ղեկավարի ՙձեռքի՚ գործն է, ասում են համագյուղացիները։ Մեծից-փոքր, որին խոսեցնես, Թալիշի մասին է խոսում, իրենց տան մասին։ Նանար Մուսայելյանի գրկի փոքրիկը՝ Արենը, չորս օրական էր, երբ թողեցին գյուղը, արդեն վեց ամսական է, ու այնքան մարդիկ են իրենց դուռը բացել, որ ում տեսնում է, ձեռքերը պարզած գիրկն է նետվում։ Բոլորի ցանկությունն է, որ Արենն իր 1-ամյակը Թալիշում նշի։ Նանարը չորս երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Ամուսինը՝ Գագիկը, Մատաղիսի դիրքերում է, սպասում են, շուտով տուն պիտի գա։ Մեր հարցին, թե դիրքերից ինչ խաբար է բերում, Նանարը ձեռքը թափ է տալիս։ Նա միայն երկու բառ գիտի՝ ՙլոխ լյավա՚։ Այդ հույսով էլ ապրում են թալիշցիները, որ մի օր իսկապես ՙլոխ լյավ կլինի՚, միայն թե դիմանալ է պետք, վաղվա օրվան հույսով ու հավատով նայել է պետք։ Իսկ թալիշցիները տրտնջալ չգիտեն, նրանք արարող, ստեղծող ժողովուրդ են, և ինչպես իրենք են վկայում, միշտ լավ են ապրել։ Միջոցառման մասնակիցների հաջորդ կանգառը հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էր։ Զորամասի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց և մի խումբ սպաների պարգևատրելուց հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զրուցեցին նորակոչիկների հետ, լսեցին նրանց, իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնելով սատարել բոլոր հնարավոր միջոցներով։ Ընդամենը երեք ամիս ծառայած նորակոչիկները ձգված ու առնական, զինվորական հագուկապի մեջ, արժանապատիվ կեցվածքով պնդում էին, որ ոչ մի խնդիր չունեն և սպասում են առաջին գիծ մեկնելու իրենց հերթին։ Իսկ թե ինչ են տալիս նման հանդիպումները զինծառայողներին, մեզ հետ տպավորություններով կիսվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը. ՙԱյս տարիների ընթացքում մենք դպրոցների ու հասարակության հետ համատեղ դաստիարակել ենք մի սերունդ, ով փառավորեց իր անունը՝ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ գերազանցելով նախորդներին։ Ես բարձր եմ գնահատում հասարակական կազմակերպությունների դերը, առավելապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Իսկ հասարակությանը վստահեցնում եմ, որ մեր սպաներն ու զինվորները պատրաստ են պաշտպանելու հարազատ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կեցությունը։ Եվ թող վստահ լինեն, որ անպարտելի է այն ազգը, որն ունի իր հերոսները բոլոր ժամանակներում՚։

Կարդալ ավելին 10-07-2016

Արցախի նախագահն այցելել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու Ալաշանում հաստատված թալիշցիներին
Արցախի նախագահն այցելել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու Ալաշանում հաստատված թալիշցիներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդալ ավելին 09-12-2016

Թալիշի երեխաների համար Ալաշանում դպրոց է բացվել
Թալիշի երեխաների համար Ալաշանում դպրոց է բացվել

Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, սեպտեմբերի 1-ին դպրոց է բացվել: «Արցախպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ տեղեկացրեց, որ դպրոցն ունի 23 աշակերտ: Նրա խոսքով, հակառակորդի կողմից ապրիլին արձակած արկերից Թալիշի ավերված դպրոցի գույքը տեղափոխել են Ալաշանի նորաբաց դպրոց եւ աշակերտների համար հարմարություններ ստեղծել նորաբաց դպրոցում: «Թալիշի դպրոցի գույքի մի մասը տեղափոխել ենք Ալաշանի նորաբաց դպրոց և աշակերտների համար հարմարություններ ստեղծել: Դպրոցը բացվել է Ալաշանի նախկին հոպիտալի շենքում: Այսօրվա դրությամբ դպրոցում ունենք ուսուցիչների պակաս, որն էլ առաջիկայում հայտարարված մրցույթի արդյունքներով կհամալրենք»,- ասել է Պետրոսյանը: Գյուղապետը նշեց նաև, որ այս պահին Ալաշանում վերանորոգվում է եւս 5 կացարան, որպեսզի եւս 5 թալիշցի ընտանիք տեղափոխվի գյուղ: «Մեր դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկն այժմ Ալաշանում են, բայց կացարան չունեն մնալու. մի ընտանիքն իմ տանն է մնում, մյուսը՝ մեկ այլ ընտանիքում: Իրենց համար էլ է կացարան պատրաստվում, նաեւ այլ ընտանիքներ են ուզում գալ այստեղ, իրենց համար էլ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ նոր ընտանիքների տեղափոխման հետ կավելանա նաև դպրոցի աշակերտների թիվը:

Կարդալ ավելին 09-07-2016